RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 24-04-2015



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-04-24 14:54:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1856, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԱՅՍՕՐ ՀԻՇԵՆՔ ՆԱԵՎ ՍԻՆԵ ՍԵԹՈՅԻՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Ազգի» ապրիլի 17-ի համարում տեղ է գտել պրոֆեսոր Սուրեն Դարբինյանի «Մի ֆիլմի անհայտ ճակատագիրը» նյութը, որտեղ հեղինակը պատմում է, որ 1968-ին Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ Պատմության թանգարանում ներկա է եղել մի կինոդիտման: «Ֆիլմերը, որոնք պետք է դիտվեին, արտասահմանից բերել էր մի անձնավորություն, ում անունն ու ազգանունը, ցավոք, չեմ հիշում: Թանգարանում ցուցադրվեցին զորավար Անդրանիկիՙ Փարիզի գերեզմանատանը թաղման արարողությունը նկարագրող վավերագրական ֆիլմը եւ «1915 թ. Հայոց ցեղասպանություն» ամերիկյան արտադրության գեղարվեստական, համր ֆիլմը, որն այդ ժամանակ Թուրքիայի պահանջով աշխարհում արգելված էր ցուցադրել», նշված է հոդվածում:

Պրոֆ. Դարբինյանի նշած անձնավորությունը եղել է մեր կինոյի շրջանակներում ծանոթ օպերատոր Երվանդ Սեթյանը (19071997), հայտնի նաեւ որպես Սինե Սեթո: 1988-ին վավերագրող Արա Մնացականյանը նկարահանել է «Երվանդ Սեթյան. 82 գարուն» տաս րոպեանոց փաստագրությունը, իսկ անցած տարիներին մեր մամուլում եղել են նրա մասին հատուկենտ հրապարակումներ: «Սովետական Հայաստան» ամսագրում 1988-ին նրա մասին մեծ հոդվածով հանդես է եկել Գեւորգ Միրզոյանը, իսկ «Ֆիլմ» թերթում երկու անգամ նրան անդրադարձել է խմբագիրըՙ Ռոբերտ Մաթոսյանը: Վերջինս վկայեց, որ 1969-ին Սեթյանը հատուկ «Ֆիլմ» թերթի խմբագրության աշխատակիցների համար, Տերյան փողոցի հին «Հայֆիլմի» դահլիճում, ուշ գիշերով նույնպես ցուցադրել է վերոնշյալ ֆիլմը, իսկ իրենՙ Սեթյանին, հիշեց որպես «փոքրամարմին, ինքնամփոփ, ծայրաստիճան համեստ մի մարդու»:

Երվանդ Սեթյանը ծնվել է Ադաբազարում (հայկական անունովՙ Տոնիկաշեն), 1907-ի ապրիլի 15-ին: Մեծ եղեռնի հետեւանքով փախստական է դարձել եւ հանգրվանել Մարսելում: Այստեղ սովորել է կոշկակարություն: 1925 թվականի ամռանը 18-ամյա Երվանդի կյանքում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը փոխել է նրա կյանքը: Մարսելում լուր է տարածվել, որ մի կինոթատրոնում ցուցադրվելու է հայոց կոտորածները պատկերող կինոնկար: Երվանդին հաջողվել է թափանցել կինոդահլիճ, որովհետեւ հայ թե օտարազգի հանդիսատեսը մեծ ցանկություն է ունեցել դիտել այն: «Ինձ վրեժի տենդ պատեց, հետագայում հիշել է Սեթյանը: Վճռական որոշեցի, որ անպայման կինոյի օպերատոր եմ դառնալու»: Նախ սկսել է լուսանկարչությունից, ապա արտաժամյա աշխատանքի շնորհիվ կարողացել է դրամ հավաքել եւ ձեռք բերել այնքան երազած կինոխցիկը: 1931-ի հոկտեմբերի 25-ը երջանիկ օր է եղել Երվանդ Սեթյանի համար. նա նկարահանել է Մարսելի Սահակ-Մեսրոպ Թարգմանչաց Մայր եկեղեցու օծման արարողությունը: Այնուհետեւ մտերիմների կողմից Սինե Սեթո անվանված Երվանդը, որպես սիրող օպերատոր, կինոժապավենին է դրոշմել իրադարձություններ ֆրանսահայության կյանքիցՙ «Հայ գիտուններու դեմքեր», ազգային գործիչ Միքայել Վարանդյանի հուղարկավորությունը (1934) եւ «Ներգաղթը», որ ներկայացնում է 1935-ին Մարսելից «Սինեյա» շոգենավի մեկնումը, որով Հայաստան են վերադարձել 1800 հայերՙ իրենց հետ տանելով նաեւ Կոմիտասի աճյունը: Ըստ փարիզահայ «Յառաջ» թերթի (1937, փետրվարի 27) Սեթյանը նկարահանել է նաեւ (հավանաբար որպես օպերատոր) «Գնչուն կամ Ավազակապետը» արկածախնդրական դրաման «ընդդէմ բռնկալութեան եւ անարդարութեան, դերակատարութեամբ երկու նշանաւոր դերասաններու» (այս ֆիլմի մասին լրացուցիչ ինֆորմացիա չենք գտել): 1945-ին Սեթյանը նկարահանել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը զորավար Անդրանիկի հուշարձանի բացումը. ֆիլմում երեւում է նաեւ մեծավաստակ բանասեր, գրող եւ թարգմանիչ Արշակ Չոպանյանը...

