«ՍՈՑՌԵԱԼԻԶՄԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ. ԱՆՑՅԱԼ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» Հայաստանի Թեքեյան մշակութային միության եւ Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կայացավ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի եւ ՀՀ Նկարիչների միության պատվավոր անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» խորագրով պատկերագրքի շնորհանդեսը: Միջոցառման սկզբում ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը գիտության եւ մանկավարժության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար Ռուբեն Միրզախանյանին եւ Հրավարդ Հակոբյանին պարգեւատրեց ԱԺ «Պատվո մեդալ»-ով: Գրքի լույսընծայման համար շնորհավորական խոսքեր ասացին կրթության եւ գիտության, արվեստի ոլորտի ներկայացուցիչներՙ ընդգծելով, որ պատկերագիրքը լավագույն նվեր է ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ արվեստի բուհերի համար: ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը կարեւորեց գրքի հրատարակումըՙ նշելով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախության խանդավառ մթնոլորտում ժխտվեց խորհրդային տարիներին ստեղծված ամեն ինչ եւ մինչ օրս այդ տարիների մշակույթի, հասարակական գիտությունների եւ կյանքի շատ երեւույթներ խորապես ուսումնասիրված չեն. «Վստահեցնում եմՙ այդ տարիների գործերը ստեղծվում էին այնպիսի գեղագիտական վարպետությամբ եւ պրոֆեսիոնալիզմով, որ չի կարելի անտեսել. դա արժեքավոր, սակայն մինչ օրս խորությամբ չուսումնասիրված եւ ըստ արժանվույն չուսումնասիրված շրջան է»: ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը գիրքը համարեց պատմական, ճանաչողական եւ գիտական մեծ արժեք ունեցող ձեռնարկ: Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը շնորհավորելով հեղինակներին, ընդգծեց. «Սա լավ նվեր է նաեւ կերպարվեստի բուհերի ուսանողներինՙ ծանոթանալու մի ամբողջ դարաշրջանի արվեստի պատմությանը. ժամանակաշրջան, որում ապրող մեծերը ստեղծագործում էին փորձելով փառաբանել ժամանակը, սակայնՙ հիանալի վարպետությամբ»: Պատկերագրքի շնորհանդեսին ներկա Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը նկատեց. «Ժամանակներն անհետանում են, եթե չեն արտացոլվում արվեստի մեջ. այս իմաստով պատկերագիրքը մեր պատմությունն ու կենսագրությունն է»: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը վստահեցրեցՙ գրքի շնորհիվ հնարավոր է կապել պատմության էջերը եւ գնահատել այդ շրջափուլի ժառանգությունը: «Դա հետաքրքրական պատմափուլ էր, որ արվեստի համար ծնեց այլընտրանքներ»: ԵՊՀ ռեկտորն էլ հավելեցՙ սոցիալիստական շրջանի Հայաստանը ներկայացնելը պարտք է, քանի որ երիտասարդ սերունդը թյուր պատկերացում ունի այդ ժամանակահատվածի մասին: Պրոֆ. Արամ Սիմոնյանը պատկերագիրքը համարեց կոթողային աշխատանք: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանն էլ իր շնորհավորանքի խոսքում նկատեցՙ բոլորը զգուշորեն են ներկայացնում սոցիալիստական ռեալիզմը եւ հորդորեցՙ ամբողջությամբ սեւով չներկել այդ ժամանակաշրջանը. «Սոցիալիզմի դարաշրջանը անցյալ է, սակայն իրականություն: Քար նետելով սոցիալիզմի դարաշրջանինՙ ազգասեր չեք լինի. պարզապես պետք է խուսափել շովինիզմից եւ լինել ազգային. անցյալն ապրում է հենց մշակույթի մեջ»,- նշեց Սրբազանը ու հորդորեց ուղիղ հայացքով վերաբերվել պատմությանը, վերհանել ուսանելին եւ ստեղծել կենդանի հաղորդակցությունՙ ժամանակաշրջանը հասկանալու համար: Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց պատկերագրքի ստեղծմանը մասնակցած մարդկանց, հովանավորներին, եւ տեղեկացրեց, որ գրքի վաճառքից ստացված հասույթը օգտագործվելու է բացառապես բարեգործական նպատակներով: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց այդ դարաշրջանը բնութագրող տեսաֆիլմ, ինչպես նաեւ կատարումներով հանդես եկավ Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբըՙ Երվանդ Երզնկյանի նվագավարությամբ, երգչուհիներ Աննա Մայիլյանն ու Մաշա Մնջոյանը, երգիչ Նարեկ Մակարյանը: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատգամավորներ, արվեստի բուհերի ռեկտորներ, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ: Նկար 1. Սեդրակ Առաքելյան. Բամբակի հավաքը», 1929թ. Նկար 2. Հակոբ Գյուրջյան. «Վահան Տերյան», 1919-20թթ. Նկար 3. Սեդրակ Ռաշմաճյան. «Բանվորի դիմանկար» |