ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ, ԹԵ՞ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ, ՀՊՄՀ, լրագրության բաժնի ուսանող Վերջերս հայկական սպորտաշխարհը ցնցեց Հայաստանի շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի Հայաստանը լքելը եւ այսուհետեւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալը: Սա իրապես լուրջ կորուստ է հայկական շախմատի համար եւ ոչ միայն: Կատարվածը բազմաթիվ մեկնաբանությունների եւ քննարկումների տեղիք տվեց: Վստահորեն, Արոնյանը դարձել էր մեր երկրի հաղթական խորհրդանիշներից մեկը ու հաշվի առնելով նրա համաշխարհային ճանաչումը, սպասելի էր նման մեծ արձագանքը հանրության կողմից: Շատերը իրենց ափսոսանքն էին հայտնում տեղի ունեցածին, ոմանք էլ դեմ էին վերջինիս որոշմանը: Կատարվածը բնականաբար ուներ իր լուրջ պատճառները եւ միանգամայն ասել, որ նրանում քաղաքական ենթատեքստ չկարՙ սխալ կլինի: Արոնյանն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, որ ներկայիս իշխանությունները ինչպես հարկն է ուշադրություն չդարձրեցին շախմատի ոլորտին եւ անգամ պառակտում մտցրեցին դրանում: Նա զուգահեռներ էր տարել նախկին ու ներկա իշխանությունների միջեւ շախմատի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքի կտրվածքով: Շախմատիստը իր հայտարարության մեջ նշմարել էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած ղեկավարության հետ ունեցած ոչ դրական հարաբերությունները: Պառակտումներ մտցնելը եւ բացթողումներ կատարելը ամենեւին էլ խորթ չէ ներկայիս իշխանության համար, մասնավորապես Արոնյանի դեպքում այն ունի իր նկատելի պատճառները: Առաջին հերթինՙ Արոնյանի կնքահայրը ՀՀ 3-րդ նախագահ եւ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է, ինչով պայմանավորված էլ ներկայիս իշանությունների համար ընդունելի տարբերակով Արոնյանը նույնպես կարող էր դասված լինել «նախկինների» շարքին: Իսկ արդեն շախմատի հանդեպ ունեցածՙ մեղմ ասած անպատասխանատու վերաբերմունքն էլ կարող է բխել Սերժ Սարգսյանի շախմատի ֆեդերացիայի նախագահ լինելու փաստից: Արոնյանի հեռանալու որոշումը սակայն, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, բացարձակապես չի խրախուսվել իր կողմից: Այս հայտարարությամբ վերջինս փորձեց ի ցույց դնել, որ ինքը կապ չունի Արոնյանի որոշման հետ: Պատկան մարմինների կողմից եղել է արձագանք ,թե ըստ փորձագետների Լեւոն Արոնյանը այլեւս պոտենցիալ չունի:Սակայն այս ամենին հաջորդել են Արոնյանի տպավորիչ հաղթանակները աշխարհի չեմպիոնի եւ աշխարհի թիվ 2-րդ խաղացողի նկատմամբ:Բայց հաշվի առնելով, ինչպես իրենք են ասում, Արոնյանի պոտենցիալ չունենալու մասին եզրակացությունը, կարելի է ընդգծել, որ հայկական շախմատի առաջատարի կորուստը ներկայիս ԿԳՄՍ-ում ծանր չեն տանում: Սպորտը ինքնին լեցուն է անկանխատեսելիությամբ, շախմատն էլ Հայասատանում սպորտի անբաժան մասն է կազմում: Բայց մեր երկրում շախմատը ավելին է քան սպորտաձեւը: Ցանկացած մարզիկի կարիերայում էլ լինում են վատ կամ ոչ արդյունավետ ժամանակաշրջաններ, որոնցից ապահովագրված չեն նաեւ շախմատիստները: Եվ թեկուզ այդ վատ ժամանակաշրջանով պայմանավորված,չի կարելի վճռել, որ շախմատիստը կամ մարզիկը պոտենցիալ չունի: Եթե շարժվենք նույն տրամաբանությամբ,ապա տարիներ առաջ էլ Հենրիխ Մխիթարյանը չպետք է հրավիրվեր ֆուտբոլի ազգային հավաքական,քանզի ապրում էր կարիերայի վատ ժամանակները: Միանշանակ սխալ է Արոնյանի պես լեգենդար շախմատիստին որակավորում տալըՙ որոշակի ժամանակաշրջանով պայմանավորված: Բացի շախմատիստի, ի դեմս Արոնյանի մենք կորցրեցինք մեր սպորտաշխարհի գլխավոր հաղթական ու աշխարհով մեկ ճանաչում վայելող կերպարներից մեկին:Սակայն հուսանք,որ օրերից մի օր Արոնյանը կրկին հաղթանակներ կգրանցի հայոց եռագույնի ներքո: Այս վերջին զարգացումները տեղիք են տալիս մտահոգվելու, որ մոտ ապագայում էլ շախմատը դուրս կմնա կրթական առարկայական ծրագրից:Դա իրապես էլ ավելի կարժեզրկի շախմատի դերը մեր ազգային կյանքում,քանզի վերջին տարիներին շախմատը եղել է միջազգային ասպարեզում մեր եռագոււնը հաղթական ծածանող գլխավոր ոլորտներից մեկը եւ պատահական չէ որ այն սպորտից վերածվել է ազգային արժեքի,որի գլխավոր կերտողներից մեկը հենց Լեւոն Արոնյանն Էր, որը շարունակում էր մեծն Տիգրան Պետրոսյանի եւ տաղանդավոր մեր մյուս շախմատիստների թողած ավանդը: Մենք պետք է խուսափենք ապագայում նոր Արոնյաններ կորցնելուց: |