ԱՄԲՈՂՋ ՓԱՓԱԶՅԱՆԸ Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Վաստակավոր թատերագետ Այսպես կարելի է բնութագրել արվեստաբանի կեսդարյա խոնջանքով պսակված ստվար աշխատությունը (872 էջ), թեեւ «ամբողջն» էլ անվերապահ չէ. Փափազյանը տիեզերք էՙ անսպառելի... Եվ այնուհանդերձ, նրա մասինՙ գիրքը ստույգ է, լիակատար, անկասկածելիՙ ինչպես մեր այս երախտավորիՙ Բաբկեն Հարությունյանի մյուս բոլոր տարեգրքերըՙ նվիրված մեր թատրոնի պատմությանը. ըստ ամենայնի աշխարհում եզակի իրագործում են: Եզակի, որ բացատրվում է հայի գեղարվեստի բացառիկ սիրով ու տիտանական աշխատասիրությամբ: Եվ «Վահրամ Փափազյանը» սոսկ հիմնարար տարեգրություն չէ, այլ հանճարեղ արվեստագետի կյանքի բոլոր իրադարձությունների, արարումների բոցն ու ցոլքը, որ տասնամյակների հեռվից անգամ շիկացնում ու համակում է մեզՙ հեսանելով գեղեցիկի զգացումը, արարման տենչը եւ կարեւորագույնըՙ տոգորում ազգային արժանապատվության մե՛ծ զգացումով. գերագնահատման չենթարկվող իրողություն: Եվ նրա հանդեպ մեր եւ օտարների արտասովոր զմայլանքն ու տողերը ոչ միայն տեսանելի են դարձնում նրան ու հուզում, այլեւ հաղորդում արվեստաբանական բացառիկ արժեք: Ասացի «ստույգ», քանզի գիտնականը ամբողջ շարադրանքը տանում է մամուլում սպրդած նյութերի, փաստերի ճշգրտումներով, հերքումով ու հավաստիացումներով: ...Մտքի աչքով մենք տեսնում ենք Պոլսումՙ Քամեր եւ Վիկտորիա ամուսինների ընտանիքում 1888 թ. հունվարի 6-ին ծնված հրաշամանուկին, որ մի քանի մանկապարտեզ ու քոլեջ էր անցնումՙ մտքով ու մարմնով մեծանումՙ հանց աստվածաշնչյան հերոս, ով ինչի ձեռք էր զարկումՙ առաջինն էր (ֆուտբոլ, սուսերամարտ, փողային գործիքներ, ասմունք): Երբեմնի դասընկեր Հակոբ Սիրունու վկայությամբՙ «Մանկուց նրա խելքը կերթար Ադամյանին ու Շեքսպիրին»: Մեն մի հիշատակությունՙ Պոլսում լույս տեսնող անգլերեն «Լեվանդ հերալդ» թերթիցՙ նվիրված Էսայան վարժարանի ավարտական երեկոյին: Երեկոյի «մեխը» համարելով Վահրամին, հոդվածագիրը խորհուրդ է տալիս «ամբողջովին նվիրվել թատերական արվեստին, որի համար նա ոչ միայն տվյալներ ունի, այլեւ կոչված է»: Զուր չէր, որ Վահրամին ուղղորդեցին Վենետիկՙ Մխիթարյանների մոտ եւ վերջիններսՙ իմաստուն եւ հեռատես լինելով, ոչ թե նրան հոգեւորական դաստիարակեցին, այլ զորացրին միտքը, ֆիզիկականը, ճաշակն ու գեղարվեստի սերը եւ վերջում իրենք էլ ղրկեցին Միլանի Գեղարվեստից ակադեմիա, ուր աշակերտները հենց սկզբից փորձարկվում էին իտալական հռչակված բեմականների դերասանախմբերումՙ աշխատելով ու հղկվելով: Վենետիկում 1907-ին արծաթյա պսակ շահեց Էմանուել 2-րդ թագավորիցՙ համաիտալական մարմնամարզական մրցումներից: Այսպես նա անցավ ժամանակի ամենանշանավորներիՙ Գոցցիի ու Գրասսոյի, Մարիանիի ու Մանինիի, Նովելիի ու Դուզեի բեմական դպրոցներով, սպունգի պես ներծծելով լավագույնը: Հենց սկզբից նա կարողացավ ձեռք բերել իր հոգեկան ու ֆիզիկական կազմի վրա իշխելու բացարձակ ունակություն: Մայրենիից բացի կարդում էր հունական եւ ֆրանսիական գրական, պատմական ու փիլիսոփայական գրականություն: Տարիների հետ լեզուների իմացությունը հասավ ութի (նաեւ իտալերեն, թուրքերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն): Ուսանելու միջումՙ այց Փարիզՙ ժամանակի բեմական մեծերին դիտելու, շփվելու. Սառա Բեռնար, Գ. Ռեժան, Մունե-Կյոլի, Կոկլեն եղբայրներ եւ այլք: 1908-ը դարձակետային եղավ ոչ միայն Փափազյանի համար: Թուրքիայում տապալվեց Աբդուլ Համիդի իշխանությունը եւ ազատության կոչեր հնչեցին: Ինչպես միշտ, խանդավառ ու հավատավոր հայությունը առաջին դիրքերում էր: Զուր չէր, որ ազգովին հավաքվեցին Շիշլիի գերեզմանոցումՙ նախորդ ջարդերի զոհերի հիշատակը հարգելու: Ինչպես մամուլն էր հաղորդելՙ Եվրոպայից արձակուրդին Պոլիս էր ժամանել Վահրամ Փափազյանը: Այստեղ էր եւ Սիրանույշը: Մերձավորների խնդրանքով Վահրամը կարդաց դասընկերներինՙ Վարուժանի «Սասունի ջարդը»: Այստեղ էլ միմյանց ճանաչեցին մեծահամբավ դերասանուհին եւ երիտասարդ տաղանդը: Սիրանույշը նրան հրավիրեց Կովկաս. միայն այնտեղ կարող է բացահայտվել ինչպես հարկն է: Փափազյանը չէր շտապում. Պոլսում շատ անելիք ուներ: Նախ պետք է հավաքեր դերասաններին եւ մի լուրջ դերասանախումբ ստեղծեր եւ ապաՙ իրականացներ իր երազանքըՙ Օթելլո խաղար: Ասում ենՙ 1908 թ. օգոստոսի 12-ին Պոլսո «Օդեոն» թատրոնը տեղ չարեց հեռավոր հայ շեներից հորդած հայությանը: Այդ օրը «Օթելլո»-ն խաղացվեց երեք արարով, որից հետո, ինչպես մամուլն էր ծանուցել, բանախոսություն էր ունենալու Եվրոպայում բժշկություն ուսանող Ռուբեն Սեւակը: Ափսոս, որ այսօր դա ընթերցողին չեմ կարող, գեթ հատվածաբար, տրամադրել. մեր ժողովրդի բաղձանքով, խոսքի ու մտքի փայլատակումով գերող այդ ճառըՙ կբավարարվեր միայն մի մտքի հիշատակմամբ: Սեւակը կոչ էր անում «ստեղծել ջղո՛ւտ թատրոնՙ ոչ միայն լեզվով, այլեւ ոգիով»: Եվ ճառի ներգործությունն այնքան մեծ էր, որ ոչ ոք չէր ուզում տուն գնալ: Այնժամ Փափազյանը կրկին բեմ եկավՙ հենց «ջղուտ» հատվածներ խաղալու. մենախոսություն «Սիդ»-ից եւ հատված «Ռյուի Բլա»-ից: Բայց նախ «Օթելլո»-ի մասին: Այդ տարբերակում պահպանված էին հատկապես Օթելլոյի հետ կապված տեսարանները (Դեզդեմոնա-Շաքե): Այդ գիշեր այստեղ ծովացած մտավորականությունը մամուլում երկար ժամանակ գրելուց էր, արտահայտելով ոչ միայն քսան տարի առաջ դադարած թատրոնի վերածննդի, այլեւ մեծն Ադամյանին շարունակող տեսնելու գաղափարը: Փափազյանը դարձավ գրչի մարդկանց ոգեշնչման միջոց: Զմայլանքով էին գրում Փափազյանի ներքին ու արտաքին բարեմասնություններիՙ հրաշալի արտաքինի, հմայքի, ներքին ջերմության, հստակ ու «կաթնային առոգանության, դիմախաղի վարպետության» մասին: Եվ սկսվեց մի խելահեղ վազք. Պոլսից-Իտալիա եւ հակառակը: Որքա՜ն պետք էր կազմակերպված ու ռացիոնալ օգտագործել ժամանակըՙ ուսանելուն համընթացՙ նորանոր դերեր պատրաստելու-խաղալու համար: Լոկ թվարկենք. Համլետ, Դոն Ժուան, Օսվալդ, Քին, Կորրադո, Մարիո: Սրանց կողքին պարտադիրՙ հայ պատմական հերոսներ. Սանատրուկ («Սանդուխտ կույս»), Վազգեն («Շուշանիկ»), Վարդան եւ Սամվել Մամիկոնյաններ... 1913-ին Թիֆլիսից Արմենյանի հրավերը նոր շրջափուլ իմաստավորեց: Գերող հեռանկարից զատ, դերասանախմբի գլխավոր դերակատարուհին Արուս Ոսկանյանն էր. առաջին ու խափանված սերը... Հետո կտեսնենք, որ այստեղ Արուսը նրա խաղընկերուհին էր ամենուր. Լալա («Խենթ»), Մոննա Վաննա (համանուն պիեսում), Սուսան («Նամուս»), Լիգիա («Հո՞ երթաս»): Նույն կերպՙ «Ռյուի Բլազ» եւ «Սատանի աշակերտը» պիեսներում: Վերջին անգամ 1913-ին գնաց հրաժեշտ տալու ծեր ուսուցչինՙ Մնակյանին: Ուսուցիչը խորհուրդ տվեց անպայման հեռանալ. «Տաճիկները նախանձ մարդիկ են. երեսիդ կժպտան, ամա հորդ կփորեն»: Պատկերացնո՞ւմ եք, թե Թիֆլիսում ինչ հրավառություն էր Արուսի եւ Վահրամի խաղը... երկու տարի անցՙ 1915-ին Փափազյանն առանձնանում է համախոհների հետ եւ ստեղծում «Ազատ թատրոն» խումբը, մեկնում հայառատ քաղաքներ (Շուշի, Բաքուՙ այստեղ հայտնագործելով եւս մի հրաշալի դերասանուհուՙ Սաթենիկ Ադամյանին: Ափսոս. կարճ տեւեց այդ խելացի, կրթված դերասանուհու կյանքը: Մինչ բոլորը գերված էին նրա Սեդայով («Հին աստվածներ»), Սաթենիկը զոհ դարձավ դերասանական խարդավանքի, որը չսպիացող վերք մնաց Փափազյանի ու հայ բեմականների հոգում: Դրանից հետո էր, որ Փափազյանը թողեց ամեն ինչ եւ Վահան Թոթովենցի հետՙ իբրեւ կամավոր մեկնեց կովկասյան ռազմաճակատ... Իհարկե, մեկ ամիս անցՙ մեծն Անդրանիկի հորդորով վերադարձավ թատրոն, ուր նա կոչված էր... Այս անգամ Զարիֆյանի խմբում էր, ուր խաղում էր Սիրանույշի հետ: 1916-ի ապրիլին հայության երկու նշանակալի ներկայացուցիչները մեկնեցին Անգլիաՙ Շեքսպիրի ծննդյան 300-ամյակի հանդիսություններին: Մասեհյանը բանախոսություններ էր կարդում, Փափազյանը խաղում էր հատվածներ շեքսպիրյան երկերից: Մենախոսություններ «Համլետ»-ից, «Ռիչարդ» 3-րդից, «Օթելլո»-ից: Վերադարձից հետո առաջին անգամ վճռեց որպես Օթելլո հանդես գալ Թիֆլիսի արտիստական թատրոնում... Ռեժիսորը եւ Յագոն Օվի Սեւումյանն էր, Դեզդեմոնանՙ Լյուսի Սեւումյանը: Թիֆլիսի բարձրակարգ ու անզիջում քննադատները մեծ լրջությամբ գնահատեցին Փափազյանի մեկնաբանության թարմությունը, հատուկ նշելով ոգու ջերմությունը, հմայքը, դիմախաղի ու խոսքի իմաստավորման եւ երանգավորման առավելությունները, բայց եւ նշեցին թույլ ձայնըՙ միաժամանակ ասելով, թե նա որքա՛ն խելացի է օգտվում այդ ձայնից... Կրկին Արուսի հետ նրանք բեմը վերածում են տոնի եւ հրավառության: Դոն Ժուանի Շառլոտան էր Արուսը, Աբեղայի Սեդան, «Խանդ»-ումՙ Ելենա, «Գարնանային հեղեղ»-ումՙ Նատաշա: Այդ շրջանի հաստատումներից մեկըՙ ազգային խաղացանկն էրՙ ի հակադրություն նրանց, ովքեր Փափազյանին մեղադրում էին ազգային խաղացանկի բացակայության մեջ: Երիտասարդ Դ. Դեմիրճյանը գրել էր «Դատաստան» խորագրով մի ժամանակակից պիես, ուր գլխավոր հերոսըՙ Թովմասը, մարդու սիրո, հավատարմության ու պարտքի զգացման մեջ տառապանքի գնով հավատարիմ է մնում իրեն: Մամուլում Փափազյանի աշխատանքը բարձր գնահատվեց, ինչպես եւ հոգեբանական առումով գնահատվեց նրա Օհան Գուրգենի դերակատարումըՙ Շանթի «Կայսր»-ում, Սիրանույշ-Թեոֆանոյի եւ Սեւումյան-Նիկիֆորի հետ: Շատերին է հայտնի, որ Փափազյանը եղել է նորածին ռուսական կինոյի առաջին արտիստներից, բայց ի՞նչ եւ որտեղՙ ոչ ոք չի կարող ասել: Հարությունյանը մեկ առ մեկ նշում է այդ կերպարները եւ ֆիլմերը, սեղմ ծանուցում սյուժեն: «Գայթակղություն», «Սիրո երկրում», «Փառքի դռանը», «Ղրիմի դուստրը», «Մթնշաղներ»: Յալթայում եւ Լիվադիայում արդեն էկրանից ճանաչված ու սիրված Էռնեստո Վահրամը նկարահանման միջոցին արկածային դիպվածով ճանաչում է գեղեցկուհի Վալենտինա Ֆեոդորովնային: Բուռն սերն ավարտվում է ամուսնությամբ (1918 թ. սեպտեմբերի 2): Մեկ տարի անց նոյեմբերի 3-ին Փափազյանը հայրանում է, իսկ 1920 թ. սկզբին կնոջ եւ չորս ամսեկան դստեր հետ մեկնում է ծննդավայրըՙ Պոլիս: Վեց տարի անց ասես չար կախարդի գավազանով ավերվել էր ամեն ինչ. ոչ մտավորականություն, ոչ գիր, ոչ թերթ, ոչ թատրոն... ընդվզեց արարիչ հայորդու ոգին: Անմիջապես գտավ հին ընկերներին, դերասանախումբ ստեղծեց եւ առաջին վեց ներկայացումների հասույթը նվիրեց որբերին: Այնքա՜ն շատ էին նրանք... Համարյա շաբաթը մեկ նոր ներկայացում եւ դեր է պատրաստում. Դոն Ժուան, Պետրոնիոս, Օթելլո, Օհան Գուրգեն, Նապոլեոն («Մադամ Սան Ժեն»): Հետո վճռեց կնոջը տանել իր տեսած քաղաքները... Եղան Վենետիկում, Հռոմում, ապաՙ Ժնեւ, Լոնդոն, Մարսել, Մոնթե-Կարլո: Ս. Մարկոսի հրապարակում Թինայի հետ նկարվեցՙ ինչպես տարիներ առաջ Սիամանթոյի հետ... Վերդարձան Պոլիս, եւ խաղացանկը համալրեց ազատաբաղձ գործերով. Շիլլերի «Ավազակները» (ինքըՙ Կարլ Մոոր), ապա թարգմանեց բնագրից «Մակբեթը»ՙ որոշակի տեղերում հավելելով մեր ազգային վիճակին հարիր ու հարազատ մտքեր... Եվ դրանք արված էին շեքսպիրյան պոետական նկարագրին հարազատ, տեղին ու դիպուկ: Ո՞ր թուրքն այնքան Շեքսպիր գիտեր, որ նման մշակումները նկատեր (շատ տարիներ անց հեղինակի լոնդոնյան հրատարակության հետ համեմատելով եմ դա զգացել): Այդ մտքերը բուժիչ բալասանի նշանակություն էին ստանում բեմում եւ այնքան բնական, որ նույնությամբ պահպանվեց «Մակբեթ»-ի հետագա բոլոր բեմադրություններում: Թե Պոլսում, թե՛ Վրաստանում (26-27 թ.) եւ թե ՍՍՀՄ-ի բոլոր քաղաքներում հնչում էին այնպես, որ հայերը մտածում էին, թե հանճարեղ ու հեռատես է Շեքսպիրը իրենց համար է գրել... Այդ տարբերակը շատ ավելի թարմ է ու ժամանակակից, եւ բեմականորեն էլ շահեկանՙ նախորդներից (այդ թվում մեծն Մասեհյանից), որ անգիտություն կլինի բեմադրելիս ընտրել մեկ այլ տարբերակ (մեզանում այն բեմադրելու պարագայում, քանզի Փափազյանի տարբերակը գտնվում է ԳԱ արվեստի ինստիտուտի շեքսպիրյան գրադարանում): 1921-ին Փափազյանը Պոլսից անցավ Բաթում, որտեղ, ինչպես սեւծովափնյա հայ շեներում (ինչպես ժամանակին Ադամյանն ու Սիրանույշը) ստեղծեց թատերական խմբեր, որոնք երկար ժամանակ (որոշ խմբեր մինչեւ օրս), կատարում էին մայրենի լեզուն ու սովորույթները պահպանելու առաքելություն: Ասենք, որ Բաթումում Փափազյանի խումբը, որ արտակարգ օժտված անդամներ ուներ (Ա. Ոսկանյան, Հասմիկ, Շարա Տալյան, Մարիանա Սեդմար, Գր. Ավետյան), քիչ անց պետական կարգավիճակ ստացավ եւ շրջում էր նաեւ ռուսական քաղաքներում, իսկ Փափազյանին ռուսական թատրոնները խնդրում էին մասնակցել նաեւ իրենց ներկայացումներինՙ իրենց ֆինանսական վիճակը բարելավելու համար... Ահա այսպիսի մի շրջագայության ժամանակ, 1927 թ. հուլիսի 23-ին, Կիսլովոդսկում պատահեց մի բան, որը բեկեց հայ արտիստի կյանքի ուղին: Այդ օրը նրա Օթելլոն եկավ նայելու ռուս թատրոնի սիրված ու հանրաճանաչ ռուս ողբերգակ, շեքսպիրյան դերերում փայլատակած Նիկոլայ Ռոսովը: Ծեր արտիստն այն աստիճան գերվեց Փափազյանի տաղանդով, որ անմիջապես հոդված ուղարկեց ժամանակի ժողովրդական «Ռաբիս» հանդեսին: Նախ նա «օազիս» համարեց Փափազյանի ելույթները ամառանոցային միջավայրում, մասնավորաբար գրելով. «Ես տեսել եմ հայրենական եւ արտասահմանյան շատ ողբերգակների: Վերջին քսան տարում հաստատապես չեմ տեսել նման Օթելլո: Արտիստի յուրաքանչյուր շարժումը, կեցվածքը, սքանչելի աչքերի հայացքը ուզած նկարչին կարող է նյութ ծառայելՙ հազվագյուտ մարդկային գեղեցկություն պատկերելու համար»: Շտապենք ասել, որ Ռոսովը միանգամայն իրատես է. նշում է նաեւ արտիստի «թույլ եւ ոչ թարմ ձայնը», իսկ Քին խաղալիսՙ արտաքինն ու տեխնիկան շահարկելու «միտումները»... Դա չի խանգարում, որ Փափազյանին հայտարարի դերասանական հայտնություն, որի մասին լռել չի կարելի: Եվ չի լռում. գրում է նաեւ դարի թատերական ամենամեծ հեղինակությանըՙ Կ. Ստանիսլավսկուն: «Ըստ իս նա վերջին 50-ամյակի միակ ողբերգակն է... Սալվինիից հետո ավելի լավ Օթելլո, քան Փափազյանն էՙ ես չեմ տեսել: Չափի արտասովոր զգացում, հուզող-համակող տեմպերամենտ, գծանկարի խստություն, գեղանկարչական, ձայնի ու ժեստի երաժշտականություն, դարաշրջանի ոճի զարմանալի զգացողություն, վառ, կուրացուցիչ գույներ, ասես մեր առջեւ հառնում է մի վառ ու սարսափելի բենգալյան վագր... ի դեպ, որոշակի մի առանձնահատկություն, որ չեն ունեցել համաշխարհային բեմի վարպետները: Փափազյանը ոչ մի տեղ չի գոռում, եւ այնուհանդերձ տպավորությունն, ինչպես հարկն է, վիթխարի է»: ...Բայց ահա եւ թատերական ազդագիրը. ինչպես մեծանուն գոստրոլյարներինըՙ Փափազյանին եւս տրամադրվում է Մոսկվայի Մեծ թատրոնը: Ծրագրում ծանուցված են նրա մեծափառ ուսուցիչները. Կալաբրեզի, Նովելլի, Ցոնի, Սառա Բեռնար, Դուզե... Խաղընկերները Փոքր թատրոնի արտիստներն են: Ծանուցվում է, թե Փափազյանը առաջին ներկայացումը կխաղա իտալերեն, մյուսներըՙ ֆրանսերեն: Բայց լուսժողկոմ Լունաչարսկին գտնում է, որ օտար լեզվով շատ է հնչել Օթելլոն, հետաքրքրական կլինի, թե հայերե՞ն ինչպես է հնչում Շեքսպիրը... Հետո, ինչպես գրեց մամուլը, սենատի տեսարանից հետո բոլորը կախարդվեցին... Ավելի լավ է լսենք Դեզդեմոնայինՙ երկրի առաջատար դերասանուհունՙ Ելենա Գոգոլեւային: «Դեզդեմոնայի աղերսըՙ իրեն խնայելու մասինՙ գնում էր բեմառաջքում: Տեսնելով նրա ահալի ու անողորմ աչքերըՙ ես կծկվեցի հատակին, անզոր, մի բուռ դարձած եւ հենց այդ պահին խլվեցի գետնից ոչ թե մարդ-Օթելլոյի, այլ ինչ-որ չար, զորեղ հողմի ուժով... Մի ակնթարթ պահելով ինձ օդում, նա նետեց ինձ անկողնուն եւ կայծակի արագությամբ կատվի պես ցատկեց իմ ետեւից, ծնկեց կրծքիսՙ խեղդելու... Ես երջանիկ եմ, որ պատանությանս օրերին հանդիպել եմ նման մեծ վարպետի հետ...»: Սա գրել է սովետական երկրի ժողովրդական արտիստուհին: Փափազյանին 28 անգամ բեմ են կանչել... Բայց շատ հետաքրքրական էր երկրի գլխավոր թերթիՙ «Պրավդա»-ի կարծիքը: Նրա մշտական հեղինակ Պ. Մարկովի տպավորությունը: Ափսոս, այստեղ Հարությունյանը առավել մեծ տեղ է տվել Փափազյան-Օթելլոյինՙ իբրեւ խանդի ողբերգություն մեկնաբանությանը, մինչդեռ այն ժամանակի համար բախտորոշ թերթի առավել կարեւոր մտքերը վրիպել են: Օրինակ, Մարկովը (չմոռանաք, դա երկրի տիրոջ կարծիքն էր) ջերմ հավանություն է տվել Մոսկվայում «Ազգերի թատրոն» ստեղծելու առաջարկությանը, որտեղ յուրաքանչյուրը հանդես կգա իր մայրենիով: Մարկովը նաեւ պահանջել է մեծ դերասանին արժանի խաղընկերներով շրջապատել, քանզի նրա «անունը ոչ միայն պատիվ է բերում, այլեւ պարտավորեցնում»... Այս ներկայացմանը իրենց խոսքն ու կարծիքն են հայտնել ոչ միայն շեքսպիրագետները, այլեւ Մոսկվայում լույս ընծայվող ամբողջ մամուլը, նաեւ մտավորականներ, բեմի վարպետներ: Մոսկովյան ելույթից հետո «Известия»-ի հրապարակումով, Փափազյանին առաջարկներ եղան մոսկովյան առաջնային թատրոններում մնալու: Անձամբ Լունաչարսկին հետեւում էր նրա ռուսաց լեզվի դասերին: Հիմա Փափազյանի համար կարեւորագույնը լենինգրադյան հանդիսատեսին նվաճելն էր. մի հանդիսատես, որ եվրոպական մեծություններին շատ տեսնելուց գերհագեցել