2021-Ի «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ, Հայաստանի Թեքեյան մշակութային միության Լրատվական կենտրոն Հայաստանի ոչ պետական մրցանակների մեջ շարունակում է ամենաերկարակյացը մնալ Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակը, որը այս անգամ շնորհվեց, ինչպես հայտնի է արդեն, արվեստի, գրականության ու լրագրության ասպարեզները ներկայացնող 8 ստեղծագործողների: Մրցանակաբաշխության հանդիսությունը, որը կայացավ հոկտեմբերի 9-ին Թեքեյան կենտրոնում, այս անգամ էլ, ոչ թե շքեղ, այլ ջերմ էր, ոգեշնչող ու, որքան որ կարելի է այս օրերին, զվարթ: Ներկաներից ոմանք նույնիսկ խոստովանեցին, որ միջոցառումը ընկճախտից գեթ 2 ժամով դուրս գալու պատեհություն եղավ իրենց համար, մանավանդ որ դահլիճը լեցուն էր ոչ թե բարձրաշխարհիկ, այլՙ արվեստը սիրող ընտիր արվեստագետներով ու մտքի մշակներով: Մաղթում ենք, որ քաջալերանքի այդ տոնը կշարունակվի հաջորդ բոլոր տարիներինՙ անվանակարգերի բազմապատկումով: «Ազգ»
Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը: Արդեն 27-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում եւ խրախուսման է արժանացնում մշակույթի եւ գիտության տարբեր բնագավառների լավագույններին: Այս տարի մրցանակներ հանձնվեցին վեց անվանակարգումՙ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Լրագրություն եւ Գեղարվեստական լուսանկարչություն: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 70 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին: Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին եւ շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներինՙ անաչառ ընտրության համար: Պրոֆեսորն ընդգծեց, որ ԹՄՄ «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ցարդ ուշադրության է արժանացրել հարյուրից ավելի արվեստագետների, գիտնականների: Մրցանակաբաշխությանն իր օրհնության խոսքը հղեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանըՙ փոխանցելով Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական ողջույնը: «Ուրախալի է, որ ներկայիսՙ մեր ոչ բերկրանքով լի կյանքում տեղի են ունենում նման միջոցառումներ, որ կարծես լույսի ու հույսի կայծ են բերում: Թեքեյան միությունն արժանի է եղել Վահան Թեքեյանի անվանը. նա հայ ժողովրդի այն զավակներից էր, որ իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ գրականությանը, հայ ժողովրդի մտածումներին եւ ապագայի հույսին: Թեքեյան միությունը Հայաստանում շարունակում է իր գործը, որ սկսել էր դեռ նախորդ դարի կեսերին Սփյուռքում»,-նշեց Տեր Նաթան արք. Հովհաննիսյանն ու շնորհավորեց մրցանակակիրներին, որոնք տարբեր ոլորտներում իրենց չափով ստեղծագործում են ազգի պատվի, մշակույթի եւ վաղվա օրվա համար: Ձեռնարկը շարունակվեց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ: «Գրականություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց բանաստեղծ Արտավազդ Նազարյանին ՙ «Արվարձան» եւ «Ուղեփակոց» բանաստեղծությունների ժողովածուների համար: Մրցութային հանձնաժողովի նախագահՙ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանն ընդգծեց, որ շատ դժվար էր հավասար արժեք ունեցող գրքերի մեջ ընտրել լավագույնը: Նա առանձնացրեց այն կարեւորագույն հատկանիշները. որոնց շնորհիվ բանաստեղծն արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի.«Տեխնոլոգիական այս դարում դժվար է մնալ փխրուն բանաստեղծ, պահել դարավոր մշակույթը, ստեղծագործական երակըՙ Նարեկացուց մինչեւ 21-րդ դար: Արտավազդ Նազարյանի բանաստեղծություններում տեսնում ենք այնպիսի գեղեցկություն, որը բնորոշ է միայն կերպարվեստի աշխատանքներին: Նա բանաստեղծական հանգերի կալանավորը չէ, ստեղծագործում է կաղապարներից դուրսՙ պահելով ներքին երաժշտականությունը»,- նշեց Երվանդ Ազատյանըՙ ընդգծելով բանաստեղծի գրական այլ արժանիքներ եւս: Արտավազդ Նազարյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար եւ վստահեցրեցՙ այն իր համար մեծ պատիվ է: «Հայագիտություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակակիրը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյանն էՙ «Աշոտ Գ Ողորմած թագավոր հայոց» աշխատության համար: Հանձնաժողովի նախագահՙ պատմական գիտությունների դոկտոր Անուշավան եպս. Ժամկոչյանը նշեց, որ աշխատությունն էական ներդրում ունի հայագիտության