RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2799, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԿՈՒԶ ԱՄԵՆԱՓՈՔՐ ԳՅՈՒՂԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՐԵՆՈՎ ԱՆԵԼ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանի մի շարք համայնքներում համայնքապետերի պաշտոնակատարներ են նշանակվել: Խոսքն այն համայնքների մասին է, որոնց ղեկավարիների պաշտոնավարման ժամկետն ավարտվել է: Օրենքը տարածվել է նաեւ Գյումրի ու Վանաձոր քաղաքների վրա, որտեղ քաղաքապետերն ընտրվել էին ավագանու քվեարկությամբՙ համամասնական ընտրակարգով: Փաշինյանի որոշմամբՙ Վանաձորում ու Գյումրիում համայնքապետերի պաշտոնակատարներ են դարձել մարդիկ, որ ավագանու անդամ չեն:

Երեւանի «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինյանը նման նշանակում անելու լիազորություն ու իրավասություն չուներ: «Ազգ»ի հետ զրույցում Խաժակյանն ասում էՙ նա օրենք է խախտել: Բացատրում էՙ համայնքապետը կամ պաշտոնակատարը ավագանու կազմից պետք է լինեն, այսպես ասածՙ կողքից որեւէ մեկն այդ պաշտոնը ստանձնելու իրավունք պարզապես չունի: «Սա ոչ այլ ինչ է, քան տեղական ինքնակառավարման մարմինների ուզուրպացիա: Իշխանությունն անում է ամեն բանՙ ամեն մի համայնքում իր թեկնածուն, այնուհետՙ համայնքապետն ունենալու համար»,- ընդգծում է Խաժակյանը:

Ակնհայտորեն խախտված են նաեւ ՏԻՄ մարմիններում ընտրություններ նշանակելու ու անցկացնելու ժամկետները: Ըստ «ՏԻՄ-ի մասին» օրենքիՙ ընտրություններ պետք է նշանակվեն ոչ ուշ, քան գործող համայնքապետի լիազորությունների դադարեցման ժամկետը, որը, փաստորեն, ՀՀ մի շարք համայնքների դեպքում խախտվել է: Ըստ երեւույթինՙ իշխանությունը միտումնավոր է «աչք փակել» ժամկետների դրույթի վրա, որպեսզի մինչեւ ՏԻՄ ընտրությունները համայնքներում սեփական թեկնածուները կարողանան տրամադրություններ շոշափել ու քվեարկության ժամանակ ցանկալի արդյունք ապահովել:

Այն, որ իշխանությունը թեկուզ ամենափոքր գյուղում սեփական համայնքապետն է ուզում ունենալ, իշխանավորների համառությունից կարելի է եզրակացնել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներն այս օրերին մարզերից Երեւան չեն գալիս, ակտիվ քարոզարշավ են իրականացնում: Բացի դրանիցՙ իշխանությունը, բառի բուն իմաստով, ստիպում է դիմում գրել ու հեռանալ անգամ այն համայնքապետերին, որոնց շնորհիվ գյուղական փոքրիկ համայնքները սկսել են շնչել, բարեկարգվել, զարգանալ: Դիլիջանի հարակից համայնքներից Խաչարձան գյուղի համայնքապետին օրինակ իշխանության ներկայացուցիչները հասկացրել ենՙ դիմումդ գրի, գնա: Բարեբախտաբար, համագյուղացիների վստահությունը վայելող համայնքապետը չի ընկրկել:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանն ու թիմակիցները հասկացել են, որ իշխանությունը պահելու լրջագույն խնդիր ունեն ու դրա համար, թեկուզ օրենք խախտելով, ահաբեկելով ու մերժելի մեթոդներով, պետք է իրենցով անեն ամեն մի համայնք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