RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 27-06-2014



Տեղադրվել է` 2014-06-26 22:35:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1624, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՎԵՐԸՆԹԱՑԻ ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Սաթենիկ ՄԵԼԻՔՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու

Արվեստասեր հասարակայնության գնահատականին է հանձնվում օրերս հրատարակված «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» ծավալուն աշխատությունը: Պատկերագիրքը հեղինակել են` մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը եւ գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը:

Ժողովածուն գիտական հետազոտությունների եւ երկարատեւ ու բովանդակալից աշխատանքի արգասիք է, որն ընդգրկում է հայ կերպարվեստի XX-դարի 70 տարիների անցած փոթորկուն ճանապարհը:

Այս մեծածավալ աշխատանքը (524 էջ) յուրօրինակ պատուհան է պատմական նշված ժամանակաշրջանի եւ նրա հանրության արվեստակիր շերտերի ապրած հուզումնալից անցյալի վրա: Գրքում կարեւորվել եւ հատուկ ուշադրության են արժանացել խորհրդային տարիների ազգային կերպարվեստի ձեռքբերումներն ու կորուստները:

Մենք` ժամանակակիցներս, որ ականատեսը դարձանք մոլորակի խոշորագույն կայսրություններից մեկի` Սովետմիության կործանման գործընթացին, այսօր անկախ Հայաստանի դեռ սեփական ազատությանը չվարժված, հաճախ քննադատաբար ենք նայում անցյալին` ընդգծելով միայն գորշ համահարթող մանգաղի թողած հետքերը:

Ահա գիտական եւ տեղեկատվական հարուստ բովանդակությամբ այս պատկերագիրքը գալիս է լուսաբանելու ալեկոծություններով, վայրիվերումներով, պարտություններով եւ հաղթանակներով հատկանշվող խորհրդային արվեստի կենսագրությունը, որ բնութագրական է Խորհրդային Հայաստանի յուրաքանչյուր նկարչի եւ քանդակագործի համար:

Փանոս Թերլեմեզյան եւ Ստեփան Աղաջանյան, Սեդրակ Առաքելյան եւ Վահրամ Գայֆեճյան, Մարտիրոս Սարյան եւ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Սերգեյ Մերկուրով եւ Երվանդ Քոչար, Ասլամազյան քույրեր եւ Մինաս Ավետիսյան.....: Անուններ, որոնք լրացնում են խորհրդահայ նկարիչների առաջին, երկրորդ, երրորդ սերունդը, հայրենական պատերազմի նկարիչների տաղանդավոր բույլը, հետպատերազմյան վերելքը:

Կատարված է վիթխարի աշխատանք: Շրջանառության մեջ դրված արխիվային վավերագրերից, մամուլից քաղված փաստեր ու տեղեկություններ: Պատկերագրքի հետահայաց քննությունը վերականգնում է մեր ժողովրդի պատմական հիշողության շատ էջեր, բացահայտում հայ մշակույթի վաղուց մոռացված կամ արդեն մոռացվող անուններ: Մեր առջեւ հառնում են 180 արվեստագետների անուններ, նրանց կենսագրականներով ու երբեմն անհայտ, բայց արժեքավոր ստեղծագործությունների վերատպություններով: Պատկերագրքի նկարացանկը նույնպես մեծ աշխատանքի արդյունք է, քանի որ շատ գործեր պահպանվել են միայն վերատպություններով:

Գրքում նշվում է նաեւ, որ թեպետ միութենական մասշտաբով իրավիճակը հեռու էր նպաստավոր լինելուց, հայազգի պետական այրերի ազգանվեր քաղաքականության շնորհիվ Հայաստանի մշակութային կյանքը վերելք է ապրում. լավատեսական ընդհանուր պաթոսը ոգեւորում է արվեստագետներին:

Աշխատության գլխավոր նպատակն է ընդարձակել եւ ամբողջացնել խորհրդահայ կերպարվեստի համապատկերը, դիտարկել «սոցռեալիզմ» երեւույթը տարբեր կողմերից, լայն տեսանկյունով, նոր լույսի ներքո, եւ վերաիմաստավորել այդ գեղարվեստական մեթոդի դերն ու նշանակությունը ազգային կերպարվեստի ձեւավորման հարցում:

Գիտականորեն վերլուծելով եւ բնութագրելով սոցռեալիզմի շրջանում ստեղծված հայ խոշորագույն նկարիչների «ծրագրային» աշխատանքները, պատկերագրքի հեղինակները բացահայտում են դրանց ազգային հատկանիշները եւ գեղարվեստական արժանիքները ու եզրակացնում, որ սոցռեալիզմը ընդամենը կաղապար էր, որի ենթատեքստում Եղիշե Թադեւոսյանի իմպրեսիոնիստական մտածելակերպն ու Վահրամ Գայֆեճյանի մոդեռն ոճի տարրերն էին, Մինաս Ավետիսյանի ազգային կերպարվեստի ավանդույթները, Գրիգոր Խանջյանի պատմական հերոսապատումները, Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը:

Ուսումնասիրելով հարուստ գրականություն եւ կատարելով նաեւ հավաքչական մեծ աշխատանք` հեղինակները ստեղծել են լիարժեք եւ պատմական ճշգրիտ հղումներով հարուստ հանրագիտարան, որը ե՛ւ տեղեկություններ է տալիս, ե՛ւ աղբյուր հանդիսանում գալիք նոր արվեստաբանների գիտական աշխատանքների համար: Այն կոչված է դառնալու ուսումնասիրության հարուստ շտեմարան:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 27-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