ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԱՔ ՕԴԸ, ՀԱՅԵՐԻ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ, ԳԵՂԵՑԻԿ ԱՉՔԵՐՆ ՈՒ ՀՈՒՄՈՐԸ ՄԵԶ ՈԳԵՎՈՐԵԼ ԵՆ» ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Օրերս Yans ակումբում առիթ ունեցանք վայելելու երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի գեղեցիկ կատարումները: Երգչուհին Հայաստանում է համերգային շրջագայություններով, եւ համերգներ տվեց Գյումրիում` «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակներում, ինչպես նաեւ Ստեփանակերտում: Իսկ այսօր, հուլիսի 4-ին, համերգային կատարումներով հանդես կգա Երեւանում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Yans ակումբում տեղի ունեցած համերգի ժամանակ Տաթեւիկ Հովհաննիսյանը կատարեց ամերիկյան, բրազիլական ջազային ստեղծագործություններ, ինչպես նաեւ Կոմիտասի, Սայաթ-Նովայի եւ ժողովրդական երգերի իր ջազային մշակումները: Համերգի ընթացքում հնչեցին նաեւ երկու նոր կատարում` հատուկ հայ հանդիսականի համար: Ի դեպ, հիանալի երեկոն բաց չթողեց նաեւ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: Երգչուհին շփվելով հանդիսատեսի հետ ասաց, որ մի քանի օրվա ընթացքում տարբեր հանդիպումներ ու հարցազրույցներ է ունեցել եւ իրեն ջերմության մեջ է զգում, ավելին` բացարձակապես փոխվել է տրամադրությունը. «Երեւանյան տաք օդը, հայերի ջերմությունը, գեղեցիկ աչքերն ու հումորը մեզ ոգեւորել են եւ օգնում են լավ պատրաստվելու ելույթներին»: Համերգին երգչուհուն նվագակցում էին Նյու Յորքից ժամանած երաժիշտներ` դաշնակահար Ռոբերտ Դոնալդ Ալբանեսը, կոնտրաբասահար Ջո Ֆիցջերալդը եւ ստեղնաշարային գործիքներ նվագող Դեյվիդ Միդը: Տաթեւիկ Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ նվագակցող այդ երաժիշտներին միշտ ներկայացնում է հայկական ժողովրդական մեղեդիները եւ ծանոթացնում հայ արվեստին, մասնավորապես երաժշտությանը: Երգելով Սայաթ-Նովայի «Ուստի կուգաս, ղարիբ բլբուլ» երգը, Տաթեւիկը նշեց. «Քանի որ վերնագիրը նրանց համար շատ դժվար է արտասանել, երգն ուղղակի անվանեցինք «Ուստի»: Համերգի ավարտին հիացած երգչուհու կատարումներովՙ Տաթեւիկին մոտեցավ տիկին Ռիտա Սարգսյանը եւ նվիրեց գեղեցիկ ծաղիկներ: |