«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ 44 ՕՐ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԴԻՄԱԿԱՅԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ՈՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ» ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ Հայտնի թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուն քաջ հայտնի է մեր հասարակությանը: Տարիներ շարունակ անձնուրաց պայքար է մղել Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ շարունակում է: Թուրքական իշխանությունները «թուրք ազգի արժանապատվությունը վիրավորելու» մեղադրանքով նրա դեմ հարուցել են միաժամանակյա 9 դատական գործ եւ նա ամիսներ շարունակ դատարանից դատարան է վազել Ստամբուլում: Ավելի ծանր փորձության է ենթարկվել նրա հանգուցյալ կինըՙ Այշենուր Զարաքոլուն , երբ նա քաղցկեղով հիվանդ վիճակում «Մուսա լեռան 40 օրը» թարգմանելու համար 2 տարվա բանտարկության դատապարտվեց: Տիկ. Զարաքոլուն իր վրա էր վերցրել հրատարակչի պատասխանատվությունը, որ իր հետ չբանտարկվի նաեւ ամուսինը: Քանի որ նրա առողջական վիճակը բանտում էլ ավելի էլ վատթարացել, ուստի ազատվելուց կարճ ժամանակ անց նա մահացավ: Ռագըփ եւ Այշենուր Զարաքոլուները մեծ նպաստ են բերել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Ավելին, ճանաչման ջանքերը դեռ մի կողմ, Ռագըփ Զարաքոլուն, ի հեճուկս թուրքական իշխանությունների, Թուրքիայում առաջինն էր դատապարտել Սումգայիթի ջարդերը, Խոջալուի հենակետի չեզոքացումը որպես ցեղասպանություն ներկայացնելու թուրք-ադրբեջանական նկրտումները, ինչպես նաեւ արցախահայության դեմ սանձազերծված պատերազմները, ընդգծելով, որ Արցախը բնիկ հայկական տարածք է, պատմական Հայաստանի անքակտելի մասը: Բացի այս ամենից, Զարաքոլուն «Բելգե» հրատակչության սուղ միջոցներով Ստամբուլում հրատարակել է երջանկահիշատակ Վահագն Տատրեանի ստվարածավալ 3 ժողովածուն եւ 2 աշխատություն: Նա վաղուց արդեն բնակություն է հաստատել Շվեդիայում, թուրքական իշխանությունները, սակայն, նրան նաեւ այնտեղ են հալածում, պահանջելով շվեդական իշխանություններից Թուրքիային հանձնել Զարաքոլուին: Ինչո՞ւ: Այն պարզ պաճառով, որ նա Շվեդիայում եւս խաթարում է այդ իշխանությունների անդորրը: Դրա վառ ապացույցր նրա մարտի 12-ին Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքեջում «Արծվի ձագն ապրելու է» վերնագրով թուրքական «Art Gercek» թերթից արտատպված հոդվածն է, նվիրված արցախյան վերջին պատերազմին: Հոդվածի հերոսը թուրք ռազմական ֆոտոթղթակից Դեմիր Սյոնմեզն է, որը վերջին անգամ, Զարաքոլուի խոսքերով, հայտնվել է «ողբերգական Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն-Ադրբեջան պատերազմի թատերաբեմում»: Սյոնմեզը միջազգային շրջանակներին հայտնի է որպես «Ժնեւի լուսանկարիչ», որովհետեւ տարիներ շարունակ այնտեղ ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ լուսանկարել է աշխարհի տարբեր ծայրերից եկած ցուցարարներին, հավաքելով նրանց լուսանկարներն ալբոմում: