ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Ներթափանցումներ Հոգեկցության` ոչ այդքան հաճախ հանդիպող երեւույթն է Թամարա Հովհաննիսյանին այսքան մերձեցրել արեւմտահայ քնարերգության ամենազգայուն բանաստեղծին եւ վերծանելու հնարավորություն տվել նրա տողի, բառի մեջ թաքնված չասված խորհրդին, որտեղ նա թափանցում է անմիջական ու անմիջնորդ, բանաստեղծի հոգու անպաշտպան ու խոցելի մերկությունը դարձնում սեփական ապրում: Բառի հանդեպ ակնածանքը` գեղարվեստական մարմնավորում առած բանաստեղծական ձեւի մեջ, իր ազդեցության մոգականությունը տեւական ժամանակ պահպանում է իբրեւ գեղագիտական ընկալում, իբրեւ վերապրումի հզոր զգացում, երբ իրեն կերտողի հոգեւոր անդրադարձումները ճառագում են այլոց հոգիներում գրեթե նույն խորությամբ ու հաճախականությամբ, ինչ իր մոտ: Հոգու բանաստեղծ է Վահան Թեքեյանը, նրա բանաստեղծական խոհը, զգացումը ես-ի ներսում ծնունդ առած ու աճած, հետագայում կյանքի փորձություններով հասունացած ու իմաստնացած, քնարական զեղում չէ միայն, դա ձեւավորված ներքին կենսագրություն է` վիճակ, կերպ, այսինքն` վերաբերմունք մարդու ու նրա ստեղծած աշխարհի հանդեպ: Ինչպես կատարելության ձգտող ամեն հոգի, առավել եւս բանաստեղծական հոգի, Թեքեյանը նույնպես նյութականությունից կոշտացած արտաքին իրականության մեջ դեմ է առել չհասկացված լինելու պատնեշին` ապրելով երկվության` ներսի ու դրսի անջրպետվածության դրաման, մնալով մենակ, սեփական հոգու մերկության մեջ մերկացնելով իրեն ու շրրապատող աշխարհը միաժամանակ: Կյանքի իդեալականության, ներդաշնակության երազը ներքին պայքարի ոլորտում կայանում կամ չի կայանում, որովհետեւ գործողության բեմը այնպես է կառուցված, որ մարդը մշտապես մնա հակասական բեւեռների միջտարածության մեջ: Գոյութենության դուալիստական կերպը այն դաժան փորձաքարն է, որից մաքուր դուրս գալու ամեն փորձ դատապարտված է համարվում, եթե ճանապարհը չի լուսավորում հավատքի ուժը.- եւ դա այդպես է. մարդու տառապանքը ծնունդ է առնում հակասականության բեռը ողջ կյանքում կրելու պարտադրվածության գիտակցումից: Ներքին երազի ու կյանքի անհամատեղելիության, դրանց միջեւ եղած անջրպետի անելանելությունից բանաստեղծների Բառը մարմին է առնում մերթ իբրեւ տրտունջք, մերթ իբրեւ ճիչ կամ բողոք, մերթ իբրեւ սպասում կամ հուսահատություն, Թեքեյանի պարագայում` իբրեւ խոհ ու մտածում, ոչ իբրեւ համակերպում, այլ հոգու ինքնազննում-ինքնաբացահայտում: Թեքեյան արվեստագետի, Թեքեյան մարդու հոգու ներքին շերտերի, ծալքերի հետ զրույց է սկսում Թամարա Հովհաննիսյանը` զգուշորեն ու խնամքով, որովհետեւ տեղյակ այդ շարժի գաղտնիքներին, գիտակից հոգեւոր շղթայի մեջ գործող օրենքներին` ինքնաճանաչողության ճանապարհի` սեփական փորձից ճաշակած ներսի ու դրսի` միմյանցից տարբեր «համերին», շատ նրբորեն ու մտերիմիկ է դիպչում բանաստեղծական հոգուն ու նրա ելեւէջումները զգում այնքան ինքնամերձ, որ քիչ է ասել` թե գրական ուսումնասիրող է զուտ, այլ` բանաստեղծի ոգու դեգերումների ուղեկից, հարազատ մի հոգընկեր: Նա թափանցում է Թեքեյանի բանաստեղծության հոգու մեջ, որի ավիշը սնվում է տիեզերքի հոգեւոր մարմինն ապրեցնող զգացումից – առեղծվածային երեւույթը սիրո, որ կյանքը տրոփի, զարկերակի վրա պահող եզակի ուժ է: Այդ գեղեցկությունից է ծնվում ամենօրյա լույսը, որից կյանքը իր շարունակությունն է առնում: Թեքեյանի ողջ քնարերգությունը` խոհական, սիրային, մարդերգություն, թե