է, ինտելեկտուալ է, խստապահանջ: Մենք կտեսնենք, որ նա չէր շտապում. խաղում էր ռուսական ուրիշ քաղաքներում եւ դիտում մոսկովյան թատրոնների ներկայացումները, որոնցից նա կառանձնացնի Միխայիլ Չեխովին, այն ժամանակի Մոսկվայի լավագույն դերասանին, այլեւ նրա մեջ տեսնելով իր վարպետներիՙ երբեմնի Մանձոնիի ու Ձակոնիի դասերը, իսկ Չեխովը հիացած Փափազյանովՙ իր «առաջին ուսուցչին» կնվիրի իր գիրքը: Հետեւում են լենինգրադյան ներկայացումների ցնցող հաջողությունները... Մամուլի վկայությամբ, խելահեղության էր հասնում հանդիսատեսի ընդունելությունը: Թատրոնների պատմության մեջ չհանդիպած սիրո ցույցեր էին լինում: Բավական է ասել, որ այստեղ ստեղծվեցին նրա երկրպագուների հատուկ խմբեր, որոնք իրենց կոչեցին «փափազյանիստկաներ»: Նրանք լինում էին ամենուր, որտեղ Փափազյանը խաղ կամ հանդիպում պետք է ունենար եւ նպաստում էին պատշաճ ընդունելությանը, գեղեցիկ ու բարեկիրթ կերպերի մեջ էին դնում հանդիսատեսի ընդունելությունը: Նվաճված էր Մոսկվան, նվաճված էր Լենինգրադը, իսկ ժամանակի նշանավոր շեքսպիրագետները (Ցուզովսկի, Մորոզով, Անիկստ, Բեսկին, Ալտման) հատուկ ընդգծում էին Փափազյան-Օթելլոյի նոր եւ ինքնատիպ մեկնաբանությունըՙ Դեզդեմոնայի հանդեպ սիրո եւ հավատի խորտակման ողբերգությունը, որ ներկայանում է արտասովոր գույների, հնարների ու հնչերանգների, անօրինակ գեղեցկության մեջ... Լենինգրադը մեծարեց ու պաշտեց Փափազյանը, զուր չէր, նա այստեղ հիմնեց իր բույնը, դարձավ այդ քաղաքի բնակիչն ու անօրինակ նվիրյալ պաշտպանը, ով գերմանական պաշարման օրհասական օրերին, երբ քաղաքի անվանիներին առաջարկեցին հեռանալ ապահով քաղաքներ, Փափազյանը դստեր եւ իր նորածին թոռնուհու հետ մնաց, կրելով այդ ամիսների, օրերի սովն ու արհավիրքը: Ավելին. նա հավաքեց քաղաքում մնացած դերասաններին եւ ստեղծեց թատերախումբ, որը ներկայացում ու համերգ էր տալիս ոչ միայն բնակչության, այլեւ զինուժի ոգին վառ պահելու համար: Մինչ այդ նա արդեն նվաճել էր արվեստների Մեքքանՙ Փարիզը, ուր հասել էր 1932 թ. մարտի 15-ին: Նա կրկին շրջապատված էր երբեմնի ընկեր-բարեկամներով, որոնք հիմնել էին փարիզահայ դրամատիկը, «Կավրոշ» երգիծաթերթն ու «Ապագայ» թերթերը: Մեր մշակույթի համար սիրելի ու նվիրյալ անուններ. Արշակ Չոպանյան, Ե. Թոլայան, Զ. Եսայան, Արման Կոթիկյան, Արշ. Շահխաթունի, Արտաշես Գմբեթյան, շատերը: Այստեղ է եւ այն աղջիկը, որ տարիներ առաջ արմավենու ճյուղ էր նվիրել ու մանկան թոթովանքով ողջունել նրան Փարիզում. Անահիտ Դատյանը, որ հիմա ջահել դերասանուհի էր, եղավ նրա Դեզդեմոնան եւ ում հետ վերջում միացնելու էր կյանքը... Իսկույն ներկայացումների մի մեծ շարքՙ Փարիզում եւ Մարսելում, այնուհետեւ բանակցություններ ֆրանսիական «Օդեոն» եւ «Ատելյե» թատրոնների հետՙ «Օթելլո»-ի համար: Առաջին փորձերը Գաստոն Բաթրին սկսեց, բայց երրորդ փորձին արդեն Փափազյանն էր վարում: Մայիսի 12-ից սկսված փորձերը մեկ ամիս տեւեցին, իսկ հունիսի 12-ին առաջին ներկայացումը միանգամից ճանաչ դարձրեց հայ մեծ ողբերգակին: Փափազյանի խաղընկերներն էինՙ Դեզդեմոնա- Իվոն Տամոն, Յագո- Ժոզե Սկենկել: Մի ամբողջ հատոր կարող են կազմել հայ եւ ֆրանսիական մամուլում հրապարակված նյութերը. ասենք միայն, որ նշանավոր քննադատ Անդրե Լը Թրեի կարծիքովՙ «ծագումով հայ պրն Փափազյանը տվեց մի ներկայացում, որ լավագույններից եւ խորիմացածներից մեկը կնկատվի: Հզոր, վեհաշուք, արտակարգ շարժուն, դեմքը, թավ ձայնըՙ հուզիչ ելեւէջներով, արտիստ, որ տիրապետում է ժեստերի, կեցվածքների գիտությանը եւ նուրբ երանգների արվեստին: Նա ներկայացրեց մի Օթելլո, որ նրա անձնադրոշմը ունի»: Հետեւեցին ուրիշների արտասովոր խանդավառ գովեստները (Իվոն Նովի, Ժան Ռոլո, Ու Բե Բ): Նրանք միաբերան հավաստում էին, թե դա մի անձնավորում էր, որ եղավ ու կմնա այդ կերպարի համաշխարհային գերազանցներից ու լավագույններից մեկը, քանզի դժվար է հղանալ ու մարմնավորել ավելի կատարյալ ու կենսունակ Օթելլո»: Եվս մի հատված Ռոլոյի հոդվածից. «Ինչ արտակարգ արվեստագետ: Փափազյանն ասում է, թե մեծ հիացում ունի ֆրանսիացի մեծ ողբերգուների հանդեպ: Թող հիմա ֆրանսիացի ողբերգուները գնան նրան տեսնեն ու հիանան: Վառ գույներ, պերճաշուք