Ինչպես գրում է Զարաքոլուն, Սյոնմեզը հայտնվել է նաեւ արցախյան պատերազմի թոհուբոհում, նրան այդ հարցում օգնել է Րաֆֆի Հերմոն Արաքսը , պատերազմի ամենաթեժ կետերում լուսանկարչություն է արել, եղել է Շուշիի անկման ականատեսը եւ այնտեղից փրկվել մազապուրծ, փրկվել է նաեւ Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծությունից եւ «Կարմիր Քուրդիստանի»ՙ հնագույն «Լաչինի միջանցքով» կարողացել է ողջ-առողջ վերադառնալ Երեւան, որտեղ հանդիպել է եզդի համայնքի ներկայացուցիչներին եւ մասնակցել պատերազմում զոհված եզդի երիտասարդների թաղման արարողություններին: Այնուհետեւ Զարաքոլուն շարունակում է. «Հիմա արդեն անհամբեր սպասում եմ Սյոնմեզի լուսանկարների 3-րդ ալբոմի հրատարակմանը: Այն ալբոմին, որ Հայաստան/Արցախի եւ Ադրբեջանի միջեւ սադրանքի արդյունքը հանդիսացող պատերազմի վկայությունն է եւ հատկապես արծվի այն ձագի լուսանկարին, որին նա ամեն կերպ ձգտում էր փրկել: Ես հավատում եմ, որ ապրելու է արծվի այն ձագը, ինչպես հնադարյան Ղարաբաղ/Արցախը, որին լքել եւ թողել են դեմ հանդիման ճակատագրի քմահաճույքի»: Գալով ֆոտոթղթակից Դեմիր Սլոնմեզին, ապա նա պատերազմի իր տպավորությունները, Զարաքոլուի վկայությամբ, շարադրել է հետեւյալ կերպ. «2020 թ. սեպտեմբերի 27-ին հայ ժողովուրդը մեկ անգամ եւս դարձավ ցեղասպանության թիրախը... Ողջ աշխարհի քար լռությամբ, ուղղակի կամ անուղղակիորեն միջազգային կառույցների ու կազմակերպությունների դիվանագիտական աջակցությունն ստացող, տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական առավելություն ունեցող հզոր ուժի դեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովուրդը 44 օր հերոսաբար դիմակայեց ցեղասպանությանը: Ի դեպ, հայերն ու արցախահայությունն այս պատերազմում կռվել են ոչ թե երկու պետության դեմ, այլեւ ջիհադականների, ունենալով, ընդ որում, իր դիմացր ՆԱՏՕ-ի ռազմական հզորությամբ երկրորդ ուժին... Այս պատերազմով փորձ արվեց ոչնչացնել Միջին Արեւելքի, Միջագետքի եւ Կովկասի երկու հնագույն ժողովուրդներինՙ հայերին ու եզդիներին... Այս պատերազմը ցեղասպանության շարունակությունն էր: Սպառնալիքի տակ գտնվող ժողովրդին թիկունք կանգնելը, նրա ապրումների մասին վկայելը, նրան վշտակցելը, աղաղակներն աշխարհին հասցնելը եւ ապագա սերունդների համար ճշմարտությունը փաստագրելը իմ պարտականությունն էր: Հենց այդ գիտակցությամբ հոկտեմբերի 22-ին մեկնեցի Հայաստան, որտեղից էլ Արցախ»: Ռազմակամ ֆոտոթղթակից Սյոնմեզը հետեւյալ խոսքերով է եզրափակել իր ալբոմը. «Խեղդվում եմ մտորումների հորձանուտում, մտածում եմ արծվի վիրավոր ձագի մասին, գիտենալով, որ հիմա օձերը, անգղերն ու վայրի գազանները ինչպես անհամբեր սպասում են բզկտելու համար նրան. դա մեր մեղքն է, նրան չպետք է անօգնական թողնեինք այնտեղ: Եթե արծվի վիրավոր ձագը, վիրավոր մարդիկ, վիրավոր երկրները ճակատագրի քմահաճույքի դեմ մնան անօգնական, որ մնացին, ինչպես են բուժելու իրենց վերքերը»: Նկար 1. Լուսանկարը ֆոտոթղթակից Սյոնմեզիՙ Շուշիի խմբակային պսակադրությունից |