ԻՆՉՈ՞Ւ ԻՍՐԱՅԵԼԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Անգլերենից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Իսրայել Չառնիի նոր գրքի առթիվ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկար ժամանակ է, ինչ դժարին կացության է մատնել Իսրայելի պետությանը, գրում է վերոնշյալ վերնագրի ներքո Ջերեմի Շարոնը «The Jerusalem Post-ի jpost» կայքում, մանրամասնելով, որ 1949-ին Թուրքիան առաջին մահմեդական երկիրն էր, որ ճանաչեց իսրայելական պետությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ: Այդ ժամանակվանից ի վեր այդ երկիրը համարվել է մարտավարական գործուն արժանիք, ոչ միայն այն պատճառով որ անսանձ թշնամանքով շրջապատված Իսրայելի միակ դաշնակիցն էր դարձել, այլ նաեւ որովհետեւ ներկայացնում էր աշխարհաքաղաքական իր կարեւորությամբ տարածաշրջանային հզոր մի իշխանություն: Թուրքիան Իսրայելին ընձեռում էր օդային հնարավորություններ դեպի հեռավոր Արեւելք եւ առեւտրի, զբոսաշրջության եւ ռազմական ոլորտներում տարաբնույթ համագործակցություն: Պետության շահերից ելնելով այս բոլորը խոչընդոտ էր հանդիսանում, որ Իսրայելը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը: Հոլոքոսթի սարսափները վերապրած հրեա ժողովրդի խղճի վրա, սակայն, ծանրացած է մնում 20-րդ դարի առաջին ցեղասպանության դեռեւս չճանաչված լինելու հանգամանքը: Նրանցից շատերը գտնում են, որ Իսրայելը բարոյական յուրահատուկ անհրաժեշտությունն ունի ճանաչելու այն, ինչը վաղուց լանորեն փաստարկված է: Հոդվածի հեղինակը այնուհետեւ շարունակում է: Մի անձնավորություն, մասնավորապես, տասնամյակներ շարունակ պայքարել է հանուն այդ ճանաչման: Դա պրոֆ. Իսրայել Չառնին է, որի նոր գիրքը «Israel՛s Failed Response to the Armenian Genocide» (Իսրայելի ձախողված արձագանքը Հայոց ցեղասպանությանը) խորագրով մանրամասնություններ է բացահայտում, թե ինչու եւ ինչպես մինչ օրս Հրեաստանը որպես պետություն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն դեպքում, որ մեծ թվով պատմաբաններ ամրագրել են, որ այդ թվերին կատարված բարբարոսությունները, որոնց հետեւանքում Թուրքիայում ապրող հայերի մոտ 90 տոկոսը բնաջնջվել է, ցեղասպանություն էր: Վաղ 1970-ականներից սկսած, երբ առաջին անգամ իմացել է այդ բարբարոսությունների մասին, մինչեւ 1980-ականները, երբ Ցեղասպանության (այդ թվում նաեւ Հայոց զանգվածային սպանությունների) վերաբերյալ իր կազմակերպած գիտաժողովը ընդդիմության արժանացավ կառավարության կողմից, նա անդուլ ոգեւորությամբ աշխատել է եւ շարունակում է մինչ օրս աշխատել պատմության այդ շրջանի մասին հասարակական իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի ի վերջո Իսրայելն էլ, որպես պետություն, ճանաչի այն, ինչ կատարվել է հայերի հետ Թուրքիայում: Մասնագիտությամբ լինելով հոգեբույժ, նա ցեղասպանության թեմայի շուրջ դասախոսություններ է կարդացել Թել Ավիվի եւ աշխարհի ճանաչված համալսարաններում, եւ նախկին նախագահն է «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի»: 1970-ականների վերջերին նա մտահղացավ կազմակերպել իր բնութագրմամբ «Հոլոքոսթի եւ ցեղասպանության առաջին միջազգային գիտաժողովը», որը փորձելու է դիտել հրեական Ողջակիզումը այլ ցեղասպանությունների համատեքստում եւ որին մասնակցելու էին նաեւ հայ ցեղասպանագետներ: Գիտաժողովը, որը կայանալու էր 1982-ին, նախագահելու էր Հոլոքոսթը վերապրած գրող Էլի Ուիզելը: Բայց երբ կառավարական շրջանակները իմացան գիտաժողովի մասին «Jerusalem Post-ի» հրապարակումներից, ուժգին ճնշումներ գործադրվեցին Չառնիի եւ իր նախաձեռնության դեմ: Արտգործնախարարությունը պահանջեց, որ հայ ցեղասպանագետները չմասնակցեն գիտաժողովին եւ Հայոց ցեղասպանությունը չընդգրկվի քննարկումների