ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆԻ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ» Լեւոն ՄՈՒԹԱՖՅԱՆ Կյանքի ութերորդ տասնամյակի սեմին Նորայր Ադալյանը շարունակում է զարմացնել եւ հիացնել իր գրական ահռելի աշխատասիրությամբ, բեղմնավորությամբ: Անցած տարեվերջին նա ընթերցողին հանձնեց իր նոր գիրքըՙ երեք նոր պիեսով եւ 1990-ականների սկզբներին լույս տեսած «Դավայաթաղ» վեպով, որն ազգային արդի գրականության ամենաինքնատիպ իրողություններից մեկն է: Իսկ ահա 2014 թվականն էլ նշանավոր գրողը արժեւորեց իր նոր գրքովՙ «Ազատության ստրկությունը» խոսուն վերնագրով, որը, ի տարբերություն գրողի բազմաթիվ այլ գրքերի, գեղարվեստական ստեղծագործությունների հավաքանի չէ, այլ հոդվածների ու ելույթների ժողովածուՙ կազմված գրականագիտական, մշակութաբանական եւ հրապարակագրական դիտումներից եւ մտածումներից, ուշագրավ թափանցումներից: Առաջին անգամ չէ, որ Նորայր Ադալյանը հոդվածների ժողովածու է հրատարակում, սակայն նոր գիրքն էականորեն տարբերվում է նախորդներից, քանզի այստեղ տեղ գտած մի շարք հոդվածներ իրենց թեմատիկ միասնականությամբ եւ ընդհանրությամբ ամբողջական աշխատություններ են, որոնք կարող էին նաեւ առանձին գիրք դառնալ: Գրականագետ Նորայր Ադալյանի գիտական հետաքրքրությունների առանցքում հիմնականում XX դարի հայ գրականությունն է, նորագույն շրջանի մեր այն անհատականությունները, որոնք բանաստեղծության եւ արձակի տարածքում ճշմարիտ նորարարներ եղան, որոնք գրականություն բերեցին գեղարվեստական փորձարարության շունչըՙ հասնելով ֆաբուլայի եւ ձեւի վերակառուցման, ավանդականի ու նորարարականի ինքնահատուկ ներհյուսման: Նորայրը, ինքն էլ լինելով նորարար, իր հավատարմությունն է հայտնում մեծերին, նրանց միջոցով քննարկում եւ հետազոտում ինչպես գրականության, այնպես էլ պատմաշրջանին վերաբերող հարցեր ու խնդիրներ, անհատների ճակատագրերի միջոցով համադրում-հետազոտում անհատ-արվեստագետ-ժամանակ առնչությունները: Սա Նորայր Ադալյանի համար ուրույն հայեցադրույթ է դառնում, հետազոտման մեթոդաբանություն: Հենց այս մեթոդաբանության առկայությամբ էլ ուշագրավ է դառնում Եղիշե Չարենցին նվիրված հոդվածաշարը, որը ստացել է «Եղիշե Չարենցՙ Շղթայված Պրոմեթեոսը» վերտառությունը: Խոսուն խորագիրն արդեն հուշում է այն թափանցումների եւ սեւեռումների մասին, որոնք առկա են այստեղ: Մեր գրականագիտության մեջ չարենցագիտությունն ահռելի տարածքներ է նվաճել, դարձել ամենահիմնավորներից մեկըՙ շնորհիվ Սուրեն Աղաբաբյանի, Հրանտ Թամրազյանի, Դավիթ Գասպարյանի, Հենրիկ Էդոյանի, Գառնիկ Անանյանի, այլոց: Նորայր Ադալյանը չարենցյանի սեփական ընկալումներն ու դիտումներն է ներկայացնումՙ առավելապես ընդգծելով Ժամանակի ու Բանաստեղծի հակասությունները, այն պայքարը, որը ծավալվել էր նրանց միջեւ: Այս հոդվածաշարում առանցքային է դառնում «Խոսք Եղիշե Չարենցի մասին. ժամանակը, ստեղծագործությունը, դասերն ու խորհուրդները» հոդված-ելույթը, որն ընթերցվել է Բեյրութում, Չարենցի ծննդյան 115-ամյակին նվիրված հոբելյանական հանդեսում: Սա գրողի դիմանկարի ստեղծման ամբողջական