RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-10-14 23:00:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1612, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԵՎ «ԱԿՈՒՄԲ-1887» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Մեր ազգային ու պետական խորհրդանիշները ոչ միայն մեր ինքնաճանաչման ու աշխարհին սեփական ուրույն դիմագծով ներկայանալու, այլ նաեւ մեր ազգային արժանապատվության ու հպարտության, սերնդի դաստիարակության կարեւոր աղբյուր են: Համենայն դեպս պե՛տք է լինեն այդպիսին: Այդ ամենին լավագույնս կարող է ծառայել պատմագիտության դոկտոր Հայկ Դեմոյանի նախաձեռնությամբ անցած կիրակի Գյումրիում բացված «Հայկական ազգային խորհրդանշանների թանգարանը»: Սա եւ նույն հարկի տակ միաժամանակ բացված պատմա-ճարտարապետական «Ակումբ 1887»-ը գիտնականի նույն նախաձեռնության շրջանակներում իր հայրենի քաղաքի պատմական միջուկում հիմնված երկրորդ եւ երրորդ մշակութային օջախներն ենՙ ապրիլին դռները բացած «Հայուհի» թանգարանային ցուցադրանքից հետո:

Թանգարանն ու ակումբը կազմակերպվել են 1887 թ. կառուցված, ալեքսանդրապոլյան շրջանը ներկայացնող շինություններից մեկումՙ երկու տարի տեւած վերականգնողական աշխատանքներից հետո: Թանգարանում ցուցադրված են հայկական զինանշանային համակարգի նմուշներ, հայկական պետական ու ազգային խորհրդանշաններին առնչվող եզակի ցուցանմուշներՙ փորագրանկարներ, պաստառներ, բացիկներ եւ այլն: Դրանք հիմնականում ներկայացնում են եվրոպական ու ռուսական պատկերագրության մեջ հայկական արքայական ընտանիքներին վերաբերող բացառիկ նյութեր, տարբեր հրատարակությունների կազմերին հայկական զինանշանների ու դրոշների հորինվածքներ: Առանձին ցուցադրվում են Մայր Հայաստանի պատկերագրությանը եւ Առաջին հանրապետության խորհրդանշաններին վերաբերող բացառիկ բնօրինակ նյութեր:

Թանգարանի բացումը նվիրված է Հայաստանի Հանրապետության 30-րդ տարեդարձին:

Ալեքսանդրապոլյան ոճի ներքին կահավորումով ու հարդարանքով պատմական միջավայր է ստեղծված «Ակումբ 1887»-ում: Այն տրամադրվելու է տարբեր տեսակ ցերեկույթներ, շնորհանդեսներ ու այլ միջոցառումներ կազմակերպելու, նաեւ լուսանկարչական շարքեր ու կինոնկարահանումներ իրականացնելու համար:

Քաղաքի երբեմնի հունական թաղամասումՙ Պուշկինի փող. 1-ին նրբանցք, տուն 2 հասցեում (մուտքըՙ 2-րդ նրբանցքի կողմից) գտնվող այս յուրատեսակ թանգարանային օջախը բաց է լինելու առայժմ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, առանց մուտքավճարի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