RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 30-05-2014



ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-05-29 21:24:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2849, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀՐԱՆՏ ԱՐՄԵՆԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՍԽՐԱՆՔԸ

ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայագիտակ» հրատարակչությունը վերջերս լույս ընծայեց սփյուռքահայ նշանավոր պատմաբան Հրանտ Ք. Արմենի «Փառանձեմ թագուհի» ուսումնասիրությունը: Այն արեւելահայերենի է վերածել (բայց ինչո՞ւ.- «Ազգ») հրատարակչության տնօրեն, գրականագետ Ալբերտ Իսոյանը, պատմաբանի կյանքի եւ գործունեության հանգամանալի դիմանկարը գրել է Երեւանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթերցողին գրեթե անծանոթ է Հրանտ Ք. Արմենի անունը, ներկայացնում ենք Պ. Հովհաննիսյանի հեղինակած «Հրանտ Արմենի կյանքն ու սխրանքը» գրքի վերջաբանը:


Հրանտ Արմենը ծնվել է 1895 թ. հունվարի 1-ին պատմական Փոքր Հայքի Կեսարիա քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող վաճառաշահ Թալաս գյուղաքաղաքումՙ Գրիգոր եւ Արշալույս Քյություկյանների ավանդապահ ընտանիքում:

Թալասը ծննդավայրն է նաեւ ականավոր այլ հայորդիներիՙ նավթ արդյունաբերող, ազգային բարերար Գալուստ Գյուլպենկյանի, բանասեր-թարգմանիչ, բժշկապետ Հարություն Թիրաքյանի, գրող Առանձարի (Միսաք Գոյումճյան) եւ շատ ուրիշների:

Հրանտ Արմենի հայրը, որ կարող վաճառական էր, XX դարասկզբին առեւտրական գործերի բերումով տեղափոխվել է Այնթապ եւ այստեղ հիմնադրել ամբողջ նահանգում շատ հայտնի «Քյություկյան առեւտրատունը»: Գր. Քյություկյանը Այնթապում ծավալել է նաեւ հասարակական-ազգային ակտիվ գործունեություն, եղել արական Ադենական եւ իգական Հայկանուշյան վարժարանների հոգաբարձու, զբաղվել բարեգործությամբ:

Պատանի Հրանտը սովորել է Այնթապի կրթական լավագույն Ադենական երկրորդական վարժարանում, որը բարձր առաջադիմությամբ ավարտել է 1909 թվականին: Հոր մահից հետո, 1911 թ. տեղափոխվել է ԱՄՆՙ Դետրոյթ, ուր վաղուց հաստատվել էր ավագ եղբայրըՙ Կարապետ Քյություկյանը: Հետագայումՙ 1919 թ., նրան է միանում նաեւ կրտսեր քույրըՙ Մարքան: Հրանտը Դետրոյթում շարունակել է ուսումնառությունը, աշխատել եղբորը պատկանող ալրաղացում, որպես կրտսեր սպա ծառայել ԱՄՆ-ի զինված ուժերում, զբաղվել նկարչությամբ եւ երաժշտությամբ: Այդ տարիներին Հրանտ Արմենը ուժերը փորձել է նաեւ գեղարվեստական գրականության ասպարեզում: Մի քանի պատմվածքներ ու դրամա տպագրել Բոստոնի «Հայրենիք» եւ հավանաբար նաեւ այլ պարբերականներում:

1925 թ. դժբախտ պատահարի հետեւանքով զրկվել է աջ ձեռքից:

Սակայն աննկուն երիտասարդը չի կորցրել ոգու արիությունը եւ հաջողությամբ հանձնելով պահանջվող քննություններըՙ 1931 թ. ընդունվել է Դետրոյթի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որի չորսամյա դասընթացը բարձր առաջադիմությամբ ավարտել ժամկետից մեկ տարի շուտ եւ ստացել իրավունքի դոկտորի աստիճան: Ի պատիվ շրջանավարտների կազմակերպված հանդիսության ժամանակ, համալսարանի նախագահը Հրանտ Արմենին հրավիրել է բեմ եւ հանդիսավորությամբ հայտարարել. «Ահա եւս մեկ արժանավոր զավակը փոքր Հայաստանի»: Հրանտի ավարտական թեզի փայլուն պաշտպանությանը անդրադարձել են անգամ Դետրոյթի քաղաքային «The Detroit Times» եւ «The Detroit Free Press» օրաթերթերը, որոնք հատուկ սյունյակներ են նվիրել դրան:

