RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015



Տեղադրվել է` 2015-04-10 00:02:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1085, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԿԱԴՐԻՑ ԴՈՒՐՍՙ ԿԱԴՐԻ ՀԱՄԱՐ

Նաիր ՅԱՆ

Սովետական տարիներին մեր երկիրը կինոյի մասին օրենք չի ունեցել, բայց գրաքննությունը, պատասխանատվությունը, ներքին կարգ ու կանոնը մշտապես վերահսկել են ոլորտը: Համենայն դեպս, ոչ ոք չի կարող փաստել, թե այն ժամանակ ամեն տեղից վեր կացողը կարող էր ֆիլմ նկարել: Չհամակարգված ու տարերային կինոասպարեզն այսօր ինքնակազմակերպման ունակություն չունի. ոլորտի մարդիկ պարբերաբար բարձրաձայնում ենՙ կինոյին կինոյի մասին օրենք է պետք:

Օրենքը, փաստորեն, ստեղծման փուլում է, մշակվում է մշակույթի նախարարության իրավաբանների կողմից: Հետո դրա մասին կարծիք կհայտնեն կինոգործիչները, այնուհետեւ օրենքի նախագիծը կդրվի հանրային քննարկման:

Կինոգործիչները մեծ ակնկալիքներ չունեն այդ օերնքից, բայց հույս են փայփայում, թե այն հարկային արտոնություններ կսահմանի կինոյի աջակիցների համար: Նրանք համակարծիք են, որ պետք է ստեղծել մի կառույց, որը կվերահսկի դաշտը, թույլ չի տա, որ պատահական մարդիկ, ինչ է թե գումար ունեն, ֆիլմ նկարեն ու ցուցադրեն: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի կարծիքովՙ պետք է հասարակական օղակ ստեղծել, որն էլ իրավասություններ կունենաՙ հետեւելու կինոոլորտի շարժին ու իր չափորոշիչներով կվերահսկի դաշտը: «Կինոդահլիճները եւս պետք է վերահսկվեն: Պետք է հստակեցվի, թե ինչպիսի, որ տարիքի համար նախատեսված ֆիլմեր կարող են ցուցադրել կինոդահլիճները կամ կինովարձույթը: Օրենքն անհրաժեշտ էՙ նաեւ հայկական կինոն հանրահռչակելու համար: Մեծ խնդիրներ են առաջանում, երբ ուզում ենք մեր ֆիլմերը դուրս տանել կրիչով կամ այլ տարբերակով»,- ավելացրեց Գեւորգ Գեւորգյանը:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը հիշեց 1990-ականները: «Կինոյի մասին օրենքի հարցով վարչապետ Հրանտ Բագրատյանի մոտ գնացինք: Նա ասաց, որ նրբերշիկ արտադրողն ու կինո արտադրողը պետք է հարկային նույն դաշտում լինեն»:

Ֆեյսբուքյան իր էջում Հրանտ Բագրատյանը պատասխանել էր իր հասցեին հնչած մեղադրանքներինՙ մտավորակններին առնելով չակերտների մեջ: (Մեջբերված էՙ առանց խմբագրման) «Սա շատ հետաքրքիր է: Վկայում է մեր մտավորականության որոշ «ներկայացուցիչների» ողորմելի վիճակի մասին: Եվ սա այն դեպքում, երբ ես առաջինն եմ, որ պարտավորվեց կինոյի պետական պատվերներ իջեցնել պատերազմի ծանր տարիներին: Ի դեպ, այդ պատվերներում հարկերը հաշվում են: Համադրելի գներով վստահ չեմ, որ պետբյուջեից կինեմատոգրաֆները հիմա ավել են ստանում, քան 1994-96 թթ.: Եվ ուրեմն ո՞րն է խնդիրը: Այս «մտավորականները» դժգոհ են: Բայց հո չե՞ն կարող կոնկրետ դժգոհություն արտահայտել ներկա իշխանություններին: Այդ դեպքում ամեն ինչից կզրկվեն: Իսկ մենք դեմոկարտ ենք: Մեզ կարելի էր: Հետո արի մի բան ասեմ էլի, մտածում են սրանք, սիրտս թեթեւացնեմ: Համ էլ ասածս, ըստ իրենց, կոնկրետ կլինի: Կարելի՞ է մի հատ ապացույց ներկայացնել, թե ես նման բան եմ ասել»,- գրել է Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանին ոչ ոք չի պատասխանել:

