RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3152, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 0

100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նրանք, ովքեր չեն կարծում, որ մեր տարածաշրջանում, հատկապես Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները կապ ունեն Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի հարյուրամյա ժամկետի լրման հետՙ մեղմ ասած սխալվում են։

Հոկտեմբերի 13-ին լրացավ Կարսի պայմանագրի վերջնաժամկետը, այդ պայմանագրով մենք 100 տարի առաջ, աշխարհի լուռ հայացքի ներքո, ռուս-թուրքական առեւտրի արդյունքում կորցրինք մեր հայրենիքի զգալի մասը, հայերիս հետագա նվաստացումների դուռ բացվեց։ Հավանաբար այդ 100 տարում, ու հատկապես Հայաստանի անկախացումից հետո շատ հայերի երազանքն է եղել, որ մի օր, պետության հզորացումից եւ այդ պայմանագրերի ժամկետների սպառումից հետո հնարավոր կլինի միջազգային ատյաններում հարց բարձրացնել հայերիս հանդեպ 100 տարի առաջ կատարված անարդարության մասին, եթե ինչ-որ նյութական ակնկալիքի հնարավորություն առկա չլինի էլՙ գոնե բարոյական հարթության վրա հարցը քննարկելու առիթներ կլինեն։

Ավա՜ղ, պետության հզորացումը տապալված էՙ անկախացած Հայաստանի բոլոր իշխանությունների համատեղ, կոլեկտիվ ջանքով, իսկ վերջինՙ լավ խաղարկված, Հայաստանին տարածքային, մարդկային ու նյութական ահռելի կորուստներ բերած 44-օրյա պատերազմն ընդհանրապես մեզ անխոս ձուկ դարձրեցՙ 100-ամյա անարդարությունների մասին խոսելու առումով, այնքան, որ նոր կորստաբեր պայմանագրերի պարտադրանքը կախված է մեր գլխին, ինչպես 100 տարի առաջ։ Մտածել, որ ամեն ինչ պատահական էր, տարածաշրջանային խաղացողների միայն այսրոպեական շահերով պայմանավորված, անիմաստ է։ Շահերն, այո, գերադաս են, բայց այս պահին դրանք զուգորդվում են նաեւ հարյուրամյա հանցավոր գործարքների նորացման-կոծկման հրամայականով։ 100 տարի առաջ հայերիս հայրենազրկած դերակատար պետությունները լավ հասկացել են, որ պայմանագրերի լրմանը հաջորդող իրավական վակուումը պետք է լցնել, որ ոչինչ չսպառնա իրենց շահերին, դրա համար Հայաստանը պետք է դնել այնպիսի վիճակի մեջ, որ ստիպված լինի նոր եւ էլ ավելի վատթար պայմանագրեր ստորագրել, այդպիսով հայերիս հանդեպ 100 տարի առաջ կատարված հանցագործությունների թեման փակելով։ Իսկ պայմանավորված ու լավ խաղարկված պատերազմը այդ նոր պայմանագրերի նախապատրաստական փուլն էր։

Տեսեք, թե Կարսի պայմանագրի ժամկետի լրանալու օրերին ինչ աշխույժ երթեւեկ է Հայաստանում եւ նրա շուրջ, Երեւան են գալիս տարածաշրջանային խաղացող պետությունների պաշտոնյաներ, Մոսկվայում տեղի են ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումներ։ Չնայած ոչ ոք չի խոսում հարյուրամյա պայմանագրերից, հայկական կողմից ո՛չ պետական կառույցների, ո՛չ ընդդիմադիրների մակարդակով ոչ մի անդրադարձ չի արվում, բայց պարզից էլ պարզ է, որ տարածաշրջանը, ինչպես 100 տարի առաջ, նորից վերաձեւման շեմին է, ու դա կրկին ուզում են կոտրել Հայաստանի գլխին։ Զարմանալի է, որ գիտաժողովներ կազմակերպել սիրող մեր տիտղոսավոր պատմաբանները եւս լռում են, իսկ քննարկումների նյութի գաղտնիության քողով մեր պաշտոնյաների մոսկովյան հանդիպումները մեզ ստիպում են մտածել սողացող աննպաստ գործընթացի մասին։

Ինչո՞ւ մեր ընդդիմությունը տեսակետ չունի Կարսի ողբերգական պայմանագրի ժամկետի լրանալու առիթով, բան չունի՞ ասելու, ո՞ւմ է պետք այնպիսի ընդդիմությունը, որը չի ասում այն, ինչը իշխանությունը չի կարողանում, կամ չի ուզում ասել։

Տեսնես պատմության ուսուցիչներն ի՞նչ ասացին իրենց աշակերտներին հոկտեմբերի 14-ի առավոտյան, տեսնես պատմաբան ԱԳ նախարարը հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հանգիստ քնե՞ց, տեսնես տիտղոսավոր մեր պատմաբանները իրենց ներսում, շատ խորը ինչ-որ տեղ, գոնե բողոքի նոտա ունե՞ն։

