ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԼԱՎ ՊԱՀԸ Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ Մայիսի 22-ին Լոս Անջելեսում վախճանվեց հայ արդի քնարերգության յուրահատուկ դեմքերից մեկըՙ Ալիսիա Կիրակոսյանը, 79 տարեկան հասակում: Ավարտել է իր ծննդավայր Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն շատ քիչ է աշխատել այդ մասնագիտությամբ: Շուրջ 10 տարի խաղացել է թատրոնում: Հայաստանում մեծ համբավ է ձեռք բերել նրա «Արմատ եւ էություն» իսպաներեն գրքի թարգմանությունը: Բանաստեղծությունների առաջին գիրքը եղել է 1966-ին լույս տեսած «Մեկ օրում հինգ ձայն» ժողովածուն: Հաջորդաբար հրատարակվել են «Հայաստանյան ապրումներ», «Բանաստեղծություններ», «Մայրության քերթվածներ», «Մոխիրներից հետո եւ նամակ առ Հայաստան», «Խորան I», «Խորան II», «Անդենական զրույցներ» գրքերը: 2005 թ.ին հրատարակվել է նրա «Ամբողջական երկերը»: Գրքերից երկուսը նկարազարդել է Փաբլո Պիկասոն:
Ալիսիա Կիրակոսյան մարդու եւ բանաստեղծի հայտնությունը հայ ընթերցողներիս համար տեղի ունեցավ 1967-ին, երբ Հայաստանի գրախանութներում ստացվեց եւ ակնթարթորեն սպառվեց բարալիկ այն գիրքը, որ «Արմատ եւ էություն» խորագիրն էր կրում: Այո, բանաստեղծուհու ստեղծագործությունների մի մասն ամփոփող բարալիկ, փոքրիկ ժողովածու էր այն` Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ, բայց բազում էին նրա բերած երանգները, զգացողությունները, թարմությունը: Հիրավի անսպասելի ու զարմանալի հայտնություն էր Ալիսիան: Իր կենսագրության մասին բանաստեղծուհին պատմում է շատ զգացմունքային ու տխուր հումորով. - Ծնված պետք է ըլլայի Վանում, բայց ծնած եմ Վանեն շատ ու շատ հեռուՙ Արգենտինայի Կորդոբա քաղաքը: Կամ, թերեւս բոլորովին ծնած պետք է չըլլայի, քանի որ իմ ծնվելու հավանականության տոկոսը շատ փոքր է եղած... Թուրք ասկյարը սուրը քաշել է հորս վրա, որ այդ ժամանակ տասը տարեկան է եղած, բայց նրանից քանի մը տարով մեծ հորաքույրս նրան թաքցրել է փեշերու տակ... Այդ թուրք ասկյարի սրով մեկընդմիշտ կրնար լուծված ըլլալ իմ չըլլալու հարցը: Իսկ քանի-քանի՜ այդպիսի մերկ սրերու ու ասկյարներու միջով է անցել իմ հայրը, հազարավոր այլ հայ հայրեր... Այդ սրերու, տառապանքներու, սահմաններու, օվկիանոսներու միջով, չեմ գիտեր ինչպես, հայրս հասած է հողագունդի մյուս կեսը: Նույն Վանեն, նույն ճամփաներով իմ ապագա մայրը եւս հասած է հողագունդի այդ նույն կեսը: Եւ այնտեղ, 1936 թվականին ծնած եմ ես: Առաջինը, ինչն այդպես գրավեց, հուզեց ու մտերմացրեց Ալիսիա Կիրակոսյանին եւ ընթերցողին, սիրո նրա չափազանց ինքնատիպ ըմբռնումն էր: Պարզ ու հստակ, բայց եւ ամբողջական ու ավարտուն, առաջին հայտնագործության պես նա ձեւակերպել է. Սերը գոյության հանճարն է միակ, Սիրո հակառակն ամենեւին էլ չսիրելը չէ, Մահն Է պարզապես... Սիրահարները Անմահությունն են վերանորոգում: Ինչ-որ նոր խորքեր, նոր չափումներ, նոր փիլիսոփայություն բերեց նա եւ կարողացավ ամենասովորական բառերով բացատրել ամենաէականն ու կարեւորը: Ահա թե ինչու «Արմատ եւ էություն» ժողովածուի հեղինակի մասին այն տարիներին հայրենիքում բազմաթիվ գրախոսություններ գրվեցին, ասվեցին ջերմ ու հիացական խոսքեր, նրա բանաստեղծությունները երգերի վերածվեցին, որովհետեւ մարդիկ պահանջ ունեցան ավելի հաճախ հաղորդակցվել այդ բանաստեղծություններին, քանի որ դրանք բոլորի սրտերում տեղ գտած թախծի, կարոտի, տագնապների մասին էին: Հայտնի խոսք կա, ասում ենՙ բանաստեղծին հասկանալու համար պետք է լինել նրա հայրենիքում: Այս դեպքում մենք կարող ենք փոքր-ինչ վերափոխել այդ ձեւակերպումը եւ ասելՙ իրեն հասկանալու համար բանաստեղծը պետք է անպայման լինի իր հայրենիքում: Նույնՙ 1967 թվականին, Ալիսիա Կիրակոսյանն առաջին անգամ այցելեց Հայաստան: Եւ նրա կյանքում կատարվեց ճակատագրական մի հեղաշրջում: Ես երկար ատեն կկարծեի, թե պատմությունս Արգենտինայի մեջ սկիզբ առած էր, եւ որ «հայ» մականունս աննշան մանրամասնություն է կյանքիս մեջ: Սակայն անձնական արմատիս որոնումը, սեփական ժառանգականության փնտրտուքները, դեպի բջջային ակունքները հասնելու եւ ինքնաճանաչումով սեփական «եսը» գտնելու ոդիսականը ես կատարեցի 1967-ին, երբ առաջին անգամ եկա Հայաստան: Հոգիս չարչարող հարցականներով նստեցա օդանավ, հասնելու համար հեռավոր ու անհասկնալի երկիրը: Պատահեցավ մեր հանդիպումը, եւ ես ակնթարթի մեջ հասկցա այն ամենը, ինչը խուսափած էր ինձմե կյանքիս ընթացքին...: Այո, Ալիսիա Կիրակոսյան բանաստեղծուհին ապրում էր, կար հեռավոր Արգենտինայում: Նա արդեն ճանաչված էր ոչ միայն Արգենտինայում, այլեւ նրա սահմաններից հեռու: Նրա մասին բազմաթիվ նշանավոր քննադատներ ու բանաստեղծներ ասել էին գնահատանքի խոսքեր: Իսկ աշխարհահռչակ ժակ Պրեւերը գրել էր. «Գիսավոր աստղ, արեւ, բանաստեղծության լավ պահ»: Իտալիայում լույս տեսած նրա բանաստեղծությունների «էություն եւ կետադրություն» ժողովածուն սեփական ցանկությամբ նկարազարդել էր Պիկասոն... Այո, նա բանաստեղծ էր, սակայն Հայաստան այցելելուց հետո դարձավ հայ բանաստեղծ: Անշուշտ, կարելի է ընդհանրապես բանաստեղծ լինել, առանց խիստ շեշտված ազգային պատկանելության, սակայն առանց այդ շեշտվածության, առանց արմատի եւ էության ինչ-որ մեծ ու կարեւոր բան պակաս կլինի բանաստեղծի ամբողջության մեջ, որովհետեւ ոչինչ չի կարող փոխարինել այն մեծ զգացումին, որ կարող է առաջացնել արյանդ հետ կապ ունեցող նախնիներիդ հողը, եւ ոչ մի ուրիշ հող, բացի հայրենիից, չի կարող զգայարաններդ ընդունակ դարձնել ընկալել ու աշխարհի բոլոր գույները, բոլոր բույրերը, բոլոր գաղտնիքները: Անժխտելի է, որ մի մեծ ու կարեւոր բան պակաս կլիներ նաեւ Ալիսիա Կիրակոսանի պոեզիայում, եթե պատահած չլիներ այդ հաղորդակցումը մարդու եւ հողի միջեւ, նրա պոեզիայում հաստատ շատ բան պակաս կլիներ, եթե նա գրած չլիներ «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը, որ խտացումն է նրա ե՛ւ սիրո, ե՛ւ կարոտների, ե՛ւ փիլիսոփայության, ե՛ւ մնացած բոլոր մեծ ու կարեւոր զգացումների. Երկի՛ր Հայաստան, Երբ ես ուզում եմ քո անունը տալ, Իմ մեջ զարթնում է մի թաքուն աղոթքՙ Ամենահինը, Երբ քեզ եմ երգում, Իմ մեջ շարժում է Սկսում բջիջն իմ ամենանոր... Հայրենի հողը դարձավ այն կենտրոնաձիգ ուժը, որն ի մի հավաքեց բանաստեղծուհու ստեղծագործական բոլոր թրթիռները. Քանզի այն ամենն, Ինչ որ պատմում է Մայր հողի մասին, Ամպի ու լեռան, Հացի ու փառքի, Արեւի լույսի, Երաժշտության, Բանաստեղծության, Արցունքի մասին, Անդունդի մասին, Սարսուռի մասին Ու քարի մասին, Ինձ քո մասին է պատմում շարունակ: Դա հայրենի հողին, ժողովրդին եւ աշխարհին ուղղված անզուսպ մի ճիչ էր, նաեւ ընդվզում, նաեւ տառապանք ու բողոք այս աշխարհի անդաշնության դեմ, եւ այսքանից հետոՙ հայրենիքի սիրո մասին ամբողջությամբ արտահայտվելու անկարողության ցավ. Բայց մի՞թե այդքան հեշտ է բացատրել Ամբողջությունը, Մի՞թե հավատը մեկնաբանել է, Թե ինչ է Աստված... Եւ ինչպե՞ս պատմել սարսուռի մասին, Հավատքի մասին, Եւ էությունը ինչպե՞ս մերկացնել Ցույց տարու համար Կերպարը սիրո: Հայրենիքի թեման, որ զգայական մեծ լիցք է պարունակում, եղել եւ մնում է բոլոր մեծ բանաստեղծների պոեզիայի գլխավոր թեմաներից մեկը, եւ, այնուամենայնիվ, Ալիսիա Կիրակոյանի ստեղծագործությամբ այն գեղարվեստական նոր կերպավորում ու մեկնաբանում ստացավ. Դու կնիք ես, Դրված Արտասուքի վրա, Սիրո վրա... Եւ քեզ վերապրելու Թրթռումի ուժից Գոյանում է ուժը վերապրումի: Սակայն որքան էլ մեկնաբանվեն իսկական բանաստեղծի ստեղծագործությունները, որքան էլ փորձ արվի բացել տողերի, բառերի միջեւ խտացված զգացումներն ու փիլիսոփայությունը, միեւնույն է, ամենաամբողջականն ու ճշմարիտը դարձյալ մնում են այդ ստեղծագործությունները, որովհետեւ բանաստեղծությունը հենց այն է, ինչը չես կարող պատմել, բացատրել, ինչը սովորական միջոցներով, սովորական ձեւի մեջ անսովորն ու զարմանալին է, որովհետեւ ներշնչումի պահը, որ բանաստեղծին մղում է գրել, անկրկնելի է: Եւ եթե Ալիսիա Կիրակոսյանը գրում է, որ Հայաստանը սիրում է «մի հեռու, ուրիշ համակարգության բոլոր գույներով», ապա ավելորդ է փորձել անուն գտնելու այդ գույների համար: Ընդհանրապես, Ալիսիա Կիրակոսյանի պոեզիային, լինի դա սիրային, հայրենասիրական, թե մայրական թեմաներով, հատուկ է տիեզերական կշռույթով բանաձեւելու հատկությունը, որ մտքի ու բանաստեղծական հարստության նոր որակ, նոր գեղեցկություններ է բացում ընթերցողների առջեւ: Բանաստեղծություններից մեկում, որ կոչվում է «Բուենոս-Այրես հսկա քաղաքում», բանաստեղծուհին խորհում է, կշռում, թե իրենից հետո ինչ կարող է ինքը թողնել մարդկանց ու աշխարհին. Օ՜, եթե կյանքում կարողանայի Կտակել ընտիր, Շատ ընտիր մի բան, Որն ուժ ունենար Ինձ անմահացնել, Բան, որ չի գնվում Ոչ մի շուկայում Բան, որ կարենար Ինձ արդարացնել... Չգիտեմ, որ թվականին է գրել Ալիսիա Կիրակոսյանն այս բանաստեղծությունը, բայց այսօր հաստատորեն կարելի է ասել, որ այն ամենը, ինչ նա կարողացել է անել իր բանաստեղծական արվեստի միջոցով, հենց այն ընտրագույնն է, որը չի գնվում ոչ մի շուկայում, որն իսկապես ունի ուժը ե՛ւ արդարացնելու, ե՛ւ անմահացնելու բանաստեղծուհուն... «Հայրենիքի ձայն», 10 ապրիլի 1985թ. |