RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 13-02-2015



Տեղադրվել է` 2015-02-13 12:56:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1262, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԻՆ ԹԻՖԼԻՍԸ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը փոքր էր ցուցահանդեսի բոլոր այցելուներին ընդունելու համար, իսկ ցուցահանդեսը իրավամբ հետաքրքրական էր, կարոտալի, ջերմ զգացմունքներ առաջացնող...

Իմ Թիֆլիսը... Այս խորագիրն էր կրում 2015 թվականի փետրվարի 6-ին այստեղ բացված վաստակաշատ գեղանկարիչ Ջիովաննի Վեփխվաձեի յուղաներկ աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

Ցուցադրվել էր 30 կտավՙ մեզանից հեռացող եւ գրեթե անհայտացող հին Թիֆլիսիՙ Հավլաբարի, Մեյդանի, Շեյթան բազարի, Հանքային բաղնիքների, շքամուտքերի, իտալական բակերի, կինտոների եւ դուքաններում քեֆ անող թիֆլիսեցիների պատկերներով:

Գեղանկարչության երկրպագուները, Թիֆլիսը հիշող եւ չհիշող քաղաքի բնակիչներըՙ հայեր, վրացիներ, ռուսներ... կարոտակեզ հայացքով եւ սրտառուչ ջերմությամբ դիտելով նկարները, վերապրում էին հին թիֆլիսյան շունչը:

Ցուցահանդեսը բացեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լեւոն Չիդիլյանը, հպարտությամբ նշելով, որ անվանի նկարիչ Ջիովաննի Վեփխվաձեի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց հատկապես «Հայարտուն» կենտրոնում, որտեղ այսօր ստեղծվել է հին քաղաքին հատուկ շարժուն կոլորիտը:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, Վեփխվաձե ստեղծագործողին անվանեց գեղանկարչության էսսեիստ: Իսկ հայտնի արվեստագետ Ալեքսանդր Պիրադովը կարեւորեց Ջիովաննի գեղանկարչության երկու ուղղությունները. հին Թիֆլիսի հետքը վերակենդանացնող աշխատանքները եւ նատյուրմորտները, որոնք ռեալիզմի անգնահատելի նմուշներ են:

Սրբապատկերների վարպետ Միխեիլ Մճեդլիշվիլին Ջիովաննի Վեփխվաձեի աշխատանքները իրենց իրատեսությամբ անվանեց «Կյանքը արվեստում»:

Ջիովաննի Վեփխվաձեն իր խոսքում նշեց, որ իր հոգուն մոտ է եղել թիֆլիսյան թեման, նկարել է տարբեր ժամանակներում, տարբեր առիթներով, երբեմն գեղեցկությունը վերարտադրելու հիացմունքով , երբեմն հեռացող առօրյայի հետքը պահպանելու մտորումով... եւ դա եղել է քաղաքի նկատմամբ տածած իր սիրո արտահայտությունը: Վեփխվաձե նկարիչը շնորհակալության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմին, նրա առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնին, Վրաստանի հայ նկարիչների միությանը իր արվեստը գնահատելու եւ անհատական ցուցահանդես կազմակերպելու համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 13-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