զգեստներ, ճառագայթարձակ ֆիզիկական շքեղություն, երիտասարդության ու փառքի այնպիսի ներուժ ու փայլ, որ հասկանալի են դարձնում Դեզդեմոնայի նետվելը օտար ցեղի գիրկը: Փափազյանի խաղում արվեստից ավելի մի բան կա . չլսվա՜ծ ու չտեսնվա՜ծ մի բան: Զայրույթի թռիչքներ եւ հազվագյուտ չափավորություն, ճշգրտությունՙ խաղի մեջ: Նրա ազատ խաղը յուրաքանչյուր արարից հետո խենթացնում էր ամբողջ սրահը» («Paris-Soire», 13 հունիսի, 1932 թ.): Մարսելում ներկայացումներին լինելիս վերջապես այցելեց մորը, քույրերին: Փարիզն անմոռաց էր մնալու Փափազյանի համարՙ արտիստի կյանքում նաեւ նոր հայտնության հանգամանքով: Այդ հայտնությունն արեց գրական ճաշակի բարձր մի հեղինակություն, որ Արշակ Չոպանյանն էր: Ընկերների հետ այդ տանը Փափազյանը մի սիրային նովել պատմեց, եւ Չոպանյանը ասաց, որ նա գրողի տաղանդ ունի. պիտի փորձի գրել... Երեք ամիս Փարիզում մնալուց հետո գերմանացի մեծ ռեժիսոր Մաքս Ռեյնհարդսի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, հունիսի 18-ին մեկնեց Բեռլին: Մոտ մեկ ամիս փորձելուց հետո, Հիտլերի վարչակարգը մերժեց այդ ներկայացումը. գերմանական բեմում մեկ այլ լեզու չպետք է հնչեր. չօգնեց ոչ նշանավոր Յագո-Պաուլ Վեգեների, ոչ դարի հռչակված ռեժիսորի, ոչ էլ Դեզդեմոնա-Եվա Կնոպֆի կանացի հմայքը: Հուլիսի 10-ին Փափազյանը վերադարձավ տունՙ շարունակելու իր անկանգ վազքը: Իսկ վազքից առաջ սկսեց գրչի փորձերը, որում նրան օգնում ու խրախուսում էր բարեկամըՙ Եվգ. Կուզնեցովը: Մամուլի արձագանքը բուռն էր եւ կարելի է ասել, որ բեմից ու էկրանից սիրված արտիստի հուշերին անհամբեր էին սպասում: Որքան էլ զարմանալի, առաջին գիրքը, ռուսերեն, լույս տեսավ 1937 թ.... «По театрам мира», երկրորդ գիրքըՙ նույնպես ռուսերեն. «Жизнь артиста»ՙ «Արտիստի կյանքը» (1965 թ.), որոնցից առանձին հատվածներ էին հրապարակում առանձին ամսագրեր: Իսկ Հայաստանում անհամբերությամբ էին սպասում ինքնակենսագրական հատորներին, որոնք կոչվեցին «Հետադարձ հայացք» (1956 եւ 57 թթ.): Հետեւեցին «Սրտիս պարտքը» (1959 թ.), «Իմ Օթելլոն» (1964 թ.), «Համլետն ինչպես տեսա» (1968 թ.), «Լիր արքա» (1971 թ.): Ստ. Զորյանի հուզված խոսքից հետո Փափազյանին միանգամից դարձրին գրողների միության անդամ: Այդ գրքերը գերում են ընթերցողին ոչ միայն իրադարձությունների առատությամբ, հուզականությամբ եւ կենդանի ու աշխույժ պատմելաոճով, այլեւ կերպարներով, հարուստ տեղեկատվությամբ եւ դրամատիզմով: Մարդը հանճար էր ծնվել... Բայց ամենից առաջ նա իրեն Շեքսպիրի դրոշակակիր էր համարում: Հիմա արդեն իր Շեքսպիրովՙ Սովետմիության քարտեզին եղած բոլոր մեծ ու փոքր կետերով... «Հետադարձ հայացք» գրքի վերջին էջերում Փափազյանը մեկ առ մեկ նշում է այն բոլոր քաղաքները, ուր Շեքսպիր է խաղացել: Մեծ մասը (թատրոնների ու ժողովրդի) առաջին անգամ Շեքսպիրին են հաղորդվել մեր հայրենակցի շնորհիվ: Փափազյանը նշել է, որ միակ քաղաքը, որ դուրս է մնացել իր քարտեզից, Վորոնեժն է, հետո եղավ. այս կերպ խաղաղեցնելով իր մեծ, շեքսպիրյան խիղճը: Երբ ես (1972, 87 թթ.) Մոսկվայում եւ Լենինգրադում իր խաղընկերներին էի որոնում, Սավինայի անվան եդեմական այգում եւ տներում գտա արտիստների, որոնք ժամանակին մեծ երկրի որեւէ թատրոնում լինելովՙ Փափազյանին խաղընկերել էին... Տարիներ անց նրանք այնպես էին պատմում-նկարագրում Փափազյանին, որ զգում էիր, թե ի՜նչ կրակ է վառել նրանց բոլորի հոգում, որի բոցերով շարունակել են ապրել եւ արարել... Այն տարիներին, երբ արտասահմանյան ամեն ինչի հանդեպ հետաքրքրությունը դավաճանություն էր սեպվումՙ Փափազյանը միակն էր, որ իր «Կլասիկայի թատրոնով» շրջում էր ամբողջ երկրում... Բնականաբար ամենքին եւ այսօր մեզ եւս հետաքրքրում էՙ ինչպե՞ս է, որ նա դուրս է մնացել... բռնարարքներից: Այդպես է մասամբ միայն, եւ նա իր հուշագրության մեջ նման փաստ չի թողել, միայն ես եմ բախտ ունեցել շփվելու նրա ընտանիքի հետ եւ խիստ գաղտնի ինձ է հաղորդվել այն, որ ես պահպանել եմՙ իբրեւ սրբազան գաղտնիք եւ միայն մի վեհերոտ հրապարակում եմ արել շատ ուշ, երբ նրանք անդարձ մեկնել էին այնտեղ, ուրկից դարձ չկա՛... Ժամանակներն էլ փոխվել էին: Սա այն առիթն է, որ փորձում եմ վերն արտահայտած մտայնությանը