ՀԱՅ ՊԱՐՈՒՀՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՐԻ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ Ա. Բ. Հունիսի 10-12-ին Լիոնի երաժշտության եւ պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում կայացել է Պարի բիենալեՙ «Պարի ապակենտրոնացված պատմություն» ընդհանուր խորագրով, որի ընթացքում անգլերեն եւ ֆրանսերեն զեկուցումներ են ներկայացվել բալետի եւ պարարվեստի պատմությունից: Ավստրուհի հետազոտող Քրիստինա Գիլինգեր-Կոռեա Վիվարը Զալցբուրգի համալսարանի արվեստի պատմության, երաժշտության եւ պարի ուսումնասիրության բաժնից հանդես է եկել «Փախուստներ հարեմից. տարաշխարհիկ պարուհիներ Լեյլա Բեդերխանի եւ Արմեն Օհանյանի գեղարվեստական ինքնորոշումը» վերնագրով զեկուցմամբ: Վերջին տարիներին նկատվում է որոշակի հետաքրքրություն հայ պարուհի Արմեն Օհանյանի (Սոֆյա Փիրբուդաղյան, 1887-1976) կյանքի եւ ստեղծագործության նկատմամբ մի շարք ոչ հայ հետազոտողների կողմից: Բավական է նշել, որ Վիքիպեդիայում նրա կենսագրությունը ներկայացված է քսան լեզվով: Օհանյանը Ռուսաստանում, Պարսկաստանում, Ֆրանսիայում եւ Մեքսիկայում բնակված արվեստագիտուհի էր, որն իր քայլերն արվեստում կատարել է հայ դրամատիկական թատրոնում եւ ռուսական օպերային թատրոնում, այնուհետեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, 1910-ականներին հռչակվել որպես արեւելյան եւ ազատ պարերի կատարող, նաեւ իր ֆրանսերեն կենսագրական հատորներով, հետագայում նաեւՙ իսպաներեն աշխատություններով: Ներկայումս ԱՄՆ-ում հրատարակության է պատրաստվում Վարդան Մատթեոսյանի եւ Արծվի Բախչինյանի «Շամախեցի պարուհին» անգլերեն մենագրությունը Արմեն Օհանյանի մասին: |