ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԵԾ ԽԱՂԸ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Գերմանական Der Spiegel շաբաթահանդեսի հոդվածագիր Դորտմուդի Տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Հենրիկ Մյուլլերը նշում է, որ ներկայումս տեղի է ունենում երկու խոշոր համաշխարհային մրցակցություն: Թե ո՞ր երկիրն ունի կորոնավիրուսի զսպման լավագույն ռազմավարությունը եւ թե ո՞ր տնտեսությունը հաջողությամբ դուրս կգա Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենախոր հետընթացից: Ջոն Հոպկինսի համալսարանը ամեն օր հրապարակում է համաշխարհային տնտեսության տեղեկագիր: Այդ տվյալների համաձայն, Չինաստանը գլխավոր հաղթողներից մեկն է: Անցյալ շաբաթավերջին այնտեղ արձանագրված մահերի թիվը տարածքով շատ ավելի փոքր Նիդերլանդներից պակաս էր: Թվերից դատելովՙ իրավիճակը հաջողությամբ հաղթահարում է նաեւ Ռուսաստանը: Այդ երկրում վարակվածների թիվը թեեւ մեծ է, մահացությունը կազմում է ընդամենը 1%: Դա կլիներ տպավորիչ հաջողություն (Գերմանիայում մահացության ցուցանիշը 4,5% է): Պուտինը ներկայանում է որպես օրինակելի առաջնորդ, որը տեսակոնֆերանսների միջոցով տնօրինում է երկրի ճակատագիրը: Վարակակիրների ամենամեծ թիվն ունեցող ԱՄՆ-ում մահացության ցուցանիշը կազմում է մոտավորապես 6%: Դա զգալիորեն պակաս է, քան արեւմտաեվրոպական որոշ երկրներում: Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում եւ Իսպանիայում այն կազմում է 12-16%: Իսկ համավարակի սկզբնական շրջանում հակասական որոշումներ ընդունած Թրամփը պոպուլիստական դիրք է բռնել, իր գործընկերներից շատերին համարում է թշնամիներՙ սկսած Չինաստանից, Բարաք Օբամայից եւ վերջացրած առանձին նահանգներով, նշում է Մյուլլերը: Համընդհանուր մրցակցության հաջորդ փուլում խոսք կլինի այն մասին, թե ով ավելի շուտ կվերականգնի տնտեսությունը եւ թե երկրները որքանով ուժեղ դուրս կգան ճգնաժամից: Չինաստանի արդյունաբերական արտադրությանը վերաբերող ապրիլյան առաջին տվյալները վերստին ցույց տվեցին մեծ աճ սահմանափակիչ միջոցառումներից հետո: Թեեւ արտերկրում իրացման կարեւորագույն շուկաները փակ են վիրուսի պատճառով: Վերջին հաշվով, հարաբերական իմաստով, հաղթողներից մեկը կարող է լինել Գերմանիան: Գերմանիայում, ինչպես Հարավային Կորեայում, համավարակի կառավարումը միջազգային ասպարեզում համարվում է օրինակելի: Գերմանիայի տնտեսության վերականգնմանն ուղղված արագ ու վճռական միջոցառումները նույնպես համարվում են արդյունավետ: |