ՄԵՐ ԸՆԿԵՐ ԱՐԱՄԸ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր ընկեր Արամի մասին խոսքս ուզում եմ սկսել իր ծննդավայրից: ... Կորած-մոլորած մի գյուղ կա Վայոց Ձորի հարավային փեշերին, մայրուղուց հեռու, բլուրի ետեւը պահվտած, որ այսօր հազիվ երեսուն տուն բնակիչ ունի: Քանի՞ մարդ գիտի այդ գյուղի տեղն ու անունը... 1828-ին Խոյից գաղթած հայերի մի խումբ գերադասել է բնավորվել այդտեղ: Գյուղը հին գյուղ էՙ իր խոնարհված վանքով, 8-9-րդ դարերի հսկա խաչքարով... Հնում կոչվում էր Ղաշղա, հետո փոխել են ու անհեթեթ մի անուն են տվել գյուղինՙ Վարդաշատ... Ի՜նչ վարդ, ի՜նչ բան. վարդ կա՞ր, որ շատ էլ լիներ... Հետպատերազմյան տարիների լեռնային թշվառ ու աղքատ մի գյուղ: Ահա այս գյուղում է ծնվել մեր ընկեր Արամը, աչք է բացել ու հասակ առել տարին տասներկու ամիս բանող-աշխատող-ստեղծող, իր մի կտոր հացը քրտինքով վաստակող, բնության հետ միաձույլ, բնության հետ դաշնավոր կյանքով ապրող մարդկանց մեջ: Եվ իր ծննդավայրում էլ ստացել է իր հիմնական բարձր կրթությունըՙ հող փորելու ու հող վարելու ճեմարանից մինչեւ գերանդի ծեծելու եւ գերանդի քաշելու ակադեմիան եւ առհասարակ գյուղական օրնիբուն աշխատանքի բոլոր կարգերն ու աստիճանները: Ֆիզիկական աշխատանքն է, որ մարդուն տալիս է հոգեկան ազնվություն եւ նկարագրի շիտակություն եւ կյանքի այնպիսի ճանաչողություն, որ ամենաիմաստուն գիրքն անգամ չի կարող տալ: Ծննդավայրն ու հայրենի բնօրրանն են ձեւավորել մեր ընկեր Արամի նկարագիրն ու կերպը: Պայծառ աշխարհ է Արամի գյուղը, որ նաեւ իմ հոր ու պապերիս ծննդավայրն է: Եվ այդ աշխարհը Արամին տվել է բարեկիրթ խոսքի ձիրքՙ գրավոր ու բանավոր խոսքի շենքուշնորհ, կյանքն ու իրականությունը հստակ տեսնելու կարողություն եւ լավատեսական մի հայացք, որ օծված է ժողովրդական նուրբ ու իմաստուն հումորով: Մեր ընկեր Արամը իր բնաշխարհի գույները պահած մարդ է, ինչը միջավայրում նրան դարձնում է ուրիշներից տարբեր ու առանձնակի: Մեր ընկեր Արամը է՛ն գլխից գրքով ու գրքի մշակույթով ապրող մարդ է: Եվ գրքի հանդեպ սերն ու խանդը պահել է մինչեւ հիմաՙ «Սպասիր, էդ ի՞նչ գիրք է ձեռքիդ»: Գիրք կարդացողի եւ գիրք չկարդացողի միջեւ անդունդ կա, հասկացողի եւ չհասկացողի միջեւՙ անչափելի անդունդ: Գիրք կարդացողները այս ափին են, մնացյալներըՙ մյուս: Կարդացողները քչերն են եւ մեր ընկեր Արամը այդ քչերի մեջ է եւ այդ քչերից մեկն է: Հին ժամանակներում այր մարդու ծաղկուն հասակը, իր ուժերի առավելագույն վերելքը համարում էին 40-45 տարին: Հին հույները դրա համար բառ էլ ունեինՙ ակմե: Հիմա այլ են ժամանակները, այլ է կյանքը: Մեր ընկեր Արամի ծաղկուն շրջանը, իր վերելքը, իր ակմեն ընդամենը երեկ լրացած վաթսունն է... Մարդս իր կյանքում հարյուրավոր ճանապարհներ է անցնում: Բայց ամեն մարդ իր կյանքում ունի մի ճանապարհ, մի արահետ կամ ճանապարհի մի հատված, որին ոտք դնելիս ինքը դառնում է բոլորովին ուրի՛շ, դառնում է ա՛յլ: Կերպափոխվում է, դառնում է այն նույն պատանին, որ մի օր հեռացել է գյուղից: Ինձ թվում է, որ բազում ճանապարհներ անցած Արամի համար այդպիսի նվիրական ճանապարհ է մայրուղուց մինչեւ իր գյուղ, մինչեւ իր հայրական տունը ընկած ճամփան: Իր գյուղի ու իր տան ճամփան... Մի հին իմաստուն խոսք կա. «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու»: Մենք միաբերան, բազմաձայն խոստովանում ենք. «Մեր ընկերը Արամն է, Կարապետյան»: -Հիմա հերթը ձերն է, ասեք, թե ով ենք մենք: -Դուք երկուսդ էլ Արամ Կարապետյան եք: -Համաձայն