ՄԵՐ ՕՊԵՐԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԿՈՆՍԱԼԵՍԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի պրոդյուսերը, խոսելով Երեւանում դաշնակահարի տապալված համերգի մասին, ասել էր, թե «Մենք ցանկանում էինք այս մութ ու գորշ քաղաքում մի լույս վառել, բայց մեզ թույլ չտվեցին»: Տրամաբանում ենք` մութ ուժերը եւ գորշ զանգվածները: Բայց քանի որ մեր պատմությունը մի լույսի մասին է, խոսենք Անտոնիո Կոնսալեսի մասին: Ես անձամբ, չնայած շատ եմ սիրում ինչպես Իտալիան, այնպես էլ Իտալիայի հետ կապված ամեն ինչ, ինչպես դասական երաժշտությունը,այնպես էլ դաշնամուրային կոնցերտները, մինչեւ վերջերս ոչինչ չէի լսել Անտոնիո Կոնսալեսի մասին. ասում են` աշխարհահռչակ է: Փոխարենը ես լսել եմ Ադրիանո Չելենտանոյին, անգիր չէ, բայց նրա հետ միասին կարող եմ երգել նրա` գրեթե բոլոր երգերը: Չելենտանոյի մասին եւս ասում են, որ աշխարհահռչակ է, ու, քանի որ ես էլ նրան ճանաչում եմ, համաձայն եմ: Ես չգիտեմ` լսե՞լ է արդյոք Չելենտանոն Կոնսալեսի մասին, թեկուզ որպես համերկրացի,բայց ես լսել եմ Կարեն Դուրգարյանի մասին, գիտեմ նաեւ, որ Կարեն Դուրգարյանը, թեկուզ մասնագիտության բերումով մինչեւ օրս ոչինչ չէր լսել Անտոնիո Կոնսալեսի մասին, փոխարենը վստահաբար գիտի Ադրիանո Չելենտանոյին: Արի ու տես, որ բարի մարդիկ, ովքեր ցանկանում են մեր մութ եւ գորշ քաղաքում մի լույս վառել, Երեւանում չեն կազմակերպել Չելենտանոյի համերգը,փոխարենը կանչել են Անտոնիո Կոնսալեսին` «լույսը լույս է էլի» սկզբունքով: Մարդը պարտաճանաչ եկել է, նրան օդանավակայանում հավուր պատշաճի դիմավորել են, ուղեկցել հյուրանոց, տրամադրել համերգին նախապատրաստվելու համար բոլոր անհրաժեշտ պարագաները, անգամ` դաշնամուր, ինչն, անշուշտ, սինյոր Կոնսալեսը կյանքում առաջին անգամ չէր տեսնում: Որպես դիրիժոր Կոնսալեսին «կցել» են ամենեւին էլ ոչ աշխարհահռչակ մեր Դուրգարյանին: Սկսել են պատրաստվել համերգին: Քաղաքով մեկ ցուցանակներ են փակցրել` «Երեւանում է աշխարհահռչակ երաժիշտ Անտոնիո Կոնսալեսը, ով հանդես կգա երեւանյան բացառիկ մենահամերգով, որի դիրիժորը կլինի Կարեն Դուրգարյանը (ոչ աշխարհահռչակ), իսկ համերգը կկայանա Օպերայում (մութ եւ գորշ)»: Համերգը չի կայացել։ Թե ի՞նչ է ասել Կոնսալեսի պրոդյուսերըՙ արդեն գիտենք։ Ասենք նաեւ, որ ըստ իտալացու ներկայացուցիչների` դիրիժոր Դուրգարյանը փորձերի ժամանակ իրեն դրսեւորել է ոչ որպես պրոֆեսիոնալ` փոխելով երաժշտության տակտը: Կարեն Դուրգարյանը, ով, հիշում ենք, աշխարհահռչակ չէ, որովհետեւ մերն է, վստահեցնում է, որ Կոնսալեսը պատրաստ չի եղել համերգին։ Սա եթե ավելի պարզ ասենք, ապա կնշանակի, որ Կոնսալեսը չի կարողացել հավուր պատշաճի, մեր` ում ասես չտեսած Օպերայի բեմին համապատասխան դաշնամուր նվագել, չի կարողացել… Կամաց շվշվացնելով Ռախմանինովի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրած 2-րդ կոնցերտը` Կոնսալեսը հեռացել է Հայաստանից, քանի որ ինքը աշխարհահռչակ երաժիշտ է: Դուրգարյանը այստեղ է, քանի որ ինքը աշխարհահռչակ երաժիշտ չէ: Մնացածն ուղղակի իտալացիների անհավանական արկածներն են մութ եւ գորշ մեր քաղաքում: |