ՆՈՐ ՌՈՔ ՕՊԵՐԱ` «ԵՍ ԵՎ ՆԱ» Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Օրերս տեղի ունեցավ Նար-Դոսի «Ես եւ նա» պատմվածի հիման վրա բեմադրված ռոք օպերայի պրեմիերան: «Ազգի» հետ զրույցում «Էպսիդոն» թատերախմբի ղեկավար, «Ես եւ Նա» ռոք օպերայի սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր Արմեն Սարգսյանը նշեց, որ նախագիծն իրականացվել է ONEArmenia կազմակերպության հետ համատեղ. «Այս նախաձեռնության հիմքում կանգնած «ONEArmenia» կազմակերպությունը ցանկանում էր դասական ստեղծագործությունը ներկայացվեր ժամանակակից մոտեցմամբ եւ կարեւոր չէր, թե ի՞նչ ոլորտ կլիներ` կինո, թատրոն, թե՞ ճարտարապետություն: Մենք մեր հայտը ներկայացրեցինք: Ի դեպ, նախնական եղել էր 50 հայտ, որոնցից ընտրվեց 25-ը, ապա` 6 նախագիծ: Հենց այդ 6 նախագծերի միջեւ տեղի ունեցավ ինտերնետային քվեարկություն, եւ հաղթող ճանաճվեց «Ես եւ Նա» ռոք օպերան: Արդյունքում նախագիծը ֆինանսավորվեց 10 000 ԱՄՆ դոլարի չափով»: «Հուսանք, որ հենց այս օպերայի օրինակից հայ հանդիսատեսն այսուհետ կտարբերակի ռոք համերգը ռոք օպերայից», ավելացրեց Ա. Սարգսյանը: Շատերը չէին պատկերացնում, թե ինչ է ռոք օպերան, ու չգիտեին, որ օպերային արվեստից այն ոչնչով չի տարբերվում: Երգիչները չեն երգում այնպես, ինչպես ռոք համերգներում: Շատ բարդ էր այն հանգամանքը, որ կան միջազգային մի քանի ռոք օպերաներ` ֆիլմային տարբերակով, եւ մարդիկ ակնկալում են նման բան, սակայն ռոք օպերաների տարբեր տեսակներ կան: Մենք ռոք օպերան համեմել ենք դասականի հետ` ինչպես ձայնային, այնպես էլ երաժշտական տեսանկյունից»: Սցենարի հեղինակն ասաց, որ փորձել է չշեղվել գրական հիմքից. «Նար-Դոսի ստեղծագործության մեջ Նա-ի աշխարհում գործողությունները ճիշտ են զարգանում, իսկ Ես-ի մասը ավելի պատմողական է: Փորձեցի Ես-ի տողատակերը բացել, եւ հիմա ունենք երկու աշխարհ` Ես-ի եւ Նա-ի, հետեւաբար ունենք առաջին եւ երկրորդ գործողություններ: Արդյունքում, աշխատանքային գործընթացում ծնվեց մի մարդ, որին անվանում չենք տվել, մենք ասում ենք Մարդ, սակայն հանդիսատեսը հարցնում էՙ ո՞վ է նա` «Ես»-ը, կամ հնարավոր է, Նար-Դո՞սը: Նա Մարդ է, որ այս երկու աշխարհների առանցքն է տանում: Բայց մենք չենք թելադրում հանդիսատեսին, այլ թողնում ենք իր մտքի թռիչքին»: Անդրադառնալով դերասանների ընտրությանը, Ա. Սարգսյանն ասաց, որ ի սկզբանե նախատեսված էր ներկայացման մեջ ներառել «Էպսիդոն» թատերական խմբի դերասաններին, ինչպես նաեւ ուրիշների: «Սակայն աշխատանքային պրոցեսն ինքը թելադրեց քայլերը եւ նախագծի ծավալը մեծացավ, քանի որ սկզբում չէինք մտածում, որ նման մեծամաշտաբ կլինի: Արդյունքում «Էպսիդոն» թատերական խմբից ներկայացման մեջ խաղացի միայն ես: Խնդիրը ոչ թե ձայնային-տեխնիկական էր, այլեւ այնպես ստացվեց, որ մեր ռեժիսորներից Արթուր Մակարյանը մեկնեց Սորբոնի համալսարան ուսանելու, Օֆելյա Բեգոյանը մեկնեց Մոսկվա` սովորելու, Լիանա Ավետիսյանը նույնպես»: Անդրադառնալով ստեղծագործական գործընթացին, Ա. Սարգսյանը նշեց, որ Արթուր Միտինյանը միանալով իրենց` նախագծի համար գրեց երաժշտություն. «Արթուրի գալով ռոք օպերայի հետ կապված պահանջները փոխվեցին, քանի որ նա ցանկանում էր, որ դերակատարները երաժշտական հիմք ունենան, նոտա կարդալ կարողանան եւ ունենան ռոքային հոգի: Այս սինթեզը դժվար էր անել, քանի որ դասական հիմքից անցումը ռոքիՙ դժվար էր, եւ արդյունքում մեր կողքին մնացին միայն նրանք, որոնք չվախեցան էքսպերիմենտներից: Եղան դերակատարներ, որ երրորդ փորձից հետո էլ չեկան, զգացին որ իրենցը չէ»: Մոտակա ներկայացումը, ըստ Արմեն Սարգսյանի, Պատանի հանդիսատեսի թատրոնում չի լինի նախկինի պես, քանի որ ռոք օպերայի համար իրենց հարկավոր էր ավելի մեծ տարածք` պարերի, շարժվելու համար: Հաջորդ ներկայացումը կլինի ավելի մեծ բեմահարթակով թատրոնում, իսկ ե՞րբ եւ որտե՞ղ, դեռ հայտնի չէ: «Հիմնական դժգոհությունը` հանդիսատեսի կողմից տեխնիկական խնդիրների հետ էր կապված, որը փաստում եմ նաեւ ես: Այո՛, չկարողացանք շատ լավ տեխնիկա գտնել, որ մաքուր հնչողություն ապահովեինք: Սակայն հիմնական արձագանքները դրական են, հնչեցին նաեւ դիտողություններ, որոնց մի մասի հետ համամիտ ենք»,- ասաց Ա. Սարգսյանը: Ինչպես նշեցինքՙ կոմպոզիտորը Արթուր Միտինյանն է, խոսքերըՙ Արա Շիպակցյանի, վոկալի մասնագետ` Ռոմելա Գրիգորյան, խորեոգրաֆՙ Քրիստինե Հովակիմյան, զգեստների նկարիչ` Արփենիկ Մուրադյան, Վիոլեթ դե Մանե, բեմանկարիչ` Անտոն Քեշիշյան, ռեժիսորի օգնական` Երվանդ Սարգսյան, սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր` Արմեն Սարգսյան: Դերերում` Ես` Վիգեն Ահարոնյան, Նա (Անտոնիո)` Արմեն Սարգսյան, Ջուլիետաՙ Սիլվա Պետրոսյան, Ես-ի ընկերուհի` Լուիզա Կարապետյան, Ջուլիետայի մայր` Լիլիթ Ստեփանյան, Ջուլիետայի ընկերուհի` Նվարդ Հովակիմյան, Ես-ի ընկեր` Հովհաննես Ալեքսանյան, Գեւորգ Սիրեկանյան, թերթավաճառներ` Մոնիկա Մարգարյան, Հովհաննես Ղազարյան: |