RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 06-03-2015



Տեղադրվել է` 2015-03-05 20:14:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 899, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ 4-ՐԴ ԱՆԳԱՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայկական մշակույթի, պատմության ու քաղաքակրթության հանրահռչակումը միջազգային հարթակների միջոցով արդյունավետ ու նպատակային է: Հայաստանը զբոսաշրջության կենտրոն չէ, հետեւաբար ջանում է պատուհան գտնել դեպի արտաքին աշխարհ: Արեւմուտքի համար Արեւելքն էկզոտիկա է. աշխարհի խոշորագույն թանգարանները ժամանակ առ ժամանակ թարմացնում են այն ցուցահանդեսները, որոնք ներկայացնում են Արեւելքի մշակույթն ու քաղաքակրթությունը: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանը ներկայացվել է 3 անգամ: 2008 թվականին Հայաստանի պատմության թանգարանը «Մետրոպոլիտենում» ցուցադրել է բրոնզեդարյան մշակույթի բացառիկ նմուշներ: Նախորդ տարվա աշնանից մինչեւ 2015 թվականի հունվարի 15-ը տեւած «Ասորեստանից մինչեւ Իբերիա. մայրցամաքների քառուղիներովՙ դասական դարաշրջանի արշալույսին» խորագրով ցուցահանդեսին Հայաստանի պատմության թանգարանը ներկայացրել է ուրարտական ժամանակաշրջանի ինը եզակի նմուշ:

Նյու Յորքի «Մետրոպոլիտենը» հետաքրքրված է նոր ցուցահանդեսի գաղափարով: Հենց գարնան առաջին օրը Երեւանում էին թանգարանի միջնադարյան արվեստի եւ վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը եւ նույն վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսը: Նրանք հյուրընկալվեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, այնուհետեւՙ Հայաստանի պատմության թանգարանում: Ամերիկացի գիտնականները նախկինում բավականաչափ ուսումնասիրել են հայկական մշակույթը, հատկապեսՙ միջնադարը: Գրիֆիտ Մանը նկատեց, որ իր առաջին հանդիպումը Հայաստանի հետ ճիշտ էր կազմակերպվածՙ ծանոթություն հենց ակունքների, հայ ժողովրդի ծագումնաբանության, հնագույն մշակույթի ու քաղաքակրթության հետ, ինչը եւ ապահովեց էքսկուրսն Էրեբունու ամրոցում եւ թանգարանում: Հելեն Էվանսը մեր երկիր երկրորդ անգամ էր այցելում:

Հայաստանի պատմության թանգարանիՙ տարբեր դարաշրջաններ ներկայացնող ցուցասրահներում ամերիկացի հյուրերն իրենց հիացմունքը հայտնեցին: Նրանք ժամանակ առ ժամանակ կանգ էին առնում այս կամ այն ցուցանմուշի կողքին, հարցեր էին տալիս, գրառումներ կատարում: Ամերիկացի գիտաշխատողները հանդիպեցին պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի հետ եւ քննարկեցին «Մետրոպոլիտենում» 2017 թվականին ներկայացվելիք հայկական ցուցահանդեսի ծրագրերը: Հաջորդ օրը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ նրանք զրուցեցին նույն թեմայով: Նախարարի կարծիքովՙ հայկական մշակույթը պետք է դիտարկել ու ընկալել համաշխարհային մշակույթի համատեքստում: «Մետրոպոլիտենի» նման խոշորագույն թանգարանում հայաստանյան նոր ցուցահանդեսն օտարազգի արվեստասերներին հնարավորություն կտա մշակույթների փոխազդեցությունների համատեքստում ճանաչել հայկական ազգային մշակույթի ազդեցիկ դերն ու գերակայությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 06-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