շարքում: Նախարարությունը նույնիսկ պնդում էր, որ գիտաժողովի անցկացման պարագայում Թուրքիան կարող էր իր սահմանները փակել բոլոր այն հրեաների առաջ, որոնք ցանկանում են լքել Իրանը եւ Սիրիան, մի իրադրություն, որ կկաշկանդեր նրանց տեղաշարժը: Չառնիի ուսանողներից մեկը փորփրելով արտգործնախարարության եւ Անկարայի միջեւ փոխանակված հեռագրերը, որոնք վերջերս էին գաղտնազերծված, հայտնաբերել է մի հեռագիր, որ գիտաժողովից երկու օր առաջ Թուրքիայում Իսրայելի գլխավոր հյուպատոսը ուղարկել է Երուսաղեմՙ արտգործնախարարությանը: Դրանում հյուպատոսը գովերգելուց հետո նախարարության ջանքերը գիտաժողովը չեղարկելու վերաբերյալ, նշել էր, որ հրեաների առաջ սահմանները փակելու թուրքական սպառնալիքի լուրը զարմանք էր առաջացրել, քանի որ ոչ մի այդպիսի սպառնալիք չկար: «Ես հասկացա, որ Իսրայելը պարզապես հորինել էր նման սպառնալիքը արդարացնելու համար գիտաժողովը տապալելու իր մտադրությունը: Ես այդ ժամանակ Մ. Նահանգների պետքարտուղարության հետ կապ հաստատեցի, եւ նրանք էլ հաստատեցին, որ նման բան չկար: Ուստի շարունակեցի իմ աշխատանքը», տեղեկացրեց Չառնին «Jerusalem Post-ին»: Նա անկեղծ է իր դիտարկումներում եւ գտնում է, որ բարոյական հրամայականի փոխարեն պետությունը դիվանագիտական, ռազմական եւ տնտեսական շահերն է որպես հաղթաթուղթ օգտագործում: «Ճիշտ է, այդ շահերը կարեւոր են, եւ մենք պետք է հետապնդենք դրանք, բայց ոչ ի հաշիվ մեր ավանդական հավատալիքներին, որոնցից է արդարության հետապնդումը», վճռականորեն նշում է նա: Մյուս կողմից, «Մարտավարության եւ անվտանգության երուսաղեմյան ինստիտուտի (JISS) եւ Թել Ավիվի համալսարանի Մոշե Դայան կենտրոնի Թուրքիայի գծով մասնագետ դոկտ. Հեյ Եյտան Կոհեն Յանարօջակն ավելի գործնական մոտեցում դրսեւորելով, խոստովանում է, որ հայոց կոտորածները ցեղասպանություն էին, բայց «ճանաչումը Իսրայելի շահերին չի համապատասխանում», գտնում է նաՙ կարեւորելով Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ վերջին տարիների թշնամական ֆոնին: «Թուրքիային որպես դաշնակից ունենալը 1949-ից սկսած եւ դրան հետեւած դիվանագիտական ու ռազմական համագործակցությունը գլխավոր պատճառներն են, որ մինչ օրս Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ռեալպոլիտիկն է իմ ավետարանը, եւ Իսրայելը շատ զգույշ պետք է լինի եւ չպետք է գնա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ», ասում է նա, շեշտելով մասնավորապես, որ հակառակ տարաձայնություններին շատ պատճառներ կան, որ երկու երկրների շահերը համընկնեն դարձյալ: Դրանցից մեկը Թուրքիայի եւ Իրանիՙ Իսրայելի գլխավոր թշնամու միջեւ առաջացած ճեղքն է Իրաք եւ Սիրիա ներթափանցելու կապակցությամբ: Թեհրանը Ասադին է պաշտպանում եւ դեմ է թուրքական ներխուժմանը: Այդ պատճառով էլ քուրդերին է նաեւ պաշտպանում: Իսկ Իսրայելն ու Թուրքիան միասնաբար պայքարում են ընդդեմ Իրանի ներկայությանը տարածաշրջանում: Երկրորդը այն է, որ Թուրքիայի միջոցով Իսրայելը ցանկանում է օգտվել Արեւելյան Միջերկրականի նավթի պաշարներից: Երրորդըՙ Իսրայելը չի ցանկանում խաթարել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը դրան կառաջնորդի: Իսրայելի համար խնդիրներ առաջացնելու Թուրքիայի հնարավորությունները մեծ են: Այդ պատճառով էլ Իսրայելը զգույշ պետք է լինի, հավատացած է Յանարօջակը: Այդուհանդերձ, Չառնին պնդում է, որ կան էթիկական նկատառումներ, որոնք շատ ավելի կարեւոր են, քան ռեալպոլիտիկը եւ Թուրքիայի ցասումը: «Մեր մարդկային եւ հրեական պարտականությունն է ուժեղացնել խաղաղությունը եւ հոգ տանել ապահովելու համար մարդկային բարօրությունը: Ցանկանում եմ տեսնել եւ մասնիկը լինել այնպիսի Իսրայելի, որ նպաստում է լուծելու ազգային խնդիրները աշխարհով մեկ», նշում է նա: |