Համալսարանն ավարտելուց հետո Հրանտ Արմենը երկար տարիներ զբաղվել է իրավաբանական գործունեությամբ եւ չափազանց նշանավոր դարձել այդ բնագավառում: Լինելով լայն հետաքրքրասիրությունների տեր անհատականությունՙ Հրանտ Արմենը իրավաբանական պրակտիկայից ազատ ժամերին զբաղվել է նաեւ պատմագիտությամբ, Դետրոյթում եւ ապա Լոս Անջելեսում ծավալել հասարակական-ազգային լայն գործունեություն, հաճախ հանդես եկել հայոց պատմությանը նվիրված դասախոսություններով, «Արմեն», «Հրանտ Ք.» ծածկանուններով աշխատակցել սփյուռքահայ հանդեսներին ու պարբերականներին [«Հայրենիք» (օրաթերթ), «Հայրենիք» (ամսագիր), «Սիոն» (ամսագիր), «Պայքար» (օրաթերթ), «Նոր օր» (օրաթերթ), «Բազմավէպ», «Armenian Review» եւ այլն]:

Հայոց պատմության նկատմամբ սերն ու հրապուրանքը դեռեւս վաղ տարիներից նրա մեջ ներարկել էր մայրըՙ Արշալույսը, որին երախտապարտ որդին, հետագայում ճանաչված իրավաբանն ու պատմաբանը, ձոնել է իր գիտական երախայրիքըՙ «Մեծն Տիգրան» մենագրությունը, հետեւյալ ընծայագրությամբՙ «Այս գիրքը կը նվիրեմ Մայրիկիս, որ փոքր տարիքիս ինձ սովրեցուց սիրել հայ ժողովրդի պատմությունը»: Իր էությունը, անհատականությունը նա հետեւյալ բառերի մեջ է խտացրելՙ «օրապահիկս օրենսգիտություն, հոգեպահիկսՙ հայոց պատմություն»: Սույն իրողությունը նկատի ունի նշանավոր գրող Լեւոն-Զավեն Սյուրմելյանը, երբ գրում է. «Պարոն Հրանտ Արմենը, որ փրոֆէշընըլ փաստաբան է, սակայն անչափ կը սիրե պատմությունը»:

Հրանտ Արմենին առանձնապես հետաքրքրել են հայոց բազամադարյան պատմության երեք պատմաշրջաններՙ Արտաշեսյաններ, Արշակունիներ եւ Վաղ մարզպանություն: Դեռեւս համալսարանական ուսումնառության շրջանում նրան չափազանց զբաղեցրել են Տիգրան Մեծի անձն ու ժամանակաշրջանի իրադարձությունները: Ցավով նկատել է, որ թեեւ միակողմանիորեն, այնուհանդերձ, հայոց մեծ արքային առավել անդրադարձներ կան եվրոպական պատմագրական երկասիրություններում, քան հայկական: Դա է պատճառը, որ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո նա սկսում է մանրամասնորեն քննել, ուսումնասիրել «Մերձավոր Արեւելքի քաղաքական թատերաբեմի փառապանծ վեհապետ» Տիգրան Մեծի պատմաշրջանին նվիրված սկզբնաղբյուրներն ու գրականությունը: Արդեն 1936 թվականին ավարտել էր աշխատանքները եւ ուսումնսիրության արդյունքներն ամփոփել:

Սակայն գիրքը լույս տեսավ միայն 1940 թվականին:

Այդ տարիներին ԱՄՆ-ի հայոց հոգեւոր թեմի առաջնորդ Գարեգին արքեպ. Հովսեփյանի ցանկությամբ ու հորդորով Հրանտ Արմենը սույն ուսումնասիրությունը թարգմանել է հայերեն, որը լույս տեսավ նախ «Հայրենիք» ամսագրում եւ ապա առանձին գրքովՙ նույն Գարեգին Հովսեփյանի (արդեն կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո) համառոտ առաջաբանով:

Տարօրինակ ու զարմանալի զուգադիպությամբ նույն 1940 թվականին ականավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը Բրյուսելում ավարտում է իր «Հայոց քննական պատմություն» բազմահատորյակիՙ Տիգրան Մեծին նվիրված ընդարձակ հատվածը, իսկ Երեւանում լույս է տեսնում նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Հ. Մանանդյանի հեղինակած «Տիգրան Բ եւ Հռոմը (նոր լուսաբանությամբ ըստ սկզբնաղբյուրների)» հիանալի մենագրությունը:

Ճիշտ է, սրանք զուգադիպություններ են, սակայն բնորոշ է երեք հեղինակների միանգամայն քննական ու ժխտողական վերաբերմունքը արեւմտյան շատ պատմաբանների մոտ նկատվող խեղաթյուրումներին եւ Տիգրան Մեծի իրական նկարագիրը ներկայացնելու գիտական ու ազնիվ ձգտումը: Գարեգին կաթողիկոս Հովսեփյանը նկատում է. «Հրանտ Արմեն ծանոթ չէ Մանանդյանի գործին. նոքա գրել են, գրեթե, միեւնույն ժամանակ եւ անկախ միմյանցից, բայց սկզբնական աղբյուրների նկատմամբ նույն կարծիքն ունեն, նրանց միակողմանի լինելու համար: Տարբեր են միայն նրանց պատմելու եղանակը եւ դեպքերի դասավորությունը»: Վերոնշվածը ապացույց է նաեւ Արմենի ամբարած պատմագիտական լուրջ ծանոթությունների, հարցերը պատմաքննական հետեւողական վերլուծության ենթարկելու կարողությունների, ինչու չէ, նաեւ ազգային-հայրենասիրական կերտվածքի: «Տիգրան Մեծ» մենագրությանը նվիրված բազմաթիվ հիացական գրախոսություններն ու գնահատականները դրա վառ ապացույց են: Ամերիկահայ հայտնի հասարակական գործիչ, խմբագիր Ջեյմս Մանտալյանն իր գրախոսականում շեշտել է. «Այս գիրքը պետք է իր պատվավոր տեղը գտնի յուրաքանչյուր հայ մարդու տանը: Գիրքը 2000 տարվա մշուշից ազատելով լույս աշխարհ է բերել հայ մեծապանծ արքային»:

Արտաշեսյան պատմաշրջանի պատմության հարցերն իրենց վերլուծությունը ստացան նաեւ պատմաբանի «Անկում Արտաշեսյան հարստության» հոդվածում եւ նույն խորագիրը կրող ծանրակշիռ մենագրությունում: Այստեղ հեղինակը ներկայացնում է Տիգրան II Մեծից հետո այն 55 տարիների պատմությունը, որով սպառվում էր Արտաշեսյանների հարստության քաղաքական պատմությունը (Ք.ա. 54-1 թթ.):

Արշակունիների պատմաշրջանի չափազանց ուշագրավ խնդիրներին են նվիրված Հրանտ Արմենի մի շարք հոդվածներ եւ երկու մենագրություն:

Պատմական ժամանակագրությամբ մենագրություններից առաջինը նվիրված է «Սյունյաց սեգ սարերու հայրենասեր դուստր, աղբյուր հպարտ եւ արդարացի ներշնչման, բոլոր հայուհիների հերոսուհի» Փառանձեմ թագուհու նկարագրին, այն եզակի հայուհի քաղաքական-պետական գործչի, որի կերպարը աղճատված էր հայ տղամարդ-պատմագիրների ու պատմաբանների գրչի ներքո: Առանձնակի պետք է շեշտել, որ հեղինակը գիրքը ձոնել է իր տիկնոջըՙ Շաքե Արմենին, Ուիլյամ Շեքսպիրից վերցված հետեւյալ տողերովՙ

