RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 12-08-2021



Տեղադրվել է` 2021-08-12 02:43:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 3000, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՏՈՒՐԵՎԱՌՆ ՈՒ ՄԵԶ ՍՊԱՍՎՈՂ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չնայած Ազգային ժողովում տեղի ունեցողը խանգարում է այս պահին Հայաստանի շուրջ բուն իրողությունների ընկալմանը (անգամ Սեւրի պայմանագրի ստորագրման օրվան անդրադարձ արեց ոչ թե ՀՅԴ-ական պատգամավոր, այլ ՔՊ-ից Շիրակ Թորոսյանը), սակայն վերջին երկու օրն առանձնացավ Հայաստանի, ինչու չէՙ Արցախի ճակատագրի առումով երկու նոր շեշտադրումով. նախՙ Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, նշանակում էՙ նաեւ ՌԴ ղեկավարությանը, հասկացրեց, որ հայերիս համբերությունն անսպառ չէ, եւ մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները, իսկ ավելի վաղ նա հայտարարել էր, որ սահմանի խախտումների դեպքում կլինի հրամանՙ ոչնչացնելու թշնամուն: Սա աննախադեպ էՙ եթե նկատի առնենք, որ Սեւ լճի շրջանում մայիսից նստած են սահմանախախտ ադրբեջանցի զինվորները, որոնց ոչ ոք դուրս չի հրավիրում, իսկ Երասխի հատվածում ադրբեջանական զինուժը կրակի հետ է խաղում: Նաեւ Արցախում է ադրբեջանցին անօդաչուներ ուղարկում հայկական դիրքեր:

Թե ի՞նչ է փոխվել, որ պատերազմից ինն ամիս անց այսպիսի կոշտ հայտարարություն է հնչում, պատասխանն առաջին հայացքից պարզ է թվումՙ Հայաստանի ղեկավարությունը ռուսներին էլ, ՀԱՊկ-ին էլ միջամտելու խնդրանք հղելուց հետո ստացել է ուղղակի կամ անուղղակի «ոչ» պատասխանը, եւ հիմա մենք այլ ելք չունենք, բացի նրանից, որ կյանքի գնով պաշտպանելու ենք մեր տարածքային ամբողջականությունն ու պետականությունը:

Սակայն տեղի ունեցողը միայն առաջին հայացքից քննելը սխալ է: Հավանաբար ռուսական կողմից իմպուլսներ կան այդպիսի հայտարարությունների համար, քանի որ տարածաշրջանային վեճերում խճողված Ռուսաստանը աշխարհի մեծ խաղացողների, այդ թվում նրանց գործիք Թուրքիայի համար դառնում է աստիճանաբար եւ բոլոր կողմերից կուլ տալու համեղ պատառ, իր ազդեցության գոտիներից դուրս մղելու սուբյեկտ, ու անգամ ռուս -թուրքական սերտ գործակցությունը չի խանգարում Թուրքիային մասնակցել բոլոր այն նախագծերին (ասենքՙ Աֆղանստանում, Սիրիայում), որոնք ռուսական քաղաքականության դեմ են:

Ու Ռուսաստանն ինչ-որ պահ պետք է որ հասկանա (եթե, իհարկե, այլ հաշվարկներ չի արել, ինչպես 100 տարի առաջ), որ Հայաստանի թուլացմամբ թուլանում է նաեւ իր հարավային պատնեշնՙ իրենից մշտապես բան պոկելու պատրաստ գիշատիչների դեմ:

Համենայնդեպսՙ Ստանիսլավ Զասն էլ բողոքում էր ՀԱՊԿ պատասխանատվության գոտում եղած Տաջիկստան-Աֆղանստան ուղղության ու տարածաշրջանի այլ կետերում նոր մարտահրավերներից եւ խոսում այն մասին, որ ՆԱՏՕ-ի ուժերի դուրս բերումից հետո էլ իրավիճակը վատացել է, մտահոգություններն էլ շատացել են: Մարտահրավերների ֆոնինՙ նա հույսը չի կորցնում, որ հայ-ադրբեջանական շփման գծում հարցերն, այնուամենայնիվ, խաղաղ կկարգավորվեն, չնայած այցելելով այնտեղՙ նա տեսել է, որ սահման չկա, բախումներ ու հրաձգություններ կան: Ու թե զուգահեռ Հայաստանի վարչապետի հետ Հայաստանի նախագահության ու այդ ընթացքում առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումն ինչ ենթատեքստեր է պարունակել, որ նաեւ այդ նախագահության ժամանակ ՀԱՊԿ կատարելագործման ու արդյունավետության վերաբերյալ հարցեր պետք է բարձրացվեն, սա մնում է չգաղտնազերծված:

Հայաստանի վարչապետի ակնարկըՙ առաջին անգամ ՀԱՊԿ-ում նման իրավիճակը (ռազմական օգնության համար դիմելու եւ այն չստանալու) շատ ուշադիր ուսումնասիրելու եւ հետագայում ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելու քայլեր ձեռնարկելու մասին, դժվար թե միայն հայկական կողմի նախաձեռնություն լինի: Մանավանդՙ Հայաստանի կողմից ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու պարագայում, հավանաբար ռուսական կողմին հարկավոր կլինի այդ հանգամանքով պայմանավորել մի շարք որոշումներ, որոնք նրա շահերին ավելի համապատասխան են, բայց չեն բխում ռուս-ադրբեջանական կոնյուկտուրայից:

Չգիտենք, դեռ կլինեն զարգացումներ, որոնք որոշ պարզություն կմտցնեն, թե որո՞նք են այս նոր իրավիճակի ազդակները: Առայժմ Հայաստանը, ստանձնելով ՀԱՊԿ ղեկավարումը, եթե այնտեղ ուղարկվի իրոք փորձառու մեկին, եւ Հայաստանի ԱԳՆ-ն էլ ղեկավարի իրոք փորձառու մեկը (որի հույսն աստիճանաբար զրոյանում է), ապա միգուցե համադրված մոտեցումներով դույզն-ինչ հնարավոր լինի մեղմել գոնե ռուսական ուղղությունից մեզ բաժին ընկած երկիմաստ արտաքին քաղաքական ֆոնը: Չնայածՙ պատմական փորձն այլ բան է հուշում:

Երկրորդ կարեւոր շեշտադրումը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի շնորհավորական ուղերձում էրՙ հղված Նիկոլ Փաշինյանին, որտեղ նա Փաշինյանին խորհուրդ է տալիս «ոչ» ասելու քաջություն ունենալ, բնականաբար տարբեր ճնշումներին ու հարկադրանքներին, հատկապես Արցախի հարցում: Սա կարեւոր էՙ քանի որ Ազգային ժողովում իշխանական մեծամասնության հետ գլխովին հակադրության մեջ ընկղմված դաշնակցականների հավասարակշիռը իմաստուն Արամ Ա-ն է, որը հուշում է, թե ինչ պիտի անի ներկա ղեկավարը. «Մեր հավաքական հանձնառությունը Արցախի անկախության նկատմամբ հարկ է պահել ամուր: Արցախի անկախության միջազգային ճանաչումը ո՛չ միայն Հայաստանի իշխանության առաջնահերթ հարցերից մեկը պետք է դառնա, այլ նաեւ Սփիւռքի... Հայաստանի համար վտանգավոր զարգացումներով հղի շրջանի պարզած ներկա իրավիճակը նաեւ պահանջում է «Ո՛չ» ասելու վճռակամություն: Արդարեւ, պատմության ընթացքում մեծ կայսրությունների շահերի խաչմերուկին կռվախնձոր դարձած Հայաստանը իր գոյությունը պահեց, թեկուզ երբեմն վիրավոր, «Ո՛չ» ասելու իր հավաքական քաջությամբ... Նաեւ անհրաժեշտ է, որ կարողանանք մեր ռազմավարական բարեկամների ու գործընկերների ծիրը ընդլայնել», գրել է նաՙ բնականաբար արեւմտահայերեն իր ուղերձում:

Այս իմաստով ԱԺ-ի մինի պատերազմների մասով իրար չզիջող, իրար վրա լուտանքներ թափող կողմերին կուզեի ասել. ախր ընդամենը 12 հանձնաժողովի նախագահ եք ընտրում, ի՞նչ եք ընկել գիտահետազոտական-միտահետազոտական, ֆլան- ֆստան, դեռ դրա համար շատ ժամանակ կունենաք, մեկ-մեկ ձեր ներսի պաթոսը սպանեք, էլի, հիմա մեզ արագություն է պետք (չնայածՙ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնում Էդուարդ Աղաջանյանիՙ դիջեյ Էդոյի առաջադրումն, իրոք, խելքից-մտքից դուրս է): Մեզ պետք է նկատել ամեն բանՙ սկսած միջազգային տրամադրությունների փոփոխությունիցՙ մինչեւ ռազմավարական գործընկերոջ ներսի տրամադրությունների փոփոխություններ, պետք է հասցնել օգտագործել նոր, թեկուզ շատ փոքրիկ հնարավորությունները: Արամ Ա-ի «ոչ» ասելու հրավերը, պարոնայք, նախ վերաբերում եռակողմ թղթի կտորին, որին բոլորդ այդքան հավատարիմ եք:

Մինչդեռ ԱԺ-ն այլ մոլորակ կարծես հիշեցնի, որտեղ Ալեն Սիմոնյանը չի հասցնում աջուձախ նկատողություններ հայտարարել պատգամավորներին, ու դրանք արդեն դպրոցի դասատուի ցուցափայտի անարդյունք թակոցներ են հիշեցնում: Իսկ նախորդ օրվաՙ փոխադարձ վիրավորանքների ու ձեռնամարտին մերձ վիճակը ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Եւ դրա համար նախ պատասխանատու է իշխանությունը, ապա նաեւՙ ընդդիմությունը: Որքան էլ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանն առաջարկեց զրոյացնել փոխադարձ վիրավորանքներով եւ մեղադրանքներով հարաբերություններըՙ մեր կարծիքով դա դժվար թե երկար տեւի: Մինչդեռ այս պահին ԱԺ ընդդիմության հայացքը սեփական խնդիրներից հարկ է ուղղվի դեպի նորացող մարտահրավերները, դրանց նոր նյուանսները: Մանավանդՙ եթե շարունակվեն հայ-ադրբեջանական սահմանանազատման, անկլավների վերադարձի, ընդհանրապեսՙ ոչ հայանպաստ լուծումների մասին խոսակցություններն, ու դրանք իքս պահի իրականություն դառնան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 12-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