ու հավաք իրողությունն է, որում, իբրեւ ենթահիմք, անընդհատ ներկա է մեծ բանաստեղծի ողբերգական ճակատագիրը, որն անցավ տարբեր ժամանակների միջովՙ ազգային ողբերգությունն ուրույնաբար արտացոլելով նրա կենսագրության մեջ, նրան դարձնելով ժամանակի երջանիկն ու զոհը: Նորայր Ադալյանը խորաթափանցությամբ արժեւորում է Չարենցի հեղափոխականությունը, գնահատում նրա ստեղծագործություններըՙ այսպես նաեւ մոտենալով իր հոդված-ելույթի գերխնդրին. Որքան նվիրված էր նոր պատմական իրականությանն ու գաղափարաբանությանը Չարենցը, այնքան մեծ եղավ նրա հիասթափությունը, այնքան նույն իրականությունը դաժան գտնվեց նրա հանդեպՙ պատժելով հավատի ու անսահման տաղանդի համար: Բանաստեղծը կամենում էր ամեն տեղ լինել, ամենուրեք փնտրել մեր գոյության առեղծվածը, գտնել գոյաբանության մեր գլխավոր հարցի պատասխանը, ինչը չպետք է ընդունելի լիներ ժամանակի գրաքննիչների ու «առաջնորդների» համար: «Եղիշե Չարենցը բացեց ոչ մեկ դուռ եւ մտավ պատմության, ազգային ու սոցիալական կյանքի, ժողովրդի ճակատագրի, ժողովրդի կենսափիլիսոփայության, անհատի ու հասարակության, հայրենիքի երեկվա, ներկայի ու գալիք օրվա, աշխարհակործան ու աշխարհաստեղծ շարժումների եւ շատ ու տարբեր երեւույթների մեջ, փորձելով պարզել ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում, ո՞րն է մեր էթնոգենեզի տեղը, դարն ու նշանակությունը մարդկության հոգու աշխարհագրության տարածքում: ... Չարենցը ուղիղ եւ միագիծ չէր, այլՙ զիգզագ ու բազմագիծ, անսանձելի ալեկոծության նման ե՛ւ քնարական բանաստեղծություններում, ե՛ւ էպիկական պոեմներում ու բալլադներում: Նրա ստեղծագործությունն արտացոլեց մարդու, հասարակության ու ժողովրդի մտահուզական գրեթե բոլոր վիճակները: Նրա գրականությունն անպարագիծ կյանքի ու ժամանակի յուրահատուկ հանրագիտարան է. մենք բոլորս այնտեղ ենք մեր ճակատագրով ու հուզմունքներով, ոչ ոք բացակա չէ, այնտեղ մինչեւ իսկ ներկա են նրանք, որոնք նոր պետք է ծնվեն եւ կոչվեն հայ ու հայ ժողովուրդ, հայոց հայրենիք» - գրում է Նորայր Ադալյանը: «Ազատության ստրկությունը» գրքում մի առանձին բաժնում Նորայր Ադալյանը ներկայացնում է գրական ավարտուն դիմանկարներՙ դրանք համեստաբար փորձեր կոչելով: Այստեղ գրականագետն անդրադարձ է կատարել Րաֆֆուն, Հովհաննես Թումանյանին, Վահան Թոթովենցին, Լեռ Կամսարին, ապա խորացել Գուրգեն Մահարու աշխարհի մեջ, նորովի մեկնաբանել եւ բացահայտել այս ինքնատիպ բանաստեղծին ու արձակագրին, որը մեր գրականության ասպետներից եւ ամենաինքնատիպ անհատականություններից եղավ, փոքր-ինչ չարենցյան «շարմով» եւ արտիստականությամբ: Րաֆֆուն նվիրված հոդված-ելույթի առանցքում «Սամվել» վեպի ադալյանական ընկալումներն են, նեոռոմանտիզմի ազգային գրականության անկյունքարային արժեքներից մեկի հանդեպ խորքային վերաբերմունքով, գնահատման նոր կշռույթով: Գրականագիտության մեջ Ադալյանը պահպանողական չէ, սակայն դեմ է չհիմնավորված հեղափոխականությանը, հանուն կեղծ ինքնատիպությանՙ ջարդարարությանը: Եվ «Սամվելի» հարցում նա անչափ օբյեկտիվ է, ստեղծագործությունը դիտում եւ քննարկում է Րաֆֆու