«ՓԹԻԹ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 10-ՐԴ ՀԱՄԱՐԸ Սելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Ինչու են նահանջում ազնիվ նպատակները Բեյրութում երեք տարի առաջ Վերժին եւ Կարո Աբրահամյանների նախաձեռնությամբ սկիզբ դրվեց «Փթիթ» մանկապատանեկան հանդեսի հրատարակությանը: Շնորհիվ էնտուզիազմի եւ նվիրվածության, հիմնադիրները կարողացել են ներկայիս տպագիր մամուլի դժվարությունները հաղթահարելով` ապահովել հրատարակման հնարավորինս կանոնավոր պարբերականությունը: Եւ ոչ միայն. ցայսօր լույս տեսած հանդեսի բոլոր 10 համարները պահպանել եւ կատարելագործել են տպագրական եւ բովանդակային բարձր չափանիշները` աշխատված, կազմված, խմբագրված են միեւնույն նախանձախնդիր վերաբերմունքով, սիրով եւ ուշադրությամբ: Մանուկների, պատանիների ժամանակակից հետաքրքրությունների բազմազանությունն ու առաջադիմությունը, հատկապես էլեկտրոնային խաղային ինդուստրիայի բերած գրավչությունը նկատի առնելով` մանկապատանեկան տպագիր պարբերաթերթերից առավել ջանքեր են պահանջվում այսօր, եթե ոչ մրցակցելու, ապա գոնե իրենց արտադրանքը հետաքրքրական դարձնելու համար: Դժվար խնդիր. պետք է ասել սակայն`«Փթիթ»-ին հաջողվել է իրականացնել դա: Գունային վառ, ճաշակավոր կոնտրաստային լուծումները, գեղարվեստական տպավորիչ ձեւավորումը, բարձրորակ տպագրությունը, եւ իհարկե ամենից կարեւորը` ուշագրավ բովանդակությունը, այն է` երեխաների մտածողության զարգացմանն ուղղված խաղի ձեւով մշակված լեզվական-քերականական, թվաբանական, տրամաբանական վարժություններ, բառախաղեր, խաչբառեր, մտքի ճկունության լաբիրինթոսներ, հանելուկներ, հումորներ, եւ իհարկե ընթերցանության տեքստեր` հիմքում դաստիարակչական, ոչ բարոյախրատական- վանողական բնույթի, այլ հորդորներ` կյանքի զանազան իրավիճակներում ավելի ճկուն, ավելի խելացի վարքագծի մշակման նպատակով, այս ամենը պարբերաթերթը դարձրել են ճանաչված եւ սիրված ոչ միայն սփյուռքում, այլեւ Հայաստանում: Օգտակար է առողջապահություն բաժինը` երեխաների մոտ ավելի տարածված հիվանդությունների մասին եւ դրանք կանխարգելելու մատչելի խորհուրդներով: Ուշարժան է նաեւ յուրաքանչյուր համարի խմբագրականի հատուկ ուղղվածությունը, եւ վերջապես, հայտնի բան է սփյուռքահայ իրականության մեջ մատաղ սերնդի ազգանպաստ, հայապահպան դաստիարակության նշանակությունը նրանց ողջ կյանքի համար, ինչին անկասկած իր նպաստն է բերում մանկապատանեկան այս պարբերականը: «Փթիթի» վերջին` 10-րդ հոբելյանական համարը «Ազգ»-ի խմբագրատունը ստացավ օրերս` նախորդների պես հարուստ եւ գրավիչ բովանդակությամբ ու ձեւավորումով: Խմբագրականից տեղեկանում ենք, որ չնայած խմբագիրների տքնաջան աշխատանքին, հայկական մի քանի վարժարանների մասնակի կամ ամբողջական քաջալերանքին, որոշ ազգային գործիչների եւ հարազատների նյութական նպաստին, հնարավոր չի եղել ապահովել թերթի կանոնավոր հրատարակումը: Այս համարը լույս է տեսել Մեծ պահքի սկզբներին, մինչ այդ սփյուռքահայ մամուլը հոդվածներով ահազանգել է պարբերաթերթը դադարեցնելու մասին, որի պատճառները ժամանակին որքան բնորոշ, նույնքան անընդունելի են, մանավանդ այսպիսի օգտակար հրատարակությունների պարագայում, երբ կա նվիրում եւ անկեղծ հոգածություն: Սկզբնական այսպիսի որոշման խմբագրակազմին մղել է, ինչպես գրված է` «Արեւմտահայերէնի փրկութեան յանձնախումբերու կրաւորականութիւնը, ինչպէս նաեւ մեր երեք տարուան դառն փորձառութիւնը կարգ մը վարժարաններու պատասխանատուներուն հետ, որոնք իրենց աշակերտներուն կը պարտադրեն օտար լեզուով պարբերաթերթեր, իսկ «Փթիթ»ը կա՛մ զանազան պատրուակներով կը մերժեն քաջալերել եւ կամ միայն փափաքող աշակերտներուն կը տրամադրեն»: Տեղի տված ժամանակավոր հուսահատության նահանջից հետո որոշվել է պարբերաթերթի հրատարակությունը շարունակել տարեկան մեկ, առավելագույնը երկու համարով: Հաջորդ համարը ամենայն հավանականությամբ կհրատարակվի առաջիկա նոյեմբերին: Տխուր իրականություն: Հատկապես այսպիսի պարագաներում է, որ ի հայտ են գալիս բարեսիրական հաստատությունների իրական նպատակներն ու առաքելությունը, երբ սատարել է անհրաժեշտ անհավակնոտ, անշահախնդիր, ազգաշահ նման ծրագրեր, եւ ինչի ակնկալիքը, անշուշտ նաեւ իրավունքը ունի սփյուռքի այս բովանդակալից ու գեղեցիկ պարբերաթերթը: Խմբ. կողմից. - Կոչ ենք անում սփյուռքահայ կրթական եւ բարեգործական կազմակերպություններին անհապաղ օգնության փութալու «Փթիթին» եւ վերականգնելու նրա պարբերականությունը: Նման ձեռնարկները հազվագյուտ են սփյուռքում (եւ ոչ միայն սփյուռքում), իսկ Վերժին եւ Կարո Աբրահամյանները միայն անձնական սուղ միջոցներով են իրականացնում այն, առանց շահադիտական նպատակների: Մեր կոչը առաջին հերթին ուղղված է Գալուստ Կյուլպենկյան Հիմնարկությանը, որի հնգամյա ծրագիրը մեկնարկեց այս տարիՙ վտանգված արեւմտահայերենի փրկության գործը իրավացիորեն հայտարարելով իր գլխավոր խնդիրը: Ահա՛ այդ խնդրի գլխավոր բաղկացուցիչներից մեկըՙ մանկապատանեկան մամուլի պաշտպանություն եւ զարգացում: |