հայերգություն` տրտմած, հուսահատ, թե խոնարհ, հոգեւոր օրենքի, սիրո խորքում է ծաղկում, ինքնաբավարարում ստանում: Ահա թե ինչու Թ. Հովհաննիսյանը թեեւ «Վահան Թեքեյանի սիրերգությունը» խորագիրն է ընտրել իր ուսումնասիրության համար, սակայն ասելիքը տարածվում, ընդգրկում է նրա ստեղծագործությունն ամբողջությամբ: Որովհետեւ` «Ամէն աղուոր բանի խորը սէրն է, բանաստեղծութիւն-սէր: Բնութիւնը աղուոր է, բնութիւնը սիրով` բանաստեղծութեամբ եւ արուեստով ստեղծուած է: Բնութիւնը ստեղծող սէրը աստուածային սէր մըն է. Ուրեմն Աստուած կայ, բանաստեղծ, արուեստագէտ Աստուած մը» : Թամարա Հովհաննիսյանին հաջողվել է տեսնել Թեքեյանի ոչ միայն բանաստեղծական արվեստի գեղեցկությունները, նաեւ զգալ, հասկանալ նրա մարդկային էությունը, հոգու տառապանքի, մենակության պատճառները: Չնայած սիրո ուժի` նրա հավատամքին, մարդասիրությանը, կատարելության ու լույսի ձգտումին, վերջապես ազգային, հասարակական, կուսակցական գործունեության նրա ակտիվությանը, բանաստեղծական այս հոգին անմխիթար ու մենակ էր, կարոտ` կարեկից ձեռքի. «Երբեմն ալ հոգիս իր առանձնութիւնը կը զգայ հանկարծ. կարծես ճամփորդ մըն է որ երկար ու մտազբաղ քալելէ ետք` կը կենայ, շուրջը կը նայի եւ անապատային տարածութիւններու մէջտեղ ինքզինք մոլորած ու լքուած կը տեսնէ, անբացատրելի սարսափով մը: Հոգիս իմ մէջս կը մեռնի, իմ կեանքիս բեռին տակ կը կքի» : Սա գուցե ճակատագիրն է բոլոր նրանց, ովքեր իրենց հոգեկերտվածքով ի սկզբանե տարբեր, օտար են աշխարհի ընդունված կարգին ու տիրող բարքերին, եւ մենակ մնալով, սպասման անհուսությունից կեղեքված, վերադարձը սփոփանքի` սեփական հոգու մեկ-միակ ապաստանի մեջ են գտնում: «... Աշխարհի վրայ կայ Արդարութիւն մը որ բնականօրէն կը տրամադրէ Անարդարութեան մըն ալ գոյութիւնը, աշխարհէն անդին կայ միայն Սէր, բացարձակ Սէր, առանց յարկաբաժնի: Հասնելու համար Սիրոյ, պիտի անցնինք Անարդարութեան ճիրաններէն...» : Թամարա Հովհաննիսյանն այս ուսումնասիրությունը գրել է տարիներ առաջ, հրատարակել առանձին գրքով (ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.), Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում այն ներկայացվել է որպես ատենախոսություն, մասնագիտական գիտխորհուրդը հեղինակին շնորհել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Թեքեյանի սիրային քնարերգությունը չորս հանգրվանների է նա տարբաժանում` «Սիրո որոնումները պատանեկան անձկությունների արահետներում», «Բանաստեղծը, Ճակատագիրը եւ Սերը», «Ունայնություն ու տենչանք», «Տարիք եւ սեր»: Քայլ առ քայլ, առաջին փորձերից հետեւում է բանաստեղծական հոգու որոնումներին ու տարուբերումներին, ճակատագրի բերած քմայքներին, երազի ու իրականության բախումներին, մտքի, զգացումի հասունության ու փորձառության ընթացքի անխուսափելի ավարտի`ունայնության գաղափարի ընկալմանը. դրանց գեղարվեստական արտահայտությունների գնահատումը ընդհանրացնենք այս մեջբերմամբ. «Թեքեյանի խիստ` բայց եւ նուրբ ճաշակը, կշռույթի ու ներդաշնակության նրբանուրբ զգացողությունը, ասպետական զսպվածությունն ու տոհմիկ պարկեշտությունը նրա գրականության հիմնաքարերը եղան, որոնց հիմքի վրա բանաստեղծը կերտեց հռետորությունից հեռու ճոռոմաբանությունից ու ցուցադրական թովչանքներից զերծ ծանրակշիռ գործեր : ...Տարիների մեջ ինքն իր տեղն ու դերը կայունացնելով` նա երբեք ակնկալություններ չունեցավ մեծարանքների, մնաց ինքն իր հանդեպ խստապահանջ ու ինքնամփոփ ստեղծագործող: ...