կողմից ընդունելի դարձած մեթոդաբանության եւ գեղագիտական ծավալների մեջ, առավելապես կարեւորում գաղափարային այն հենքերը, որոնք էլ արդարացնում են հայ պատմավիպասանության ամենավիճելի ստեղծագործություններից մեկի ծնունդը: «Հայոց պատմության մեծ ճանապարհորդ» է կոչել Րաֆֆուն Նորայր Ադալյանը, ու սա չափազանց դիպուկ գնահատական է, քանզի պատմության մեջ ճամփորդելը, ըստ Ադալյանի, Րաֆֆու համար միջոց էր գնահատելու իր ժամանակն ու այն հայրենապաշտությունը, որը նրա համար ստեղծագործական խթան էր, գուցեեւՙ արյան բաղադրություն: «Նա պատմականացնում է կենդանի իրականությունը, նրա յուրաքանչյուր փաստ դարձնում պատմություն, նախ եւ առաջՙ հայրենյաց սիրո մեջ թաթախված զգացմունքն ու մտածողությունը: Եվ այս պատմականությունը, որ տարածվում է նրա հայացքին արժանացած յուրաքանչյուր նյութի վրաՙ լինի հնօրյա թե արդիական, նրա գեղարվեստական աշխարհի ամենակարեւոր յուրահատկությունն է» , - գրում է Ադալյանը: Սա պատմականության հանդեպ Րաֆֆու տածած հետաքրքրության ամբողջական բացատրությունն էՙ անսակարկելի եւ ճիշտ, քանզի «Րաֆֆու գեղարվեստական ծրագիրը ազգային է եւ համամարդկային միաժամանակ, ինչպես բոլոր մեծերի դեպքումՙ ազգայինից շարժվում է դեպի ճշմարտության համամարդկային եզերքը, եւ սա ամեն անգամ պետք է պարտավորեցնի մեզՙ նորովի կարդալու նրան»: Եթե Վահան Թոթովենցի կյանքն ու ստեղծագործությունը Նորայր Ադալյանի գիտական հետաքրքրությունների առանցքն են կազմելՙ առիթ տալով նրան գրելու դոկտորական ատենախոսություն, հետեւաբար սույն գրքում ներկայացված հոդվածը մաս է կազմում Թոթովենցի ադալյանական որոնումներին եւ հաստատումների, ապա միանգամայն նոր հայացք է հառված Լեռ Կամսարի գրականությանը: Վստահորեն կարող ենք ասել, որ ադալյանական դիտումները, որոնք ծնունդ են առել Կամսարի «Մազապուրծ օրագրի» առթիվ, կարող են դիտվել որպես ուշագրավ հանձնարարական երգիծաբանի գրականության ընկալման եւ արժեւորման ճանապարհին: Նորայր Ադալյանը հաճախ է անդրադառնում գրականության ու արվեստի հարցերինՙ հատկապես արվեստաբանության մեջ ներդնելով ինքնատեսակ դիտումներ եւ գնահատումներ, հաճախ արտածելով կերպարվեստում եւ թատրոնում այնպիսի ներքնաշերտեր, որոնք հատուկ են միայն ու միայն խորագիտակ արվեստաբանին, թատերագետին, կերպարվեստագետին: Սույն գրքում, իբրեւ «Կերպարվեստ եւ թատրոն» բաժնի առանցքային նյութ, ներկայանում է «Իմ եղբայր Ռուբեն Ադալյանը» արվեստաբանական էսսեն, որը մեր ժամանակի մեծագույն նկարիչներից մեկի դիմանկարի ադալյանական ընկալումն է, նկարչի բարդ ու ինքնատիպ, ազգային կերպարվեստում մոդեռնիստական ձգտումներ հաստատելուն միտված ջանքերի ուրույն գնահատությունը: Այս ծավալուն էսսեում ճշմարիտ գեղարվեստական դիտումին զուգադրվել է արենակցականությունից բխող հույզը, որը, սակայն բնավ էլ սուբյեկտիվություն չի մտցնում դիտարկումների եւ գնահատումների մեջ: Ռուբեն Ադալյանը ներդաշնակության կորստի ու ողբերգության ցավն է բերում իր կերպարվեստի միջոցովՙ անվերջորեն ձգտելով դեպի գեղեցիկի ու սլացքի միթոլոգիական-աբստրահարված պատկերումը: Նորայր Ադալյանը գեղագետի