ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՆ ՀԵՏՈ ԱՎԵԼԻ ԵՆ ՍԻՐԵԼՈՒ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Ես համոզված եմ, որ գրողի առաքելությունն իր ժամանակը փրկելն ու իրենից հետո եկողներին փոխանցելն է: Ի՞նչ գիտենք մեր անցյալի, նույնիսկ դարավոր անցյալի մասին, միայն այն, ինչ նկարագրվել է գրավոր եւ մշակութային ստեղծագործությունների միջոցով: Այս առումով ամեն գրող եւ բանաստեղծ չէ, որ կարող է լավագույնս, առանց գունազարդելու կամ ձեւախեղելու, իր ժամանակի ուրվագիծը, դիմագիծը, խորքային եւ մյուս ժամանակներից տարբերվող նկարագիրը փոխանցել: Դա արել է բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը, որ հուլիսի վերջին ցավալիորեն կնքեց իր մահկանացունՙ ընդամենը 68 տարեկանում: Չնայած նրա ստեղծագործության հանդեպ բանավեճերինՙ նա երկար չի մոռացվի եւ միգուցե տարիների հետ նրա ստեղծած գրականության ողջ նշանակալիությունն ավելի գնահատվի, քանի որ նրա «Երեւան հյուրանոցն» ու «Հայկական ժամանակը» , նրա ողջ պոեզիան մեր ողջ կյանքի միկրոաշխարհներ ենՙ այնտեղ արձանագրված իրական, փաստական կերպարների նշանակալիության, կերպարների մեծաթվության առումով, անընդգրկելի ծավալից սկսածՙ մինչեւ զուտ շեկոյանական պատկերավորություն ու շեկոյանական ինքնատիպություն: Նրա արձակը դեռեւս սպասում է իր գնահատականին, բայց պոեզիան ճանաչելի ու սիրելի է այն աստիճան, որ բերանացի մեջբերումների քանակի առումով կխամրեցներ ժամանակակից տիտղոսավոր բանաստեղծներից շատերին: Նրա պոեզիան սոսկ բանաստեղծական արվեստի նմուշների ամբողջություն չէ, այլ նրա բնածին հումորի, նրա ներքին անկախությանՙ ոչ մի խմբի չպատկանելիության, լայնությամբ ու խորությամբ ժամանակն ու նրա մարդկանց տեսնող նրա հայացքի պոետիկ փոխարկում, դեպքերի եւ իրադարձությունների ժամանակագրություն: Կան շատ ժամանակակից բանաստեղծներ, միգուցե, ինչպես ասում ենՙ իրենց բարձր գրականության ներկայացուցիչ դասողներ, բազմաթիվ մրցանակներ արդարացի ու անարդար վերցնողներ, սակայն նրանք բոլորն էլ կարող են նախանձել Արմենին, քամի որ նրանց գործերը բերանացի չեն հիշում, իսկ Արմենինը հիշում են եւ սիրում: Օրինակՙ նրա պոեզիայի նկատմամբ իմ սերը ես փոխանցել եմ նաեւ զավակներիս, գիտեմ, որ մեր ընդհանուր ընկերներից շատերն են այդպես վարվել: Իսկ վերջին տարիներին նրա գրած արձակ ստեղծագործությանՙ «Հայկական ժամանակի» ողջ նշանակությունը (որպես ոչ միայն գեղարվեստական ստեղծագործություն, այլեւ որպես ժամանակի վավերագիր, որպես իր սերնդի շատ անունների, շատ դեմքերի մասին տեղեկությունների եւ կենսակերպի փոխանցիչ) փորձել է բացել հենց ինքը, Շեկոյանը, այսպիսի սրտառուչ բացատրությամբ. - Երբ վերջերս սկսեցի վրա-վրա