ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԹԱՏԵՐԱԳՐԻ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ Ա. Բ. Անթիլիասում լոյս է տեսել Գէորգ Մելիտինեցի գրական մրցանակաբաշխութեան 100-րդ հատորըՙ լիբանանահայ թատերագիր, արձակագիր եւ բեմադրիչ Վաչէ Ատրունու «Ծերունին եւ լեռը» ընդհանուր խորագրով թատերախաղերի ժողովածուն: Այն ընդգրկում է հեղինակի վեց թատերգութիւններըՙ «Ծերունին եւ լեռը», «Գարնան երեք օրերը», «Խնձորի բոյրը», «Մարդը Աթլանթիսէն», «Երջանիկ օր գետափին» եւ «Պիպէր Ղազարը»: Մինչ այս լոյս են տեսել Ատրունու «Ծառը» (2006), «Անաւարտ սկիզբ, Հնամաշ պայուսակը, Գամիշ» (2007) եւ «Մեր թաղի մարդիկ» (2017) հատորները: Վաչէ Ատրունին ծնուել է Բէյրութում, 1949-ին: 1976-ին աւարտել է Երեւանի Գեղարուեստաթատերական ինստիտուտը բեմադրիչի մասնագիտութեամբ: Դասաւանդել է Բէյրութի Հայկազեան համալսարանում, Հիւսիսեան հայագիտական հիմնարկում եւ տարբեր դպրոցներում: Կնոջՙ դերասանուհի եւ բեմադրիչ Լանա Քոչարեան-Ատրունիի հետ Բէյրութում եւ Հալէպում ծաւալել է թատերական գործունէութիւն, ղեկավարել Շրջուն թատերախումբը, որը 1987-ին հիւրախաղերով հանդէս է եկել նաեւ Երեւանումՙ ներկայացնելով չորս բեմադրութիւն: Արժանացել է «Ժորժ Սարգիսեան» թատերական զոյգ մրցանակներին (1986), ինչպէս նաեւ «Վահրիճ եւ Վերժին Ճերեճեան» (2006), «Գէորգ Մելիտինեցի» (2007), «Ռիչըրտ եւ Թինա Գարօլան» (2017) գրական մրցանակներին: Հեղինակ է մօտ յիսուն թատերգութիւնների, որոնց զգալի մասը բեմ է բարձրացել իր իսկ բեմադրութեամբ: Ատրունու թատերախաղերից մի քանիսը բեմադրուել են արաբերէն լեզուով: |