ՎԱՀԵ ԹԱՇՉՅԱՆԻ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸՙ ԵՐԿՈՒ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հ. Ծ. Ապրիլի 17-ին Բելմոնտի Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի շենքում (NAASR) կայացել է պատմաբան Վահե Թաշչյանի բանախոսությունը երկու հայ բռնագաղթած (1915-1918 թթ.) ընտանիքների մասին: Բողարյաններն ու Թավուքչյանները Այնթապից տեղահանվել են 1915 թվին եւ մի շարք այլ ընտանիքների հետ մահվան ճանապարհներով հասել նախ Համա, ապա Սալամիյա քաղաքները Սիրիայում: Նրանց պատմությունը պահպանվել է օրագրի ձեւովՙ գրված հայր Ներսես Թավուքչյանի եւ Գրիգոր Բողարյանի կողմից: Թաշչյանը նպատակ ունի նրանց պատմությունը հետագայում գրքի վերածել: Նա ծնվել է Լիբանանում եւ դոկտորական պաշտպանել Փարիզի սոցիալական ուսումնասիրությունների բարձրագույն վարժարանում: Նա մասնագիտացել է հատկապես Կիլիկիայի, Սիրիայի եւ Լիբանանի ֆրանսիական տիրապետության ժամանակաշրջանովՙ երկու աշխարհամարտերի միջեւ: Հեղինակ է ֆրանսերենով գրված մի շարք մենագրությունների: Նա նաեւ գլխավոր տնօրենն է «Հուշամատյան» ծրագրի: |