պատասխանել, քանզի մեկ ուրիշը, այդ թվում մեր արգո եւ վստահելի տարեգիրը, չէր կարող դա անել: Ջանանին ձերբակալելուց հետո, որոշ ծառայողներ նամակներ են հղել Լենինգրադի ՆԳ բաժիններՙ Փափազյանին եւս մեկուսացնելու մասին... Եկել են մարդիկ եւ մեկ առ մեկ երեք օր թերթել են նրա արխիվը, գտնելով Ջանանի նամակները, տարել են իրենց հետ, տարել են եւ Փափազյանին, ով հարազատներին իր մեկնումը բացատրել է աշխատանքային... Բայց երեք օր տնեցիք ոչինչ չեն իմացել ու շատ են անհանգստացել: Անձամբ Թինան եւ Ժդանովի կինը լավ բարեկամներ են եղել, բայց «լռությունը ոսկի էր»: Փափազյանը փակված է եղել Նեւայի զնդանում. հայտնի գետի հատակում ստեղծված այն կառույցում, որտեղ հարմար էր անհետացնել կասկածելիներին: Հատակին եղած ինչ-որ հարթակ էր բացվում, եւ մարդը գնում էր ձկներին կեր... Մենախցում Փափազյանին հսկել է մի ռուս զինվորիկ, որի սիրով լի հայացքը նա երբեմն բռնել է իր վրա... - Ինչ է, տղաս, ինձ գիտե՞ս, ճանաչու՞մ ես.. - Իհարկե. ես տեսել եմ ձեր Օթելլոն... - Ի՜-ինչ ես ասում... Ուրեմն բարեկամս ես... Հետո հարել է. - Գիտեմ, չի կարելի, բայց դու կարո՞ղ ես այնպես անել, որ ես մի զանգ տամ... Զինվորիկը դուրս է գալիս, քիչ անց վերադառնում եւ... - Շտապեք մտնել կողքը... Փափազյանն անմիջապես զանգահարել է Ժդանովին... Րոպեներ չանցած Ժդանովի մեքենան Փափազյանին տուն է հասցրել... Իսկ մյուս օրը Փափազյանը թռչում էր երկրի հեռավոր ծայրերը: Այդտեղից էլ շնորհակալության նամակները կուսօրգաններից հեղեղում էին Կրեմլը... Գուցե ծովացող համընդհանուր սե՞րն է պահպանել (նույնիսկ շեքսպիրյան Համլետին է դա պահպանել) մեր հարազատին: Հիշենք, որ այն տարիներին մեծ երկրի բարեկամ մի տիրակալից էլ է Փափազյանը շռայլ հրավեր ստացել. Իրանից: Ֆիրդուսու 1000-ամյակի առիթով Իրանի Շահը (ավելի ստույգՙ նրա դուստրը հրավիրել է Փափազյանինՙ բեմադրելու մեծ բանաստեղծին նվիրված պիեսը եւ խաղալու նրա դերը: Ի դեպ. Փափազյանը ոչ միայն դա արեց, այլեւ օգնեց ազգային թատրոն ստեղծել, հընթացս հանդես գալ հայության համար մի ամբողջ շարք միջոցառումների փառք ու պատվով: Փափազյանը վերադարձավ, եւ երբ մեր երկրումՙ Մեծ թատրոնում նշվում էր Ֆիրդուսու հոբելյանըՙ Փափազյանին մեծ դեր էր բաժին ընկել. կարդում էր «Շահնամե»-ից մի քանի հատված: Ինչ պայմաններում էլ լիներՙ Փափազյանը հատուկ ուշադրություն էր դարձնում ֆիզիկական մարզումներին, ժուժկալ սննդակարգին, սակայն մոլի ընթերցասիրությունից նրան ուղեկից դարձավ անքնությունը: Հատկապես աշխարհի ժողովուրդների փիլիսոփայական գրականությունն էր կարդումՙ գիշերներըՙ ներկայացումից հետո: 1951 թ. օգոստոսի 15-ինՙ Արխանգելսկում «Լիր արքա»-ից հետո այդ պիեսի լուսանցքում մի սրտաշարժ խոստովանություն է արել: «Առավոտյան ժամը 4-ն է. գիշերը խաղացի իմ 219-րդ ներկայացումը: Լույսը բացվում է, իսկ սիրտս խավար է: Մի քանի տարուց հետո մեկն էլ չի մնա, որ այս տիտանային գործը մարմնավորի: Քառասունչորս տարի է, ինչ մաքառում եմՙ հանուն արվեստի, բայց ինձ այրող հրդեհը չի ուզում հանգչել, թեեւ ոչ քաղաք, ոչ ցեղ ու ազգ չմնաց երկրիս երեսին, որ այդ կրակից տաքացրած չլինեն իրենց սրտերը... Իմ բարի, անուշ, իմ համեստ ժողովուրդ, ուր էլ որ աչքերս փակեմՙ վերցրու ինձ ու ծոցումդ պահիր: Փոքր բան է մարդը եւ նրա աշխարհըՙ ոչինչ»: Ամենուր խաղում էր օտար լեզվով ու խեղդում օտար դեզդեմոնաների: Շատ էր կարոտել մայրենիին: 1952-ին «մեծ երկրի» առջեւ իր պարտքը լիուլի կատարելուց հետո, 1952-ին վճռեց գնալ իր կարոտի երկիրն ու բեմը: Ինչպես ինքն էր սիրում ասելՙ իրեն ծնող ժողովրդի համար էր ուզում ապրել ու գեղեցիկը պարգեւել: Մայր թատրոնում նա տառացիորեն խելահեղության հասցրեց իր «Արբենինով», կերտեց նոր դերեր. Լիր, Պրոտասով, Մաք Գրեգոր, հեռուստաթատրոնումՙ Մեսրոպ Մաշտոց... Թողեց գրչի ու հուշի շեդեվրներ... 