ԱԶԱՏՈՒՀԻ, ՔՈՒՅՐ ԻՄ ՆԱԶԵԼԻ [*] ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ Գրում եմ մի այնպիսի պահի, որ հետո ինքս էլ եմ զարմանալու, թե ինչ պոռթկում էր, ինչ ցանկություն քեզ հետ խոսելու, քեզ հիշելու ու դիմելու: Խճողված օր է, եկող-գնացողը շատ, հեռախոսային զանգեր, բեյրության լեզվով ասածՙ թաշխալա... Իմ փնթի թղթերի մեջ մի տեղեկանք եմ փնտրում եւ, հանկարծ, Ազատուհու նամակը 2004-ին գրված: Կարդում եմ չգիտեմ արդեն որերորդ անգամ, հուզվում եմ արդեն որերորդ անգամ, պատասխանում եմ չգիտեմ արդեն որերորդ անգամ: Այս պահին թողնում եմ ամեն բան ու գրիչս առնումՙ ասելու, թե ապրում եմ մի հաճելի գլխապտույտ, կարծես թե բեյրության տապից շշմած, ֆալաֆիլների [1] հոտով օծված, Ռինգի [2] սահմանն անցնելու վախով տագնապած, Երեւանից սպասվող լուրերի հույսով եւ հազար ու մեկ այլ արաբական մաալեշներ, ըդդշներ ու ահլիներ լսելու զգացողությամբ... Հավանաբար, միայն դոկտ. Գասպարյանը [3] կարող է ասել, թե այս պահին իմ բիոշիմին (բիոքիմիա) ինչ վայրիվերումներ ունեցավ, որ ինձ կտրեց Երեւանից ու տարավ Բեյրութ, իսկ լուսամուտից լսվող «ժավելի՜ սպի՜րտ, ժավելի՜ սպի՜րտ» ճղճղան ձայնը ինձ, հրթիռից արագ, ետ բերեցՙ հիշեցնելով. «իջիր երկնային երազկոտ գահից»-ը, եւ ես իջա ու սկսեցի փնտրել Բեյրութ-երազը, Բեյրութ-կոշմարը, ու գտա. միջինը: Սիրելի Բեյրութը: Այստեղ «ձեռագիրն ընդհատվում է», գալիս է հաջորդ օրը, իսկ «ժավելի՜ սպի՜րտը...» չի ընդհատվում, շարունակվում է նաեւ այսօր, ինչպես կես դար եւ ավելի առաջ Երեւանի փողոցներում չէին ընդհատվում «մածո՜ւն, մածո՜ւն», «դանակ-մկրատ սրեմ», «Արամուսի գազար» կանչերը: Ի՜նչ լավ է, որ այսօրվա ապակյա ու բետոնե բարձրահարկերի ներկայության ժամանակ նույն կանչերը կան, հոգ չէ, թե մածունի եւ ստեպղինի փոխարենՙ ժավելի սպիրտ: Բարձրահարկերը հրաշալի են, գեղեցիկ, ժամանակակից, մաքուր, հպարտ, սակայն իմ կամարների ու նախշաքանդակ քիվերի կողքին իրենց հմայքը կորցնում են, էլ չասեմ, թե վանում են կամ վանվում են իմ տեսած, իմ կառուցած, իմ ապրած ու իմ սիրած շինություններից: Թավլի (նարդի) չեմ խաղում ու խաղացել, իսկ երբ Ամերիկան եկավ ու ինձ «պարտադրեց» գոլֆ խաղալ, ես սկսեցի թավլի խաղալ: Հիմա այս բետոն-ապակի շենքերը ինձ սիրահարեցրին մեր նախկին տաք ու պայծառ շինություններին, իմ քաղաքի ծանր ու խորհուրդ ունեցող շենքերին: Բանից պարզվում է, որ ֆիզիկայի օրենքները տարածվում են նաեւ հասարակական երեւույթների վրա, այս դեպքում «հարված հակահարված», Գառնիկի [4] խոսքով ասած, «ֆորմուլով» (կամ ֆորմուլի համաձայն): Բարեկամս, անցել են օրեր, գուցե եւ ամիսներ այս նամակս սկսելու պահից: Այն մի քանի անգամ ընդհատվել է, ապա շարունակվել եւ այսօր էլ, հավանաբար, կավարտվի, եթե ռմբահարումներ չլինեն ինչպես երեկ: Չես պատկերացնի, թե ինչ ցավ ապրեցի, երբ լսեցի Լիբանանի (ինձ ծանոթ), շարունակվող պատերազմական վիճակի մասին լուրը: Այս անգամ հեռվից (որն ավելի տագնապալի է լինում) վերապրեցի 20-25 տարի առաջվա զգացումները, որի