ՄՇԱԿՈՒՅԹՆ ԻԲՐԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՅՑԵՔԱՐՏ ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի ուսանող Մշակույթը յուրաքանչյուր երկրի դեմքն է եւ ապրելակերպը, ուստի այն պետք է լինի հոգատար եւ բանիմաց մարդկանց ձեռքերում: Մշակութային ոլորտը,ինչպես բազում այլ ոլորտներ, մեր երկրում ապրում են ծանր եւ բարդ ժամանակներ: Դա ունի իր պարզ եւ հասկանալի պատճառները: Հայաստանում մշակութային կյանքի նահանջը պայմանավորված էր նախ կորոնավիրուսով եւ չդադարող կարանտինով, այնուհետեւ` պատերազմով եւ այդ ոլորտում աշխատող պատկան մարմիններիՙ մեղմ ասած ոչ գրագետ աշխատանքով: Կարանտինն ու պատերազմը կարծես ավարտվել են, սակայն այս ոլորտում ծառացող բացթողումները չեն անհետացել: Մշակութային ոլորտում առկա խնդիրների եւ այլնի մասին առավել լավ պատկերացում կազմելու համար զրուցեցինք տվյալ բնագավառի ներկայացուցիչ` ԵԹԿՊԻ դասախոս, Ուսանողական թատրոնի տնօրեն, միջմշակութային հարաբերությունների մասնագետ Էրիկ Բարսեղյանի հետ: - Պարոն Բարսեղյան, ակներեւ է, որ մեր երկրում մշակութային կյանքը նահանջ է ապրում: Ինչո՞վ է դա պայմանավորված: - Մշակութային քաղաքականության ոլորտը, ինչպես յուրաքանչյուր ոլորտ, պետք է լինի հմուտ եւ բանիմաց մենեջերի ձեռքերում: Լավ վիճակում է՞ պետական մշակութային կառավարումը, թե՞ վատՙ ունենք այն, ինչ ունենք: Այստեղ ես կարեւորում եմ մի քանի ասպեկտ: Առաջինըՙ արտաքին աշխարհում մեր ներկայացվածությունը: Ազգին ճանաչում են մշակույթով: Որքանո՞վ է մեր մշակույթը համակարգված ձեւով ներկայացված աշխարհում, որքանո՞վ է այն գտնվում պետական հոգածության ներքո: Սա պետք է դիտարկել իբրեւ գերակա առաջնահերթություն մշակույթի պետական կառավարման ոլորտում, եթե ցանկանում ենք ներքին լսարանից բացի ունենալ նաեւ արտաքին լսարան:Կարծում եմ մեր մշակույթը պետք է լինի մեր երկրի այցեքարտն արտասահմանում: Խոսքը անհատ ստեղծագործողների ձեռքբերումների մասին չէ: Այն արվեստագետները, որոնք անձնական կապերով կարողանում են արտերկրում արձանագրել որոշակի հաջողությաններ, դա, թերեւս, պետք է վերագրել նրանց անհատական կարողություններին: Որովհետեւ երբեմն այդ հաջողությունների թիկունքում ոչ թե պետության, այլ անհատ ստեղծագործողի անձնական ներդրումներն ու կապերն են: Երկրորդ, մշակույթի ոլորտը համակարգող նախարարությունը պետք է աշխատի ոչ թե որոշակի նախասիրություններով եւ նպատակահարմարություններով, այլ «բոլորի հետ» սկզբունքով: Երբեմն տեսնում ենք դեպքեր, երբ նախարարությունն ամեն տարի աջակցում է նույն մշակութային կառույցներին, այնպիսի նախագծերիՙ որոնք սպառել են իրենց արդիականությունը : Ես չգիտեմ ինչով է դա պայմանավորված, սակայն լավ կլիներ, որ նախարարությունն ավելի բաց լիներ այս հարցում եւ ծրագրերի ֆինանսավորման առաջնահերթությունը տար նրանց, որոնք ունեն մշակույթի դաշտում կայանալու, հանրահռչակվելու, դիրքավորվելու կարիք: : Պետական հոգածության է պետք արժանացնել սկսնակ ստեղծագործողներին, այն շնորհալիներին եւ այն ստարտափներին, որոնք ներկայացնում են փայլուն գաղափարներ եւ իսկապես ունեն պետական աջակցության անհրաժեշտություն: Սրանք են թերեւս մտահոգություններից մի քանիսը, որոնք համարում եմ առաջնային: - Կարելի՞ է ասել, որ ձեր գլխավորած Ուսանողական թատրոնը հարթակ է ուսանող դերասանների փորձի եւ ճանաչման ձեռքբերման հարցում: - Ուսանողական թատրոնը այն դարբնոցն է, որտեղ իրենց առաջին քայլերն են անում բոլոր դերասանները: Այստեղ են, որպես դերասան, բեմադրիչ, բեմանկարիչ կայանում հետագայում մեծ բեմերում աշխատող բոլոր թատերական գործիչները: Անշուշտ նաեւ փորձի եւ ճանաչման հարցում մեծ է Ուսանողական թատրոնի ներդրումը: Ես գիտակցաբար աշխատում եմ այդ ուղղությամբՙ աշխատելով շնորհալի սկսնակներին ճանապարհ հարթելու եւ նրանց հանրահռչակելու գործով: Բազում օրինակներ ունենք, երբ Ուսանողական թատրոնի ներկայացումները դիտել են պետական այլ թատրոնների բեմադրիչներ եւ գեղարվեստական ղեկավարներ ու ավարտական կուրսերի ուսանողներին հրավիրել են աշխատելու իրենց թատրոններում: Ես որպես ուսանողական թատրոնի տնօրեն,այս գործը համարում եմ իմ առաքելություններից մեկը: Այո, պետք է դիրք ապահովել սկսնակներին. կայացածներն իներցիայով առաջ են գնում: Մեր թատրոնը հարթակ է տրամադրում բոլոր այն շնորհալի երիտասարդներին, որոնք ունեն ինքնադրսեւորման անհրաժեշտություն: - Համամի՞տ եք, որ այսօր թատրոն այցելելը պակաս կարեւոր է դարձել հասարակության,մասնավորապես երիտասարդների կյանքում:Ուսանողական թատրոնը ունենո՞ւմ է լեցուն դահլիճներ: - Թատրոնն իր արդիականությունը երբեք չի կորցնի: Անշուշտ, ճգնաժամային իրավիճակներում բոլոր ոլորտներն ունենում են խնդիրներ, սակայն թատրոնն, իբրեւ ներկայի մեջ գոյություն ունեցող արվեստի տեսակ, միշտ լինելու է արդիական: Թատրոնն արվեստի այն տեսակն է, որը գոյություն ունի «այս պահին այս վայրում» սկզբունքով, հետեւաբար այն երբեք չի կորցնելու հանդիսատեսի ուշադրությունը, եթե քայլի ժամանակին համընթաց: Այս առումով Ուսանողական թատրոնն ունի առավելություն, քանի որ այստեղ հիմնականում ստեղծագործում են երիտասարդներ, որոնք բնականաբար հանդես են գալիս ավելի ժամանակակից եւ համարձակ բեմական լուծումներով, ինչպես նաեւ ժանրային բազմազանությամբ: - Ինչպե՞ս պետք է սերտացնել թատրոն-հասարակություն կապը: - Ժամանակակից մոտեցումներ եւ ճաշակ: Գեղագիտությունն առաջնային է թատրոնում: Թատրոնը պետք է լինի ճաշակ թելադրող գործոն հասարակության շրջանում: Հանդիսատեսին հնարավոր է բերել թատրոն, եթե այն հետաքրքրական է, ճաշակով եւ արդիական: Հմուտ մենեջերները կարողանում են այս ամենին ավելացնել նաեւ կոմերցիոն բաղադրիչը: Այս դեպքում դուք մշտապես կունենաք հանդիսատես, հետեւաբար նաեւ եկամուտներ: Սա այն դեպքն է, երբ գործի հաջողությունը պայմանավորված է ստեղծագործական եւ վարչական ռեսուրսների ներդաշնակ եւ համակարգված աշխատանքով: - Այսօր մշակութային շատ գործիչներ սկսել են անել քաղաքական հայտարարություններ, ոմանք էլ ինտեգրվում են քաղաքական շարժումների մեջ: Չե՞ք կարծում, որ մշակույթը պետք է տարանջատվի քաղաքականությունից: - Քաղաքական հայտարարություններով հանդես գալ դեռ չի նշանակում զբաղվել քաղաքականությամբ: Դա հաճախ կարող է լինել քաղաքական որոշակի գործընթացների վերաբերյալ սեփական դիրքորոշման արտահայտում, որը, միանգամայն նորմալ եմ համարում: Մշակույթի հեղինակավոր գործիչները, լինելով ավելի ճանաչված քան, ասենք, պակաս հայտնի որեւէ անձ, բնականաբար ունեն ավելի մեծ լսարան, հետեւաբար այս դեպքում նրանց կողմից արտահայտված որեւէ միտք կարող է կայծակնային արագությամբ մտնել մեդիա դաշտ եւ առաջացնել որոշակի փոթորիկ: Բայց սա նույնպես նորմալ է: Այս առումով ես կասեմ միայն մի բանՙ պետք է պարզապես լինել հնարավորինս ուշադիր, որպեսզի չդառնան քարոզչական մեխանիզմի գործիք այս կամ այն քաղաքական թիմի ձեռքում: Պետք է խոսել ոչ թե էմոցիոնալ, այլ գիտակցական տիրույթումՙ ձգտելով հնարավորինս զերծ մնալ քաղաքական տարբեր հայացքների պատճառով միմյանց վիրավորելու արատավոր փորձությունից: |