RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#064, 2013-04-20 > #065, 2013-04-23 > #066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013



ԿԱՆԱԴԱ

Տեղադրվել է` 2013-04-23 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1859, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 80

«ԳԱԶԱՆԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ» ՊԻԵՍԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԵՐԵՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Հռչակավոր թատերագիր Րիչարդ Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» (The Beast on the moon) թատերգությունը թարգմանված է 13 լեզուների, որոնցից վերջինըՙ հայերեն կատարված, ըստ Մոնրեալի «Ապագայ» շաբաթաթերթի լրատվության, «բացառիկ յաջողութեամբ» մոնրեալաբնակ տիկին Քրիստինե Տրդատյան-Գույումճյանի կողմէ Թեքեյան մշակութային միության «Հայ բեմ» թատերախմբի առաջարկով:

Այս հայերեն թարգմանությունն էլ ահա առաջին անգամ Մոնրեալում բեմ է բարձրացրել տաղանդավոր դերասանուհի եւ բեմադրիչ Նանսի Իսսա Թորոսյանը, որին արդեն անդրադարձել ենք իր նախորդՙ Մովսես Պչաքճյանի «Անկարելի կարելին» պիեսի ներկայացման առիթով:

«Գազանը...» Մոնրեալի Բոբուա թատրոնում ներկայացվել է ապրիլի 13-ին ֆրանսերեն եւ ապրիլի 21-ինՙ անգլերեն ենթագրությամբՙ հայերենին զուգահեռ:

Մինչ օրս պիեսը ներկայացվել է, ըստ նույն լրատվության, 17 երկրներում եւ արժանացել բազմաթիվ պարգեւների: Փարիզում 2001-ինՙ հինգ «Մոլիեռ» եւ «Լավագույն թատերախաղ» մրցանակների, Բուենոս Այրեսում, դարձյալ 2001-ինՙ «Էյս» եւ «Լավագույն թատերախաղ» մրցանակների: Մոսկվայում 2004-ին մաս կազմելով «Արվեստի թատրոնի» խաղացանկին արձանագրել է մեծ հաջողություն, իսկ Մ. Նահանգներում ավելի քան մեկ տասնյակ, այդ թվում «Օզբոռն» եւ «Գարլընդ» մրցանակների: Միայն Նյու Յորքի «Century Center» թատրոնում բեմադրվել է 120 անգամ:

Կալինոսկին ծնվել է Վիսկոնսինի Րեյսին քաղաքում: Ավարտել է «Կարնեգի Մելլոն» համալսարանի դրամայի բաժինը եւ մասնագիտացել է Լոս Անջելեսի «Ամերիկըն ֆիլմ» ինստիտուտում: Ներկայիս բնակվում է Վիսկոնսինի Օշկոշ քաղաքում եւ դասավանդում է տեղի պետհամալսարանի թատերական արվեստի բաժնում:

Նոր հայերեն տարբերակի բեմադրության առթիվ բեմադրիչ Նանսի Իսսա Թորոսյանն ասել է. «Ցեղասպանութեան մերժումը... նոյն ատեն կ՛ոչնչացնե մարդկանց եւ ամեն մեկուն անցեալի հետքերը: Կ՛ոչնչացնե նաեւ ապագան, ստեղծելով չգոյութեան խաբկանքը: Մոռացում չէ, լռութիւն չէ, ստախօսութիւն չէ: Ցաւալիօրէն ժխտում է, մերժում: (սակայն) Քալինոսքիի ոչ հայ, օտար գրիչը, կը խնամե հայերուն վերքերը, կը փորձէ բուժել աշխարհի ցաւերը: Արեգակի ճառագայթներուն չափ, մոմի պզտիկ բոցով մը կը լուսաւորէ ճամբան»:

Նորանոր հաջողություններ վերակազմավորված «Հայ բեմ» թատերախմբին եւ նրա պրպտող բեմադրիչին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #66, 24-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