ԳՅՈՒՂԱԲՆԱԿԸ ՄՈԼՈՐ, ԻՇԽԱՆԱՎՈՐԸՙ ԳԼԽԻԿՈՐ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Ի՞նչ երկիր ենք կառուցում մերօրյա Հայաստանում հարցն ամեն պահի ու առիթով է հնչում հայաստանաբնակների շրջանում: Այստեղ անշուշտ որոշիչը իշխանության եւ հատկապես դրա գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմնորոշումն է. ո՞ւր տանել տնտեսությունը, դրա շարժիչ ճյուղերն ու ոլորտները, ինչպիսի՞ հեռանկարային գործունեություն ծավալել: Կարծես մի արտառոց բարդ խնդիր չէ լուծելիքը, երբ պայմանները բավարար ենՙ մարդկային կարողունակություն, հողա-ջրա-ջերմային միջավայրի առկայություն ու այլոց արած-չարածների մասամբ թե մասնակի վերլուծություն: Երբ այս չափորոշիչներով ենք դիտարկում ՀՀ լիարժեք կայացման պատասխանատու գործադիր բարձրագույն մարմնիՙ կառավարության գործունեությունը, համաշխարհային զարգացումների շնորհիվ կայացած, կայուն տնտեսական արդյունքներ գրանցած երկրների փորձի կիրառման նախադրյալներ չենք նկատում: Մի տեսակ աջ ու ձախ ընկնելով, վերեւ-ներքեւ նայելու փորձերի ականատեսներ ու վկաներ դառնալու կցկտուր ջանքերի ենք բախվում, երբ մի օր առաջնահերթություն է հռչակվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու ոչխարաբուծությունը, մի այլ անգամ զբոսաշրջությանը գրավիչ ժամանակակից ճանապարհներ ունենալն ու թզի արտադրության ծավալների ավելացումը, մի այլ պարագայումՙ լեռնահանքային ճյուղի ու ջերմոցային բանջարաբուծության հանդեպ հոգածությունը: Ի զարմանք հայաստանյան հանրությանՙ աշխարհն այս կերպ չի շարժվում, այլ առաջնահերթություն է համարվում անվտանգային խնդիրը, ռազմականին համարժեքՙ պարենային անվտանգությունն ու պարենապահովվածությունը: Այստեղ է, որ ինչքան էլ ցանկանք, ոչխարն ու թուզը, լոլիկն ու վարունգը, խաղողն ու ծիրանը, կարտոֆիլն ու կաղամբը նվազագույնն են առնչվում երկրների անվտանգային խնդիրների հետ: Տնտեսագիտությունը նման պարագաներում օգտագործում է պետությունների համար ոչ շահեկան բանանային, սրճային, թեյային արտահայտությունները, առերեւույթ խթանելով ու խրախուսելով դրանք, իրականում կաշկանդելով այլՙ առավել արդյունավետ ոլորտների ի հայտ գալն ու կայանալ-զարգանալը: Այնպես որ մեզանում այգեգործությա՞նը զարկ տալ թե՞ բանջարա-բոստանային մշակաբույսերի արտադրությանը, ծիրա՞ն թե՞ ելակ արտահանելը խնդիր համարելը հարկ է նման գնահատականների շրջանակում դիտարկել: Միայն այն, որ ծիրանը նույնանուն կուսակցականացման ենթարկվեց, կարծես չարդարացված ակնկալիքներով, հաստատումն է նման գործընթացների անարդյունավետության, եթե չասենք ձախողման: Ի՞նչ են անում այսօրինակ իրավիճակներում, ասենք, համեմատաբար փոքր տարածքներով, սակավահող կամ հողազուրկ, բայցեւՙ գերզարգացած երկրները: Հավակնություն չունենալով դրանց համապարփակ վերլուծության փորձ կատարել, որը հնարավոր չէ նաեւ լրագրային էջի ծավալի պատճառով, ասելիքը կառուցենք շարքային քաղաքացուն հետաքրքրող հետեւյալ պարենապահովության հիմնական բաղադրիչ հանդիսացող հավի մսի արտադրության օրինակով: Նշեմ, որ ասելիքս կազմավորվեց օրեր առաջ բնակությանս վայրի սուպերմարկետում հավի թարմ կրծքամսի աննախադեպ թանկացման արդյունքում. կիլոգրամի դիմաց 1300 դրամից այն հասցվեց 1750 դրամի: Ինչո՞ւ. պարզ մի պատճառովՙ այս մսատեսակի տասնամյակներ շարունակվող թերարտադրության, որի հետեւանքով աշխարհի չորս կողմերից ներկրված խոր սառեցված թռչնամսի կիլոգրամն առաջարկվում է անգամ 470 դրամով: Չեմ եղել, սակայն վստահ եմ, որ օրինակ գերզարգացած հրեից պետությունում նման բան պատկերացնել պարզապես հնարավոր չէ, քանզի մեկ բնակչի հաշվով հավի մսի տարեկան արտադրությունը 70 կգ է, ՀՀ-ի 3-4 կգ-ի դիմաց: ՀՀ տնտեսության որեւէ պատասխանատու, որեւէ ժամանակում, անգամ նվազագույնս չի անդրադարձել երկրին մտահոգող այսօրինակ հարցին, որը հիմա գերխնդիր է դարձել նոր գնի պատճառով, երբ մարդիկ տեսանելիորեն աղքատացել են: Գերզարգացած մի այլ երկրում, որը հաճախ են հիշում այսօրվա իշխանավորները, Սինգապուրում թռչնամսի տարեկան հիշատակված արտադրությունը 30 կգ է: Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում հավի մսի արտադրությունը 1 բնակչի հաշվով 70 կգ է, սպառումը 50 կգ... Եվ հարցըՙ գուցե այստեղ է այդ երկրների կայացվածության որոշակի գաղտնիքը, որը հարկ է որ մտահոգի ՀՀ իշխանություններին, հնչում է բնականաբար: Ի դեպ, համաշխարհային գյուղոլորտում անասնապահություն-բուսաբուծություն հարաբերությունը շատ հաճախ 60-40 է, ՀՀ-ումՙ հակառակը: Արդյունքումՙ գյուղաբնակը սպասվածից շատ հաճախ է հիշեցնում սննդամթերքներից հիմնական կաթի ու մսի մթերման գները բարձրացնելու մասին, որը մոլորեցնում է իշխանավորներին: Տարօրինակորեն թե ցավալիորեն ՀՀ վարչապետի 100 հարցեր ընդգրկող ասուլիսներում նշված փաստերի շարքում այսօրինակ խնդիրներն անտեսվում են, այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են կաթնատու եւ մսատու անասնապահություն ոլորտներն ընդհանրապես չեն հիշատակվում, բավարար է համարվում ինչ-որ խելացի անասնագոմերի մասին հիշատակումը, որից շարքային գյուղացին որեւէ պատկերացում չունի: Ապացույցըՙ ՀՀ վարչապետի յուրաքանչյուր հանդիպումը գյուղաբնակների հետ: 09.09.2020 թ. |