RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՐԳԵԼԵԼ

Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 3245, Տպվել է` 133, Ուղարկվել է էլ.փոստով` 114

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՍՏՈՐԱԿԱՅՎՈՒՄ Է ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ցեղասպանության իրողությունը քննարկման ենթակա չէ եւ քննարկման կարիք չունի: Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, եւ դրանից հետո կքննարկենք բոլոր մյուս հարցերը: Իսկ Հայոց ցեղասպանությունը ներկայումս այնպես է փաստագրված, որ քննարկման ենթակա խնդիր չի մնացել: Եվ թուրքերի ցանկացած առաջարկ, ասենքՙ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու, հարցերը քննարկելու վերաբերյալ, պարզապես որոգայթ ու ծուղակ է` խնդիրը երկարացնելու, աշխարհին ցույց տալու, որ իրենք հայերի հետ խոսում են: Այդ ծուղակի մեջ չի կարելի մտնել: Իսկ միջազգային ատյաններում բազմիցս համոզվել ենք` քաղաքական շահերին այսօր էլ ստորակայվում է բարոյականությունը:

Մենք ունենք բոլոր հիմքերը` որեւէ միջազգային դատարանով Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու համար բոլոր նրանց, ովքեր ոչ մի կերպ չեն ուզում ճանաչել: Մինչեւ հիմա մերոնք չեն դիմելՙ հավանաբար մտածելով, որ դիմելով ինքներս ենք գուցե վիճարկում այդ հարցը». այս կարծիքին է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի պետական համալսարանի դասախոս Աշոտ Հայրունին: Նա ասում է, թե վերջին շրջանում Եվրոպայում, ԱՄՆ-ում համաեվրոպական կամ արեւմտյան հիշողության մշակույթ ձեւավորելու միտում կա` մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների կանխարգելման առումով: Բայց այն հիշողության համակարգը, որը Եվրոպական միությունը փորձում է ստեղծել գլոբալ իմաստով, առանցքում ունի հրեական Հոլոքոսթը: Բոլոր մյուս ողբերգություններն ու ոճրագործությունները, որոնք տեղի են ունեցել, մղվում են հետնաբեմ: Անգամ ստալինյան բռնություններն ու ԳՈՒԼԱԳ-ն ավելի մոտ են այդ առանցքին, իսկ Հայոց ցեղասպանությունն էլ ներկայացնել են փորձում Եվրոպայում տեղի ունեցած էթնիկական զտումների համատեքստում: Գիտնականի կարծիքով` սա խոցելի մոտեցում է, քանի որ այս տեսությունը ստեղծող մարդիկ հազվադեպ են իրենց պատուհաններից դուրս նայել. «Այս հարցում հայերս անելիք ունենք, որը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի մեզ համար: Երկրորդ աշխարհամարտի արդյունք Եվրոպան ի վերջո Առաջին աշխարհամարտի հետեւանք է, երբ ազգային պետություններն իրենց ձեւավորման գագաթնակետում էին, ինչն իրագործում էին էթնիկական ժողովուրդների եւ խմբերի բնաջնջման միջոցով (ինչպես Թուրքիան): Այսօրվա Եվրոպայի ցեղասպանական փորձառությունների առանցքում պետք է դրվի ոչ թե Հոլոքոսթը, այլՙ Հայոց ցեղասպանությունը, մենք պետք է ապացուցենք եվրոպական ցեղասպանագիտությանը, որ հիշողության համակարգը կամ մշակույթը միակենտրոն լինել չի կարող, իսկ դա հիմնավորելու բոլոր հիմքերն ունենք: Ու անգամ միակ կենտրոոնը, որի շուրջը խմբվում են բոլոր ոճրագործությունները, Հայոց ցեղասպանությունն է: Հայոց ցեղասպանության ճանաչման ռազմավարական մոտեցումը պետք է հենվի այս կարեւոր ուղղության վրա: Դրա համար մենք ունենք լիովին փաստագրված Հայոց ցեղասպանությունը եւ Սփյուռք, որը կարող է կրել այս մոտեցումը»:

Սա համազգային խնդիր է, այստեղ խնդիր ունեն ե՛ւ գիտնականները, ե՛ւ քաղաքագետները, ե՛ւ կազմակերպությունները, նաեւ պետությունը պետք է կարողանա որոշակի կարգավորիչ, համակարգող դեր խաղալ այս հարցում: Օրինակ` ցեղասպանության 100-ամյակի պետական հաննձնաժողովը կարող է գիտակցել այս խնդրի նշանակությունն ու քայլեր նախաձեռնել այս ուղղությամբ:

Աշոտ Հայրունին, իր ուսումնասիրությունների համատեքստում դիտարկելով Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմում գերմանա-թուրքական դաշինքի համատեքստում, մի շարք հետաքրքրական բացահայտումներ է արել: Գերմանիայի ունեցած դերակատարման մասին Հայոց ցեղասպանության համատեքստում հնարավոր եղավ ավելի լավ պատկերացնել վերջին շրջանում հրապարակված բազմաթիվ դիվանագիտական փաստաթղթերի հրապարակմամբ: Փաստավավերագրական մեծ նյութը թույլ է տվել Աշոտ Հայրունուն հետեւություններ անել, որ Գերմանիան պաշտոնապես արդարանալու տեղ չունի, քանի որ իր մասով կարող էր կանխել Հայոց ցեղասպանությունը եւ դա անելու փորձ անգամ չի արել` իր առաջ մեկ խնդիր դրած լինելով` հաղթել պատերազմում:

1915-ից ի վեր, կապկելով թուրքական քարոզչությանը, գերմանական պաշտոնական քարոզչությունը նույնպես իր չմիջամտելը Հայոց ցեղասպանությունը կանխելու առումով հիմնավորում էր նրանով, որ եթե Թուրքիայի հետ փորձեր կոշտ լեզվով խոսել, դաշնակից Թուրքիայի հետ դաշինքը կխզվեր, Թուրքիան կարող էր անցնել Անտանտի, անգլիացիների կողմը, ինչը Գերմանիայի շահից չէր բխում: Եվ այս տեսակետն արտահայտվում էր ամենաբարձր մակարդակներով եւ պաշտոնական լրատվությամբ: Երբ դոկտոր Յոհաննես Լեփսիուսը 1915 թվականի օգոստոսի վերջին Թուրքիայից վերադարձավ Բեռլին եւ պետքարտուղարից ու նրա տեղակալից պահանջեց անհապաղ ճնշում գործադրել Թուրքայի վրա` հայոց տեղահանությունն արգելելու համար, ստացավ պատասխան, թե դաշինքը գտնվում է «Էնվերի, Թալեաթի եւ Խալիլի մեծ ձեռքերում», եթե այդ երեքը խելքի չեն գալիս, մնում է դաշինքը խզել, իսկ դա Գերմանիան չի կարող անել: Պետքարտուղարը այդ պատճառաբաննությունը նաեւ Ռայխսթագում էր ներկայացրել:

Սակայն այժմ առկա եւ երեք ժողովածուով հրատարակված գերմանական դիվանագիտակաան փաստաթղթերը այլ օրինակներ են մատուցում` միանշանակորեն փաստերով գերմանական այս պաշտոնական տեսակետի լիարժեք սնանկությունը: Ա. Հայրունին բերում է հետեւյալ օրինակներն իր այդպիսի հետեւության համար: Զմյուռնիայում հայերը չտեղահանվեցին, չտեղահանվեցին նաեւ Կոստանդնուպոլսում, Մոսուլում (այնտեղ բերված Բաղդադի հայերը նույնպես): Սա հայտնի փաստ է, սակայն հայտնի չէր այն սկզբնապատճառը, որն այդ հնարավորությունն է տվել. Զմյուռնիայի հայերի տեղահանությունն ու աքսորը դեպի անապատներ տեղի չեն ունեցել ընդամենը մի գերմանացի բարձրաստիճան զինվորականի ինքնակամ արգելքով: Օսմանյան պետությունում գերմանական ռազմական առաքելության ղեկավարը գեներալ Լիման ֆոն Սանդերսն էր: Երբ Էնվերից հրաման է ստացվում` կազմակեպել Զմյուռնիայի հայերի տեղահանությունը, տվյալ պաշտոնյան ուղղակի արգելք է դնում այդ գործողության վրա, առանց Բեռլինին հարցնելու: Երբ Էնվերը կրկին պահանջ է դնում` իրագործել իր հրամանը, Սանդերսը տեղյակ է պահում, որ ինքը զենքի ուժով, իր հրամանատարության տակ գտնվող գերմանական եւ թուրքական զորքի միջոցով կարգելի այդ հրամանի իրագործումը:

Էնվերը ստիպված է լինում իր հրամանը չեղյալ համարել:

Մեկ ուրիշ օրինակ.1915 թվականի նոյեմբերին նույն սխեմայով Էնվերը հրամայում է տեղահանել եւ աքսորել Մոսուլի հայերին այնտեղ կուտակված Բաղդադի հայերի հետ:

Այնտեղ էր գեներալ Կոլմար ֆոն դեր Հոլցը, որը թուրքացած գերմանացու եւ թուրքական ընչաքաղցությունից գերմանական շահերը պաշտպանել չկարողացողի համբավ ուներ: Նույնիսկ այս մարդը չմարած խղճի կայծով արգելք է դնում այդ նույն հրամանի վրա: Գործողությունը նույն կերպ է զարգանում, ինչ Զմյուռնիայում, մինչեւ անգամ հրամանի կրկնության ժամանակ ֆոն դեր Հոլցը գրավոր հրաժարական է տալիս, որը սենսացիոն էր բնույթով ու կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ գերմանա-թուրքական դաշինքի համար: Այնպես որ սկանդալից խուսափելու համար Էնվերը կրկին իր հրամանը չեղյալ է համարում, թեեւ փնթփնթում է, թե Հոլցի` տարածաշրջանային բարձր հրամանատար լինելը նրան իրավունք չի տալիս խառնվել Թուրքիայի ներքին գործերին: Ռազմաստրատեգիական տեսակետից հայերի տեղահանությունը եւ աքսորը պատերազմի ժամանակի իրադրության առումով անթույլատրելի էին, եւ երկու բարձաստիճասն զինվորականներն օգտվեցին այդ փաստից:

Հետեւությունն այն է, որ Գերմանիան կարող էր հեշտությամբ կասեցնել կամ եթե արդեն սկսվել էր` ընթացքում կանխել Հայոց ցեղասպանությունն առանց Թուրքիայի հետ դաշինքի խզման: Եթե երկու զինվորական կարող էին նման բան անել, ապա գերմանական կառավարության սկզբունքային դիրքորոշումն այս հարցում որքա՜ն բան կարող էր անել:

Այս եւ համանման փաստերը հայերս պետք է կարողանանք ճիշտ օգտագործել` ե՛ւ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի ծավալման, ե՛ւ համաեվրոպական հիշողության մշակույթում ներդրման առումով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