պատմվածքներ տպագրել մեր, էսպես կոչված, նոր ժամանակների մասին, ոմանք կարծիք հայտնեցին, որ իմ էդ պատմվածքները շատ դաժան են, եւ որՙ ես, փաստորեն, մեր էս նոր կյանքից վերցնում եմ բացառապես բացասական ու վատ բաները եւ, ուրեմն, լավատեսական ոչ մի լիցք չեմ հաղորդում իմ ընթերցողներին: Ես, իհարկե, չեմ պատրաստվում կիսել էդ կարծիքը, որովհետեւ իմ էդ պատմվածքներում, ճիշտ է, պատկերել եմ նաեւ խեղճուկրակ մարդկանց, որոնք, պատրաստ չլինելով նոր ժամանակներին, փաստորեն կանգնեցին փաստի առաջ, բայց, այդուհանդերձ, ես, էդ խեղճ ու թշվառ մարդկանց վիճակները նկարագրելով հանդերձ, կամեցել եմ հուշել ու հասկացնել իմ պակաս թշվառ ընթերցողներին, որ եթե իմ թշվառ հերոսները դիմացել ու դիմանում են մեր էս նոր կյանքին, ապա իրենքՙ այսինքն պակաս թշվառները, պիտի որ դիմանան ու դիմանան: Անկեղծ ու ազնիվ, իրՙ Արմեն Շեկոյանի պես: Դե իսկ գրականագետների գնահատումն, անշուշտ, հետեւելու է, որովհետեւ հիմա որ Չարենցին Աստված ենք դարձրել, նրա ժամանակակիցներից շատերը նախանձել են նրան, եղել են նաեւ այնպիսիք, որոնք նրա դեմ անստորագիր նամակներ են գրել վերեւներ: Չասեքՙ այլ ժամանակներ էին, բայց Չարենցի հանդեպ հայ ժողովրդի սերը ոչ ոք չի կարողացել կասեցնել: Համոզված եմ, որ Արմեն Շեկոյանի պոեզիայի հանդեպ սերը գնալով մեծանալու է ու փոխանցվելու է հետո եկող սերունդներին: Տողերիս հեղինակը Արմենին ճանաչել է երիտասարդության տարիներից, այն ժամանակից, երբ ուսանողական եռյակըՙ Արմեն Շեկոյանը, Հակոբ Մովսեսը եւ Սերգեյ Վարդանյանը իրենց հումորով, էրուդիցիայով եւ անգամ մի փոքր լեզվանիությամբ ընկերական հավաքների աղն էին դառնում, հետագայում բոլորն էլ իրենց ճանապարհներով գնալիս ստեղծեցին արժեքներ, իսկ կոնկրետ Արմեն Շեկոյանը, մամուլում աշխատելով, նաեւ լրագրողների սիրելին էր: Մի տարի ես նրա հետ մեկ սենյակում ենք նստելՙ աշխատելով լայն հանրությանն անհայտ թերթերից մեկում, որի խմբագիրը, սակայն, գիտեր գնահատել տաղանդավոր գրողներին, ու Արմենն այնտեղ իր հետուսանողական կյանքի մի տարին աշխատեց, որի ընթացքում նա իր դարակում ամեն օր ձեռագիր գրված մի բանաստեղծություն էր դնում, ինքն իր վրա դրված պլանով օտար լեզվից քսան բառ սովորում (չեմ հիշումՙ իսպաներեն, թե՞ իտալերեն): Ինձ համար նա ի սկզբանե հարազատ մեկն էր, ու հետագայում ամիսներ, տարիներ չտեսնվելով, հընթացս, Երեւանի գունավոր առօրյայում, որի անբաժան մասն ու մի գույնն էր նա, մի տեղ դեմ-դիմաց դուրս գալովՙ կարելի էր անկեղծ հարցեր տալ ու անկեղծ պատասխաններ ստանալ նրանից, ինչպես այն ազգականների դեպքում է, որոնց տեւաբար չես տեսնում, բայց տեսնելիս գիտես, որ արյունակիցդ է, ու նրան կարելի է վստահել, նրա հետ այդ կարճ ժամանակի մեջ ուրիշներին