ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՊԱՊԱԿԱՆ ՆՎԻՐԱԿԻՆ Ապրիլի 23-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկուն: Հանդիպմանը Մարեկ արքեպիսկոպոսն Ամենայն հայոց կաթողիկոսին փոխանցեց Հռոմի Ֆրանցիսկ պապի նամակը, որով սրբազան քահանայապետը շնորհակալություն է հայտնում Վեհափառ հայրապետին իր ընտրության առիթով հղված շնորհավորական գրության, ինչպես նաեւ գահակալության արարողությանն անձնապես ներկա գտնվելու համար: «Առանձնակի ուրախություն էր ինձ համար կարողանալ ողջունել Ձեզ Հռոմում իմ առաքելության գահակալությանը: Ակնկալում ենք շարունակել զորացնել այն բարեկամությունը, որ մենք մի քանի տարի արդեն վայելել ենք», - ասված է Ֆրանցիսկ պապի նամակում: Իր խոսքում շնորհակալություն հայտնելով ջերմ գրության համար` Ամենայն հայոց կաթողիկոսը վերհիշեց իր հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկ պապի հետ ինչպես Արգենտինայում նրա առաջնորդության շրջանում, այնպես եւ Վատիկանում: Նորին սրբությունը պապական նվիրակի միջոցով Հռոմի պապին փոխանցեց եղբայրական իր ողջույնները եւ արդյունաշատ գահակալության բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ կատարվեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ջերմ հարաբերություններին, մասնավորապես Մայր աթոռ Ս. Էջմիածնի եւ Վատիկանի միջեւ ձեւավորված սերտ համագործակցությանը: Հանդիպմանը ներկա էր Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: |