սպեկտրում գերակայում է անզորությանդ փաստը: Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, ո՞ւմ դիմել... սա տանջող ու մաշող զգացողություն է, որն անցել եմ ողջ կյանքում, քանզի մեծ եղբայր կամ որեւէ հարազատ, որի վրա հույս դնեի, թե թիկունքիս է, չեմ ունեցել: Հայրս խաղաղ մարդ էր եւ եթե նույնիսկ ինձ պաշտպանելու տեղ էր գալիս, նա ինձ նեղացնողներին ասում էր. «Բալիկ ջան, այդպես չի կարելի, դա լավ չէ»... Փառք Աստծո, որ բախտ ունեցա սովետների զորությունը զգալ, հատկապես բեյրության տարիներին: Ես միշտ գտել եմ առանց կոնֆլիկտի ապրելու ճարը: Իսկ հիմա ի՞նչ անեմ, իմ օգնությունն է պետք, ես ինչպե՞ս զորակցեմ բարեկամներիս: Ի՞նչ ասեմ, որ Համրային [5] չկպչե՛ն, այնտեղ Սարգիս ունեմ, Հայկազ ունեմ, Արա ունեմ, այնտեղ «Կաֆե դե Պառի» ունեմ ու «Էմբսի» հյուրանոց ունեմ, որոնք կյանքիս «ժապավենի» մեջ են մտած: Էշրաֆիե թաղում մի ռումբ ընկավ, փառք Աստծո, պատրիարքարանից հեռու է, Միմիի [6] տանից հեռու է, դպրոցից հեռու է: Ապրում եմ լուրերով ու լուրերով: Օրեր առաջ խոսեցի Ժիրայր Դանիելյանի հետ եւ իմացա, որ մի խմբով հավաքված են Բարեգործականի կենտրոնում, ու երբ լսեցի ներկաների անունները, պնդում էի, թե հեռախոսը տուր, որ ամեն մեկին մի բան ասեմ: Ասեմ, որ ես կամ, ես Ձեր եղբայրն եմ, ես ձեզ սպասում եմ... Ամոթալի է, սակայն այս տողերը գրելիս հուզվեցի, արտասվեցի... մեծ եմ արդեն, քույր իմ, հավանաբար, հոգնած, սակայն այդ բոլորը չի խանգարում գրկել ձեզ բոլորիդ, իմ բարի ու սիրո զգացումները փոխանցել, կանչել ձեզ, սպասել ձեզ... (նույնիսկ Վարդեվառի [7] արաբ հարեւանուհուն): Սիրովՙ ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ Հ.Գ. - Վարդեվառի հարեւանուհու մասին ամենամանրամասն լուրեր կարող եք ստանալ պարոն Ժիրայր Դանիելյանից, որը նրան տեսնելու պահից «սեփականացրեց», խոսեց ու խոսեց, ժամանակ առ ժամանակ ականջին մեկուսի ինչ-որ բաներ փսփսալով: Ի՜նչ էր փսփսում... 24.08.2006թ. *) Անցելահուշ այս նամակն ուղղված է Ազատուհի Սիմոնյանինՙ հասարակագիտական առարկաների դասախոս Բեյրութի տարբեր համալսարաններում, հասարակական գործիչ: Կողակիցն է լիբանանահայ հայտնի բանաստեղծ Պեպո Սիմոնյանի: 1) Ֆալաֆել.- Լիբանանասիրիական ուտեստՙ արագ սննդի կետերում վաճառվող: 2) Ռինգ.- Այսպես էր կոչվում Բեյրութի արեւմտյան եւ արեւելյան շրջանները միմյանց կապող եւ քաղաքի կենտրոնի վերեւից «թռչող» երկար ավտոճանապարհը, որը լիբանանյան քաղաքացիական կռիվների ժամանակ գլխավոր թիրախն էր երկու կողմից կրակող սնայպերների համար: Կոչվել է նաեւ «Մահվան կամուրջ»: 3) Դոկտ. Գասպարյան.- Խոսքը նշանավոր բժիշկ Համբարձում Գասպարյանի մասին է: 4) Գառնիկ.- Խոսքը բանաստեղծ, հրապարակախոս եւ հասարակական գործիչ Գառնիկ Ադդարյանի մասին է: 5) Համրա.- Էլիտար թաղամաս Բեյրութի արեւմտյան մասում: 6) Միմի.- Տիկին Միմի Յոգաթյան. հասարակական գործիչ, երաժշտագետ: 7) Վարդեվառ.- Լիբանանահայ հայտնի գործարար, որոշ շրջան եղել է Բեյրութի Սին-էլ-Ֆիլի թաղամասի թաղապետ: |