չասվող բաների մասին խոսել ու խոսեցնել: Զարմանալի մի դրվագ է մնացել իմ կյանքում նրա հետ կապված: Երբ Արմենն ընտրել էր այն աղջկան, որի հետ պետք է ամուսնանարՙ նա ընկերուհուն մեր տուն բերեց, չնայած ես նրա ամենամտերիմ ընկերների մեջ չէի: Հավանաբար երիտասարդ ընտանեկան զույգի խաղաղ կյանքի անտուրաժը (համենայնդեպսՙ իրեն էր այդպես թվացել) իր ենթատեքստերով Արմենի համար այդ պահին կարեւոր էր: Չնայած այն բանին, որ հազիվ թե բոլորը մեր տանը խոսեին բանաստեղծությունից, եւ դա ես նախապես Արմենին զգուշացրել էի: Արմենը ծիծաղել ու ասել էր, թե ավելի լավ, իր ընտրյալն էլ առանձնապես մոտ չէ բանաստեղծությանըՙ հիմա մոռացել եմ կենսաբան էր, թե՞ քիմիկոս: Հետահայաց միշտ մտածում եմ, որ այդ կենտ հյուրընկալությունը գոնե ինձ համար հարազատ մի բան է պահել իր մեջՙ այդ ժամանակի ընդհանուր մշակութախառը, գրականախառը, խաղաղ-հայեցող կյանքից, ու այդ օրվա հուշը ինչ-որ բարություն, անդորր է արթնացնում ամեն անգամ, երբ հիշողության հեռավոր ծալքերից հայտնվում է հիշեցնելու իր մասին: Չեմ հիշում անգամ, թե ինչի մասին ենք խոսել, ինչ եմ դրել սեղանին, առհասարակՙ ինչի մասին կարող էին խոսել բանաստեղծը, լրագրողը, տնտեսագետը եւ կենսաբանը, բայց գիտեմ , որ դա մի խաղաղ երեկո էր, Արմենը հագել էր գծավոր շալվար ու նորաձեւ վերնաշապիկՙ համապատասխանելով իր իսկապես գեղեցկուհի ընտրյալին: Ու էլ ոչինչ չեմ հիշում: Իմ ընկեր Արմեն Շեկոյանին հետագայում փնտրել եմ նրա կոլորիտային, ուրբանիստական, հաճախ հողեղեն, հաճախ բանավեճեր արթնացնող, բայց անխոս տաղանդավոր բանաստեղծության մեջ, նրա գրքերում, որոնցից շատերն իր ընծայականներով գրադարակիս իրենց անկյունն ունեն, էն սկզբիններից սկսածՙ «Ճոճք» , «Բախտ» , «Աղանդեր» , «Անտիպոեզիա» ՙ մինչեւ «Երեւան հյուրանոց» ու «Հայկական ժամանակ» : Մի անգամ Արմենն, իր մշտական անկեղծությամբ, իմ այն մտքին ի պատասխան, թե լավ կլինի իր հետ հարցազրույց անեմ, ծիծաղելով ասաց. «Է, արա: Աղջի, սաղ աշխարհն ինձ հետ հարցազրույց արեց, բացի քեզնից՚» : Կյանքը դեռ առջեւում էր թվում, ափսոս բանաստեղծ եւ իմ ընկեր Արմեն Շեկոյանի գնալը, բայց նաեւ գիտեմ, որ նա մնայուն է իր բանաստեղծությամբ, իր գրականությամբ, « Երեւան հյուրանոցի» այս նախաբանի անլույս մթնում իր պոեզիայով լուսավորելով մեր մնալը: Ես դեգերելով շարունակվեցի Երկիր հորջորջվող լաբիրինթոսում: Շարունակվում եմ անվերջ ու հոսում անանցանելի ու մութ էս փոսում: Շարունակվում եմ էս անլույս մթնում. քչփորում եմ, բայց ելքը չեմ գտնում: Ինձ գիտեն բոլոր մեղավորները, մորուքավոր ու բեղավորները, անմորուսները եւ անբեղները, անմեղսունակներն ու անմեղները, բոլոր գիտուններն ու թերուսները, նամուսովներն ու աննամուսները: |