ՀԱՅ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ Հայ-չինական պատմամշակութային կապերի եւ համաշխարհային պարարվեստում հայերի մասնակության թեմաների իմ ուսումնասիրությունների հատման կետը եղավ չինաբնակ մի հայ պարուսույցի պարագան: 34-ամյա Վանուշ Բաբայանի հետ մի քանի տարի հեռակա հաղորդակցությունից հետո նրան հանդիպեցի Երեւանում: Մայրաքաղաքի մշակութային օազիսներից մեկումՙ «Բյուրոկրատ» գրախանութում, ծայր առավ շատ հետաքրքրական զրույց Չինաստանում ապրող հայերի, հայ եւ չինական բալետի, աշխարհի բեմերում հանդես եկող մեր պարողների մասին, որը մի պահ հաճելիորեն ընդմիջվեց գրախանութ մտած երկու երիտասարդ չինացիների մուտքով: Նրանք անակնկալի եկանՙ լսելով իրենց ողջունող հայ երիտասարդի սահուն չինարեն խոսքը...
- Եվ, այնուամենայիվ, Վանուշ, ինչո՞ւ հեռավոր եւ տարաշխարհիկ Չինաստանը, այն դեպքում, երբ մեծամասնության աչքը Եվրոպայի վրա է... - Չինաստանում պարարվեստի համար հսկայական հող կա: Այնտեղ շատ օտարերկրացի պարուսույցներ եւ բալետմայստերներ են աշխատում: Հարբինում ապրող մի ռուս մասնագետ իր գործընկերներից իմացել էր, որ կա մի այսպիսի հայ երիտասարդ, որ մոդեռն բալետի լավ տեխնիկա ունի ու նաեւ դասավանդելու ձգտում, եւ ինձ հրավիրեցին աշխատելու Դալիան քաղաքի միջազգային պարերի դպրոցում: Գնացի նախ պարզապես փորձելու, երկու ամիս անց ինձ հետ մեկ տարվա պայմանագիր կնքեցին, այնուհետեւ առաջարկեցին դառնալ դպրոցի փոխտնօրենը... Եվ այդպես ահա տասը տարի էՙ ապրում ու աշխատում եմ Չինաստանում... - Դու նո՞ւյնպես բալետային ընտանիքից ես: - Ծնողներս երաժիշտներ են: Ավարտել եմ երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի բաժինը, հետո տարվեցի պարով: Նախ հաճախեցի հայկական պարի խմբակ, հետո Պետերբուրգում մասնավոր ուսուցիչների մոտ հետեւեցի մոդեռն բալետի դասընթացների: Վեց տարի շարունակ կեսական տարով մասնակցել եմ Վագանովայի անվան պարարվեստի ուսումնարանի եւ այլ մասնագիտացված դպրոցների վճարովի դասերին: Պետերբուրգում հանդես եմ եկել «Չար ուժերը» եւ «Կալանավորները» մոդեռն բալետային ներկայացումներում, նաեւ սեմինարներ անցկացրել այնտեղ, Վոլգոգրադում եւ այլուր: 1998 թվականին մեկնեցի զինվորական ծառայության Քարվաճառում, առաջին գծում... - Ոտքերդ չվնասեցի՞ր զինվորական սապոգների մեջ... - Կար նման խնդիր. հայաստանցի պարողների համար ցավոտ հարց է... Բայց ծառայությունս շատ լավ անցավ, ստացա նախ ավագ սերժանտի, ապաՙ ավագի (ստարշինայի) կոչում: Զինծառայությունս բարեհաջող ավարտելուց հետո վերականգնեցի պրոֆեսիոնալ պատրաստվածությունս: Մեկական տարի պարեցի Նորայր Մեհրաբյանի ղեկավարած «Բարեկամություն» եւ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթներում: Միաժամանակ չորս տարի դասական պար եմ ուսանել Փայլակ Սարգսյանի մոտ, որին համարում եմ իմ գլխավոր ուսուցիչը: Ամեն անգամ Երեւան վերադառնալով հանդիպում եմ Փայլակ Ցոլակովիչին ու միշտ մի նոր բան եմ սովորում նրանից: Երեւանում նաեւ հիմնել եմ «Վան» պարային ստուդիան, դասական պար դասավանդել տարբեր դպրոցներում: 2002-ին Սմբատ Կլեկչյանի հետ հիմնեցինք «Պարմանի» պարային ստուդիան, որտեղ դասավանդում են ժողովրդական, ժողովրդական-բնորոշ եւ դասական պարեր: Քանի որ ես մոդեռն բալետի լավ դպրոց էի անցել, Երեւանում էլ նոր էր հիմնվել Կամերային երաժշտական թատրոնը, ինձ խորհուրդ տվեցին ուժերս այնտեղ փորձել: Երկու տարի աշխատեցի այդ թատրոնում. մասնակցեցի «Կատուներ», «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Չիկագո», «Լիլիթ» մյուզիքլներին: Հետո կառավարությունը սկսեց մեր թատրոնի շենքի հետ կապված խնդիրներ հարուցել, ես էլ ընդունեցի Չինաստանում աշխատելու հրավերը: Դալիանի միջազգային պարերի դպրոցում ցանկանում էին զարգացնել դասական պարը. իրենց մոտ միայն լատինամերիկյան պարեր էին դասավանդում... - Ի՞նչ լեզվով էիր հաղորդակցվում սկզբնական շրջանում: - Անգլերեն, բայց երկու տարում ինքնաշխատությամբ վարժ տիրապետեցի չինարենին: Մինչեւ հիմա ոչ ոք չի հավատում, որ ինքնուրույն եմ սովորել լեզուն, ոչ մի դասընթացի չեմ հետեւել: Միջազգային պարերի դպրոցում աշխատեցի չորսուկես տարի: Հետո որոշեցի շրջանակը լայնացնել, ուրիշ քաղաքներում սեմինարներ անցկացրի պարի ուսուցիչների եւ աշակերտների հետ: Ուզում էի իմ սեփական դպրոցը ստեղծել, սակայն 2013-ին առաջարկ եղավ մեկ տարով աշխատել Պեկինի Հուածյա պարարվեստի ակադեմիայում: Մեծ մասշտաբ ունեցող մասնագիտական դպրոց է, սերտորեն համագործակցում է Կորեայի, Անգլիայի եւ այլ երկրների հետ, այսօր ունի մոտ 500 աշակերտ Չինաստանի բոլոր ծայրերից, որոնք բոլորն ապրում, քնում, ուտում, սովորում են այդ դպրոցում: Հիմա Հուածյայի փոխնախագահն եմ: Նախանցած տարի ձեռք բերեցի Անգլիայի Միջազգային պարերի խորհրդի հավաստագիրը, որը բարձրագույնն է պարի մրցավարների համար: Դրանից առաջ, 2008-ին ստացել էի ողջ Չինաստանի պարարվեստի ֆեդերացիայի միջազգային մրցավարի կարգ եւ դարձել համաչինական պարի ուսուցիչների քննական հանձնախմբի անդամ: - Մի քիչ աշակերտներիդ մասին պատմիր: Ինչպե՞ս են նրանք քեզ դիմում: - Սկզբում պարզապեսՙ Վանուշ լաոշը (ուսուցիչ), բայց անունս դժվար էր արտասանել, ուստիեւ հիմա ասում են Բաբայան լաոշը: Չինաստանում ամենամեծ հաջողություններիցս մեկը կապվում է իմ աշակերտուհի Յույին Հանի հետ, որի հետ պարապում եմ յոթ տարի: Անցյալ տարի Իտալիայում կայացած արքայական բալետի մրցումներում Յույին Հանն արժանացավ առաջին մրցանակի 17 տարեկանների մեջ եւ երրորդ մրցանակիՙ ավելի բարձր տարիքային խմբում: Ի դեպ, Իտալիա գալուց առաջ նա եկավ Երեւան, եւ մենք այստեղ պարապեցինք, ու նա իրեն փայլուն դրսեւորեց: Հայաստանի իմ աշակերտներից Մարիամ Կարապետյանը հիմա բալետի պարուհի է Եգիպտոսում, Թամար Միսկարյանը դասավանդում է մեր պարարվեստի ուսումնարանում, իսկ Անի Նաջարյանը սովորում է Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիայում: Չինաստանում ամեն տարի կայանում է պարային մեծ ստուգատես, որի ժամանակ ընտրվում են լավագույն 12 զույգերը: Արդեն երեք-չորս տարի է, ինչ այդ լավագույն 12-ի մեջ երեք զույգն իմ աշակերտներն են: Շրջել եմ աշակերտներիս հետ Չինաստանի տարբեր շրջաններումՙ ներկայացնելով աշխարհի ժողովուրդների պարեր եւ բալետային համարներ: - Չինացիները հայտնի են իրենց աշխատասիրությամբ: Հե՞շտ է նրանց հետ աշխատելը: - Ճիշտ է, աշխատասեր են, քանի որ միշտ շտապում են: Եթե մի գործ են անումՙ չեն քնում, չեն ուտում, մինչեւ որ չավարտեն: Պատճառն իրենց երկրի ռիթմն է, արագ զարգացման տեմպը, որն ինքնաբերաբար ազդում է մարդկանց բնավորության վրա: Չինացիները շատ լավ ֆիզիկական տվյալներ, բացվածություն ունեն, մանկուց մարզվում են. բացառվում է, որ, ասենք, միանգամից քաշներն ավելանա, ու տարիների աշխատանքդ ջուրն ընկնի: Մնում է, որ դասական պարի պրոֆեսիոնալ ծրագիր լինի: Հիմա առաջարկ ունեմ աշխատել պրոֆեսիոնալ ուսուցիչների հետ. գալուցս առաջ հանդիպեցի պարային մեծ ընկերակցության նախագահ մի տիկնոջ հետ, որը մտադիր է Չինաստանում զարգացնել ռուսական պարարվեստի դպրոցը եւ գիտի, որ ես ուսուցանում եմ Վագանովայի եւ Մոսկվայի բալետային մեթոդներով: Ի դեպ, նշեմ, որ Չինաստանը բարձր է գնահատում իր ուսուցիչներին եւ արվեստի աշխատողներին: Բավական է ասել, որ նրանց կոմունալ ծախսերի վճարի քառասուն տոկոսը պետությունն է հոգում... - Մաղթեմ, որ Եվրասիական միություն մտած մեր պետությունը գոնե այս մի դրական օրինակը վերցնի Չինաստանից: Իսկ վերջում պատմիր խնդրեմ քո կատարած բեմադրությունների մասին: - Բեմադրություններ իրականացրել եմ դեռեւս Երեւանի Միքայել Մալունցյանի անվան երաժշտական դպրոցում աշխատելուս տարիներին: Մոցարտի երաժշտությամբ ներկայացրել եմ «Ճայը» պարային բեմադրությունն ըստ Չեխովի, որը հետո կրկնել եմ Դալիանում: Այստեղ բեմադրել եմ նաեւ «Թոմն ու Ջերին» մանկական ներկայացումը, իսկ արդեն Չինաստանում լինելուց հետո մի անգամ եկել եւ բեմադրել եմ «Սառած զգացումները» բեմադրությունը չինական ժողովրդական երաժշտությամբ: Երեւանում նաեւ մի քանի չինական պար եմ սովորեցրել մեր երեխաներին: Չինաստանում ամբողջական ներկայացումներ չեմ բեմադրել, Դալիանի եւ Պեկինի դպրոցներում մենապարողների համար բեմադրել եմ վարիացիաներ, պա-դե-դեներ եւ պա-դե-տրուաներ դասական երկացանկիցՙ «Քնած գեղեցկուհին», «Մարդուկ-Ջարդուկը», «Կարապի լիճը», «Դոն Կիխոտ», նաեւ պարեր «Փարիզի Աստվածամոր տաճարը» ու այլ մյուզիքլներիցՙ աշխատելով չինացի եւ հյուրախաղերի եկած մենապարողների հետ: Բեմադրել եմ նաեւ դասական եւ ժողովրդական պարերՙ ռուսական, ուկրաինական, հունական... Կանխելով քո հարցըՙ ասեմ, որ աշակերտներիս ծանոթացրել եմ նաեւ հայկական պարային շարժումներին եւ հաջորդ տարի մտադիր եմ հայկական պարային բեմադրություն իրականացնել Չինաստանում... |