RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 27-06-2014



ԼԻԲԱՆԱՆ

Տեղադրվել է` 2014-06-26 22:35:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1397, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 2

«ԱՐԻՆ» ՊԱՐԱԽՈՒՄԲ - ՈԳՈՒ ԹՌԻՉՔ, ՀԵՐՈՍԱՑՈՒՄ, ՍԵՐ ԵՎ ՆԱԶԱՆՔ

ԱՆԻ ԹՈՐԱՆՅԱՆ, Լիբանան

Պարը` արվեստի ճյուղերից հնագույնն է, ուստի նրա արմատներն ամենախորն են, իսկ ակունքներն` ամենաանաղարտը: Պարը` մարդկության ամենահին ժամանակներից ցայսօր, մարդկային խորախոր զգացմունքների այն արտահայտչաձեւն է, որ մշտապես ուղեկցել է մարդուն` որսից ու պատերազմներից առաջ ու հետո, անհաղթահարելի թվացող ցավ ու վշտի եւ անսահման ուրախության ժամանակ, աշխատանքի ու նաեւ վաստակած հանգստի պահերին:

Մեր լուռ խոնարհումը Արին Չերչյանի լուսե հիշատակին եւ զորակցությունը նրա ծնողներին: Նրա անունով է վերանվանված ՀԲԸՄիության Հայ երիտասարդաց միության Բեյրութի «Արին» պարախումբը, որտեղ իր առաջնային մասնակցությունն ուներ նաեւ գեղանի Արինը:

Ճշմարիտ է ասված` պարը մարմնի երգն է, նկարչություն է մարմնի միջոցով: Եթե այդպես է (եւ հավատացեք, որ այդպես է), ուրեմն լիբանանցի հանդիսատեսը երկու օր շարունակ այն լիուլի ըմբոշխնելու առիթ ունեցավ Լա Սաժես դպրոցի «Անթուան Շուեյրի» թատերասրահում` ԱՐԻՆ պարախմբի անթերի ելույթների միջոցով:

Գուցե հոդվածի գերադրական գնահատականներն ու գովեստի խոսքերը շատ համարվեն, սակայն դրանք միայն ու միայն արժանի գնահատականներ են, որոնք հսկայական աշխատանքի վաստակած արդյունքն են:

Որպես կանոն, մշակութային լուրջ ու բարձրաճաշակ ձեռնարկների կազմակերպիչները, ճշմարիտ հովանավորները, պարուսույցները, բեմադրիչներն ու նրանց բոլոր մտահղացումները կյանքի կոչող մշակութային խմբերը հանդիսատեսի ամենատես աչքից հեռու կատարվող նախապատրաստական գործընթացների մասին չեն բաձրաձայնում: Եվ ճիշտ են անում, որովհետեւ հանրության մատուցված նրանց ելույթը ինքնըստինքյան բացահայտում է ամեն բան:

Առանց խոսքերը ծամծմելու, ուզում ենք ընդգծել, որ ԱՐԻՆ պարախմբի մանկապատանեկան համույթը, գնահատման ամենաանաչառ սանդղակո՛վ անգամ արժանի է շատ բարձր գնահատականի, որ սրտաբուխ ծափողջույններով բեմին փոխանցեց երախտագետ հանդիսատեսը: Աւելին` դեռ սրահ չմտած, շենքի մուտքից քայլ անելուն զուգընթաց, ամենուր անբռնազբոս ու ջերմ մթնոլորտ էր թեւածում:

Թեեւ պարախմբի ելոյթը երկու մասից էր բաղկացած, սակայն ինչպէս որեւէ հաջողված ներկայացում, մեկ ընդհանուր ամբողջություն էին կազմել, ուր բծախնդրորեն նկատի էին առնված առաջին ակնարկով մանրուք թվացող, բայց խիստ կարեւոր բոլոր բաղադրիչները` մուտքի տոմսերի գեղեցիկ ձեւավորումից մինչեւ լուսավորում, հագուստների` հայկական ու արաբական տարազների ճշգրիտ ընտրությունից մինչեւ վարսահարդարում, մանկական խանդավառ «Պույ-Պույ»-ից մինչեւ Սասնա առնական «Յարխուշտա»...

