RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 04-07-2014



Տեղադրվել է` 2014-07-03 22:33:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2056, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նաիր ՅԱՆ

Վեց տարվա ընդմիջումից հետո ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը Հայաստանում էրՙ համերգային ծրագրով: Նա հաճախ է գալիս հայրենիքՙ հարազատներին տեսության, բայց չի հանդիպում հանդիսատեսի հետ: Վերջին ելույթը եղել է Ջազ-70-ի շրջանակում:

Այս անգամ նա երգեց Երեւանում, Գյումրիում ու Ստեփանակերտումՙ հանրության շրջանում ոգեւորություն առաջացնելով. չէ՞ որ մենք սովոր ենք մշակութային իրադարձությունները կենտրոնացնել միայն Երեւանում, իսկ այս անգամ Գյումրու եւ Ստեփանակերտի երաժշտասերին էլ բաժին հասավ Տաթեւիկի արվեստից:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի եւ քամանչահար Նորայր Հովհաննիսյանի դստեր մանկությունն ու երիտասարդությունն անցել են ժողովրդական երգ-երաժշտության աշխարհում: Եվ ժողովրդական երգի վարպետներին Տաթեւիկի երաժշտական նախասիրությունը զարմանալի է թվացել: Իրենց աղջիկն ինչ-որ անհասկանալի երգեր է երգում, անունն էլ դրել էՙ ջազ: Բայց լսելով դեռատի աղջնակինՙ հայ էստրադայի վարպետներն իրենց հրճվանքն են հայտնել Օֆելյա Համբարձումյանին ու փարատել նրա մտահոգությունը. Տաթեւիկի երգածն իսկական ջազ էՙ բարդ ու հետաքրքրական:

Շուտով նրա յուրահատուկ ձայնը հնչում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ Սովետական Միության տարածքում, հետո նաեւ մյուս մայրցամաքներում: Իսկ ջազի երկրումՙ Ամերիկայում, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ Տաթեւիկն ուղղակի փայլում է: Նա հավասարապես երգում է ե՛ւ ազգային ժողովրդական երգեր, ե՛ւ ջազ: Սովետական քննադատները Տաթեւիկին հռչակում են «Սովետական ջազի թագուհի»: Այդ տիտղոսը նա պահպանում է ինը տարի, մինչեւ որ տեղափոխվում է ԱՄՆՙ մշտական բնակության:

Տաթեւիկ Հովհաննիսյանն Ամերիկայում հայտնի է Դաթեւիկ անունով: Ասում է, որ այդ երկիր է գնացել ոչ թե աստղ դառնալու նպատակով, այլ երաժշտություն ուսանելու եւ ջազի կատարողական արվեստում խորամուխ լինելու: Կարոտն ահագնացել է, արմատների ու արյան կանչն ավելի է սաստկացել. ժողովրդական երգի անուշ ձայնը, որ դեռ մանկուց զրնգել է ականջներում, հեռու հեռվից կրկին արձագանքել է:

1995-ին Տաթեւիկը եկեղեցում կազմակերպված համերգին Կոմիտաս է երգումՙ «Անձրեւն եկավը»ՙ ջազի համադրությամբ: Հայ էթնիկ երաժշտությունը ջազին զուգակցելու գաղափարը վաղուց էր ծագել: Դաշնակահար Արմեն Դոնելյանն էլ հավանություն էր տվել:

Առաջին փորձն արվեց փոքր լսարանի առջեւ: Տպավորությունն ու արձագանքը սպասվածից ավելին էին: Օտարազգի հանդիսատեսն իր ականջին անսովոր ելեւէջներն ավելի լավ լսելու համար մոտենում է բեմին. Տաթիկի ջազը նորություն չէր նրանց համար, բայց այս ի՞նչ լեզու է, ի՞նչ բառեր են, իսկ ջազի ֆոնին հոսող գողտրիկ ելեւէջները մի ուրիշ, անծանոթ աշխարհ են տանում: Այդ օրվանից Տաթեւիկի երկացանկում հայ էթնիկ երգերը մշտական տեղ ունեն. դրանց կողքին տեղ են գտել այլ ազգերի երգերՙ բրազիլական, պորտուգալական եւ այն ամենը, ինչը կապված է ազգային զուլալ ու անարատ երաժշտության հետ:

Տաթեւիկ Հովհաննիսյանի արվեստի առանձնահատկություններից մեկը էթնիկ երաժշտության յուրօրինակ մատուցումն է, որը օտարների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Կոմիտասի, Սայաթ Նովայի երգերն այնպես, ինչպես կան, ներկայացնել օտարազգիներին, հնարավոր է միայն եզակի դեպքերում, բայց ոչ ներառելով մշտական երգացանկում: «Շալախոն», մեր մյուս պարեղանակներն ու ժողովրդական մեղեդիները նույնպես ջազային մշակումներով դարձել են Տաթեւիկ Հովհաննիեսյանի հեղինակային երգերը: Հայկական տասնյակ երգեր է Տաթեւիկը հնչեցնում մեկ համերգի ժամանակ, ու հանդիսատեսը դրանք մեծ ոգեւորությամբ է ընդունում: Սա ինքնին հայ երգի ու մշակույթի քարոզչություն է:

Այսքանով հանդերձՙ Տաթեւիկ Հովհաննիսյանն իր ձեռքբերումների մասին խոսելովՙ ներողություն է խնդրում իր խոսքերովՙ անհամեստության համար: Իր հաջողությունները համարում է Աստծո պարգեւ եւ իր մտերիմների ու ընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունք: «Ես ճարպիկ չեմ, չեմ կարող իմ գործն առաջ տանելու ճանապարհներ գտնել: Ինձ տվեք բեմ, ու ես կլիցքավորվեմ եւ կլիցքավորեմ իմ հանդիսատեսին: Իսկ ինչ մնում է, որ ինքս ինձ ներկայացնեմ, մատուցեմ, դա անել չեմ կարող: Բախտս բերել է, որ ամուսինս միշտ սատարում է ինձ ու իմ արվեստին: Աստծո կամքն էր նաեւ, որ Ամերիկայում շարունակվեց պրոդյուսեր Ջոն Ավագյանի հետ մեր համագործակցությունը, ինչի արդյունքում ես, որ այդ երկրում ամեն ինչ զրոյից էի սկսել, կամաց-կամաց ճանապարհ բացեցի դեպի մեծ բեմեր: Որքան էլ ինձ սովետական ջազի թագուհի հռչակած լինեին, այդ տիտղոսն Ամերիկայում ոչ մեկին չէր հետաքրքրում: Այդ երկիրն իր կանոններն ունի, որոնք պահանջում են անդուլ աշխատանք ու նպատակասլացություն»:

Տաթեւիկ Հովհաննիսյանի արվեստի մջոցով հայ էթնիկ երաժշտությունը ճանաչելի դարձավ. ջազի համատեքստում իր հունը բացող հայկական երաժշտությունն օտար ունկնդիրների համար հետաքրքրական ու յուրօրինակ տպավորություն են ստեղծում: Այդ համադրությունը Տաթեւիկի երգարվեստի յուրահատկությունն է, որի շնորհիվ օտարազգի շատ երգիչներ ցանկանում են դասեր առնել հենց հայ երգչուհուց: Ճապոնացի, շվեյցարացի, արաբ, ամերիկացի, գերմանացի, ռուս շատ վոկալիստներ Տաթեւիկից են սովորում ավանդական ջազի ու էթնիկ երգերի միահյուսման արվեստը եւ իրենց երգացանկում ներառում են նաեւ հայկական ազգային երաժշտություն:

Երգչուհին համոզված էՙ յուրաքանչյուր ազգի երաժշտություն կլսվի եւ կընդունվի, եթե այն մատուցվի բարձր պրոֆեսիոնալիզմով ու երգի զուլալ ակունքները պահպանած:

Երեւանյան առաջին առավոտը Տաթեւիկին ընդունել է պատանեկան հուշերի ծաղկեփնջով, բայց քայլելով Երեւանի փողոցներովՙ երգչուհին հասկացել է, որ առանց ուղեկցի, կմոլորվի: Նրա աչքից չեն վրիպել մեր քաղաքի օտարալեզու ցուցանակներն ու եվրոշինությունները:

«Մի փորձեք Եվրոպա դառնալ, Եվրոպան արդեն կա: Մնանք այնպիսին, ինչպիսին եղել ենքՙ մեր յուրահատուկ հայերենով ու հին մշակույթով»,- հորդորում է երգչուհին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 04-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