The hand that made you fair

Has made you good:

Առավել ծավալուն եւ գիտական անսքող հետաքրքրություն է ներկայացնում նրա մյուսՙ «Պապ Արշակունի» մենագրությունը:

Պապ թագավորը հայոց պատմության ամենաառեղծվածային, ըստ արժանվույն չգնահատված պետական-քաղաքական գործիչներից է, որը ցավալիորեն «ավելի քան 1500 տարի հայ սերունդներու քամահրանքին ենթարկված»ՙ չարժանացավ գիտական անաչառ գնահատականի: Հայ պատմագիտական մտքի այդ նկատելի բացն է, որ Հրանտ Արմենը փորձում է լրացնել իր անաչառ քննությամբ:

Հայ նորագույն պատմագիտության բազում ներկայացուցիչներ են անդրադարձել Վարդանանց պատմության իրողությունների քննարկմանը (Ա. Գարագաշյան, Ղ. Ալիշան, Մ. Օրմանյան, Լեո, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան եւ ուրիշներ): Այդ իրադարձություններին տրվել են տարբեր գնահատականներ, հանգել միանգամայն հակադիր եզրակացությունների: Սակայն առկա հսկայածավալ գրականության մեջ առավել աղմկահարույց վերաբերմունք է դրսեւորվել Հրանտ Արմենի համապատասխան երկասիրությունների, մասնավորապես «Մարզպանը եւ Սպարապետը» մենագրության նկատմամբ: Այս գրքերում հեղինակի զարգացրած հիմնական տեսակետներն ըստ էության նորություններ չէին: Վասակ Մարզպանի դերի գնահատման վերարժեվորման համոզմունքով հանդես էին եկել ականավոր պատմաբաններ Անտոն Գարգաշյանը, Լեոն, Ն. Ադոնցը եւ ուրիշներ: Հրանտ Արմենը առավել հրապարակախոսական-գեղարվեստական, երբեմն էլ հուզումնալից է կատարել շատերի համար անցանկալի համեմատությունները եւ այն էլ Վարդանանց պատերազմի 1500-ամյակի տոնակատարությունների օրերին: Ընդդիմախոսները դա համարում էին սրբապղծությունՙ «թիկունքից հարված հայ ժողովրդին ու եկեղեցուն»: Տեղին չէ եւ կարիք էլ չկա անդրադառնալու այս մենագրության արժանիքներին ու վրիպումներին եւ վերլուծել դրան նվիրված շուրջ 20-ից ավելի բացասական գրախոսականները, միայն անդրադառնանք սակավադեպ դրական արձագանքներից երկուսին:

Ամերիկահայ ճանաչված բանասեր Հ.Քյուրտյանը հորդորում է. «Բոլոր անոնք, որ կարդալ գիտեն, պետք է ունենան այս հատորեն, սակայն պետք է կարդան: Եթե չեն կարդար, շատ բան կը կորսնցնեն»: Իսկ հայտնի լրագրող, իրավաբան Ջ. Մանտալյանը «Մարզպանը եւ Սպարապետը» համարում է «Գիտական լուրջ եւ սպառիչ ուսումնասիրություն մը»: Թեեւ ուշացումով, բացասական անդրադարձներ եղան նաեւ հայրենական պարբերականներում:

Հրանտ Արմենը չափազանց լրջորեն հրապուրվել է նաեւ հայ հին պատմական գրականության հետազոտությամբ: Նրան մասնավորապես հետաքրքրել են ինչպես պատմագրության, որպես պատմական գիտության պատմություն, հարցերը, այնպես էլ առանձին պատմագիրների (Փավստոս Բուզանդ, Եղիշե, Ղեւոնդ Վարդապետ եւ ուրիշներ) աշխարհայացքն ու գաղափարաբանությունը վեր հանող մանրամասները: Արմենը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Պատմահայր Մովսես Խորենացու անձին ու գործին: Նա խորապես համոզված էր, որ մենք «այսօր հայ ենք շնորհիվ Մովսես Խորենացիի, որն իր գործով հայ ազգի ինքնագիտակցությունը հավերժացուց»: Հայ պատմական անցյալի այս նշանավոր դեմքին է նա նվիրել երկու մենագրություն ու բազմաթիվ հոդվածներ:

Պատմահոր խնդրին նվիրված իր ուսումնասիրություններից մեկի ավարտին Արմենը գոհունակությամբ շեշտել է. «Այսպիսով, մանրակրկիտ այս շինարար քննութենե անցած Պատմահայրը վերստին պիտի գրավե մեր սրտերուն մեջ հայրենասեր հանճարի իր տաքուկ անկյունը»: Գրական քննադատությունը եւս չզլացավ գնահատել կատարված շնորհակալ աշխատանքըՙ այդ «Փոքր, բայց սեղմ եւ հյութեղ պարունակությամբ» գրքերը համարելով կարեւոր քայլ խորենացիագիտության բնագավառում:

Խորենացիագիտական իր աշխատանքները նա ամփոփել է «Moses of Khoren. The historian of Ancient Armenia» մենագրությունում, որ, տարաբախտաբար, մնացել է անտիպ:

Իրավաբանական կրթությունը, փաստաբանական մասնագիտական զբաղմունքը, ոչ վաղ անցյալում հարազատ ժողովրդի ապրած մեծագույն ողբերգությունը չէին կարող իրենց ազդեցությունը թողած չլինել նրա գիտական-հետազոտական աշխատանքների վրա:

Երկար տարիներ շարունակ նա ԱՄՆ-ի ամենատարբեր գրադարաններում եւ արխիվային հաստատություններում նյութեր է հավաքել երիտթուրքերի ոճրագործ քաղաքականության հետեւանքով իրականացված Հայոց մեծ եղեռնի վերաբերյալ, որոնք ամփոփել է «The plotters of the first genocide. The history of the Rise and Fall of Young Turks» («Առաջին ցեղասպանության կազմակերպիչները. Երիտթուրքերի վերելքի եւ անկման պատմությունը») մենագրությունում (անտիպ):

Ցավոք սրտի, այս աշխատանքը մնացել է անավարտ: Հրանտ Արմենի գրչին է պատկանում նաեւ խոհական-փիլիսոփայական բնույթի «Արմենիզմ» խորագիրը կրող մի անտիպ աշխատություն:

1970 թ. Հրանտ Արմենը կաթվածի հետեւանքով գամվում է անկողնուն: Երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո նա վախճանվում է 1973 թ. սկզբներին, Լոս Անջելեսում:

***

Հիրավի, պատկառազդու ժառանգություն: Թվարկվածը, անշուշտ, ընդհանուր գծերով միայն կարող է պատկերացում տալ Հրանտ Արմենի այն թանգ լումայի մասին, որ նա դրեց հայ պատմագիտության գանձանակը: Եվ այդ ամենը ֆիզիկական ու բարոյական վիթխարի ջանքերի գնով: Նա խոսքի անզուգական վարպետ էր, գրիչըՙ անկրկնելի, նրա բոլոր ուսումնասիրությունները շարադրված են կենդանի ու պատկերավոր լեզվով, վարակիչ հուզականությամբ: Հայ պատմաբաններից նրա իդեալը Աշոտ Հովհաննիսյանն էր, որին «հարգանքով ու հիացմունքով» ձոնել էր իր գրքերից մեկը: Անկասկած, Փառանձեմ թագուհուն նվիրված գրքի վերահրատարակությունը կնպաստի հայրենակարոտ պատմաբանի ժառանգության բոլորանվեր ուսումնասիրությանը եւ ընթերցողը հարգանքով ու հիացումով կօրհնի նրա անբասիր հիշատակը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