Սեթյանի համար իրադարձային է եղել նաեւ այցը Վիեննա, որտեղ Մխիթարյան միաբանները նրան են նվիրել գերմանացի մի զինվորականից ձեռք բերված Հայաստանի պատմության եւ ճարտարապետության վերաբերյալ հազվագյուտ վավերագրեր, որոնք հետո օգտագործել է «Հայկական հիշատակարանը» ֆիլմում: Նկարահանել է նաեւ «Ֆաշիզմի դեմ Ֆրանսիայի Դիմադրական շարժման հերոս հայազգի Նշան Տեր-Մարտիրոսյանի հուղարկավորությունը»:

Այո, մեր ժողովուրդը Երվանդ Սեթյանին է պարտական 1930-1940-ական թվականների ֆրանսահայ կյանքի որոշ իրադարձությունների վավերագրման համար: Սակայն առավելապես պետք է հիշել, որ նրա մոնտաժած ֆիլմի շնորհիվ է պահպանվել վերջերս հաճախ հոլովվող 1918-ին ԱՄՆ-ում նկարահանված եւ հետագայում արգելված ու մեծ մասամբ ոչնչացված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդը») կինոնկարից փրկված մոտ 20 րոպե կինոնյութը...

1938 թվականի փետրվարին Սեթյանը մասնակցել է Փարիզի ամենամյա կինոֆոտոյի ցուցահանդեսին: Այցելելով Ժորժ Միլլերի ֆիրմանՙ վերջինից իմացել է, որ նրա մոտ կա մի կինոնկար հայոց եղեռնի մասին: Ծանոթանալով ֆիլմինՙ Սեթյանը էկրանին տեսել է այն, ինչը որ ժամանակին դիտել էր Մարսելի կինոթատրոնում: Չնայած պահանջված մեծ գումարինՙ Սեթյանը Փարիզի իր ծանոթներից հայթայթել է անհրաժեշտ դրամը եւ գնել է ժապավենը: Ֆիլմի ցուցադրման արտոնագիր չունենալու պատճառով Ժորժ Միլլերը նրան խորհուրդ է տվել ժապավենը 35 միլիմետրից փոխել 16-ի, նոր վերնագիր դնել եւ որոշ փոփոխություններ կատարել ֆիլմի կառուցվածքում: Սեթյանը ֆիլմի համար ստացել է մի վկայագիր, ըստ որի այն անգլիական «Բլաք քաթ ֆիլմզ» ընկերության արտադրության «Մի ժողովրդի մարտիրոսությունը» ժապավենն է: Ֆիլմի ենթավերնագիրը եղել է «Պատմության մեծագույն ողբերգությունը», իսկ սինոպսիսը վկայել է հետեւյալը. «Ֆիլմը պատրաստված է հարյուր հազար հայ աղջիկների ողբերգությունից փրկված Էլիզա Գրայտերյանի, հայր Ռուբենի եւ անգլիացի դերկոմս Ջեյմս Բրայսի վավերական փաստերի հիման վրա»: Վկայագրում նշված չեն ո՛չ ֆիլմի բեմադրիչի, ո՛չ գլխավոր դերակատարուհու անունները: Այս միստիֆիկացիան կատարվել է ինչպես հեղինակային իրավունքի հետ խնդիրներ չունենալու, այնպես էլ այն պատճառով, որ ֆիլմի ցուցադրությունն արգելված է եղել: Սեթյանն ինքն էլ չի իմացել, որ իրականում կինոնկարը նկարահանվել է 1918-ին, ԱՄՆ-ում, Օսքար Ափֆելի կողմից եւ որ գլխավոր դերակատարուհին եղել է եղեռնից փրկված Արշալույս (Ավրորա, Օրոր) Մարտիկանյանը: 1947 թ. Երվանդ Սեթյանը պահպանված դրվագները մոնտաժել է պատերազմական տարիների այլ ժապավենների հետ եւ ստեղծել մի նոր շարժապատկերՙ «Դեր Զոր» վերնագրով:

1947-ին հայրենադարձվելով Հայաստանՙ Սեթյանն իր հետ բերել է ֆիլմը, որը սակայն Բաթումի նավահանգստում բռնագրավվել է ՊԱԿ-ի կողմից (մեկ այլ վարկածի համաձայնՙ ջրասույզ է եղել): Ֆիլմի հոլովակներից Սեթյանի մոտ մնացել է միայն երկուսը, որից մեկն էլ փչացել է Երեւանումՙ Գետառի վարարումների պատճառով: Կարծես Թութանհամոնի անեծքը լինի այս ֆիլմի վրա... Սեթյանի բերած տեսանյութը, բաղկացած երկու մասից, այսօր պահվում է Երեւանի կինոֆոտոֆոնոարխիվում: Այն պատկերում է հայ զինվորականների կողմից իրենց իսկ գերեզմանները փորելու տեսարաններ, քահանայի սպանություն, գնդակահարվող ընտանիքներ, բռնաբարություն եւ վերջումՙ խաչվող դեռատի աղջնակի տառապալից դեմք: Սույն ժապավենից որոշ դրվագներ Արտավազդ Փելեշյանն օգտագործել է իր «Մենք» կինոֆիլմում, դրանք բազմիցս ընդգրկվել են նաեւ Մեծ եղեռնին նվիրված հեռուստահաղորդումներում եւ վավերագրական ֆիլմերում:

Երվանդ Սեթյանը երեսուն տարի աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, համակցված նկարահանումների արտադրամասում: Որպես համակցված նկարահանումների օպերատորՙ նրա անունը հիշվում է Գրիգոր Մելիք-Ավագյանի «Լուսաբացից առաջ» (1961) եւ «Երգում է Գոհար Գասպարյանը» (1963), Ստեփան Կեւորկովի «Ճանապարհ» (1961), Մոկո Հակոբյանի «Ջրերը բարձրանում են» (1962) խաղարկային ֆիլմերում: Եղել է նաեւ Արման Մանարյանի «Բյուրականի աստղադիտարանը» վավերագրական ֆիլմի օպերատորը (1965) եւ Վալենտին Պոդպոմոգովի «Մի կաթիլ մեղրը» (1968) ու Ստեփան Անդրանիկյանի «Արեւի հարսնացուն» (1971) մուլտիպլիկացիոն կինոնկարների բեմադրող օպերատորը: Ապրել է Նոր Արեշումՙ կնոջ եւ երկու դուստրերի հետ: Կյանքի վերջին տարիներին զբաղվել է թեմատիկ լուսանկարչական ալբոմների ստեղծմամբ: Վերջին անգամ 1994-ին նրան հանդիպել է «Հոգիների աճուրդի» անխոնջ պրպտող արգենտինահայ Էդուարդո Գոզանլյանը եւ «Սինե Սեթոյի աչքերը» հոդվածով հանդես եկել Բուենոս Այրեսի «Արմենիա» իսպաներեն թերթում (1998, հոկտեմբերի 14): «Կարծում եմ, որ Ստամբուլի կառավարությունը վճարել է կինո արտադրող ընկերությանը, որպեսզի այրեն բոլոր ժապավենները: Իմ հոլովակները միակն են աշխարհում: Միայն այս դրվագն է պահպանվել», ասել է Սեթյանը հարցազրույցի ընթացքում: Առաջին անգամ Գոզանլյանն է ճշտել եւ գրել, որ Սեթյանի շնորհիվ պահպանված դրվագներն իսկապես «Հոշոտված Հայաստան» ֆիլմից են, մինչդեռ Սեթյանին մինչեւ կյանքի վերջ (մահացել է 1997-ի հունվարի 26-ին) անհայտ է մնացել իր փրկած ֆիլմի իսկական ինքնությունը:

Այսօր, ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, հարկ է, որ մեր ժողովուրդն իր հարգանքի տուրքը մատուցի նաեւ Սփյուռքում կինոգործի ռահվիրաներից Երվանդ Սեթյան-Սինե Սեթոյին, որի անձնվիրության եւ խիզախության շնորհիվ մեզ է հասել մի մասունք լեգենդ դարձած «Հոշոտված Հայաստան» ֆիլմից..

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 24-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