ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՆՎԱԶԵԼՙ ՀԱԿԱՌԱԿ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ Միանշանակ է, որ Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ, կրճատվել են աշխատատեղերը, նվազել մարդկանց եկամուտները: Այս իրավիճակում վարչապետ Փաշինյանը փորձեր է անում արդարացնելու իր ձախողումները եւ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու: Այս անգամ իր ֆեյսբուքյան գրառմամբ նա հայտնել է , թե հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի համեմատ Հայաստանում աշխատատեղերն ավելացել են, աշխատավարձերն աճել: Տնտեսական անկման խորացման ներկա փուլում նման պնդում անելն ինքնին անհեթեթություն է: Ավելին, նրա գրառման մեջ հիշատակվող ցուցանիշներն էլ հակասում են պաշտոնական վիճակագրության ցուցանիշներին: Այս ամենի մասին հերթականությամբ: Նախ, հուլիս ամսվա աշխատատեղերի թվի մասին վիճակագրական կոմիտեն դեռ ոչինչ չի հրապարակել: Նախապես հրապարակելով դրանքՙ վարչապետը ուղղորդում է վիճակագրական կոմիտեին: Երկրորդը, պարզապես անհնար է այնպիսի իրավիճակ, երբ երկնիշ տնտեսական անկում գրանցված ամսին աշխատատեղեր ավելանան: Հուլիս ամսին տնտեսական ակտիվության անկումը կազմել է 10,2 տոկոս նախորդ տարվա հուլիսի համեմատ: Ըստ տնտեսության ճյուղերի, արդյունաբերությունում անկումը կազմել է 2,3 տոկոս, շինարարությունումՙ 9,5 տոկոս, առեւտրումՙ 10,4 տոկոս, ծառայություններումՙ 21,6 տոկոս: Գյուղատնտեսությունը հարկման դաշտից դուրս է եւ հարկային հաշվետվություններ չի ներկայացնում, որոնց վրա հիմնվելով իր գրառումն էր արել վարչապետը: Այսինքն, կարող ենք փաստել, որ տնտեսության բոլոր ճյուղերում հուլիս ամսին անկում է արձանագրվել, հետեւաբար աշխատատեղերը չէին կարող ավելանալ: Չի կարող որեւէ տնտեսվարող աշխատի ավելի քիչ եւ ստեղծի ավելի փոքր արդյունք, բայց նոր աշխատատեղեր բացի եւ առավել եւս աշխատավարձեր բարձրացնի: Նույնը ամբողջ տնտեսության մասշտաբով: Աշխատատեղերի թվերի մասին: «Ճշգրտված տվյալներով, եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել էՙ 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսինՙ 609 հազար 302 աշխատատեղերի միջեւ, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ... Հիշեցնեմ, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունն ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակն աշխատատեղերի պահպանումն է եւ աշխատավարձերի անկումը կանխելը: Պաշտոնական այս թվերն ապացուցում են, որ այդ միջոցառումներն արդյունավետ են եղել», գրառում է արել Նիկոլ Փաշինյանը: Սակայն, պաշտոնական վիճակագրությամբ, մինչ կորոնավիրուսը, այս տարվա փետրվարին աշխատողների թվաքանակը 614 հազար է եղել, իսկ մարտինՙ 618 հազար: Եթե հուլիսին աշխատողների թիվը կազմել է 613 հազար, ապա դա տարրական թվաբանություն իմանալը բավարար է տեսնելու համար, որ աշխատատեղերի թիվը կրճատվել է: Փետրվարի համեմատՙ հազարով, մարտի համեմատՙ մոտ 5 հազարով: Այսինքն, սա փաստում է, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի պնդումների, կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն արդյունավետ չեն եղել, աշխատատեղերի թիվն էլ չի պահպանվել, այլ պակասել է : Աշխատավարձերի մասին Նիկոլ Փաշինյանի հաջորդ պնդումը, ըստ որիՙ դրանք բարձրացել են եւ հուլիսին կազմել 207 հազար դրամ, նույնպես ճիշտ չէ, քանի որ դարձյալ հակասում է վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, ըստ որոնց միջին աշխատավարձը Հայաստանում հուլիս ամսին կազմել է 191 հազար դրամ: Իսկ դա 207 հազար դրամ չէ, եւ մոտ 15 հազար դրամով պակաս է, քան իր գրառման մեջ նշում է երկրի վարչապետը : Եվ վերջապես աշխատատեղերի ավելացման կամ նվազելու անուղղակի ցուցանիշների մասին: Եթե աշխատատեղերը ավելանում են, ապա աշխատանք փնտրողների թիվը սովորաբար նվազում է: Սակայն այստեղ նույնպես պատկերը հակասում է Փաշինյանի գրառման բովանդակությանը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության տվյալներով, այս տարվա օգոտոսի 1-ին աշխատանք փնտրողների թիվը Հայաստանում կազմել է 88,2 հազար մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6,1 տոկոսով: Մեկ տարի առաջ, օգոստոսի 1-ին, աշխատանք փնտրողների թիվը 82,8 հազար էր: Այսինքն, մոտ 5-6 հազարով ավելացել է աշխատանք փնտրողների թիվը: Հարց է առաջանում. եթե աշխատատեղերը ավելացած լինեին հուլիս ամսին, ապա աշխատանք փնտրողների թիվը ոչ թե պետք է ավելանար, այլՙ նվազեր : Այն, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է, մարդկանց եկամուտները նվազում, առանց պաշտոնական տվյալների էլ երեւում է: Հասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ է նա կեղծում դրանք: Կորոնավիրուսը բացահայտեց այս իշխանության կառավարման անընդունակությունը: Կառավարությունը տապալեց թե՛ համավարակի դեմ պայքարըՙ պատճառ դառնալով, որ Հայաստանը հայտնվի վարակվածների եւ մահվան թվերի ամենավատ ցուցանիշներ ունեցող երկրների մեջ, թե՛ անարդյունավետ կարանտինով ծանր հարված հասցրեց տնտեսությանը: Այս ամենից հետո որպես ինքնաարդարացում մնում է մարդկանց կեղծ թվերով «կերակրելը»: |