80-ին էր մոտենում եւ զգաց, որ սիրտը դավաճանում է... Մի իղձ ուներ. հոգին ավանդել բեմում. վերջին սիրած դերում: Ու թեեւ բժիշկները արգելում էին, բայց իր արվեստի ուժով մոլորեցնում էր նրանց եւ նետվում թատրոն... Ժողովուրդն էլ էր նետվում թատրոն... Երբ Մաք Գրեգորը Լիրի վերջին տեսարանն էր ապրումՙ բեմում ու դահլիճում բոլորը քարանում էին... Ակնթարթը հավերժություն էր դառնում... Մի՞թե իսկապես Փափազյան-Լիրը մարեց... Ուշացումով կենդանության նշան էր նկատվում, եւ բեմն ու դահլիճը այնպես էր թնդում ծափերից ու ոտնադոփյուններից, որ թվում էր շենքը կփլվի... Հակառակ նրա մեծ ցանկությանՙ մահը չէր մոտենում... Վճռեց վերջին օրերը հարազատների գրկում լինել, եւ բարեկամները նրան ուղեկցեցին Օլգինո իր կառուցած տան, ստեղծած կուսական անտառի սոսափի մեջ... Երեք օր չփակեց աչքերը, գիտեր, որ այլեւս չեն բացվի: Երրորդ օրը ուժերն սպառվեցին, եւ ծանրացած կոպերը իջան... Հունիսի 5-ի առավոտն էր, որ եղավ վերջինը: Հետո նրան ծնած ժողովուրդը բերեց ու ամփոփեց իր ծոցում, սիրելիների կողքին... Գրքի վերջում անձնանունների ցանկն է եւ հետմահու նրա մասին եղած գրքերի ու հոդվածների ցուցակը (46 էջ): Վրիպումնե՞ր-սպրդումնե՞ր. աշխարհում չի եղել մի գիրք, որ զերծ լինի նման «մեղքերից»: Թերեւս սա բացառիկ էՙ ոչ միայն բարեխղճության տիպար հեղինակի, այլեւ հրատարակության (Գյուլբենկյան հիմնարկություն) եւ նույնպիսի տնօրենության (Պերճ Գառնիկի Ստեփանյան) շնորհիվ «մեղքերը» նվազ են: Իմ մեջ տարակույս հարուցեց, որ հետմահու հրապարակումների մեջ բացակայում են 83 եւ 84 թվականները (իմ մի քանի հրապարակումներն այդ թվերին են եղել): Վերստին տարակույս ունեցա, որ 1928 թ. մամուլիՙ Փափազյան-Օթելլոյի վերաբերյալ հայտնի քննադատների շարքում զետեղված են տասնամյակներ անց արգո հեղինակի կարծիքները... Իսկ բոլոր պարագաներում, շատ ցավալի է, որ այս վիթխարի աշխատանքը ընդամենը 300 տպաքանակով է լույս աշխարհ եկել: Նման մեծագործությունըՙ բացառիկ ու եզակի հանճարի մասին, ոչ միայն արժեր առավել մեծ տպաքանակով հրատարակել, այլեւ գեթ եւս երկու լեզվով (հայերեն ու անգլերեն). հենց միայն նրա համար, որ երկրորդը չկա եւ չի եղել աշխարհում, որ մոգ-արտիստ լինելուց զատ, նաեւ մեծ մտածող, գրող, ով բացառիկ գիտական ու մասնագիտական խորքով աշխատություններ է թողել իր արարումների ու վիպական հարուստ կյանքի վերաբերյալ... Փափազյանը գերմարդ էր. քանզի ոչ միայն շատ լեզուներ գիտեր, այլեւ խորապես քաջատեղյակ էր մեր մոլորակի բոլոր ժողովուրդների պատմությանը, փիլիսոփայությանը, արվեստի ճյուղերին, գրականությանը, տարազին ու ազգային-ցեղային հատկանիշներին: Ամենաբծախնդիր քննադատները գտնում էին, որ նա վարպետությունից «վեր մի հզոր, մոգական բան ունի», որ ստիպում է դահլիճներին մոռանալ իրականությունը եւ խելահեղության հասնել»... Իսկ իրար հետեւից իր շեքսպիրյան արարումների վերաբերյալ աշխատությունները ցնցեցին հատկապես Լենինգրադի շեքսպիրագետներին, որոնց անունից Վալենտինա Կոմարովան (ում ելույթները մեր շեքսպիրյան փառատոնի գիտական լսումներին մեզ շշմեցրել էին) 1986-ին մի հանգամանալի նամակ հղեց մեր ԳԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանինՙ Փափազյանի ոչ միայն աշխատությունները ռուսերեն եւ անգլերեն հրատարակելու մասին, այլեւ հնարավորինս հրատարակելու նաեւ արխիվային նյութերը... Նրանք գտնում էին, որ հայ ժողովուրդը աշխարհին ներկայանալու առավել շահեկան բան չունի, քան ինքըՙ Փափազյանը (նույնիսկ ակնարկում էին, թե ուրիշ մի ժողովուրդ, հատկապես մեր մերձավոր հարեւաններից, թե ունենարՙ գիտերՙ ինչպես մատուցել...): Որպես արխիվին քաջատեղյակ, հրավիրեցին եւ ինձ, ու մենք աշխատանքային պլան մշակեցինք... Ավաղ, հասցրինք միայն «Հետադարձ հայացքը» ռուսերեն հրատարակել: Հետո սկսվեցին մեր ազգային շարժումները եւ ամեն ինչ մոռացանք... Հիմա էլ ուշ չէ: Եթե գտնվի մի մեծ հայրենասեր, ով նաեւ դրամ ունենաՙ կջանա անել դա, քանզի ազգի համար առավել շահեկան ու մնայուն ծառայությունՙ դժվար թե գտնվի... Արդարեւ. գեղարվեստի միջոցներից ամենաբազմաճյուղն ու հզորը թատրոնն է. Փափազյանի թատրոնը: Եվ նրա անմահության առհավատչյան նրա խաղերը նկարագրող-կենդանացնող հրաշալի տողերն են, որով առատ է այս գիրքը, վերստին սա է կարեւորը, փառք ու պատիվ նրա հեղինակներին: (կրճատումներով) Նկար 2. «Լիր արքա» Նկար 3. Սուլթան Մուրադ «Ալբանիայի մեծ զորական Սկանդերբեգը» Նկար 6. «Օթելլո» Նկար 7. Մեք Գրեգոր «Իմ սիրտը լեռներում է» Նկար 8. Արբենին «Դիմակահանդես» Նկար 9. Կորրադո «Ոճրագործի ընտանիքը» |