ԷՐԴՈՂԱՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԿԱՆԽԵԼ Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ Անշուշտ կանխելու նպատակով Վաշինգտոնից ու Երեւանից ստացված ազդանշաններըՙ նախագահ Օբամայի այսօր հրապարակվելիք Ապրիլի 24-յան ուղերձի «ավելի ուժգին» լինելու եւ նախագահ Սարգսյանի այսօր հնչելիք հայտարարության կարեւորությունը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հանդես եկավ Թուրքիայի համար իսկապես աննախադեպ հայտարարությամբ: Աննախադեպՙ քանզի առաջին անգամն է, որ այդ երկրի որեւէ ղեկավար Ապրիլի 24-ի առիթով կատարում է որեւէ հայտարարություն, որտեղ «20-րդ դարի սկզբին տիրող իրավիճակի հետեւանքով կյանքից հեռացած հայերի հոգիներին հանգստություն» է ցանկանում ու «ցավակցություն» հայտնում «նրանց թոռներին», այդ ամենը բացատրելով իբր մարդասիրական մոտեցմամբ, որ «հայերի վերապրած ցավերը, հիշողությունները հասկանալը եւ կիսելը եւս մարդկային պարտականություն է»: Այդ հայտարարությամբ ի՞նչ է փորձում կանխել կամ ի՞նչ բանի ազդեցությունը թուլացնել Էրդողանը, այս պահին չենք կարող կռահել, բայց այսօր իսկ կիմանանք, երբ կհրապարակվեն ԱՄՆ¬ի եւ Հայաստանի նախագահների ու թերեւս նաեւ այլ երկրների ղեկավարների հայտարարությունները: Սակայն այս պահին իսկ հաստատ է, որ նա, Էրդողանը, փորձում է կանխել իր երկրի համար աննպաստ որեւէ զարգացում: Այլապես նա իր հայտարարությամբ հանդես կգար այսօ՛ր եւ իր «ցավակցությունները» կհայտներ հե՛նց այսօր: Համենայնդեպս, ըստ բովանդակության, Էրդողանի հայտարարությունը չի պարունակում որեւէ նորություն: Միշտ թուրքական միեւնույն հանգերգերը - դժվար ժամանակաշրջան էր, կայսրության բոլոր էթնիկ խմբերն էլ տուժեցին, ճիշտ չէ պատմությունից քեն պահել, անընդունելի է նոր վեճերի ու կռիվների առիթ տալ, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչ ենք արել, մեր արխիվները բաց են ուսումնասիրողների համար, եւ այլն, եւ այլն... Նույնիսկ այն միակ բանը, որը ոմանց կարող է թվալ նորություն, թե «տեղահանության նման ոչ մարդկային հետեւանքներ ծնած իրադարձությունները պետք չէ արգելք հանդիսանան թուրքերի եւ հայերի միջեւ համակրանքի ստեղծմանը», նորություն չէ: Տարբեր բառերով, բայց նույն միտքը արտասանել էր նաեւ արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն դեռ անցյալ տարի, դեկտ.ի 13-ին, թուրք լրագրողների առաջ, Երեւանից վերադարձին: Բայց ոչ Դավութօղլուն եւ ոչ էլ Էրդողանը չէին ու չեն նշում, թե ի տարբերություն մյուս էթնիկ խմբերի, իրականում ինչու եւ ինչպես կազմակերպվեցին հայ ազգաբնակչության բռնագաղթեցումը դեպի անջրդի անապատներ, թե ինչպես էին իրենց նախապապերը սպառնում, ճնշում, ձերբակալում եւ ոչնչացնում, Հալեպում եւ այլուր, ամերիկացի, դանիացի եւ մյուս միսիոներներին ու նրանց աշխատակազմի անդամներին, ովքեր փորձում էին սովից ու հիվանդությունից փրկել անապատներից նոր հասած ուժասպառ վերջին խլյակներին: Ներկա պայմաններում Էրդողանը կարող էր միայն մեկ բան անելՙ ճանաչել Ցեղասպանությունը, ներողություն խնդրել, եւ որպես անկեղծության գործնական հավաստիքՙ առաջին հերթին բացել Հայաստանի հետ սահմանը: Դրանից նվազՙ անընդունելի է մեզ համար: Դրանից նվազՙ նշանակում է դարձյալ խորամանկել, դարձյալ փորձել կանխել Ճշմարտության ժամը: |