ԱՐՎԵՍՏԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Հ. Ծ. Առայժմ զգուշավորությունն է իշխում «Նյու Յորք Թայմս» պարբերականի թղթակից Ռեյչլ Դոնադիոնովան Ստամբուլից հաղորդում է, որ Թուրքիայում արվեստները զարգանում են, սակայն չափազանց զգուշավորությամբ: Բոսֆորյան նեղուցի կղզիներից մեկում նա ներկա է գտնվել շքեղ մի ճաշկերույթի, որի ընթացքում «Ժամանակակից Ստամբուլ» արվեստների տարեկան տոնավաճառի հանձնախմբի նախագահ Ալի Գյուրելին ներկաներին, որոնց թվում են եղել հավաքորդներ, պատկերասրահի տերեր եւ նկարիչներ, հավաստիացրել է, որ Ստամբուլն իր արժանի տեղն է գրավել աշխարհում որպես արվեստների մայրաքաղաք: «Թվում էր թե նա ճիշտ է, բայց պատկերասրահների առատությունից եւ նրանց արտաքին հմայքից այն կողմ բոլորովին այլ պատկեր էր բացվում», գրում է նա: «Նկարիչներն ու գրողներն ասում էին, որ հետզհետե ավելի շատ ճնշումների կամ միջամտությունների են ենթարկվում կառավարության կողմից, որի պահպանողական, նեղ կրոնական մոտեցումը զրկել է երկիրը իր նախկին աշխարհիկ բնույթից: «Գրաքննությունը նոր չէ Թուրքիայում... բայց Գեզի Պարկի 2013-ի հունիսյան իրադարձություններից հետո այն զգալիորեն ավելացել է», նշում է նա, բերելով երեսուներեքամյա նկարիչ Իզ Օզտարի խոսքերը որպես օրինակ: «Կան անտեսանելի սահմաններ: Որոշակի օրենքներ չկան: Դա չափազանց ճնշող է»,ասել է նկարիչը, ով Մադրիդում կայանալիք ցուցահանդեսի համար գրքույկ էր պատրաստել, որի միջից պահանջել էին հանել 1915 թվի հայկական Ցեղասպանության մասին ակնարկը: Իրենց հերթին պետական թատրոնների պատասխանատուներ, շարունակում է իր հոդվածը Ռեյչլ Դոնադիոնովան, նշում են, որ պիեսների համառոտագրությունները պարտավոր են կառավարության ներկայացնել բեմադրության թույլտվություն ստանալու համար: Կանանց զգեստների երկարությունն ավելացել է ինչպես թատրոններում, այնպես էլ բալետային ներկայացումներում: Անցյալ նոյեմբերին նախագահական սիմֆոնիկ նվագախումբը ստիպված է եղել հանել իր ծրագրից դասական դաշնակահար համարվող Ֆազիլ Սայի ստեղծագործությունները, որովհետեւ նրան մեղադրել են կրոնական ոտնձգությունների մեջ: Էրդողանին ծաղրելու համար մի ծաղրանկարչի հանդեպ գործ են հարուցել, բայց հետո ազատ արձակել, բավարարվելով նախազգուշական խոսքերով: «CNN-Turk»-ը Ռուբենսի մասին իր հաղորդումներից մեկում ստիպված է եղել ծածկել «Երեք գեղուհիները» կտավի կանացի բարեմասնությունները, խուսափելու համար հետապնդումներից կամ տուգանքից: Դպրոցներում արգելված են Ջոն Սթայնբեքի կամ Ամին Մաալուֆի ստեղծագործությունները: «Երկրում ստեղծված է մի մթնոլորտ, որտեղ բարեպաշտն ու կրոնապաշտը ավելի ընդունելի տարր է», նշել է Ուսուցիչների միության Ստամբուլի մասնաճյուղից Բարիս Ուլուօջակը: «Յուրաքանչյուր գրող, լրագրող կամ բանաստեղծ գիտի, որ բառերը կարող են նրան վտանգ սպառնալ», ասել է հայտնի վիպասան Էլիֆ Շաֆաքը: Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուքը նույնպես հետապնդումների է արժանացել: «Քննադատական մտածողությունը տեղ չունի Թուրքիայում: Խոսքի ազատությունը նվազել է», ավելացրել է Շաֆաքը: Անցյալ տարի կառավարությունը բանաձեւ է ներկայացրել ստեղծելու արվեստներին աջակցող 11 հոգուց բաղկացած մի հանձնախումբ, սակայն մշակույթի գործիչներն անհանգստացած են, որ դա հավանաբար ավելի քաղաքական սկզբունքներով կառաջնորդվի, քան արվեստների զարգացման: Հոդվածագիրը այնուհետեւ գտնում է, որ իշխանության գալու օրերին Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն ավելի աշխարհիկ էր, քան այժմ, երբ սկսել է քննադատել անցյալի աշխարհիկ բարքերը: «Թատրոնը ձե՞ր մոնոպոլիան է: Դո՞ւք եք միայն հասկանում եւ խոսում արվեստների մասին: Ոչ: Այդ օրերը անցյալ են: Եթե նյութական օդանդակություն եք ցանկանում ստանալ, ապա կառավարությունն աջակցելու է այն պիեսներին եւ ստեղծագործություններին, որոնց ինքը հավանություն է տալիս», ասել է Էրդողանը: «Կառավարության միջամտությունը միշտ էլ զգացվել է: Սկզբում հարցնում էին, թե ինչ պիես ենք ցանկանում ընդգրկել մեր խաղացանկում, հետո սկսեցին մեզ առաջարկել պահպանողական դրամատուրգներիՙ ինչպիսին Նեջիպ Ֆազիլն է, գործերը», մեջբերում է հեղինակը 2013-ին պետթատրոնների տնօրենի պաշտոնից հեռացված 58-ամյա Լեմի Բիլգենի խոսքերը: Նրան հեռացրել էին պաշտոնից կառավարական ծրագրերը քննադատելու համար: Մթնոլորտը բավականին թանձր է: Ստեղծագործ մարդիկ չգիտեն, թե ինչ հեռանկար է սպասում այս քաղաքականությանը: Փոփոխություններ կարող են ակնկալվել, բայց առայժմ զգուշավորությունն է իշխում, եզրակացնում է հոդվածագիրը: |