ԹԱԼԱԼՅԱՆՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ԵՎ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ Հունիսի 25-ին Կամերային երաժշտության տանը կայացած Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների 5-րդ փառատոնի հերթական համերգը նվիրված էր կոմպոզիտորներ Արմեն Սմբատյանի` 60-ամյա, Տիգրան Մանսուրյանի` 75-ամյա եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյա հոբելյաններին: Բնականաբար, համերգի ծրագիրը կազմված էր երկու հոբելյարների գործերից: Առաջին բաժնում հնչեցին Արմեն Սմբատյանի «Վարիացիաները դաշնամուրի համար», նաեւՙ Տիգրան Մանսուրյանի «Օրորը» Ջուլիետտա Վարդանյանի կատարմամբ, ինչպես նաեւ Մանսուրյանի «Ode to Lotus»-ը ալտի համար (հայաստանյան պրեմիերա) Յանա Դարյանի կատարմամբ եւ Սմբատյանի «Չակոնա եւ Ֆուգա» ստեղծագործությունը դաշնամուրային տրիոյի համար` Ջուլիետտա Վարդանյան, Կարեն Շահգալդյան (ջութակ) եւ փառատոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյան (թավջութակ): Համերգի ընդմիջմանը խնդրեցի Դանիել Երաժշտին պատմել իր տպավորությունների մասին. - Առաջին բառը, որ կասեմ` հետաքրքիր էր. այն տեսակետից, թե կոմպոզիտորի ներաշխարհում ինչ է կատարվում: Արմեն Սմբատյանի Տրիոյի առաջին մասն ինձ ավելի շատ թվաց, այսպես ասեմ` ողբերգական-մտախոհական, իսկ երկրորդ մասում այդ մոտիվը ալիքաձեւ զարգացում է ապրում, հետո նորից վերադառնում դեպի ավելի հանդարտ, խոհական ընթացք... - ...Ինձ թվաց, թե լսեցի «Կռունկ»-ի մեղեդին... - ...Այո՛, իրավացի էք, «Կռունկ» կար, նաեւ` յուրօրինակ մի հոգոց` մեր շարականների ոգով... Իսկ Տիգրան Մանսուրյանի «Օրոր»-ը շատ եթերային էր, գեղեցիկ, ներքնոլոր... - ... Սմբատյանի «Վարիացիաներում», կարծես, նշմարվեց` ոճային տեսակետից` մեծն Առնո Բաբաջանյանի ձեռագիրը... - ...Իհարկե՛, այստեղ նկատելի էր նույն մեթոդը` Շյոնբերգի «Նոր վիեննական դպրոցի» արգասիքը, որ փայլուն կերպով` հայերից առաջինը` կիրառել է Առնո Բաբաջանյանը, եւ ուրախալի է, որ հայազգի մի այլ կոմպոզիտոր` Արմեն Սմբատյանը շարունակել եւ զարգացրել է այն... Կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Միքայել Կոկժաեվի խոսքերով, մեծանուն Մանսուրյանի ամեն մի նոր գործ հիացնում է բոլորիս` դրան վաղուց արդեն սովորել ենք: Պրոֆեսոր Կոկժաեվի վկայությամբ, ցավոք, ինքը նախկինում ծանոթ չի եղել Սմբատյանի «Տրիոյին», եւ այն հաճելի անակնկալ դարձավ իր համար: «Մի լավ «դրայվ» կար դրանում, շատ լավ եւ հասուն գործ է»: Ընդգծելով այն, որ, լինելով դեսպան, հասարակական գործիչ, կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր Արմեն Սմբատյանը ժամանակ է գտնում ստեղծագործելու համար, նա շարունակեց. «Ընդհանրապես, դա հիանալի երաժշտական ընտանիք է. հայ երաժշտական մանկավարժության պատրիարք Տատյանա Բագրատի Հայրապետյան, որդին` Արմեն Սմբատյան, եւ, վերջապես, թոռը` Սերգեյ Սմբատյան, ով ընդամենը 19 տարեկանում հիմնադրեց Երիտասարդական նվագախումբը, որը` սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ` շատ լավ է աշխատում...»: Համերգի երկրորդ մասում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Արամ Թալալյանի ղեկավարությամբ կատարեց Արմեն Սմբատյանի «Մագաղաթ»-ը` լարայինների համար եւ Տիգրան Մանսուրյանի N 1 Ֆանտազիան լարայինների եւ դաշնամուրի համար: ...Ո՞վ պիտի մեկնաբաներ «Մագաղաթ» ստեղծագործությունը, եթե ոչ ` կրկին անգամ` «Շարական» համույթի հիմնադիր Դանիել Երաժիշտը. «Հաճախ չէ, երբ ստեղծագործության անվանումը համապատասխանում է բովանդակությանը, սակայն սա հենց այդ դեպքն է. հեղինակը կիրառել է, մասնավորապես, գործիքավորման մեջ, միջնադարյան, հնաբույր երանգներ, նկատելի է ստատիկ եւ դինամիկ վիճակների, այսինքն` անցյալի եւ ներկայի հաջողված համադրություն: Բասերի պիցցիկատոն նման էր մի քայլերթի` դարերի միջով...» «Իսկապես զգացված եմ, շատ շնորհակալ եմ Արամ Թալալյանին, մենակատարներին, Երիտասարդական նվագախմբին այս հիանալի երեկոյի համար», ասաց Մաեստրո Տիգրան Մանսուրյանը : Ցավոք, մյուս հոբելյարը` Արմեն Սմբատյանը չկարողացավ ներկա լինել իր իսկ հեղինակային համերգին` շտապ արտերկիր մեկնելու պատճառով, եւ իր շնորհավորագիրը հանձնվեց Արմեն Սմբատյանի որդուն` Սերգեյ Սմբատյանին: Հյուրերի մեջ նկատեցի Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մշտական պատվավոր հյուր Կորնելիա Մուխին: Տկն Մուխը , մասնավորապես, ասաց. «Սա շատ լավ փորձառություն է ինձ համար ծանոթանալու, մեծն Արամ Խաչատրյանից բացի, հայ կոմպոզիտորներին` այս անգամ` ժամանակակից: Տիգրան Մանսուրյանին լավ ենք ճանաչում արտերկրում... Շատ հետաքրքրական անակնկալ էին Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները, իսկապես... Դուք` հայերդ, հիանալի մշակույթ ունեք...»: |