ԳԱԲՐԻԵԼ ԱՐՔ. ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Ժամանակների գաղափարական-հավատամքային բացակայության պայմաններում անցյալի ժառանգությունը իհարկե կարող է դառնալ ներշնչման աղբյուր, ուսուցանել, միաժամանակ վերհիշեցնել մոռացության մատնվող անձանց ու արժեքներ: Այդ արժեքները այսօր ժամանակավրեպ, արխայիկ են թվում, սակայն դրանց անհրաժեշտության դեպքում լուծումը դժվար չէ գտնել` դիմել անցյալի մտավոր ժառանգությանը, անցյալի գաղափարակիր անհատներին (փառք Աստծո, լի ու լի են, մենք էլ զուրկ չենք դրանից)` նրանց փորձը կիրառելու, դասեր առնելու: Սակայն դրա համար նախ եւ առաջ պետք է իմանալ անցյալը, ճանաչել այդ գործիչներին, սերունդներին ներկայացնել բոլոր նրանց, ում կյանքն ու գործը հիրավի իմաստավորել է իրենց ապրած ժամանակը: Այդպիսի անհատներից է եղել Գաբրիել արքեպիսկոպոս Այվազովսկին` հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայրը, կոչումով եւ էությամբ հոգեւորական, որ գործել է 19-րդ դարի սկզբներից մինչեւ 1880 թվականը, զբաղվել եկեղեցական եւ մանկավարժական գործունեությամբ, թողել գրական հարուստ ժառանգություն, բազմաթիվ ուսումնասիրություններ Հայ առաքելական եկեղեցու պատմությանը, քրիստոնեական վարդապետությանն առնչվող, սուրբգրային մեկնություններ ու խրատներ, միաժամանակ թարգմանություններ է կատարել, չափածո գործեր գրել: Գաբրիել Այվազովսկին վախճանվել է 1880 թվականին, եւ միայն վերջերս, մահից 135 տարի անց Երեւանում առաջին անգամ լույս տեսավ նրա գրական ժառանգության ընտրանին` արվեստաբան Շահեն Խաչատրյանի նախաձեռնությամբ ու ջանքերով: Վաղուց նա զբաղվում է Հովհաննես Այվազովսկու նկարչական ժառանգության ուսումնասիրությամբ եւ հատկապես հայկական ծագման հարցերով: Տեւական պրպտումներն ու ուսումնասիրությունները տվեցին արժեքավոր արդյունքներ, հայ եւ օտարալեզու բազմաթիվ հրատարակություններում նա անհերքելի փաստեր ներկայացրեց Այվազովսկու հայկական ծագումը հաստատող, ինչին հետեւեցին նաեւ օտար հեղինակներ: Շ. Խաչատրյանի ջանքերով նկարչի հայկական թեմաներով` «Նոյը իջնում է Արարատից», «Բայրոնի այցը Սուրբ Ղազար», «Մխիթարյան հայրերը Սուրբ Ղազար կղզում» կտավների հայտնաբերումից եւ Ազգային պատկերասրահ տեղափոխումից հետո միայն հնարավոր եղավ նկարչին ներկայացնել հայկական արվեստի բաժնում: Հ. Այվազովսկու կենսագրությունն ուսումնասիրելու ընթացքում նրա պրպտող ու արժեքները գհահատող հայացքը չէր կարող շրջանցել ու չարժեւորել նկարչի ավագ եղբոր ազգանվեր, մտավորական գործունեությունը: Վաղուց էր մտադրվել հանրությանը ներկայացնել գրական այդ ժառանգությունը, որն իրականացնել հնարավոր եղավ բոլորովին վերջերս` Գարեգին Բ կաթողիկոսի խորհրդով եւ հրամանով: Գիրքը նվիրած է Գաբրիել Այվազովսկու ծննդյան 200-ամյակին, տպագրված