«ՓԹԻԹԻ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՆԵՐԿԱՆ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Օրերս երեւանյան Վերնիսաժից բարեկամուհիս մանկական պատկերագրքեր էր գնել` բարձրորակ տպագրությամբ, գունային տպավորիչ նկարազարդումով` ավելի շատ ալբոմ, քան գիրք հիշեցնող, որոնց տեքստային մասը շատ քիչ էր: Բայց լավ էր` ընդհանրապես չլիներ, քան էր այդպիսին: Մի քանի տողից բաղկացած այդ իբր հանգավորած գրությունը կենդանիների մասին անբովանդակ բառակույտ էր, նմանաձայնական անհեթեթ կրկնաբանություններով: Նույնիսկ ափսոս էին տպագրական ջանքն ու ծախսված գումարը, որ քիչ չէր անշուշտ- շքեղ տպագրություն եւ սին բովանդակություն: Թվում է, թե ավելի դյուրին է մանկական գիրք կամ պարբերական հրատարակելը, բայց ինչո՞ւ, երբ դա պահանջում է շատ ավելի զգայուն մոտեցում` ոչ միայն զուտ հրատարակչական, նաեւ մանկավարժական ու հոգեբանական, էլ չասած` ներկայիս մանկապատանեկան հասակի երեխաների պահանջները, ըստ տեղեկացվածության նաեւ քմահաճ ճաշակը: Մեր դպրոցական դասագրքերում, մանկական ոտանավորների, երգերի տեքստերի մեջ անբովանդակ ու հակադաստիարակչական տեքստեր որքան ասես որ չեն եղել կամ չկան, որոնց մասին բազմիցս գրվել եւ քննադատվել է, բայց...: Եվ ահա ամեն անգամ երբ Բեյրութից ստանում ենք մանկապատանեկան «Փթիթ» պարբերականը, հիանում ենք հրատարակիչների ջանքով ու ճաշակով, թե ինչպես են կարողանում նրանք գիտելիքի, տեղեկության, զվարճանքի, ներքին - բարոյական դաստիարակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ երեխաներին մատուցել այդպես ներդաշնակորեն, որ լինեն ե՛ւ ուսանելի, ե՛ւ հետաքրքրական: «Փթիթ»-ը նախ եւ առաջ բովանդակային հագեցվածությամբ է աչքի ընկնում, հաճելի նկարչական-գունային լուծումները լրացնում են դա: Ընտրված խաղային վարժությունները երբեք չեն կրկնվում` նպաստելով երեխայի մտածողության խթանմանը, կենտրոնացմանը, արագ կողմնորոշմանը, մտքի ճկունությանը, միաժամանակ տարբեր առարկաներից գիտելիքներ հաղորդելով: Նմանապես ընթերցանության տեքստերը ընտրված են մտածված եւ խնամքով։ Թե՛ բովանդակությունը, թե՛ հարցադրումները ուղղակիորեն նպատակադրված են դաստիարակչական որոշակի խնդիրների, յուրաքանչյուր անգամ նոր մի դրսեւորմամբ: Զանազան խաչբառեր, գլուխկոտրուկ լաբիրինթոսներ, խաղային տարբեր հնարանքներ, հանելուկներ, նույնիսկ հումորները ուսանելի տեղեկություններ, լեզվական, թվաբանական գիտելիքներ են պարունակում: Արդեն բավական ժամանակ պարբերաթերթը առանձին խորագրով անդրադառնում է առողջապահական տարբեր խնդիրների, մատչելի եղանակով տեղեկություններ փոխանցում այս կամ այն վնասակար սովորության, օրգանիզմի վրա դրա թողած բացասական հետեւանքների եւ դրանից խուսափելու մեթոդների մասին: Այս համարում առաջ է քաշված մանկական օրգանիզմի վրա կաֆեինի ազդեցության հարցը` նկատի ունենալով այսօր ամենուր լայնորեն կիրառվող եւ սիրված խմիչքները` մասնավորապես` Coca Cola-ն, Pepsi Cola-ն, սուրճն ու թեյը. տրված են օգտակար խորհուրդներ: Պարբերականի խմբագրականում երեխաներին տեղեկացվում է այս համարի նորության մասին, խաղերի պատասխանները, ի տարբերություն նախորդների, նրանք կստանան հաջորդ համարում, հաղթողներին սպասվում են մրցանակներ: Քանի որ համարի լույս ընծայումը համընկել է Լիբանանի անկախության տոնի ամսվան` նոյեմբերին, պարբերականի պատասխանատուները` Վերժին եւ Կարո Աբրահամյանները առաջին էջը նվիրել են երկրի համար կարեւոր այդ իրադարձությանը, 400 տարվա օսմանյան տիրապետությունից Լիբանանի ազատագրման 71-ամյակին, նկատել տալով հետեւյալը. «Մենք իբրեւ լիիրավ քաղաքացիները այս հիւրընկալ երկրին, պարտինք երբեք չմոռնալ, թէ Լիբանան ոչ միայն ընդունած է Մեծ Եղեռնէն փրկուած հայ որբերն ու գաղթականները, այլ նաեւ առիթ տուած է, որ անոնք պահեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը, առանց որեւէ ճնշումի կամ արգելքի»: Ուրախալի է, որ չնայած որոշակի դժվարություններին, մի կարճ դադարից հետո մանկապատանեկան օգտակար եւ ուշագրավ այս հանդեսը շարունակում է իր գոյությունը` ի նպաստ հայ մանուկների ճաշակի կրթության, բարոյական դաստիարակության: Եվ կրկնակի ուրախալի է, որ այդ շարունակությունը հուսալի, ապահով ձեռքերում է. մեր տեղեկություններով «Փթիթ» մանկապատանեկան հանդեսի հովանավորությունը ստանձնել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայ համայնքների բաժանմունքը: |