ՊՈԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՆՎԱԳՆԵՐ Գայանե ՄԱԼՈՒՄՅԱՆ, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Հովասափյանի «Նախանվագներ» բանաստեղծությունների ժողովածուն Հրաչյա Սարուխանի բնութագրումը բանաստեղծուհուն` «ինքնաբուխ բառաբանության քրմուհի», այնքան պարտավորեցնող է, որ հեղինակին մաղթում եմ արժանի լինել դրան: Այն, ինչ կարողացա գտնել ու բացահայտել ինձ համար գրքի ընթերցումից, կարելի է ինքնատիպություն անվանելՙ անսովոր պատկերայնությամբ բանաստեղծական նախանվագներ: Ռուզան Հովասափյանիՙ անսովոր անձնավորումներ ստեղծելու կարողությունը հաճախ է տարածական սահմաններն ընդարձակում: Բառապատկերներ կան, որոնք խոսուն են ասելիքի էությունը բացահայտող բառի տեղին օգտագործման շնորհիվ. «Ցուցամատս տապանաքար է շուրթիս(11), Ձմռան ազդրերին կարճ փեշը սառեց(17), Ապակու փառին` ձեռքերս սարդեր(85): Հանդիպում են զարմանալի տողասկիզբ ունեցող, երբեմն վայրընթաց ապրող պատկեր-համեմատության գեղեցիկ օրինակներ. Մարմնիս ցախերը հատ-հատ գցում եմ խարույկը հոգուս, Ցուրտը սենյակիս, գութը կոնյակի դրսում են արդեն, Տեսնու՞մ ես, ինչպես շնչավորվում են մատներս բոցում, Զարկվում պատերին ու դանդաղ պատվում մաշկով կրակե(88) Պատկերավոր մտածողությանը չափից ավելի տուրք տալը երբեմն մի կողմ է թողնում ասելիքի նպատակը: Խինդ, թե՞ տառապանք երկընտրանքը միշտ էլ չոքում է շեմքին: Ու երբ տեսնում ես` քեզ բաժին հասածն ինչ է, տառապանքից իմաստնացած լինելը չի սքողում հոգուդ իջած հիասթափությունը. Ափերս երկարած ճաղերից փշեծածկ Հույզեր են աղերսում, ընդամենը մի բուռ, Չունեցածիցս ինձ փրփուր էլ չհասավ, Ունեցածիս համար` անծայրածիր մրմուռ (69) Ինքնապարփակ լինելու դրամատիկ իրավիճակը արվեստագետների ճակատագիրն է երեւի. «Օրերի կողքով անցնում էի, Օրերն էլ ի՛նձ չէին նկատում. Անտարբերությունը երկկողմանի էր»(98): Անտարբերություն, երբ նույնիսկ մեղք գործելու ցանկություն չկա, թեեւ «աչքերի անծայր ծովում լողացող» մեղքի առինքնումը իր թեկուզ եւ թեթեւ առկայծումներով նկատելի է. Ո՞վ գիտի, թե հետո մեղքի ումպը երկրորդ որերորդը դառնա, Ու չի լինի մեկը, որ ետ պահի ձեռքս, երբ կարոտը գոռա (97) Այս «երկրորդը» բառը շատ խոսուն է. կարծում եմ` մեղքի առաջին ումպից հետո կանգ առնելն ավելի հեշտ է, քան երկրորդից ... Անվանական անդեմ նախադասություններն օգնում են համր բնապատկերը դարձնել սկզբում շշուկ, հետո խոսք, հետո անբառ ճիչ ու մեղսագործության վկայություն. Գիշեր... Ձեռքեր` երկու տաճար, Գիշեր... Շուրթեր` աղոթք շրշող, Գիշեր... Աչքեր` մոմեր` շող-շող Ու կրակի տված մի խաչ (126) Մարդ - բնություն անձնավորման զիգզագաձեւ, տարընթաց, հաճախ կապրիչիոս հիշեցնող գունանկարներ են ընդերքում: Պեղել այդ հողաշերտերի բազմածալ հատակը հեշտ չէ: Անտառը կապեց բարուրը սյուքի, Նազով օրորեց լալկանին փխրուն, Թեթեւ շարժումով կանաչ ճկույթի Մարեցին բոլոր ձայները ճախրուն: Ու լռությունը սարից գլորվեց, Սմբակներն իսկույն մաշիկներ հագան, Ստնտու լուսինն աղջկան շոյեց, Աստղիկներ գործեց գլխարկին թավշյա: Պատկերայնությամբ շնչող այս քառատողերից հետո վերջինը անհասկանալի է թվում. Ու մոր աչքերում խանդը թանձրացավ, Խոշոր աչքերից ճիչը արձակվեց, Գորշ սարերն ի վեր փեշը բարձրացավ (ստորակետը չկա, բայց պետք է) Ու ճիժը գրկին` դաշտերում գժվեց:(147) Չկա մի բանաստեղծություն, որտեղ պատկերայնություն չլինի, ընդ որում, որքան կարողացա նկատել, ասելիքի խտացումը, արտասովոր մակդիրները (ռետինե քամի, լկստված գիժ), համեմատությունները հաճախ կարոտ են բացատրության. Մի բուռ քնքշանք խառնիր կավիս, Ծռմռատիր պարանոցս... Թե հիշեցրի տիրամորը` ճամփի՛ր հարեմ, Թե պոռնիկի` Եդե՛մ, Եդեմ... Իր ներքին դիտողականությամբ ստեղծում է պատկերներ, որոնք նկարչության մեջ իմպրեսիոնիզմ գուցե անվանեին, իսկ այդ ուղղությունը քչերին է հասկանալի: Անսովոր բառակապակցությունների վրձնահարվածներներով կերտված անձնավորումն ու համեմատությունը երբեմն միահյուսվում են. Ծեծված կնոջ պես երկինքը փախչում է(62) Ու լուսամուտին ոռնում էր ձմեռն` Ատամնաշարը լուսնի կոկորդին (17) Մատների փնջեր ռոյալին տխուր, Լացող ձկների ներհուն մեղեդի(18) Սառցադաշտերով աչքերիս Սահնակներ են անվերջ սղղում(44) Մտքի խտացումը հիշեցնում է Արիստոտելի հայտնի խոսքը, որ Շիրազը գեղարվեստորեն էր բացատրում` կուտերը շատ են. խնձորի ամեն կուտի մեջ մի ծառ կա, բայց խնձորն են առնում, ոչ թե կուտը. Պիտի հյութավորել, գույն տալ, համուհոտ տալ, իսկ ներսում անպայման կուտը լինի: Բառի կախարդանքը հաճախ է ստիպում քողախեղդ անել տաղը: Իհարկե, ամեն հեղինակ ինքը միայն լիովին կարող է բացատրել, թե ինչ է կամեցել ասել, երբ չափման երկակիությունը տանում է դեպի անհայտ հորիզոններ: Հենց հեղինակի խոսքերով. «Ունենայի ստվերիս հասակը/ Ու միտքը հասկի»: Այդ պարագայում է ծնվում իսկական բանաստեղծությունը: Ահա մի պատկեր-խճանկար. Կեռին երկինքն է մորթազերծ, Ասես զգեստ է ծակ-ծակ, Ասեղն առած, չգիտեմ էլ, Վիրաբու՞յժ եմ, թե՞ դերձակ(47) Կերպարանափոխության` բնության մարդեղացման, եւ մարդու` բնության հետ միաձուլվելու օրինակներն են. Պատվաստվեմ ծառին, Գարնանը ծաղկեմ, Ծափեմ ամռանը(56): Սառցագնդի ճեղքից, ասես սառցե ագի, Օրորվում է անկարգ օրը գարնանահույզ(69): Երկինքը երկնում է, Մառախուղե բուժքույրը Ձեռնոցներն է փոխում. Չեն հասցնում ձեռքերս: Բայց առաջինն եմ տեսնում մանկանն Ու փռում մաշկս փաթաթան որպես (60) Երկնելուց հետո մարդուն էլ, բնությանն էլ պարուրում է թեթեւության զգացումը (Վարուժանի` մայր եւ բանաստեղծ համադրումը). Խրտվիլակները ծանակում են ծանրությունս, Բայց ես շատ եմ նրանց նման, հենց ծնում եմ (53) (Խրտվիլակի թեթեւությա՞նը նախանձել. որքան էլ թեթեւՙ խրտվիլակ են ի վերջո): Մենակության ընկերակցությունն ընդունող եւ մերժող շատ բանաստեղծություններ կան. «Գլխապտույտի»` մենությունից հրաժարվելու հպանցիկ ակնարկն այստեղ ցավոտ մեղեդայնությամբ է հնչում. Լարերն անձրեւի շոյեցի թախծոտ, Ձայնն օտարոտի պղտորեց հոգիս, Պատվիրանների «մի»-երն ինձ ծանոթ Պատռեցի, ինչպես ծվենը շորիս: Ու խողխողեցի, ինչ դաժանությամբ, Մենակությանս` ընկերոջս հին, Հանեցի հագից շապիկը դիտմամբ, Հայացքիս աղը` հոսող վերքերին (70) «Մենությունը դոնորս է»,- խոստովանությունը փակագծեր է բացում: Բանաստեղծուհու էությանը հատուկ է համարձակությունն ու ընդառաջելու պատրաստակամությունը. չէ՞ որ ինքը կավից չէ շաղախված, այլ պոկոտված է ժայռից, ոչ միայն ցավակիր է, այլեւ փխրուն ու անհաշտի ցավն ամբարողը. մի խոսքով` էլի էն գիժը: Կրկին մեջբերեմ Սարուխանին` «դեռեւս ոչ արհեստավարժ` խոհաքնարական իր ողջ էությամբ բանաստեղծ կոչվելու ճանապարհին է ահա...»: Առաջին գիրքն է, ուստի ժամանակ կա հղկվելու, զուլալվելու: Մնում է ասել` բարի երթ: |