ԲԱՐՁՐԱՑՈՂ ՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀԻՆ Շահեն ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Ազգային պատկերասրահում, երբ առաջին անգամ բացվեց Ստամբուլի ծնունդ, փարիզաբնակ նկարչուհի Ասիլվայի նկարահանդեսը, տպավորող դարձավ իր ստեղծագործական լեզվի ինքնատիպությունը, գունագծային լայնաշունչ, արդիականությամբ հնչող եւ ճարտարապետական դինամիկ կառուցվածքը: Նրա կոմպոզիցիաները լիովին ի հայտ են բերում նրբությամբ ու ազնվությամբ տոգորուն նրա ներաշխարհը: Արտիստուհու պատկերները արագ խորհրդակցում են դիտողի հետ ու ներշնչում հոգուն արձագանքող գեղանկարչական մթնոլորտ: Ասիլվայի ստեղծագործությունները բարձր են գնահատված Ֆրանսիայում, ցուցադրված են նաեւ տարբեր երկրներում եւ արժանացել են լայն ճանաչման: Նրան շնորհված մրցանակները իր տաղանդի արժանի գնահատականն են: Վերջերս, երբ նա մոտեցել էր 60-ամյակին, Փարիզում նշանակվել է 1992-ին հիմնադրված` «Արիան էսսօր» ընկերակցության նախագահ: Այդ ընկերակցության նպատակն է նկարիչների հետ ստեղծագործական աշխույժ փոխանակում, ինչպես նաեւ հասարակության, մասնավորապես երիտասարդների հետ ստեղծել ընդլայնված հաղորդակցություն: Կազմակերպվում են տարբեր երկրների նկարիչների մասնակցությամբ ցուցահանդեսներ, նաեւ դասախոսություններ, գիտաժողովներ, մշակությային արդի բանաձեւերի հաստատում... Նշված մտահղացումների իրականացումը առնչված է գեղանկարիչ Ասիլվայի խորամիտ գործունեությանը, գործունեությունՙ որ նա նշել է Հայաստանում, 2009-ին կազմակերպված տարբեր երկրների նկարիչների ցուցահանդեսի կատալոգի առաջաբանում: Ամեն տարի Դըվիլ քաղաքում (Բելգիայի սահմանի մոտ) կազմակերպվում են արդի արվեստի ցուցահանդեսներ: Այս տարի այնտեղ հանդես է եկել նաեւ Ասիլվան եւ ելույթ ունենալով խոսել հայկական արդիական ուշագրավ արվեստի մասին: Իսկ նրա կտավների մասին խոսել է քաղաքագետ Ժան-Կլոդ Բայերը, նշելով, որ Ասիլվայի արվեստը փիլիսոփայական է, խորամտությամբ գրավիչ: Նրա գործերը ճանապարհ են հաստատում ժամանակակից արվեստում եւ ինքն օգնող է ստեղծագործական ասպարեզի հետեւորդներին: Դըվիլի ներկա ցուցահանդեսին, որին մասնակցել են տարբեր ազգությունների 60 նկարիչներ, Ասիլվան ներկայացրել է իր նորաստեղծ շուրջ քսան գործեր եւ արժանացել «Ֆրանսիայի Հանրապետության պատվո մեդալի», ինչպես նաեւ ընտրվել CNFAP (Conseil national Francais des Arts plastiques)` ֆրանսիական ազգային պլաստիկ կերպարվեստի խորհրդի անդամ, ընտրվելով նաեւ նախագահի տեղակալ` տարբեր երկրներում կազմակերպելու նշանակալի ցուցահանդեսներ: Ասիլվայի գլխավորությամբ ցուցահանդեսներ կազմակերպելու արդեն չորս երկրներից հրավեր են ստացվել: Նրա կողմից մտահղացված է նաեւ Երեւան բերել ֆրանսիական նկարիչների գործեր, ինչպես նաեւ հայ տաղանդավոր արվեստագետներ հրավիրել մասնակցելու CNFAP-ի նախապատրաստվող նկարահանդեսներին: Նկար 2. Իկարոս, 1991 Նկար 3. Թռիչք-2009 |