ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՋՈՆ ԲԻԼԵԶԻԿՉՅԱՆԸ Հ. Ծ. Միշն Վիեխոյի (ԱՄՆ) իր տանը երիկամի երկարատեւ հիվանդության հետ համառ պայքարից հետո 66 տարեկանում վախճանվել է արեւելյան ուդ երաժշտական գործիքի վարպետ նվագող Ջոն Բիլեզիկչյանը: Նա ելույթներ էր ունեցել եւ ձայնագրություններ կատարել համաշխարհային ճանաչման արժանացած արվեստագետներիՙ Լեոնարդ Քոհենի, Լիթլ Ռիչարտի, Լուիս Միգելի, Ռոբերտ Պալմերի եւ Պլասիդո Դոմինգոյի հետ: Նրա ուդի նվագակցությունը հնչել է ութ տասնյակից ավելի գեղարվեստական եւ հեռուստատեսային ֆիլմերում, այդ թվում նաեւ «Շինդլերի ցուցակում» եւ «Ֆրանսիական կապերում»: Ժամանակին «Լոս Անջելես Թայմսին» տված հարցազրույցում նա նշել էր, որ կարող է 40 տարբեր գործիքներ (կիթառ, վին, զիթեր, թմբուկ, ջութակ եւ այլն) նվագել, բայց «ուդը իմ կյանքն է»: Ծնվել էր Լոս Անջելեսում 1948ին, երաժիշտների ընտանիքում: Հայրը ջութակահար էր, պապըՙ ուդ նվագող: Իսկ մայրըՙ երգչուհի: Նրա կատարումները կարելի է լսել «Լագունա Հիլզում» իր իսկ հիմնադրած «Dantz Records-ի» ձայնագրություններում: |