«Արին» պարախմբի մանկապատանեկան համույթն իր ելույթով հերքեց այն մտայնությունը, թե մեծակտավ միջոցառումներ իրագործելու մենաշնորհը միայն պետական բարձր հովանավորություն վայելող երկրներին է տրված: Սակայն այդպես չէ, համենայն դեպս այդպես չէ «Արին»-ի պարագայում, որի ելույթներին պիտի նախանձեին պետական հովանավորությամբ պաշտպանված շատ ու շատ երկրների մանկապատանեկան պարախմբեր:

Երբ միջոցառման հանդիսավար Սարմե Մինասյանը անդրադարձավ մանուկների պաշտպանության համաշխարհային օրվան` շատ դիպուկ նշեց, որ այսօրվա մանուկներին պաշտպանելով` մենք մեր ապագան ենք պաշտպանում...:

«Արին»-ի ելույթներից դատելով` այդ ապագան հուսալի եւ հոգատար ձեռքերի մեջ է...:

Չմոռանանք ասել, որ ԱՐԻՆ-ի հաջողությունը մեզ համար մեկ ուրիշ շահեկան երեւույթ պարզեց, այնՙ որ հայերս խմբային աշխատանքի մեջ եւս ընդունակ ենք հաջողություններ արձանագրել: Պարախմբի ամբողջ ելույթը ընթացավ անխափան ժամացույցի ճշգրտությամբ: Ավելի քան հարյուր հիսուն պարողները բեմից ներս ու դուրս անելիս նվազագույն սայթաքում կամ թերացո՛ւմ իսկ չունեցան: Սա լուռ ապացույցն է վարագույրից այն կողմ գործող անձնակազմի զուսպ, լարված ու հեւքոտ աշխատանքի, որը բազմապատկեց համերգի գեղարվեստական հաճույքը:

ԱՐԻՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Գայանե Մածունյանը իր գործին գիտակ ու հմուտ արվեստագետ է, իսկ նրա կողքին նվիրյալների մի հոծ խումբ կա կանգնած` Արազ Ռաստկելենյան, Արարատ Ճերեճյան, Վարդան Մկրտիչյան, Սերլի Ճաքըրյան, Հայարփի Ճերեճյան, Հասմիկ Այվազյան, Մարո Հակոբյան եւ պարախմբի ամբողջ վարչությունը` ատենապետությամբ Անի Պոտրումյանի եւ դեռ շատ ուրիշներ, որոնց բոլորի անունները նշելու համար թերթի էջերը շատ նեղ են ցավոք:

Հ.Գ.- ՀԲԸՄ ՀԵ Ընկերակցության «Արին» պարախմբի գեղարուեստական ղեկավար եւ պարուսույց Գայանե Մածունյան եւ պարախմբի շատ սիրելի անդամներ.

Տեղեկացանք, որ աշնանը Հայրենիքում տեղի է ունենալու պարախմբերի համահայկական մրցույթ-ստուգատես, որին ձեր մասնակցությունը պիտի բերեք նաեւ դուք:

Ձեր երկօրյա գեղեցիկ ելույթներով դուք ձեր հանդիսատեսին վերածեցիք երկրպագուների եւ շարժման մեջ դրեցիք բոլորիս մրցումային հետաքրքրասիրությունը: Հիմա, մենք ձեզնից միայն ու միայն հաղթանակ եւ ստուգատեսի բարձրագույն պարգեւներն ենք ակնկալում...:

Չմոռանաք, որ դուք արդեն հաղթել էք...

Հարյուրավոր երկրպագուների անունից`

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 27-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