հմտությամբ է ընկալել իր ավագ եղբոր արվեստի առանձնահատկությունները եւ ստեղծել է նկարչի մասին գրված ամենաամբողջական ու հիմնարար ուսումնասիրությունը: Իբրեւ սույն էսսեի յուրատեսակ շարունակությունՙ կարող ենք դիտարկել «Մոդեռնիզմի հարցի շուրջ» ոչ ծավալուն հոդվածը, որը գրողի ու գրականագետի դիրքորոշումն է մոդեռնիզմի մասին, նրա ճշմարիտ խոսքն ու գնահատականը: Աբսուրդի եւ մոդեռնիզմի հարցերն օտար չեն Նորայր Ադալյանին, որովհետեւ նրա գրականության մեջ այս երկու ուղղությունը հանդես են գալիս որպես գեղարվեստական-գեղագիտական հայտածումներ, մեթոդներ եւ սկզբունքներ: Հետեւաբար, բնավ էլ արտառոց չէ, որ գրողն անդրադառնում է նաեւ աբսուրդինՙ այս ժողովածուում ներկայացնելով «Կիկոսի աբսուրդ մահը» ինքնատիպ ու հետաքրքրական հոդվածը, որն այս ուղղության ու ազգային գրականության մերձեցման ուսումնասիրման ուշագրավ հայտ է: XX դարավերջի եւ XXI դարասկզբի մեր շեքսպիրագիտությունը խիստ կաղում է, բացառիկ են շեքսպիրյան բեմադրությունների խորքային վերլուծությունները, ազգային թատերական քննադատության մեջ տիրապետող է դարձել սիրողականությունը: Մինչդեռ Նորայր Ադալյանը, ստանձնելով թատերական քննադատի պարտականությունը, թատերախոսական է գրել Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգության բեմադրության մասինՙ յուրովի ընդլայնելով պատկերացումները շեքսպիրյան այս ստեղծագործության ընկալումների մասին: Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ստեղծված բեմադրությունը շեքսպիրյան ավանդույթների վերանայման հրաշալի օրինակ է, ինչն էլ արժեւորվել է Ադալյանի կողմից եւ նրան տարել դեպի շեքսպիրյան գրականության միանգամայն նոր դիտումներըՙ այդ մեծ գրականությունը դիտարկելով եւ գնահատելով փիլիսոփայական այն ուղղությունների շրջանակներում, որոնք մեր ժամանակներում դարձան տիրապետող եւ առաջնային: Ներկայացվող գրքում ծավալուն է գրողի հրապարակագրությունը, այս բաժնում տեղ են գտել մոտ երկու տասնյակ հոդված, որոնք տպագրվել են տարբեր թերթերում եւ հանդեսներումՙ այսպես արտահայտելով մտավորականի ու քաղաքացու անթեք կեցվածքը, նրա տագնապներն ու անհանգստությունները: Իսկապես առանձին քննարկման նյութ է Նորայր Ադալյանի հրապարակագրությունը, որին մինչեւ այժմ խորքային հայացք չի հառվել: Իր հրապարակախոսության մեջ Նորայր Ադալյանը ժանրի տիրույթները ոչ թե խախտում, այլ վերանայում է, մղվում է դեպի ժանրի նորացումըՙ հրապարակագրական խոհին ու մտորմանը զուգակցելով նաեւ վերլուծությունն ու մեկնաբանությունը: «Գլոբալիզացիա», «Յո՞ երթաս», «Հոգեւոր Հայաստան» եւ մի շարք այլ հոդվածներ կարող են ճանաչվել արդի հայ հրապարակագրության բարձրագույն արժեքները, քանզի դրանցում Ադալյանը հիմնարար խոսակցություններ է ծավալել, խոսել մեր բարձրագույն արժեքների մասին, շոշափել այնպիսի ազգային հարցեր ու խնդիրներ, որոնք հրատապ են ու կենսունակ: Նորայր Ադալյանի «Ազատության ստրկությունը» գիրքը հանգրվանային արժեք է, նշանավոր գրողի մտածումների եւ լայնախոհ թափանցումների նոր առհավատչյան, որը կարող է ձեռք բերել նաեւ դասագրքային նշանակություն: |