Կինոգործիչները չարիք են համարում հումորային կոչվող այն կինոարտադրանքը, որն ուղղակի հեղեղում է էկրանն ու կինոդահլիճները: Ճաշակի անկում, բարձր արժեքների ոտնահարում, կինոարվեստի նկատմամբ ընդգծված արհամարհանք, գեղագիտության ու պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայություն. հանրության շրջանում արագ եւ ուժգին PR-ը հանգեցնում է այն բանին, որ մարդիկ կարող են վերջին գրոշն էլ տալՙ նոր նկարահանված անճաշակ ֆիլմը նայելու համար:

Կինոգործիչների մեծագույն ցանկությունն է օերնքը նպաստի, որպեսզի ինվեստորները հետաքրքրվեն կինոարտադրությամբ: Բայց մտավախություն կա. ի՞նչ երաշխիքներ, որ այդ նույն անճաշակ, ցածրակարգ ֆիլմի հեղինակները համագործակցության առաջարկով չեն դիմի ինվեստորներին: Ու դարձյալ բարձրարժեք կինոն կմնա հետին պլանում: Ո՞վ եւ ինչպե՞ս պիտի սահմանի, թե որ ֆիլմն է նկարվելու արժանի, եւ որըՙ ոչ: Ինվեստորներին, բնականաբար, կգայթակղի շահույթը, իսկ շահույթ այսօր բերում են ցածրորակ, պղպջակային ֆիլմերը:

«Կյանքի վերջին տարիներին Խորիկը, Ֆրունզը քանի՞ ֆիլմում նկարվեցին. ոչ մի: Այնինչ նրանց տաղանդը պետք է մինչեւ վերջ օգտագործվեր: Դերասանները գնում են, իրենց շնորհքն էլ տանում են հետները: -շիկների, խուտուտ տվողների սերունդը մտավ հեռուստատեսություն, թատրոն, հիմա էլՙ կինո: Ամենալավ տեխնիկայով են նկարում, ամենալավ օպերատորներին են վարձում, ո՛ր դերասանի վրա մատները դնենՙ կվճարեն, ու նրանք կխաղան: «Սուպեր մամա» ֆիլմը մեկ միլիոն եկամուտ է բերել: Մի օր որոշեցի գնամ-նայեմ «Սուպեր մաման»: Տասնհինգ րոպե հետո փախա դահլիճից»,- պատմեց դերասան, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը :

Նրա դիտարկումը չէր շրջանցել «Սուպեր մամայի» դերասան Հայկ Մարությանը , որն իր ֆեյսբուքյան էջում գրել է (Մեջբերված էՙ առանց խմբագրման). «Սուպեր մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է 220.000 մարդ, ինտերնետով եւ հեռուստատեսությամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3 միլիոն մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավելի էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է: Իհարկե այս փաստերըՙ մեր ոլորտի որոշ գործիչներին ուրախացնելու փոխարեն, մեծ ցավ են պատճառել: Այդ ցավը այնքան է տանջել, որ իրենցից մեկը չի դիմացել եւ փորձել է խիստ արհամարհական կերպով արտահայտվել Սուպեր Մամա ֆիլմի մասինՙ չհասկանալով, որ նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3 միլիոնից ավել մարդկանց, ում դուր է եկել այս ֆիլմը:

Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաեւ իրականությունից, եւ որն ամենացավալին էՙ փախնում են ժողովրդից եւ թողնում նրան միայնակ ամենածանր պահերին»:

Այս գրառմանը եւս կիոնգործիչներից ոչ ոք չի պատասխանել:

Նրանց համախմբել է օրենսդրական դաշտի բացակայությունը, թաց ու չորՙ նույն խարույկում վառելու անկարելիությունը, արվեստիՙ արհամարհված, իսկ աղբիՙ պահանջված լինելու աբսուրդային իրականությունը: Կինոյի մարդիկ ուզում են հավատալ, որ կոռուպցիոն ռիսկեր չեն ձեւավորվի դաշտում եւ որ պետական հովանավորությամբ նկարահանվող ֆիլմերի բյուջեի կեսն առաջվա նման չի գանձվի: Նրանք ուզում են, որ կինոյի մասին օրենքը բարձրացնի կրթական, գեղագիտական դաստիարակության նշաձողը, եւ եթե անգամ ցածրակարգ ֆիլմեր նկարվեն, դրանց կողքին լինի նաեւ այլընտրանքՙ բարձրաճաշակ, զտարյուն արվեստ ցուցադրող ֆիլմեր:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 10-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