է «Տիգրան Մեծ» տպարանում: Ընտրված գործերն ըստ թեմատիկ ուղղվածության կազմում են գրքի հինգ հիմնական եւ մեկ հավելված բաժինները, որտեղ զետեղված են կրոնական երկեր, հոդվածներ, պատմական երկեր, չափածո գործեր եւ թարգմանություններ, հավելվածում տեղ են գտել հոգեւորականի նամակները` գրված եղբորը, նաեւ Գեւորգ Ախվերդյանին, Ներսես Հովհաննիսյանին, Խաչատուր Հովակիմյան - Լազարյանցին եւ այլոց: Քրիստոնեության վաղ շրջանի եղելությունների, պատմական դեմքերի նկարագրություններ, վերլուծումներ ու դիտարկումներ, ինչպես` քրիստոնյաների սրբազան քաղաքի` Երուսաղեմի առումն ու Տաճարի կործանումը, վկայաբանություն սուրբ Հռիփսիմեաց կույսերի, պատմություն Ներսես Մեծ հայրապետի մասին, Սուրբ Հարության խորհրդի մեկնաբանություն, այս ամենը Գ. Այվազովսկին ներկայացնում է պատումի բավական մատչելի շարադրանքով: Այս առումով առավել տպավորիչ է «Դասագիրք քրիստոնէական հաւատոյ» հատվածի ընթերցումը, որում Գաբրիել արք. Այվազովսկին պարզ եղանակով` հարց ու պատասխանի միջոցով համառոտ, ոճային առումով գրավիչ սուրբգրային մեկնաբանություններ է կատարում, բացատրում աստվածաշնչյան ուսմունքի, քրիստոնեական հավատամքի խորհուրդներն ու դրանց նշանակությունը: Քրիստոնեական բարոյականության, միաբանության ոգու, ազգային կյանքում մայրենի լեզվի դերի, քաղաքակրթության եւ առհասարակ մարդկային հոգու կրթության, ազգի առաջընթացի եւ դրա արգելակման պատճառների մասին ուսանելի եւ այժմեական շատ բան կգտնեք Այվազովսկու հիշյալ ժողովածուի մեջ ընդգրկված հոդվածներում. «Մեր ազգին ներկայ եւ ապագայ երջանկութեան համար փափագելի բաներ շատ կան, բայց ամէնուն ալ գլուխ պէտք է սեպել միաբանութեան հոգին` գիտնալով, որ անցյալ եւ այժմու թշուառութեանցն ալ գլխաւոր պատճառը անմիաբանութիւն եղած է», կամ`«Եթէ մէկ բան կայ աշխարհիս վրայ, որ մարդու մէջ ինչ ազգէ ըլլալը հայտնի կը կդարձնէ ամէն տեղ եւ ամէն ատեն, իր ազգային լեզուն է, եթէ ազգ մը իր լեզուն կը պահէ, ազգութիւն չի կորցներ» : Նույն ոգով ու տրամաբանությամբ են գրված կրթության, դաստիարակության, կենցաղավարության, բարոյականության ու էթիկական հարցերի մասին նրա թե՛ չափածո գրությունները, թե՛ թարգմանական գործերը, եւ անշուշտ պատահական չէ ռուս դասականի` Իվան Կռիլովի հայտնի առակների ընտրությունը: Գրքի ներածականում Շահեն Խաչատրյանը անդրադառնում է հայ մշակույթի պատմության մեջ Այվազովսկի եղբայրների թողած հետքի կարեւոր նշանակությանը` Հ. Այվազովսկու արվեստին ու դրա համաշխարհային հռչակին եւ Գ. Այվազովսկու հոգեւոր- մանկավարժական գործունեությանը մեր ազգային կյանքում: Գաբրիել Այվազովսկու մարդկային նկարագրի եւ գործունեության մասին կարեւոր վկայություններ է հաղորդում Ն. Քարամյանցը «Լուսավորության առաքյալը» կենսագրական հոդվածում` զետեղված Այվազովսկու Կռիլովի առակների թարգմանության 1896թ. երկրորդ հրատարակության մեջ, ինչը մասնակի կրճատումներով տեղ է գտել Շ. Խաչատրյանի կազմած հիշյալ ժողովածուում: Նիկ. Քարամյանցը գրում է. «Մեր դարու հայ եկեղեցականների մէջ քիչ անձինք կան, որ այնպիսի բազմադիմի գործունէութիւն ունեցած լինին, որպիսին ունեցել է Գաբրիէլ արքեպիսկոպոս Այվազեանը» : Գ. Այվազովսկին ծնվել է 1812 թ., Թեոդոսիայում, երկու տարի աշակերտել է Մխիթարյան հայրերից Մինաս Բժշկյանին, ապա տեղափոխվել է Վենետիկի Սբ Ղազար վանք, սովորել Մխիթարյան դպրոցում, աշակերտել է նշանավոր հայագետ հայր Մկրտիչ Ավգերյանին, նրա հետ համագործակցել «Հայկազեան» եւ «Առձեռն» բառարանների ստեղծման աշխատանքներում: Իր հրապարակման մեջ Քարամյանցը մտավորականի լավագույն հատկանիշներով է բնութագրում Գ. Այվազովսկուն. նա հիմնավորապես տիրապետել է մի քանի հին եւ նոր լեզուների` եբրայերեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն, իտալերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ թուրքերեն, կարդում եւ հասկանում էր անգլերեն եւ գերմաներեն: Հայագիտությունը նրա ուսումնասիրության հիմնական առարկան էր, հավասարապես կիրառում էր գրաբարը եւ աշխարհաբար նոր հայերենը: Այվազովսկու գործունեությունը Մխիթարյան միաբանության մեջ հիրավի անգնահատելի է. ուսուցանում էր արեւելյան եւ եվրոպական լեզուներ, աստվածաբանություն եւ փիլիսոփայություն: Նա է եղել հիմնադիրը «Բազմավէպ» հանդեսի եւ առաջին 6 տարիների խմբագիրը: 1848-ից ստանձնում է Փարիզի Սամուէլ- Մուրադեան վարժարանի ուսումնական մասի տեսչությունը, այդ ընթացքում դպրոցը զգալի առաջընթաց է ունենում, բարձրանում է հեղինակությունը ոչ միայն կաթոլիկ, այլեւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների շրջանակներում: Գաղափարական եւ դավանանքային տարաձայնությունները սակայն նրան հեռացնում են սիրած աշխատանքից, Մխիթարյան երկու հայրերի` Սարգիս Թեոդոսյանի եւ Ամբրոսիոս Գալֆայանի հետ Փարիզում հիմնում է Հայկազեան բազմալեզու վարժարանը, որը, սակայն, նյութական օժանդակություն չստանալով փակվում է: Ինչպես ընդհանրապես եւ միշտ է պատահում, տիրող ընդհանուր մտայնություններից տարբերվող անհատին վիճակվում է բարդ, անհարթ ճանապարհ: Գաբրիել Այվազովսկու նկատմամբ հալածանքները շարունակվում են Ռուսաստան` Պետերբուրգ, ապա ծննդավայր վերադառնալուց հետո էլ, այս անգամ` հրապարակային բնույթի, «Հիւսիսափայլ», «Մեղու Հայաստանի», «Մեղու» պարբերականների էջերում: Թեոդոսիայում նա լուսավորչական լայն գործունեություն է ծավալում: Իր հիմնադրած Խալիպյան դպրոցը միառժամանակ վերածնում է հայկական մշակութային կյանքը Ղրիմում, հայկական կրթություն ստացած 150 անձինք իրենց նպաստն են բերում հայ կրթական եւ եկեղեցական