մեջ, քանի որ ներկայացնում է չուսումնասիրված պատմափուլերից մեկըՙ Բագրատունիների թագավորության շրջանը: Օգտվելով երբեւէ չկիրառված աղբյուրներիցՙ Արման Եղիազարյանը մենագրության մեջ ոչ միայն ներկայացրել եւ վերլուծել է Աշոտ Գ Ողորմած թագավորի գործունեությունը, այլեւ խորությամբ բացահայտել Հայաստանի տվյալ ժամանակաշրջանի պատմությունը, որը նախկինում մանրամասնորեն ուսումնասիրված չէր: «Թատերական արվեստ» անվանակարգում մրցանակը հանձնվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանինՙ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության համար: Մրցութային հանձնաժողովի նախագահՙ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը շնորհավորեց ավագ գործընկերոջը եւ ընդգծեց, որ հրաշալի աշխատանք ու դերակատարումներ են: «Գիտեմ, թե ինչ դժվարությամբ Արմեն Էլբակյանն ստանձնեց բեմադրություն անելու պարտավորությունը եւ թե ինչ բարդ էր դա: Թեեւ մենքՙ թատերական աշխարհի ներկայացուցիչներս, տարակուսում էինք արդյունքի վերաբերյալ, սակայն այսօր արդեն պարծենում ենք այդ ներկայացմամբ»,-նշեց Հակոբ Ղազանչյանը: Արմեն Էլբակյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար եւ արվեստի ոլորտի անունից վստահեցրեցՙ առանց մշակույթի գնահատման եւ համակարգված աշխատանքի, դժվար կլինի եղածն էլ պահպանել: Այս տարի «Լրագրություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց երկու մասնակցիՙ Դիանա Մարկոսյանին ՙ «Հաջողության բանաձեւ» հաղորդաշարի համար (Ա-ԹԻՎԻ ՀԸ) եւ Հակոբ Ասատրյանին ՙ Եվրոպայի գաղթօջախների կյանքը լուսաբանող հրապարակումների համար («Օրեր» ամսագիր): Մրցութային հանձնաժողովի նախագահՙ Հայաստանի վաստակավոր լրագրող, պրոֆեսոր Հակոբ Ավետիքյանը բարձր գնահատեց Դիանա Մարկոսյանիՙ լրագրության ասպարեզում ունեցած երկարամյա փորձը եւ վստահեցրեցՙ «Հաջողության բանաձեւ»-ն հաղորդաշարերից է, որ արտաքին էֆեկտների կարիք չունի եւ կառուցված է ժանրի բոլոր չափանիշներին համապատասխան, մաքուր, դասական, խորքային, մնայուն: Անդարադառնալով Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանինՙ Ավետիքյանը նշեց, որ հրաշալի գործ է կատարում մրցանակակիրըՙ Սփյուռքի պայմաններում ստեղծելով լուրջ ու բազմաբովանդակ աշխատանք, ինչպես մրցանակ շահած հոդվածաշարը, որը նվիրված է Բուլղարիայի, Սլովենիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Շվեյցարիայի հայ գաղութներին: Ամսագրում տեղ են գտնում ինչպես նորաստեղծ հայկական գաղութների, այնպես էլ հին գաղութներում ապրող նշանավոր մարդկանց հետ հարցազրույցները, լուսաբանվում նրանց եւ հայրենիքի միջեւ կապը եւ այլ նյութեր: «Կերպարվեստ» անվանակարգում այս տարի «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանին ՙ «Էրեբունի-Երեւան-2800» ստեղծագործության համար: Հանձնաժողովի նախագահՙ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը «Վահան Թեքեյան» մրցանակակիր է: Խոստովանեցՙ այս անվանակարգում ընտրությունը կրկնակի բարդ էր, քանի որ կերպարվեստը մշակույթի բոլոր տեսակների մեջ ավելի ինքնատիպ է: Մրցանակակիր աշխատանքում մեկտեղված էր հայ կերպարվեստի բոլոր ճյուղերըՙ դաջվածքից մինչեւ գեղանկարչություն: «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում եւս մրցանակը շնորհվեց երկու մասնակցիՙ Արմեն Ենգոյանին ՙ «Գյուղական էսքիզներ» շարքի եւ Զավեն Խաչիկյանին ՙ «Անվերնագիր պատերազմ» շարքի համար: Մրցութային հանձնաժողովի նախագահ Սամվել Սեւադան եւս «Վահան Թեքեյան» մրցանակակիր է: Խոստովանում էՙ մեծ հպարտությամբ է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչման կողքին կրում հայ մեծ բանաստեղծի անունը կրող մրցանակը: Նա ափսոսանքով նկատեց, որ մի շարք տաղանդավոր ու շնորհալի լուսանկարիչներ չեն մասնակցել մրցույթին: Նշենք, որ համահայկական մրցանակաբաշխությունն անցկացվում է 1991 թվականից: Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակին են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լեւոն Թոքմաջյանը, երաժիշտներ Օհան Դուրյանը, Հովհ. Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներ Լեւոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության, արվեստի գործիչներ: Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբըՙ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ, մաեստրո Մարտին Վարդազարյանի մասնակցությամբ: |