Իր ստեղծագործություններով Թեքեյանը դիպավ մեր արյան հարազատ բոլոր լարերին` ազգային ցավեր, եկեղեցի, աղոթք, սեր, երաժշտություն, կարոտ, բույն որոնելու երազանք, ճակատագիր, հույս, հուսահատություն, կորուստներ, որոնք նրա տաղանդի ու երեւակայության քուրաներով անցնելով` կազմեցին գեղեցիկ մի համաստեղություն» : Հեղինակային մեկնաբանությունների ու գնահատումների մեջ իշխում է ներանձնային, զգայական երբեմն գերզգայական վերաբերմունքը, սակայն այս գործի առանձնահատկությունը, կարելի է ասելՙ հմայքը անկեղծ ապրումի խոստովանությունն է հենց, որովհետեւ սա մի փորձ է, ինչպես ինքն է ասում, Թեքեյան մարդուն իր իսկ ստեղծագործությունների տողերից պեղելու` լինի բանաստեղծական թե արձակ խոսք, օրագրային գրառում, թե նամակագրություն, իսկ սա ենթադրում է զգայական շերտերի վերհանման գերակայություն: Հենց իր` բանաստեղծի այս ինքնաբնութագրումից կարելի է ներքին մարդու նրա դիմանկարը կարդալ. «... Այլ եթէ անտեսանելի ըլլայ այս տիեզերքը մեր պարզ աչքերուն, եթէ չըլլայ այս տիեզերքը մեզի համար` կը բաւէ որ կայ ու կը լսենք ու կը զգանք ներքին ձայն մը, որ կ"ըսէ թէ`«Այս բանը գէշ է, մի ըներ... Մարդիկ կան որ կը խեղդեն այս ձայնը իրենց սրտին մէջ, կամ կը գօսացնեն իրենց ականջն ու սիրտը այս ձայնին դէմ: Ես բնաւ չեմ խեղդած զայն եւ աստուածային արդարութեան եւ գթութեան առջեւ, եւ այս միայն իրաւունքս մնացած է» : Չնայած «ազգային մթնոլորտի անվերջանալի քաշքշուկներին ու ընկերային կյանքի խարդավանքներին» , գրում է հեղինակը, «Բնածին մի հավասարակշռությամբ իր գործունեության ղեկը նա երբեք չկորցրեց, որքան էլ անցավ հուսախաբությունների, դառնությունների, ֆիզիկական ու հոգեւոր ցավերի միջով, կարողացավ միշտ անաղարտ պահել իր մարդկային ու ստեղծագործական նկարագիրը: Թվացյալ մեղմության պատյանի մեջ` իր ողջ կյանքում նա ներքին ուժգին խռովքներով անցավ, զորեղ ալեբախումներով ծեծվեցին, ցաք ու ցրիվ եղան առողջությունն ու հոգին: Դարի ու ազգի ճակատագրով ապրող անհատականություն էր նա մշտազբաղ, ինքնամոռաց ու անհանգիստ» : «Ողջ կյանքի ընթացքում Թեքեյանը այն տխուր համոզումը ուներ, թե ինքը բնավ սիրված չէ ու իր անձկության ժամերին ամենակարող Աստծուց սեր էր միայն խնդրում, սեր` ուրիշ ոչինչ : Ինքը` համակ քնքշություն, խոնարհություն ու սեր, իր ողջ էությամբ աշխարհին ու մարդկանց, ազգին ու նրա մտահոգություններին անմնացորդ նվիրումով մատաղված ու հավիտենապես մենակ» ,- կարդում ենք գրքում: Աստծո արդարամտության ձեռքը սակայն իջնում է խոնարհների վրա: Վահան Թեքեյանը մենակ չմնաց, ժամանակը խոսեց բանաստեղծի ու նրա պոեզիայի օգտին, մոռացության ստվերը չդիպավ նրա անվանը, ընդհակառակը`տարիների ընթացքին այդ անունը պատվեց մեծարման ու սիրո դափնիներով, ունեցավ ու շարունակում է ունենալ հետեւորդների ստվար բանակ` Սփյուռքում եւ Հայաստանում: Ահավասիկ սիրո այս լիառատ խոստովանությունը` իբրեւ վկայություն ասվածի: Խմբ. կողմից. - Հեղինակը` Թամարա Հովհաննիսյանը ապրում է Հյուսիսային Կալիֆոռնիայում (ԱՄՆ), ամերիկյան կերպարվեստի եւ ցուցահանդեսների կազմակերպման գործի հարգված ու գնահատված ներկայացուցիչներից է, Ռոնալդ Ռեյգանի անվան ոսկե մեդալակիր, Ամերիկյան Կոնգրեսի Գործարար խորհրդի անդամ: Բանաստեղծական երկու ժողովածուների հեղինակ է` «Կինը» (2006) , «Լինելության համանվագ» (2013)` երկուսն էլ տպագրված Երեւանում, որոնց անդրադառնալու առիթ կունենանք առաջիկայում: |