RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



ԴԻՄԱՆԿԱՐ

Տեղադրվել է` 2020-07-31 13:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 6857, Տպվել է` 930, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՀՐԱՆ ՏԱՄԱՏՅԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Վստահ եմ, թագավարակի մղձավանջը եթե չլիներ, ապա օգոստոսյան օրերն այս տարի ավելի ջերմ էին լինելու: Իրար հետեւից նշվելու էին դարձակետային նշանակություն ունեցող մի քանի հոբելյաններ: Իսկապես, հայոց պատմության մեջ 2020 թվականի օգոստոս ամիսն առանձնահատուկ է, որովհետեւՙ

1. 2020 թվականի օգոստոս 6-ին լրանում է Կիլիկիայում անկախ հանրապետության հռչակման հարյուրամյակը,

2. օգոստոս 10-ինՙ Սեւրի պայմանագիրն ստորագրելու մեկ դարյա հոբելյանը,

3. Միհրան Տամատյանի մահվան 75-ամյակը:

«Ազգը» օգոստոսի առաջին կեսին արձակուրդում է լինելու, այդ պատճառով հոբելյաններին կանդրադառնանք մոտավոր հերթականությամբ: Քանի որ հայ ընթերցողը Սեւրի պայմանագրին ու Կիլիկիայում անկախ հանրապետության հռչակման իրողությանը հիմնականում ծանոթ են, ուստի անդրադառնանք Մ. Տամատյան երեւույթի լուսաբանմանը:

Սովորաբար նշանավոր անձանց կյանքին ու գործունեությանը նվիրված ուսումնասիրություններում հեղինակները գովաբանում, գունազարդում, իսկ երբեմն էլ` ուղղակի սեւացնում են նրանց: Սակայն ովքեր անդրադարձել են Մ. Տամատյանին, միշտ դրական են արտահայտվել: Մի բան, որ մեզանում այնքան էլ հաճախ չի պատահում եւ վկայում է, թե ինչպիսի խելացի, հավասարակշռված ու լայն մտահորիզոնի տեր գործիչ է եղել նա: Որ վայելել է ժամանակակիցների վստահությունը, կարողացել է վեր կանգնել կուսակցական եւ գաղափարական սահմանափակումներից, հավատացել հայության լուսավոր ապագային եւ անմնացորդ ծառայել դրա իրականացմանը:

Սեփական ուժին կռթնելու գաղափարով տոգորված հայ ազատագրական շարժումն առաջին փուլում իր գլխավոր նպատակը համարեց նախ` կրթել-լուսավորել ժողովրդին եւ ապա` պայքարել նրա ազատության համար: Արդյունքում մեծացավ մի սերունդ, որն այլեւս գրագետ էր, կարդացած եւ տեղյակ էր եվրոպաներում ընթացող հեղափոխական ոգորումներին: Մ. Տամատյանն այդ սերնդից էր եւ «գրել պատմութիւնը 19-րդ դարու աւարտին եւ 20-րդ դարու սկիզբը Արեւմտահայաստանի ու Կիլիկիոյ մէջ ծաւալած ազգային ազատագրական շարժումներուն: Ձեր դիմաց պիտի գտնէք անպայման Տամատեանը` իբրեւ արձանացեալ խորհրդանիշը մտաւորական յեղափոխականի եւ աննահանջ կազմակերպիչը դիմադրական թէ կամաւորական շարժումներու» (Տամատեան Մ., Իմ յուշերէս, Պեյրութ, 1985, Ղազարեան Վ., Իբրեւ ներածութիւն Կիլիկեան երազին նաւորդը, էջ 7): Գործիչ, որը նշանակալի ներդրում է ունեցել հետեւյալ ոլորտներում: Նա`

1. կրթության գործի նվիրյալ-մանկավարժ էր,

2. ազատագրական պայքարի գաղափարախոս եւ քարոզիչ,

3. հեղափոխության եւ ինքնապաշտպանության կազմակերպիչ,

4. կուսակցական գործիչ, հիմնադիր, ղեկավար, ծրագրերի հեղինակ,

5. Ազգային պատվիրակության լիազոր ներկայացուցիչ, Կիլիկիայի հանրապետության հռչակման նախաձեռնող եւ վարչապետ,

6. ռամկավար մի քանի պարբերականների հիմնադիր-տեսաբան,

7. հրապարակախոս, ազգապահպանության ջատագով,

8. բանաստեղծ-լեզվաբան եւ այլն:

Նա մեր պատմության «ազատագրական, հասարակական եւ մտաւորական բովանդակութիւն տուող ռահվիրաներու փաղանգէն է» (Տեփոյեան Պ., Մեր մեծ ծերունին, տե՛ս «Արեւ» թերթ, թիվ 8145) եւ երիտասարդությունից մինչեւ ալեհեր տարիքն ամբողջական նվիրում, անկոտրում հավատ դրսեւորեց մեր ժողովրդի պայծառ ապագայի հանդեպ: Սթափ միտք ուներ, մեծ սիրտ եւ զգայուն հոգի, որոնք համադրված էին գեղեցիկ առնական մարմնում: Մինչեւ վերջին շունչը քննադատող, խորաթափանց եւ պրակտիկ գործիչն ու կազմակերպիչ ղեկավարը հավատարիմ մնաց ազատագրական շարժմանն ու իր սկզբունքներին: Նա ուղղամտության, պարկեշտության եւ ճշմարտության ջատագովն էր, անշահախնդիր ու «անանձնական նուիրումով ազատագրական շարժման ճիշդ ուղին ըմբռնող եւ զայն գործադրող» անձնավորություն (Թովմասյան Բ., Միհրան Տամատեանի յուշագրութիւնը, ինչպէս սկսաւ եւ ինչու մնաց անաւարտ, տե՛ս «Արեւ» թերթ, թիվ 15706):

Մ. Տամատյանի կյանքի ու գործունեության մասին պահպանվել են զգալի թվով արխիվային վավերագրեր, նամակներ, անդրադարձներ հուշագրություններում եւ մամուլում: Սակայն չնայած նյութերի այս առատությանը, Պ. Տեփոյանի աշխատությունից (Տէփոյեան Պ. «Միհրան Տամատյան (1863-1945)», Գահիրէ, 1956) եւ մի քանի իրար կրկնող անդրադարձներից բացի, Մ. Տամատյանի գործունեության պատմությունը դուրս է մնացել հետազոտողների տեսադաշտից եւ կարոտ է հիմնարար ու ամփոփ ուսումնասիրության (ամենամոտ ապագայում նախատեսում ենք հիմնախնդրին նվիրված ծավալուն մենագրություն հրատարակել) :

Աննկուն հեղափոխականն ու հայրենասեր մտավորականը գործի մարդ էր: Սովորել է Կ.Պոլսում, այնուհետեւ` «Ալիշանի մականին տակ» Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում., որտեղ ստանում է հայրենասիրության դասեր եւ ազդվում Եվրոպայում տարածված ազատագրական շարժումներից:

Մ. Տամատյանի գործունեությունը բաժանվում է երկու կարեւոր ժամանակահատվածների` մինչկուսակցական եւ կուսակցական: Մինչկուսակցական շրջանում մանկավարժական գործունեությանը զուգընթաց քարոզչական-կազմակերպական եւ հայության կյանքում եղած թերությունների եւ Թուրքիայում հարստահարությունների լուսաբանումն էր եւ ժողովրդի գիտակցությանն այդպես այլեւս ապրելու անհնարինության գաղափարի սերմանումը, թուրքական իշխանությունների եւ քրդական հրոսակների թալանչիական պահվածքի քննադատությունը:

1884 թ. Միացյալ ընկերության հրավերով Մ. Տամատյանն իբրեւ Ներսիսյան դպրոցի տնօրեն մեկնում է Մուշ: 1886թ. Մկրտիչ Սարյանի եւ Մարկոս Նաթանյանի ձերբակալությունից հետո Մ. Տամատյանը ստանձնում է Տուրուբերանի եւ Վասպուրականի վարժարանների տեսուչի պաշտոնը: Այստեղ նա իր մաշկի վրա զգաց հայ ժողովրդի ծանր ու անտանելի վիճակը: Հասկացավ, որ դարեր շարունակ կրելով այդ ծանր լուծը ժողովուրդը վերածվել էր կամազուրկ ամբոխի եւ հանգեց այն եզրակացության, որ հարկավոր է դրա դեմ պայքարել եւ այն էլ զենքով: Կրթական գործի նվիրյալն աստիճանաբար դարձավ «զինական ազատագրական գաղափարներու ձեւաւորուած ոգիին առաքեալը» եւ դաժան պայքարի կազմակերպիչը: Նա 1886թ.-ից որդեգրեց հեղափոխության ուղին:

Դարավոր թմբիրից սթափվելու եւ հեղափոխական գաղափարների շուրջ համախմբվելու փուլին աստիճանաբար փոխարինելու էր գալիս ազատության դրոշը պարզելու փուլը: Դրա արդյունքում ուսումն ու դաստիարակությունն աստիճանաբար դարձան աշխարհիկ, վանական վարդապետն սկսեց տեղը զիջել աշխարհիկ ուսուցիչ-վարժապետին: Փոխվեց նաեւ ուսուցանվողը, որը հետո պիտի փոխեր մյուսներին, պիտի փոխվեր հայության կյանքն ընդհանրապես: Պրակտիկ պայքարի փուլը դարձակետ եղավ նաեւ Մ. Տամատյանի ճակատագրում` կրթական գործի մշակը դարձավ պայքարի քարոզիչ եւ հեղափոխական գործի կազմակերպիչ եւ իր կյանքը նվիրեց սեփական ժողովրդի ազատության սրբազան գործին:

Մ. Տամատյանն հեղափոխական պայքարի երեք օջախ էր առանձնացնում եւ դրանք վառարաններ անվանում` Վանի, Կարինի եւ «Բաղէշի (Մուշ, Սասուն)» վիլայեթները: 1886թ. նա մեկնում է Վան, որտեղ ծանոթանում է տեղի ազատախոհ շրջանակների հետ. «Հոն, Արմենական կազմակերպութեան միանալով հայ ազատագրութեան շարժումին իր գործնական մասնակցութիւնը բերած է» (Հէյվրվիլի Կարօն (Բաբը Ալիի ղեկավարներից էր), Միհրան Տամատեան (անձնական յիշատակներ), տե՛ս «Արեւ» թերթ, թիվ 5630): Հետագայում Մ. Տամատյանը նշում է, որ Վանը «զարգացած եւ եռանդուն» երիտասարդություն ուներ եւ «խառնարան մըն էր, տրամադիրՙ յեղափոխական յանդուգն ձեռնարկներու»: Բայց նաեւ ավելացնում, որ նրանց ղեկավարներից Մ. Փորթուգալյանը հետագայում «յեղափոխական գինիին մէջ շատ ջուր խառնած էր» (Տամատեան Մ., Իմ յուշերէս, Պեյրութ, 1985, էջ 31):

Մուշում Մ. Տամատյանը բախվեց տեղի ցեցերի` կուսակալ Արիֆ եւ Մուշի կառավարիչ Սալիհ փաշաների, Մշո սուրբ Կարապետի առաջնորդ եպիսկոպոս Արիստակես Դերձակյանի եւ ավազակապետ Մուսա բեկի հետ, որոնք լկտիաբար կողոպտում էին ժողովրդին: Մ. Տամատյանը կազմակերպեց տեղի հայերի միասնական բողոքը Մուսա բեկի դեմ, նրան աջակցեցին Մշո Ներսիսյան վարժարանի ուսուցիչ Հայրապետ Ջանիկյանը, Ազգային Առաջնորդարանի քարտուղար Գեղամ Տարոնյանը եւ շարքային շատ քաղաքացիներ:

Կ.Պոլիս վերադառնալով Մ. Տամատյանը հարաբերություններ է հաստատում Համբարձում Պոյաճյանի (Մուրադ), Հարություն Ճանկուլյանի եւ այլ հեղափոխական ընկերների հետ: Արդյունքում ձեւավորվում է «Պոլսոյ ամենէն գործունեայ եւ եռանդուն խումբը», որի նպատակն էր իրականացնել Բեռլինի դաշնագրով նախատեսված բարենորոգումները:

1889թ. վերջերին նորաստեղծ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները ժամանում են Կ. Պոլիս եւ բանակցում տեղի հեղափոխականորեն տրամադրված շրջանակների հետ: Արդյունքում Մ. Տամատյանն ընկերների հետ անդամագրվում են Հնչակյան կուսակցությանը: Նա ամենաակտիվ մասնակցություն է ունենում Գում Գափուի ցույցին եւ խուսափելով հետապնդումներիցՙ ծածուկ հեռանում է Աթենք: 1891թ. Հնչակյան կենտրոնի որոշմամբ Տամատյանը մեկնում է Սասուն, ձմռան դժվարին պայմաններում հաղթահարելով ցուրտն ու սառնամանիքը` այցելում է գյուղից գյուղ, բացատրում հայերի համար ստեղծված բարդ իրավիճակը, համոզում նրանց համախմբվել, պաշտպանել իրար քրդերի հարձակումներից եւ ոչինչ չխնայելովՙ զինվել: Նա գաղտնի հանդիպում տեղի ազատախոհ գործիչների հետ եւ ձեւավորում Մուշի Հնչակյան կազմակերպությունը: Ժամանակակիցների վկայությամբ այդ գործում կարեւոր դեր խաղացին նրա առինքնող արտաքինը, լեզուների իմացությունը, խելացի եւ շատ կարդացած լինելու հանգամանքը:

Փաստորեն ձեւավորվեց ուժեղ դիմադրական շարժում, որի գործնական ու գաղափարական առաջնորդներն էին Մ. Տամատյանը, Հ. Պոյաճյանը, Ա. Ղազարյանը, Գ. Չաուշը: Նրանք կազմակերպում են ֆիդայական խմբեր, պատժում մատնիչներին եւ վատահամբավ կառավարիչներին: Այդուհանդերձ ամենուրեք Մ. Տամատյանն զգուշության կոչ էր անում եւ մերժում հնչակյանների ցուցադրական գործողությունները եւ թռուցիկներ տարածելը, համարելով դա կարճատեսություն, որը գրգռում էր իշխանություններին եւ ավելորդ առիթներ տալիս հայերի դեմ բռնությունների սաստկացման համար:

Հայերին պատժելու նպատակով կառավարությունը 1893թ. մայիսին զորք է ուղարկում Սասուն: Վտանգը կանխելու եւ անելիքները հստակեցնելու նպատակով Տալվորիկի անտառում տեղի է ունենում Մ. Տամատյանի, Հրայր Դժոխքի եւ Սասունի երեւելիների գաղտնի ժողով եւ որոշվում միասնաբար ընդդիմանալ կառավարությանը: Որոշվում է Մշո դաշտի հայությանը եւս նախապատրաստել Սասունին օգնելու եւ ինքնապաշտպանվելու համար: Տամատյանն իջնում է Մշո դաշտի Գոմեր, Ղզլաղաճ, Արաղ, Բերդակ, Վարդենիս եւ այլ գյուղեր, ներկայացնում իրավիճակի լրջությունը եւ համոզում նրանց պատրաստ լինել միմյանց օգնելու եւ ինքնապաշտպանվելու:

Հերթական շրջայցերից մեկի ժամանակ Մ. Տամատյանը քրդերի կողմից դավադրաբար ձերբակալվում եւ հանձնվում է թուրքական ոստիկանությանը: Սկզբում պահվում է Մուշի, այնուհետեւ տեղափոխվում է Բիթլիսի բանտը: Տեղափոխման ժամանակ դեպքերի աննպաստ զարգացման արդյունքում Տամատյանի առջեւից քայլող ոստիկանի ձին հարվածում ու կոտրում է Տամատյանի աջ սրունքը: Կարողանալով ճիշտ մարտավարություն ընտրել Տամատյանը հարցաքննությունների ընթացքում չի մատնում ընկերներից ոչ մեկին:

Նրան մեղադրանք է առաջադրվում քր. օր.-ի 155-րդ հոդվածով, որով սովորաբար մահվան դատավճիռ էր արձակվում: Սակայն խելացի ինքնապաշտպանվելու արդյունքում 1894 թ. մայիսի վերջերին, կայսեր հրամանով ներում է շնորհվում Մ. Տամատյանին: Ազատվելուց հետո կարճ ժամանակահատված կուսակցական ընկերները վերապահումով են վերաբերվում Մ. Տամատյանին: Սակայն հանդիպելով նախկին ընկերներից Բարեպաշտին, Տամատյանը բացատրում է խնդիրը: Դրանից հետո փոխադարձ վստահությունն ամբողջովին վերականգնվում է:

Սուլթանն օգտվելով մեծ տերությունների միջեւ եղած հակասություններիցՙ մերժում է բարենորոգումների մայիսյան նախագիծը, որի դեմ սեպտեմբերին Հնչակյան կուսակցությունը խաղաղ ցույց է կազմակերպում Կ. Պոլսում: Ցույցի մասնակիցները գնում են դեպի Բաբը Ալի Մ. Տամատյանի կողմից հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով գրված պահանջագիրը սուլթանին հանձնելու համար: Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախում է տեղի ունենում: Սպանվում են շուրջ 15 ոստիկան եւ 60 հայ: Դրանց հետեւում են ձերբակալություններն ու խոշտանգումները: Ցույցի կազմակերպման գործում մեծ դերակատարություն ունեցած շատ գործիչներ, այդ թվում` Մ. Տամատյանը, ստիպված գաղտնի հեռանում են Կ. Պոլսից: Սակայն Բուլղարիայում ապաստանած Տամատյանի ինքնությունը ոստիկանությունը պարզում, ձերբակալում է նրան եւ շոգենավով ուղարկում Կ.Պոլիս:

Տեսնելով Տամատյանին նավախցում սեղանիկին ագուցված երկու ձեռքերին հենված (այս դիրքը մասոնական բառապաշարում նշանակում է` օգնության կարիք ունեմ) մասոններ նավապետն ու օգնականը կարծելով, թե նա էլ է մասոն, վտանգելով իրենց կյանքը` օգնում են Տամատյանին եւ մեկ այլ շոգենավով ուղարկում են Աթենք:

Շուտով տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հնչակյան գործիչների թվում էր նաեւ Մ. Տամատյանը: Գրեթե բոլոր արեւմտահայ հնչակյանները դժգոհում էին կուսակցության որդեգրած սոցիալիզմի գաղափարախոսությունից, ցուցադրական գործելաձեւից եւ հանուն հեղափոխության հանգանակված գումարների անհարկի ծախսումներից: Երկար բանավեճերից հետո վերջիններս առանձնանում են եւ 1898 թ. հիմնում են Վերակազմյալ հնչակյան կուսակցութունը: Սակայն ճիշտ չհամարելով Արփիար Արփիարյանի եւ այլ թիմակիցների մոտեցումները Մ. Տամատյանը հրաժարական է ներկայացնում եւ դուրս է գալիս կուսակցությունից: Որոշ ժամանակ անց Եգիպտոսի եւ Ամերիկայի վերակազմյալները դիմում են Տամատյանին վերադառնալու եւ Վերակազմյալ հնչակյան կուսակցությունը ղեկավարելու կոչով: Չմերժելով` 1906թ. ութ տարվա մեկուսացումից հետո նա կրկին համալրում է կուսակցության շարքերը: Կուսակցության չափավոր (ազգյան) թեւը նրա գլխավորությամբ միավորվելու համար բանակցություններ է սկսում Գաղափարակցական միության հետ: Արդյունքում ստեղծվում է նոր` «Միացեալ հայ հեղափոխական կազմակերպութիւնը», որին վիճակված չէր երկար գոյատեւելու: 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից եւ սահմանադրության հռչակումից հետո Եգիպտոսի հայ քաղաքական կազմակերպությունները (բացի ՀՅԴ-ից) բանակցում եւ հիմք ընդունելով Մ. Տամատյանի մշակած եւ Մալեզյանի որոշ հավելումներով ռամկավարական ծրագիրը` 1908 թ. հոկտեմբերի 26-ին հիմնում են Հայ Սահմանադրական Ռամկավար կուսակցությունը: ՀՍՌԿ-ի աշխարհայացքի հիմնադրույթները պարզաբանելու եւ մատչելի ներկայացնելու համար Մ. Տամատյանը հրատարակում է «Ռամկավարություն» աշխատությունը (Տամատեան Մ., «Ռամկավարութիւն», Ալեքսանդրիա, 1910):

Կուսակցաշինության գործունեությանը զուգընթաց Մ. Տամատյանը կարեւոր դերակատարություն է ունենում Եգիպտոսի Ազգային միության, Կամավորական շարժման, Հայկական լեգեոնի ստեղծման եւ Ազգային պատվիրակությանը բոլորանվեր ծառայելու գործում: Սակայն Մ. Տամատյանի կենսագրության լուսապսակը եղավ 1919-1920 թթ. գործունեությունը Կիլիկիայում եւ հատկապես 1920 թ. օգոստոսի 4-ին Կիլիկիայի անկախ հանրապետության հռչակումը:

1919 թ. գալով Կիլիկիա, շնորհիվ խելացի, հավասարակշռված ու բանիմաց գործունեության, շատ արագ նա շահում է տեղի հայ եւ ոչ հայ քրիստոնյաների, ինչպես նաեւ ոչ թուրք մահմեդական բնակչության վստահությունն ու համակրանքը: Իր գաղութային քաղաքականությունն իրագործելու նպատակով Կիլիկիայում հաստատված Ֆրանսիան տեղի բնակչության օգնության ակնկալիքով խոստումներ էր շռայլում, մասնավորապես հայերին խոստանում էր Ֆրանսիայի հովանավորության ներքո հայկական պետություն ստեղծել: Առաջնորդվելով այդ թյուր մտայնությամբ եւ չկամենալով նկատել ֆրանս-քեմալական մերձեցումը` Ադանայի ազգային խորհուրդը Մ. Տամատյանի գլխավորությամբ կարծում էր, թե Ֆրանսիայի շահերը պահանջում են հանդես գալ Հայ դատի պաշտպանությամբ: Ստեղծված բարդ իրավիճակում այլ ելք չտեսնելով եւ ցանկանալով Թուրքիային ու Ֆրանսիային կատարված փաստի առջեւ կանգնեցնել, 1920 թ. օգոստոսի 4-ին Հայոց ազգային միությունը, բոլոր կուսակցությունները եւ քրիստոնյա համայնքների ղեկավարները հռչակում են Կիլիկիայի անկախ քրիստոնեական հանրապետություն` Ֆրանսիայի գերիշխանության ներքո: Նույն օրը Մ. Տամատյանի վարչապետությամբ կազմվում է կառավարություն, որը հաստատվելով Ադանայի նահանգապետարանում` անցնում է իր պարտականությունների կատարմանը: Սակայն ֆրանսիական իշխանությունները զենքի ուժով ցրում են այդ կառավարությունը եւ առիթից օգտվելով սկսում են ճնշումները կիլիկիահայերի նկատմամբ :

Հետագայում տեւական ժամանակ Մ. Տամատյանն ապրում եւ աշխատում է Բեյրութում, որտեղ հանդես է գալիս ակտիվ կուսակցաշինությամբ, մեծ ջանքեր է գործադրում հայապահպանության, նոր պարբերականներ հրատարակելու ասպարեզներում եւ պարբերաբար հոդվածներ հեղինակում դրանց էջերում (Տես Սարգսյան Ս., Միհրան Տամատյանի հրապարակախոսությունը, Ե., 2020) եւ 75 տարի առաջՙ 1945թ., իր մահկանացուն կնքում Ալեքսանդրիայում:

Եզրակացություններ

1. Մ. Տամատյանը մեծ ներդրում է ունեցել մատաղ սերնդին նորովի կրթելու, դարավոր ընդարմացումից եւ ստրկական վիճակից դուրս բերելու կարեւոր գործում:

2. Մ. Տամատյանը կարողացավ Եվրոպայում տարածում գտած ազատագրական գաղափարները «տեղափոխել եւ ներդնել» արեւմտահայ իրականություն եւ դրանց ոգով դաստիարակել մի ողջ սերունդ:

3. Անմնացորդ նվիրումով եւ որեւէ դժվարությունից չընկրկելով նա եղավ ազատագրության դրոշը բազմաչարչար հայոց հողի վրա պարզած Արմենական եւ Հնչակյան կուսակցությունների համակիրն ու ակտիվ գործիչը:

4. Գաղափարի, խոսքի ու գործի վարպետը միշտ հավատաց եւ իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց հայության Մեծ երազն իրականացնելու` հայոց պետականությունը վերականգնելու գործին, որի լուսապսակը եղավ իր վարչապետությամբ 1920թ. Կիլիկիայի Հայկական Հանրապետության հռչակումը:

5. Հայոց պետականության անսակարկ նվիրյալը հետագա տարիներին եւս բոլորանվեր ծառայեց իր ժողովրդին, արեց ամեն ինչ հայ քաղաքական ուժերը համախմբելու-մեկտեղելու, Սփյուռքում հայապահպանության, նոր կրթարաններ ստեղծելու, Հայրենիքի շուրջ համախմբվելու, մամուլի նոր օրգաններ հիմնելու, օտարածին ուժերի դեմ գաղափարական պայքար մղելու եւ այլ կարեւոր գործերում:

6. Երախտապարտ հայ ժողովուրդը միշտ վառ է պահում նրա հիշատակը, բայց նաեւ հոգու տուրք ունի նրան տալու` նրա մասունքները պետք է Հայրենիք տեղափոխվեն եւ իր մեծությանը հարիր հուշարձան կառուցվի: Ինչպես նաեւ միանգամայն տեղին եւ արդարացված կլինի, եթե որեւէ փողոց, դպրոց կամ մեկ այլ հաստատություն կոչվի նրա անունով:

Նկար 1. Յուղանկարը` Սուքիաս Թորոսյանի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