գործին: Հատկապես կարեւոր են եղել դպրոցի համար պատրաստած դասագրքերի, հանրօգուտ գիտելիքների («Լսարաններ», «Մասեաց աղաւնի») հրատարակությունները: Քարամյանը բարձր է գնահատում նրա ավանդը աշխարհաբար հայերենի մշակման գործընթացում. սկզբունքով հակառակորդը լինելով աշխարհաբարի, նա դառնում է դրա մշակողներից մեկը` աշխարհաբարը կանոնավորելով գրաբարով եւ հարստացնելով գավառաբարբառներով: 1867 թվականից հայր Այվազովսկու կենսագրության մեջ նոր շրջան է սկսվում, Գեւորգ Դ կաթողիկոսը նրան ձեռնադրում է եպիսկոպոս եւ սինոդի անդամ կարգում, իսկ մի քանի տարի անց իր հիմնադրած Գեւորգյան ճեմարանի տեսուչ է կարգում` միաժամանակ նրա վրա դնելով Վրաստանի եւ Իմերեթի թեմակալության պարտավորությունները: Այստեղ նույնպես շարունակում է կրթական-մանկավարժական եւ գրական աշխատանքները, մասնավոր խնամք ցուցաբերում Ներսիսեան, Հովնանեան-Մարիամեան դպրոցներին, այդ ընթացքում ավարտում է «Խալիպեան ուսումնարանի պատմութիւնը» եւ գրում «Պատմութիւն Գէորգեան ճեմարանի» խորագրով կրթօջախի հնգամյա նկարագիրը, շարունակում աստվածաբանական գործերի, աշխարհաբառի բառարանի սրբագրական աշխատանքները: Տկարացած առողջությունը սակայն տեղի է տալիս բազմաբնույթ, եռանդուն գործունեության ծանրությանը, իսկ առավել անտանելին հիվանդ միջավայրն էր, հալածանքները, տգիտության հասնող բանսարկություններն ու պառակտումները: «Մեր նորագոյն եկեղեցական պատմութեան մէջ այսպիսի մեծ հակառակութիւն եւ կատաղի պատերազմի այլ օրինակ չկայ ու երանի՜ թէ այլեւս երբեք չլինի...»: Գնահատելով հոգեւորականի ազգաշահ նվիրումը` Քարամյանը գրում է. «Նրա կառավարած բոլոր դպրոցներում էլ նա ինքն է եղել ամբողջ ուսումնարանի ոգին եւ իւր գիտութեան դրոշմը տուել է այդ հիմնարկութիւններին»: «Երբ այսօր նրա հրատարակած «Լսարանները» կարդում ենք, «Մասեաց աղաւնու» գիտնական նորութիւններն աչք անցկացնում, ստիպուած ենք խոստովանելու, որ այդ անձն յիրաւի լուսաւորութեան առաքեալ է եղել, որի գործերին մենք այսօր հաւասար գործեր չենք կարող զուգաւորել» : Հ. Գաբրիել Այվազովսկին վախճանվեց 68 տարեկան հասակում, Թիֆլիսում, երբ նրա հակառակորդները, ինչպես Քարամյանն է գրում, արդեն հաշտվել էին իր հետ. «Այսպէս հետզհետէ կը մոռացուին կրքերն ու կռիւներն եւ կը մնան այն գործերը, որոնք մնալու արժանի են, որից հետոյ միայն հնարաւոր կը լինի իսկական գնահատութիւնը» : Գաբրիել Այվազովսկու գրական ընտրանու Շահեն Խաչատրյանի այս հրատարակությունը այդպիսի մի գնահատություն է, անցյալի մեր լավագույն գործիչներին արժեւորելու, չմոռանալու կարեւոր նշանակությամբ: Գրքում զետեղված են նաեւ Հովհաննես Այվազովսկու գործերի իլյուստրացիաներ եւ Այվազովսկի եղբայրների` 1857 թվականի լուսանկարները` Պոլսի առաջին լուսանկարչի կողմից արված: |