Վերադառնալով մեր երկրի շուրջ եւ առհասարակ տարածաշրջանային գործընթացներին, ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը հերթական անգամ, ինչպես 100 տարի առաջ, վերաձեւումների նախադռանն է, հերթական անգամ Թուրքիան, Ռուսաստանը, մյուսՙ առաջին հայացքից չերեւացող, բայց անառարկելիորեն մասնակից պետությունները ազդեցությունների վերաբաշխման են ուզում գնալՙ հերթական անգամ հայկական շահը շրջանցելով կամ հենց հայկական շահի հաշվին, ու այդ գործընթացն առայժմ կանգնեցրել է Իրանը, որին տարածաշրջանային խաղացողները փորձում էին դուրս թողնել խաղից։ Իրանը լուռ հետեւելով 44-օրյա պատերազմինՙ մի փոքր ուշացրեց իր հակազդեցությունը, բայց այժմ իր պաշտոնյաների բերանով հնչեցրած հայտարարություններով ակնհայտորեն մի փոքր դանդաղեցրել է մեծ խաղը, խառնելով Իրանին գործընթացից դուրս թողնելու մտադրություն ունեցողների խաղաթղթերը, ակամա օգնելով նաեւ Հայաստանին։ Հատկանշական է, որ հենց Երեւանից է հնչել Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի կիսասպառնալիքը, թե բարիդրացիության քաղաքականությամբ առաջնորդվող Իրանը թույլ չի տա, որ երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն պատերազմ հրահրող ուժեր եւ ահաբեկիչներ։ Իսկ ավելի վաղ Իրանի արտգործնախարարի հանրահայտ խոսքն էր հնչել Մոսկվայիցՙ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ սահմանների վերաձեւումների անթույլատրելիության մասին։ Ու խոսքը նախ Սյունիքից միջանցքի տրամադրման մասին էր։

Երեւի մեր ղեկավարներին էլ ի վերջո հասավ (հուսով ենք), որ Սյունիքից մի թիզ սահման նույնիսկ զիջելու դեպքումՙ Հայաստանը պետականության ու ինքնիշխանության կորստի դուռ է բացելու, միգուցե այդ պատճառով էր Հայաստանի վարչապետի խոսքում հայտնվել Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու մասին հատվածը Պուտինի հետ հանդիպմանը, չնայած Ալիեւը մեռավ ասելով, թե ինքը պատերազմով լուծել է Ղարաբաղյան կարգավորման հարցը։

Տարածաշրջանային գործընթացների դանդաղումն Իրանի շնորհիվ, որը վերջապես կոշտ պատասխանեց իրեն մեծ խաղից դուրս թողնելու փորձերին, Հայաստանին շանս է տալից ճիշտ օգտագործել ակամա ընձեռված ժամանակը։ Չգիտենքՙ արդյոք կկարողանա՞ն դրանից օգտվել ներկա կառավարողները, համենայնդեպսՙ Կարսի պայմանագրի մասին խոսելու տաբուն, որ հասկանալի է, թե ովքեր են դնում Հայաստանի իշխանությունների ուսերին, հայկական կողմն այդպես էլ որեւէ կերպ չի խախտում, այդ հարմար գործիքից չի օգտվումՙ ուժեղ հակազդեցության վախով համակված...

Բայց ընդհանուր առմամբ գործընթացի դանդաղումը հույս է տալիս, որ ամեն ինչ դեռ չի ավարտվել, որ երեւի չերեւացող տարածաշրջանային խաղացողների շահերից չի բխում նաեւ Սյունիքի միջանցքի տրամադրումըՙ թուրքական շահերին ի սպաս։ Որոշ նշաններ այդ մասին են վկայում։ Օրինակՙ հիմա կարծես շատ չի հնչում խաղաղությոան պայմանագիր տերմինը, բացվածքը մի քիչ փոխել են, ռուսական մեկնաբանությամբՙ շրջանակային կամ երկկողմ պայմանագրերի մասին են խոսում, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան. վերջինիս դեպքում կբացառվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որն ուղերձ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Արցախի հարցի վերաբերյալ բանակցությունների վերականգնմանը, սա միգուցե նաեւ Իրանի համառության եւ մի շարքՙ արտատարածաշրջանային դերակատարների շնորհիվ եղավ (օրինակՙ ԱՄՆ-ը հիմա բացահայտ աջակցում է քրդերին, այդպիսով ոչ միանշանակ վիճակում դնելով Ադրբեջանի հովանավոր Թուրքիային)։

Մոսկովյան հանդիպումներից եկած լուրերի սուղ լինելը թույլ չի տալիս դեռեւս հասկանալ Հայաստանի հնարավորությունները։ Պուտինն, օրինակ, ոչինչ չի ասել ի պատասխան Փաշինյանիՙ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չլինելու բարձրաձայնումին։ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանիՙ հոգեւոր առաջնորդների հանդիպումից եկած իմպուլսներըՙ արմատականությունից հրաժարվելու եւ խաղաղությունը խթանելուՙ երիտասարդությանը հղված կոչով, լրիվ հակադիր պատկեր են գծում, չնայած կրոնապետերը հո այլ բան չէի՞ն ասելու ի վերջո, իրենց հոգեւոր առաքելություններին հակասող։

Իսկ այն արտահոսքերը, թե Լավրովը կոշտ քննադատել է հայկական կողմինՙ ԱԺ նախագահի պատվիրակության հետ հանդիպմանըՙ բոլորովին դեպի լավը չեն ամբողջացնում պատկերը Հայաստանի շուրջ ստեղծված վիճակի եւ մեր ունեցած ու չունեցած հնարավորությունների մասին, թե որ խաղաքարտերով ի վերջո մի փոքր մեր օգտին կկարողանանք փոխել իրադարձությունների ընթացքը, որքա՞ն իրական է նոր պատերազմի ռիսկը թեկուզ իրանադրբեջանական բախման տեսքով ու հենց մեր սահմանի մոտ, կամ ո՞ր աստիճանի մենակ է Հայաստանը, ինչպես 100 տարի առաջ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