ենք, մենք բոլորս իսկապես Արամ Կարապետյան ենք, մանավանդ որ այդպես ապահով է, պարզ է ու հասկանալի: Զարմանալի է, վերին նախախնամությամբ բոլոր հայերս մի մարմին ենք տարբեր ենթամարմիններով, տարբեր անուններով եւ զբաղումներով, տարբեր կարողություններով ու հնարավորություններով, ժամանակավոր խռովությունների եւ երկարաշունչ հաշտությունների ջրերն ընկած, մեկս անհաշտ խոյեցի, մեկս մեծախոս քաջատնեցի, մյուսս Շիրակա ցուրտ աշխարհից,- բոլորիս, բոլորիս միավորում է մի Լեզու, մի Լեռ, մի Տուն-հայրենիք... Այս քնարական նախաբանից անցնենք մեր բուն ասելիքին. ՀՀ կրթության գլխավոր տեսուչ կամ ՀՀ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը ապրիլյան այս օրը դարձավ 60 տարեկան. ճիշտ այդքան էլ նրա աշխատանքային գործունեության տարիներն են, քանզի ծնունդով գյուղացի է. ծնված օրից ոտքի վրա եռուզեռի մեջ է. հոր համար ծառայել է որպես ծանրությունՙ կամի քար, ջրկիր, հոտաղ, մաճկալ, քարտաշ, հնձվոր, պիոներ, գերազանցիկ դպրոցական Պարույր Սեւակի Զանգակատուն գյուղում, կոմերիտական, հափշտակված ընթերցող, Խորհրդային բանակում ավագ կամ գլխավոր խոհարար, Մանկավարժականի վարժ ուսանող, Լենինյան թոշակառու, Ստեփանավանում ուսուցիչ, դպրոցի հեռանկարային տնօրեն, Լոռու մարզի կրթության վարչության պետ, նախարարության կրթության վարչության պետ, կառավարության վարչության պետ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավոր ընկեր, Մանկավարժականի խորհրդի նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի դասախոս, նորօրյա հռետոր, հանրապետության կրթության տեսչության պետ... Ընտանիքի օրինակելի հայր, տուն-տեղ, երեխաներ, թոռներ, բազում ընկերներ ամենուր, որոշ ծառայությունների ականջը խուլՙ հարազատներ եւ սերտ կապեր արտասահմանյան կապերկրներում... Այսքանից հետո ավելորդ է ասել, որ հանրապետական է... Մի խոսքովՙ մեզ նման թափթփված սոցիալիզմի եւ նորելուկ կապիտալիզմի հայկական համաձուլվածք... Արամ Կարապետյանը ունի տոհմիկ հայ մարդու երեք թուլությունՙ տուն շինել, այգի մշակել եւ աջակցել կոթողային գրքերի հրատարակությանը: Նրա կարծիքով գիրքը նույնպես տուն է. Աբովյանի գրքերում ապրում է մի ամբողջ հայ հայրենիք, Սունդուկյանի եւ Պարոնյանի գրքերումՙ մի ահռելի բազմություն, Թումանյանի երկերում մի ամբողջ ժողովուրդ, Վահան Տերյանի պոեզիայումՙ հազարամյա արքայական հայոց լեզու: Նա խորապես գիտակցում է, որ գիրն ու մշակույթը դարեր շարունակ հայության համար եղել են ինքնության անթափանցելի զրահ եւ ամրակուռ հենասյուն: Արամ Կարապետյանի անմիջական մասնակցությամբ ստեղծված «Սեւ գիրք. օտար նշանավոր մարդիկ թուրքական ոճիրների եւ հայոց ցեղասպանության մասին» եւ «Երկիր դրախտավայր» գրքերում ապրում են հայոց վիշտն ու հայոց պատմությունըՙ հյուսված օտար գրիչների կողմից: «Սեւ գրքից» ու «Երկիր դրախտավայրից» բացի «Հայագիտակ» հրատարակչությունը նրա անմիջական ջանքերի շնորհիվ վերահրատարակեց Գրիգոր Ջանշյանի կազմած «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» մեծարժեք ժողովածուն նրա հանգամանալի առաջաբանով: Ի դեպ, օրերս Մոսկվայում այդ գիրքը լույս տեսավ ներշնչող տպաքանակովՙ 2500 օրինակ, կրկին մեր հոբելյարի առաջաբանով: Այսօր այսքանը, վաղը կլսեք նոր հրատարակությունների մասին, որոնց անվանաթերթին անպայման գրված կլինի մեր ընկեր, գրքարվեստի, կրթության եւ մշակույթի անխոնջ գործիչ Արամ Կարապետյանի անունը: ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |