ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ Ա. Բ. Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Ճապոնիայի Ասիական հետազոտությունների ընկերակցության ու Միջազգային ակադեմիական ֆորումի նախաձեռնությամբ եւ Կոբեի, Օսակայի ու Կիոտոյի համալսարանների համագործակցությամբ կայացել է «Ասիան խաչմերուկներում. համերաշխություն գիտության միջոցով» վերնագրով միջազգային առցանց գիտաժողովը: Գիտաժողովի ենթաբաժիններից մեկը կոչվում էր «Հայերը Ճապոնիայում. պատմական հեռանկարներ», որի ընթացքում կարդացվել է երեք զեկուցում անգլերենով: «Մի հայ կին ճանապարհորդ Մեյիջի Ճապոնիայում. Հեղինե Մելիք-Հայկազյանի «Մի պտույտ Ճապոնում» (1905) գիրքը» վերնագրված զեկուցումով հանդես է եկել Աստղիկ Հովհաննիսյանը (Հայ-ռուսական համալսարան, Երեւան եւ Ճապոնագիտության միջազգային հետազոտական կենտրոն, Կյոտո): Երկրորդ զեկուցողն էր Ճապոնիայի Օտեմոն Գակուին համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Շիգեմացու Շինջին , որն ուսումնասիրում է Ասիայում հայերի ներկայության պատմությունը եւ հանդես է եկել «Հայ ծովագնաց ճանապարհորդները Կոբեի օտարերկրացիների բնակավայրում» թեմայով զեկուցմամբ: Իսկ պատմագիտության դոկտոր Մելինե Մեսրոպյանի (Տոհոկու համալսարանի միջազգային մշակութային ուսումնասիրությունների կենտրոն, Ճապոնիա) զեկուցման թեման էր «Հայաստանը որպես խաչմերուկ հայ փախստականների համար 20-րդ դարի սկզբին»: |