RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 24-04-2014



Տեղադրվել է` 2014-04-24 21:42:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1913, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ԳՈՆԵ ԵՂԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵՆՔ` ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանում ներդրումները 2013-ին շարունակել են նվազել

2008-ի վերջին աշխարհը ցնցվեց ֆինանսատնտեսական խոշոր ճգնաժամից: 2009-ը համաշխարհային տնտեսության պատմության մեջ մտավ որպես ճգնաժամի ամենածանր տարին: Այն լուրջ վնասներ պատճառեց առանց բացառության աշխարհի բոլոր երկրներին` խոշոր, թե փոքր, զարգացած, թե զարգացող, հարուստ, աղքատ, թե միջին եկամուտներ ունեցող: Հայաստանը եւս զերծ չմնաց ճգնաժամի հարվածներից, ինչի մասին բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու: Մեր երկրում կատարվող օտարերկրյա ներդրումների ծավալները կտրուկ անկում ապրեցին հենց 2009-ից սկսած: Սակայն ընդգծենք, որ սա համընդհանուր միտում էր եւ ներդրումները վերջին տարիներին նվազել են ամբողջ աշխարհում:

Այսպես, եթե 2008-ին համաշխարհային ներդրումները 1,49 տրլն դոլար էին, ապա 2009 դարձան 1,2 տրլն դոլար: 2010-ին եւ 2011-ին այդ ցուցանիշը պահպանվում էր 1,2 տրլն դոլարի սահմաններում, 2012-ին կազմել է 1,3 տրլն դոլար, իսկ 2013-ին` 1,46 տրլն դոլար` մոտենալով նախաճգնաժամային ցուցանիշին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2009-ին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 935 մլն դոլար, 2010-ին` 702 մլն դոլար, 2011-ին` 816 մլն դոլար, 2012-ին` 751 մլն դոլար, իսկ ահա 2013-ին` 597 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ ներդրումները նվազել են 20,5 տոկոսով: Ավելի մանրամասն անդրադառնանք 2013-ի ցուցանիշներին` նշելով, թե ո՞ր երկրներից որքա՞ն ներդրումներ են կատարվել Հայաստանում եւ ո՞ր ոլորտներում:

Անցյալ տարի Հայաստանում ամենամեծավալ ներդրում կատարած երկիրը Արգենտինան է, ավելի կոնկրետ` արգենտինահայ Էդուարդո Էռնեքյանը: Արգենտինական ներդրումներն անցյալ տարի կազմել են 117 մլն դոլար` 2,2 անգամ աճելով նախորդ տարվա համեմատ: Հարկ է նաեւ նշել, որ բացի օդանավակայանից, Էդուարդո Էռնեքյանը ներդրումներ է կատարել շինարարության` մասնավորապես արտգործնախարարության եւ մի քանի այլ նախարարությունների նոր շենքային համալիրի կառուցման համար:

Երկրորդ տեղում Ֆրանսիան է` 99 մլն դոլար ներդրումներով` կատարված հիմնականում խմիչքների արտադրության եւ հեռահաղորդակցության ոլորտներում:

Վերջին տարիների Հայաստանում մշտապես ամենախոշոր օտարեկրյա ներդրող Ռուսաստանը անցած տարի երրորդն է եղել` մոտ 86 մլն դոլարով: Ռուսական ներդրումները հիմնականում կատարվել են գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ոլորտներում:

Չորրորդ խոշոր ներդրում կատարած երկիրը Հայաստանում անցյալ տարի դարձել է Կիպրոսը` 76 մլն դոլարով, ինչը նախորդ տարվա ներդրումների ծավալը գերազանցել է 11,5 անգամ: Կիպրական ընկերությունները ներդրումներ են կատարել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում:

Հայաստանում կատարված ներդրումների ծավալով հինգերորդ տեղում Կանադան է` 53 մլն դոլարով` դարձյալ մետաղական հանքերի արդյունահանման ոլորտում:

Մոտ 29 մլն դոլարի ներդրում են կատարել Բրիտանիային պատկանող Վիրջինյան կղզիներից` 71 անգամ ավելի շատ նախորդ տարվա համեմատ: Գերմանիայի ներդրումները կազմել են 22 մլն դոլար` հիմնականում մետաղական հանքարդյունաբերության ոլորտում:

Ֆինլանդիայից Հայաստանում ներդրել է 19 մլն դոլար, որը հիմնականում ուղղվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Ֆիննական ներդրումները 2012-ի համեմատ ավելացել են 3,5 անգամ: 10-ական մլն դոլարի ներդրումներ են կատարել Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան:

Այսպիսով, Հայաստանում ներդրումներն 2013-ին ավելացրել են միայն Վիրջինյան կղզիները, Արգենտինան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիան: Մնացած բոլոր երկրներից Հայաստան կատարվող ներդրումները նվազել են:

Ակնհայտ է, որ մեր երկիրը ներդրումային գրավչության բարձրացման խնդիր ունի: Հասկանալի է, որ համաշխարհային ներդրումների աճն անմիջապես չէր բերի Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճի, բայց ներդրումների խրախուսումը կառավարության օրակարգային հիմնահարցերից պետք է լինի:

Մյուս կողմից էլ, ավելի լուրջ խնդիր ունենք եղած ներդրողներին խրախուսելու, այլ ոչ թե հիասթափեցնելու: Եվ սա արդեն միայն կառավարության խնդիրը չէ: Խոսքը հատկապես վերաբերվում է Էդուարդո Էռնեքյանին, որի ընկերությունը նպատակ ունի նոր խոշոր ներդրումներ կատարել օդանավակայանի ընդլայնման համար: Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է այդ ծրագիրը, սակայն ոմանք շարունակում են պահանջել պահպանել օդանավակայանի հին եւ նպատակին չծառայող շենքը, արհեստական խոչընդոտներ ստեղծելով այս պահին ամենախոշոր ներդրումային ծրագրի իրագործմանը: Դժվար չէ հասկանալ, որ այդ կերպ, մեղմ ասած, ոչ մի կերպ չենք խրախուսում Հայաստանում կատարվող ներդրումներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 24-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